Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՈՒԺՈՂ ՃԱՆԱՉՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                            ԵԱՔԴ/1747/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1747/02/12       2015 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արուսյակ Ավետիսյանի, Անուշ Նազարյանի, Ազիզ Ստեփանյանի, Մելանյա Նազարյանի, Նինա Պողոսյանի, Ալվարդ Արզումանյանի, Նազիկ Թադևոսյանի, Ռիմա Աղաջանովայի (այսուհետ` Հայցվորներ) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայցվորների ընդդեմ Իգոր Մանդելի և Աշոտ Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայցվորները պահանջել են համապարտության կարգով Իգոր Մանդելից և Աշոտ Հակոբյանից հօգուտ իրենցից յուրաքանչյուրի բռնագանձել 3.983.853 ՀՀ դրամ` որպես 2007 թվականից մինչև 2013 թվականը հաշվարկված շահույթի գումար, ինչպես նաև 01.01.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել և բռնագանձել տարեկան 610.050 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Իգոր Մանդելից և Աշոտ Հակոբյանից համապարտության կարգով հօգուտ Հայցվորների բռնագանձել յուրաքանչյուրի օգտին 3.983.853 ՀՀ դրամ, ինչպես նաև 01.01.2014 թվականից մինչև 19.06.2017 թվականը հաշվարկել և Իգոր Մանդելից ու Աշոտ Հակոբյանից համապարտության կարգով հօգուտ Հայցվորների բռնագանձել նաև յուրաքանչյուրի համար տարեկան 610.050 ՀՀ դրամ: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.10.2014 թվականի որոշմամբ Իգոր Մանդելի և Աշոտ Հակոբյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. Դատարանի 30.06.2014 թվականի վճիռը` հայցը մասնակիորեն բավարարելու և դատական ծախսերի մասերով, բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության: Վճիռը` հայցը մերժելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայցվորների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Հակոբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 24-րդ և 43-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 90-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 14-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2011 թվականի թիվ ԵԿԴ/0319/01/10 օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` Հայցվորները հանդիսանում են տուժողներ, տուժողներին պատճառվել է վնաս, հետևաբար, առկա է նրանց իրավունքների և օրինական շահերի խախտման փաստ և պաշտպանության խնդիր, ինչպես նաև և՛ թիվ ԵԿԴ/0319/01/10 քրեական գործով, և՛ սույն քաղաքացիական գործով առկա է փորձագետի եզրակացություն` պատճառված վնասի չափի մասին, ընդ որում, սույն գործով կատարված փորձաքննությամբ հարկային նվազեցումների կատարումից հետո ճշգրտորեն որոշված է Հայցվորներից յուրաքանչյուրին պատճառված վնասի չափը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի ուսումնասիրել համապատասխան ապացույցները` վերոնշյալ դատավճիռը և փորձագետի եզրակացությունը, այլապես կհանգեր այն ճիշտ եզրակացությանը, որ Հայցվորները պահանջ են ներկայացնում որպես հանցագործության կատարման արդյունքում վնաս կրած անձինք, ովքեր օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչված են տուժողներ:

Վերաքննիչ դատարանը, իր որոշման մեջ նշելով, որ Հայցվորներն իրենց իրավունքների պաշտպանությունը կարող են իրականացնել ընդհանուր ժողով գումարելու և նոր գործադիր մարմին ընտրելու ճանապարհով, անտեսել է այն հանգամանքը, որ Իգոր Մանդելը «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) 50 տոկոսից ավել բաժնեմասի սեփականատեր մասնակից է, ուստի նման պայմաններում Հայցվորների կողմից չի կարող անհրաժեշտ ձայների թիվ ապահովվել, որպեսզի գումարվի իրավասու ընդհանուր ժողով, ինչի արդյունքում Հայցվորները զրկված են գործադիր մարմին ընտրելու և դրա միջոցով իրենց շահերը ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի կիրառելիության հարցի վերաբերյալ Դատարանը եզրահանգել է, որ այն կիրառելի չէ, քանի որ Աշոտ Հակոբյանի կողմից պատճառված վնասը համարվում է հանցագործությամբ պատճառված վնաս, և դրա հատուցման պարտավորություններից վերջինս չի կարող ազատվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.06.2014 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայցվորների կողմից բերված վճռաբեկ բողոքում հիշատակված փորձագետի եզրակացությունն ընդամենը գործում առկա ապացույցներից մեկն է, ոչ թե միակը, իսկ Ընկերության գումարները չեն հանդիսանում մասնակիցների սեփականությունը, ուստի վերջիններս չեն կարող պահանջել այդ գումարները: Բացի այդ, Իգոր Մանդելը` որպես Ընկերության տնօրեն, իր կատարած յուրաքանչյուր քայլ նախապես համաձայնեցրել է Ընկերության բոլոր մասնակիցների հետ և ոչ մի անօրինականություն թույլ չի տվել, պարզապես տնօրենի լիազորված անձն օգտվել է վերջինիս` հայերենի ոչ լիարժեք իմացությունից և չարաշահել նրա վստահությունը, ուստի, ըստ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներ, ոչ միայն թիվ ԵԿԴ/0319/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է անօրինական, այլև անօրինական և անհիմն է Հայցվորների կողմից սույն գործով ներկայացված գումարի բռնագանձման պահանջը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2011 թվականի թիվ ԵԿԴ/0319/01/10 օրինական ուժի մեջ մտած դատավճռով Իգոր Մանդելը և Աշոտ Հակոբյանը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված արարքների համար: Նույն դատավճռի համաձայն` նրանց կողմից Ընկերությունից հափշտակվել է 19.06.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրով վարձավճարի գումարի հետ հաշվանցվող (մարվող) գումարը և 25.07.2007 թվականին կնքված վարկային պայմանագրով միանվագ տրամադրված վարկի գումարը: Նշված դատավճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Արուսյակ Ավետիսյանը, Անուշ Նազարյանը, Ազիզ Ստեփանյանը, Մելանյա Նազարյանը, Նինա Պողոսյանը, Ալվարդ Արզումանյանը, Նազիկ Թադևոսյանը և Ռիմա Աղաջանովան թիվ ԵԿԴ/0319/01/10 քրեական գործով ճանաչվել են տուժողներ (տուժողներ Արուսյակ Ավետիսյանի, Անուշ Նազարյանի, Ազիզ Ստեփանյանի, Մելանյա Նազարյանի, Նինա Պողոսյանի, Ալվարդ Արզումանյանի, Նազիկ Թադևոսյանի, Ռիմա Աղաջանովայի կողմից ներկայացված քաղաքացիական հայցերն ընդդեմ Իգոր Մանդելի և Աշոտ Հակոբյանի` վերջիններից համապարտությամբ հօգուտ իրենցից յուրաքանչյուրի 4.563.780 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում բռնագանձելու վերաբերյալ, թողնվել են առանց քննության) (հատոր 1-ին, գ.թ. 7-27):

2. 30.01.2014 թվականի թիվ 13-0331Դ փորձագիտական եզրակացության համաձայն` 19.06.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրով ստացված վարձավճարի գումարը համապատասխան վարձատու իրավաբանական անձի` Ընկերության համար հանդիսանում է շահույթ: Ըստ փորձագիտական եզրակացության` զուտ շահույթի 2,6 տոկոսը կազմում է. 2007 թվականի համար` 323.653 ՀՀ դրամ, 2008 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2009 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2010 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2011 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2012 թվականի համար` 610.050 ՀՀ դրամ և հետագա տարիներից յուրաքանչյուրի համար`610.050 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 5-19):

3. Սույն գործով չի վիճարկվել այն հանգամանքը, որ Հայցվորներից յուրաքանչյուրը հանդիսանում է Ընկերության 2,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր մասնակից, իսկ պատասխանող Իգոր Մանդելը հանդիսանում է Ընկերության տնօրեն և միաժամանակ 50,4 տոկոս բաժնեմասի սեփականատեր:

4. Պատասխանող Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Հենրիկ Մաղաքյանի կողմից ներկայացված` քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդության համաձայն` Աշոտ Հակոբյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0098/04/12 քաղաքացիական գործով 16.04.2013 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ (հատոր 3-րդ, գ.թ. 50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 24-րդ հոդվածների, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված ֆիզիկական անձինք` որպես ընկերության մասնակիցներ, կարող են ինքնուրույն իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունն այն դեպքում, երբ ընկերությունը զրկված է իր մասնակիցների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից.

2. արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը հիմք է տվյալ պահին ընթացող քաղաքացիական գործի վարույթը պարտապանի մասով կարճելու համար, եթե ներկայացված հայցի հիմքում դրված է պարտապանի կողմից կատարված հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջը:

Առաջին հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում քննարկել Հայցվորների իրավական շահագրգռվածության հարցը և այդ համատեքստում նաև պարզել, թե վերջիններս` որպես Ընկերության մասնակիցներ, կարող էին արդյոք ինքնուրույն իրականացնել իրենց իրավունքների դատական պաշտպանությունը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման շրջանակներում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանադրականությանը, արձանագրել է, որ այդ նորմով դատարան դիմելու իրավունքը վերապահվում է շահագրգիռ անձին, այն է` անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից` գործը քննող դատարանն է իրավասու գնահատել այս հասկացությունը և պարզել, թե արդյոք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն:

i

Դրանից զատ, ՀՀ սահմանադրական դատարանն իր մեկ այլ` 2010 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշմամբ դարձյալ փաստել է, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համահունչ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի մեկնաբանությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական շահագրգռվածությունը հայցվորի կողմից նախաձեռնված կոնկրետ գործի ելքի` դրական կամ բացասական, անմիջական` ուղղակի կամ անուղղակի անդրադարձն է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության վրա, որը յուրաքանչյուր առանձին դեպքում ենթակա է պարզման և գործը քննող դատարանի կողմից գնահատման:

i

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ստանալ ընկերության գործունեությունից ստացվող օրենքով սահմանված շահույթի մասը, սույն գործով Հայցվորները հանդիսանում են Ընկերության մասնակիցներ, իսկ պատասխանողների կողմից կատարված հանցագործության հետևանքով խախտվել են Ընկերության գործունեությունից ստացվող օրենքով սահմանված շահույթի մասը ստանալու` Հայցվորների իրավունքները:

Վերաքննիչ դատարանը, Աշոտ Հակոբյանի և Իգոր Մանդելի վերաքննիչ բողոքները մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ Դատարանը չի բացահայտել Հայցվորների շահագրգիռ լինելու փաստը «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համատեքստում, սխալ է մեկնաբանել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը և գտել է, որ Դատարանը ճիշտ չի պարզել գործով ապացուցման առարկան` չի որոշել դրա շրջանակում Հայցվորների` տվյալ պահանջով հայց հարուցելու մեջ շահագրգռվածության առկայության հարցը և ճիշտ չի գնահատել գործում առկա ապացույցները` կատարելով անհիմն եզրահանգում Հայցվորներից յուրաքանչյուրի մոտ շահագրգռվածության առկայության կամ դրա բացակայության վերաբերյալ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի իմաստով առևտրային կազմակերպությունները շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձինք են:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ստանալ ընկերության գործունեությունից ստացվող օրենքով սահմանված շահույթի մասը: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:

Այսպիսով, վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության հիմնական նպատակը շահույթ ստանալը և ստացած շահույթն ընկերության մասնակիցների միջև բաշխելն է: Նշված նպատակին համահունչ` ստացված շահույթից համապատասխան մասնաբաժին ստանալը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի (մասնակիցների) հիմնական իրավունքն է:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով գործում առկա ապացույցները, գտնում է, որ Հայցվորները սույն գործով ներկայացված պահանջով շահագրգիռ անձինք են, քանի որ տվյալ դեպքում վերջիններիս մոտ պահանջի իրավունքի ծագումը պայմանավորված է նրանց` որպես Ընկերության մասնակիցների, Ընկերության շահույթից բաժին ստանալու իրավունքի խախտման փաստով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերը նշվածի անտեսմամբ սխալ եզրահանգման է եկել Հայցվորների` սույն գործով շահագրգռվածություն ունենալու փաստի վերաբերյալ:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, ըստ որի` Հայցվորները զրկված չեն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով գործադիր մարմին ընտրելու և վերջինիս միջոցով Ընկերության շահերը ներկայացնելու հնարավորությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ լիազորություններից է ընկերության գործադիր մարմինների ձևավորումը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները, իսկ նույն կետի 3-րդ պարբերության համաձայն` մնացած որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ, եթե նույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի փաստերի համաձայն` Հայցվորներից յուրաքանչյուրը հանդիսանում է Ընկերության 2,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր, իսկ պատասխանող Իգոր Մանդելը հանդիսանում է Ընկերության տնօրեն և միաժամանակ 50,4 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ապա ակնհայտ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված եղանակով, այն է` ընդհանուր ժողով հրավիրելու և գործադիր մարմին ընտրելու միջոցով, Հայցվորները չեն կարող հասնել իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը իրավաբանական անձի` Ընկերության միջոցով: Այս առումով Վճռաբեկ դատարանը, հիմնվելով անձի` իր իրավունքներն ու ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու սահմանադրական սկզբունքի վրա, գտնում է, որ տվյալ գործով Հայցվորները` որպես Ընկերության մասնակիցներ, որոնց Ընկերության շահույթից մաս ստանալու իրավունքը խախտվել է պատասխանողների կողմից հանցագործության կատարման արդյունքում, զրկված լինելով Ընկերության (կամ դրա գործադիր մարմնի) միջոցով իրենց իրավունքների պաշտպանությանը հասնելու հնարավորությունից, իրավասու են որպես ֆիզիկական անձինք ինքնուրույն դիմել դատարան և վերականգնել իրենց խախտված իրավունքները` հանցագործությամբ պատճառված վնասները հատուցելու պահանջով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորվում է Հայցվորների շահագրգռվածությունը, հետևաբար վերջիններս պետք է հնարավորություն ունենան անմիջականորեն իրականացնելու դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանությունը, հատկապես` նկատի ունենալով այն, որ վերը ներկայացված պատճառաբանությունների ուժով նրանք զրկված են եղել այլ եղանակով իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Միևնույն ժամանակ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում քրեական գործով կայացված դատավճռի նախադատելիության հարցին, ինչպես նաև վնասի, այդ թվում նաև` հանցագործությամբ պատճառված վնասի, հատուցման առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությանը և մասնավորապես գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով օրինական մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար` հետևյալ շրջանակներում.

1. կատարվե՞լ են արդյոք որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),

2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից:

Այլ հարցերով դատավճիռը քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով պարտադիր չէ: Օրինակ` դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայությունը կամ բացակայությունը նախադատելի չէ, և այդ հարցը ենթակա է ապացուցման ընդհանուր հիմունքներով, չնայած որ դրանք հաստատված են դատավճռով (տե՛ս, Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի` թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ քրեական գործով կայացված դատավճիռը պարտադիր է քաղաքացիական գործ քննող դատարանի համար այնքանով, որքանով վերաբերում է որոշակի գործողությունների կատարման փաստին և դրանք կատարած անձանց շրջանակին, իսկ մյուս բոլոր հանգամանքները ենթակա են պարզման և ապացուցման ընդհանուր կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին և մասնավորապես արձանագրել է, որ վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: Նշված հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս, «Էքսոլթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2011 թվականի թիվ ԵԿԴ/0319/01/10 օրինական ուժի մեջ մտած դատավճռով Աշոտ Հակոբյանը և Իգոր Մանդելը մեղավոր են ճանաչվել Ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գումարի` 19.06.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրով վարձավճարի գումարի և 25.07.2007 թվականին կնքված վարկային պայմանագրով միանվագ տրամադրված վարկի գումարի հափշտակման համար և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են ազատազրկման (նշված դատավճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Արուսյակ Ավետիսյանը, Անուշ Նազարյանը, Ազիզ Ստեփանյանը, Մելանյա Նազարյանը, Նինա Պողոսյանը, Ալվարդ Արզումանյանը, Նազիկ Թադևոսյանը և Ռիմա Աղաջանովան թիվ ԵԿԴ/0319/01/10 քրեական գործով ճանաչվել են տուժողներ): 30.01.2014 թվականի թիվ 13-0331Դ փորձագիտական եզրակացության համաձայն` 19.06.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրով վարձավճարի գումարը Ընկերության համար հանդիսանում է շահույթ, և փորձագետի կողմից կատարված հաշվարկով վարձակալության գումարներից Ընկերության մասնակիցներից յուրաքանչյուրին բաժին հասնող 2,6 տոկոս բաժնեմասին համարժեք զուտ շահույթի հաշվարկման արդյունքները հետևյալն են` 2007 թվականի համար այն կազմում է 323.653 ՀՀ դրամ, 2008 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2009 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2010 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2011 թվականի համար` 610.025 ՀՀ դրամ, 2012 թվականի համար` 610.050 ՀՀ դրամ և հետագա տարիներից յուրաքանչյուրի համար` 610.050 ՀՀ դրամ: Այսպիսով, 2007 թվականից մինչև 2013 թվականը Հայցվորներից յուրաքանչյուրի համար հաշվարկված շահույթի հաշվարկման ընդհանուր հանրագումարը կազմում է 3.983.853 ՀՀ դրամ, որին ավելանում է նաև 01.01.2014 թվականից մինչև 19.06.2017 թվականն ընկած ժամանակահատվածում Հայցվորներից յուրաքանչյուրի համար հաշվարկված տարեկան շահույթի 610.050 ՀՀ դրամ գումարը:

Սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ տվյալ դեպքում առկա են պատասխանողների կողմից վնասի հատուցման համար պարտադիր հանդիսացող վերը նշված հետևյալ տարրերը` Հայցվորների կրած վնասը, ինչը հիմնավորվում է 30.01.2014 թվականի թիվ 13-0331Դ փորձագիտական եզրակացությամբ, իրավունքը խախտած` վնաս պատճառած անձանց հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը, ինչը հաստատված է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2011 թվականի թիվ ԵԿԴ/0319/01/10 քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով, Հայցվորների կրած վնասների և պատասխանողների ոչ օրինաչափ վարքագծի միջև անմիջական պատճառահետևանքային կապը: Միաժամանակ սույն գործով պատասխանողների կողմից որևէ ապացույց չի ներկայացվել պատճառված վնասի հարցում իրենց մեղքի բացակայության վերաբերյալ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով հիմնավորվում է նաև վերջիններիս մեղքը:

i

Երկրորդ հարցադրման կապակցությամբ անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, ըստ որի` սույն գործի շրջանակներում Աշոտ Հակոբյանի մասով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը կիրառելի չէ, և Վերաքննիչ դատարանը, այս մասով բեկանելով Դատարանի վճիռը և գործը նոր քննության ուղարկելով, խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի համաձայն` պարտապանը չի կարող ազատ ճանաչվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին, արձանագրել է, որ դրանում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը: Դա այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Հենրիկ Մաղաքյանը քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան և պատճառաբանելով, որ իր վստահորդը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0098/04/12 քաղաքացիական գործով 16.04.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ է ճանաչվել, միջնորդել է կարճել թիվ ԵԱՔԴ/1747/02/12 քաղաքացիական գործի վարույթը` ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով (հատոր 3-րդ, գ.թ. 50):

Դատարանը, իր վճռով անդրադառնալով Աշոտ Հակոբյանի ներկայացուցչի վերոնշյալ միջնորդությանը, մերժել է այն` պատճառաբանելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը հանցագործությամբ պատճառված վնասի դեպքում նախատեսում է բացառություն` ի դեմս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի:

Վերաքննիչ դատարանը, գործը նոր քննության ուղարկելով, գտել է, որ Աշոտ Հակոբյանի մասով նոր քննության ընթացքում անհրաժեշտ է անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի կիրառելիության հարցի պարզաբանմանը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների վերլուծությունից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելը սնանկության վերաբերյալ գործի վարույթի միայն մեկ փուլն է, որին հաջորդում են սնանկության գործով կառավարչի նշանակումը, պարտատերերի և նրանց պահանջների պարզումը, պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումը, պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի մշակումը, իրականացումն ու ավարտը, պարտապանի գույքի վաճառքի կարգն ու դրանից առաջացած միջոցներից պարտատերերի պահանջների բավարարումը, պարտատերերի պահանջների բավարարման կարգն ու հերթականությունը և, ի վերջո, սնանկության վերաբերյալ գործի ավարտը: Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքների իրավական կարգավորմանն էլ ուղղված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածը, որի 4-րդ մասի «դ» կետի համաձայն` պարտապանը չի կարող ազատ ճանաչվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված իրավական նորմը կիրառելի է բացառապես սնանկության վարույթի ավարտից հետո այն պարտավորությունների նկատմամբ, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում կամ էլ ներկայացման պարագայում բավարարում չեն ստացել, և ընդ որում` ոչ թե ցանկացած պարտավորության, այլ միայն նրանց մասով, որոնք նախատեսված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքը 90-րդ հոդվածի 4-րդ մասով և որոնց թվում են նաև հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունները:

Վերոնշյալ իրավական հիմնավորումներն ու դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշոտ Հակոբյանի սնանկության վերաբերյալ գործի վարույթը, պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության համաձայն` գտնվում է առաջին փուլում (գործում առկա չէ հակառակը հաստատող որևէ ապացույց), երբ առկա է ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի «գ» կետի դրույթը` մորատորիումը, կիրառելի է տվյալ պարագայում` նկատի ունենալով, որ Աշոտ Հակոբյանը սույն քաղաքացիական գործով հանդիսանում է պատասխանող, իսկ գործով ներկայացված պահանջը վերաբերում է նաև նրանից գումարի բռնագանձմանը: Հետևաբար, սույն քաղաքացիական գործի վարույթը` Աշոտ Հակոբյանի մասով, ենթակա է կարճման, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հայցվորները պահանջել են համապարտության կարգով Իգոր Մանդելից և Աշոտ Հակոբյանից հօգուտ իրենցից յուրաքանչյուրի բռնագանձել 3.983.853 ՀՀ դրամ, ինչպես նաև մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձել տարեկան 610.050 ՀՀ դրամ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ համապարտ պատասխանատվության ինստիտուտին և նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապարտ պատասխանատվության ինստիտուտը կոչված է առավելագույնը երաշխավորել պարտատիրոջ իրավունքները` հնարավորություն ընձեռելով վերջինիս իր պահանջի բավարարում ստանալ նույնիսկ համապարտ պարտապաններից մեկից:

Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայցվորները պահանջել են Իգոր Մանդելի և Աշոտ Հակոբյանի կողմից պատճառված վնասի հատուցման գումարը վերջիններիցս բռնագանձել համապարտության կարգով, և այն, որ վերը նշվածի հիմքով Աշոտ Հակոբյանի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայցվորների կողմից պահանջվող գումարը վկայակոչված իրավանորմերի հիմքով ենթակա է բռնագանձման պատասխանողներից մեկից` Իգոր Մանդելից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանող Իգոր Մանդելի դեմ ներկայացված հայցապահանջի մասով սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին սույն որոշման պատճառաբանություններով օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ, պատասխանող Աշոտ Հակոբյանի դեմ ներկայացված հայցապահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված` գործի վարույթի մի մասը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հիմք ընդունելով սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի կիրառելիության վերաբերյալ վերը շարադրված պատճառաբանությունները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ե» ենթակետի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ հայցապահանջն ամբողջությամբ ենթակա է բավարարման միայն Իգոր Մանդելի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Իգոր Մանդելից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 956.124,72 ՀՀ դրամ, ինչպես նաև 01.01.2014 թվականից մինչև 19.06.2017 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվորներից յուրաքանչյուրի համար հաշվարկված տարեկան 610.050 ՀՀ դրամ գումարի 3 տոկոսը` որպես վճռաբեկ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ Իգոր Մանդելից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 956.124,72 ՀՀ դրամ, ինչպես նաև 01.01.2014 թվականից մինչև 19.06.2017 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվորներից յուրաքանչյուրի համար հաշվարկված տարեկան 610.050 ՀՀ դրամ գումարի 3 տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2014 թվականի որոշումը`

- Իգոր Մանդելի դեմ ներկայացված հայցապահանջի մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2014 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով.

- Աշոտ Հակոբյանի դեմ ներկայացված հայցապահանջի մասով սույն գործի վարույթը կարճել:

2. Իգոր Մանդելից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 956.124,72 ՀՀ դրամ, ինչպես նաև 01.01.2014 թվականից մինչև 19.06.2017 թվականն ընկած ժամանակահատվածում Արուսյակ Ավետիսյանից, Անուշ Նազարյանից, Ազիզ Ստեփանյանից, Մելանյա Նազարյանից, Նինա Պողոսյանից, Ալվարդ Արզումանյանից, Նազիկ Թադևոսյանից, Ռիմա Աղաջանովայից յուրաքանչյուրի համար հաշվարկված տարեկան 610.050 ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես վճռաբեկ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար:

Իգոր Մանդելից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 956.124,72 ՀՀ դրամ, ինչպես նաև 01.01.2014 թվականից մինչև 19.06.2017 թվականն ընկած ժամանակահատվածում Արուսյակ Ավետիսյանից, Անուշ Նազարյանից, Ազիզ Ստեփանյանից, Մելանյա Նազարյանից, Նինա Պողոսյանից, Ալվարդ Արզումանյանից, Նազիկ Թադևոսյանից, Ռիմա Աղաջանովայից յուրաքանչյուրի համար հաշվարկված տարեկան 610.050 ՀՀ դրամի 3 տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ԵԱՔԴ/1747/02/12
Որոշում