Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2014 թվականի N 139

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ` Պաշտպան), ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ՀՕ-269-Ն) (այսուհետ նաև` Օրենսգիրք) 85-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում տրամադրելու խնդրանքով:

Պաշտպանը նշել է, որ Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի ընդդատության սահմաններում:

Պաշտպանի կարծիքով` վերոհիշյալ նորմի կապակցությամբ պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ նորմն իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսանում: Մասնավորապես, նորմում կիրառվող «կամ» շաղկապը շատ հաճախ պատճառ է հանդիսանում տարբեր մոտեցումների կիրառման համար: Ըստ Պաշտպանի, արձանագրվել են դեպքեր, երբ մինչև դատական քննություն նշանակելը դատարանը հնարավորություն է տվել հայցվորին փոխել հայցի հիմքը, ինչպես նաև` առարկան: Սակայն, վերոնշյալ մոտեցումը ոչ միշտ է կիրառելի դատարանների կողմից, քանի որ դատարանները, ըստ Պաշտպանի, Օրենսգրքի 85-րդ հոդվածի մեկնաբանության արդյունքում հայցվորին հնարավորություն են ընձեռել փոփոխելու կամ միայն հայցի առարկան, կամ միայն հայցի հիմքը:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 05-ին ընդունվել և ներկայումս գործում է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (ՀՕ-139-Ն, ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին), որով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (ՀՕ-269-Ն): Գործող օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարզաբանման ենթակա հարցն արդեն իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավական կարգավորում է ստացել, ինչի պարագայում ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից խորհրդատվական բնույթի պարզաբանող որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 23.1-րդ կետով` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի

(28.11.2007 թ. ՀՕ-269-Ն խմբագրությամբ) 85-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման դատական պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը բացակայում է:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն պաշտոնական պարզաբանումը որոշումը հրապարակվել է

միայն www.court.am կայք էջում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
17.02.2014
N 139
Որոշում