Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ Հ ...

 

 

i

121.0576.160715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12115----

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 հունիսի 2015 թվականի N 576-Ն

 

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել փրկարարական աշխատանքների անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետում և կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2005 թվականի հունվարի 13-ի «Փրկարարական աշխատանքների անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 10-Ն հրամանը:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - հրամանի գրանցման մասում բացակայում է պետական գրանցման

համարը, որով խախտվում է ՀՀ արդարադատության նախարարի

1996 թվականի փետրվարի 5-ի թիվ 137 հրամանի պահանջը

-----------------------------------------------------------------

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների նախարարի

2015 թվականի հունիսի 12-ի

N 576-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների անվտանգության կանոնները, փրկարարի աշխատանքի անվտանգության պայմանների ապահովումը:

 

II. ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Լեռնային տեղանքում որոնողափրկարարական աշխատանքների անվտանգ իրականացման վրա ազդող հիմնական գործոններն են` բարդ ռելիեֆը, մթնոլորտային օդի նոսրությունը, ուժեղ քամին, ամպամածությունը, ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, սննդի բնական աղբյուրների սահմանափակությունը կամ դժվարամատչելիությունը, ջրի օգտագործման, տաքացման դժվարությունները, ձնահյուսերի, քարաթափումների, սողանքների, սելավների առաջացման վտանգը և այլն:

3. Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտություն է առաջանում տեղաշարժվել լեռնային տարբեր լանդշաֆտներով: Երկարատև անցումների և բարդ տեղամասերի հաղթահարման դեպքում ռիսկի նվազեցման ու ուժերի խնայողության նպատակով անհրաժեշտ է պահպանել քայլքի շնչառական և տեղաշարժման ներդաշնակ ռեժիմ:

4. Հավասարաչափ շնչառությունը երկարատև բեռնվածության ժամանակ գլխավոր գործոնն է: Ծանր վերելքներին քայլերի հաճախականությունը համաձայնեցվում է ռիթմի հետ (օրինակ` ձախ քայլով արտաշնչել, աջ քայլով շնչել): Մեկ շնչառության ցիկլին կարող է համապատասխանել մեկ կամ շատ քայլեր (լեռնային պայմաններում): Քայլի և շնչառության հավասարաչափությունը թույլ է տալիս պահպանել ուժերը: Օրգանիզմի գերհոգնածությունից խուսափելու համար պետք է շնչել քթով: Քայլի երկարությունը որոշվում է վերելքի աստիճանով: Ոչ կտրուկ ռելիեֆում քայլերը երկարում են, զառիթափում` կարճանում: Քայլելու ընթացքում պետք է հնարավորին չափով հենվել ամբողջ ներբանի վրա: Որոշ դեպքերում պետք է քայլել ոտնաթաթերի վրա (օրինակ` վերելքի ժամանակ կանաչապատ լանջ 350 և ավելի): Միջին թեքության լանջերը նպատակահարմար է անցնել զիգզագաձև:

5. Հատուկ ուշադրություն պետք է դարձնել խոնավ, զառիթափ, կանաչապատ լանջերին: Կանաչապատ լանջով բարձրանալիս ոտքը դնում են ամբողջ ոտնաթաթով, որպեսզի ավելացվի կոշիկի շփման մակերեսը լանջի հետ: Լանջի 100 թեքության դեպքում ոտնաթաթերը վերելքի ժամանակ թեքում են դեպի դուրս (եղևնաքայլ): Վայրէջքի ժամանակ ոտնաթաթերը դրվում են ուղիղ, ամբողջ ներբանով, մի փոքր ծալված ոտքերը զսպանակում են: Վազքով իջնելու դեպքում փոքր և արագ քայլեր են արվում: Ծանրության կենտրոնը վայրէջքի և վերելքի ժամանակ, պետք է հեռացնել լանջից:

6. Զառիթափ, կանաչապատ լանջերի վրա նպատակահարմար է քայլել կատվիկներով և սառցակտրիչներով: Շարժումը փլվածքներով և մորենաներով քարաթափումների վտանգ է ներկայացնում: Վերելքի ժամանակ ոտքերի հենման համար պետք է ընտրել մեծ բեկորներ:

7. Շարժումը դեպի վեր հնարավոր չափով իրականացվում է նույնպես ուղիղ գծով կամ շեղակի: «Կենդանի» փլվածքով տեղանքում պետք է շարժվել շեղակի, որ հանկարծակի պոկված քարը չվնասի փլվածքից ներքև գտնվող փրկարարներին:

8. Այն դեպքում, եթե շեղակի քայլել հնարավոր չէ, ապա պետք է դանդաղ բարձրանալ ուղիղ վերև` գտնվելով հնարավորին չափ իրար մոտ:

9. Առավել վտանգավոր են ժայռային հիմքերի կամ շարժվող սառցադաշտերի առաջացած փլվածքները:

10. Մեծ ուշադրություն է պահանջում անձրևի և մառախուղի ժամանակ փլվածքներով տեղափոխությունը, որովհետև կտրուկ աճում է քարաթափումների վտանգը: Մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելուց առաջ ոտքը խորասուզվում է և ամրացնում փլվածքի մեջ: Մանր քարերից կազմված քարաթափը կարելի է իջնել քարերի հոսանքի հետ սահելով: Եթե ներքև է իջնում քարերի մեծ զանգված, ապա պետք է արագ տեղափոխվել քարաթափի հարևան հատված: Եթե մեծ քարը չի հաջողվել կանգնեցնել կամ էլ, եթե որևէ մեկը տեսնում է վերևից եկող քարը, պետք է անմիջապես բացականչել` «Քար», բարձր, հստակ ձայնով, բայց ոչ խուճապահար:

11. Դեպի ներքև եկող քարից պետք է կամ կողք կանգնել կամ կքանստել: Մեծ քարափից պետք է թաքնվել մոտակա ժայռերի կամ մեծ քարերի հետևում, բաց տեղում: Մանր քարերի մեծ քանակությունից կարելի է պաշտպանվել գլխի վերևում բարձրացված ուսապարկով:

12. Ձյունապատ լանջերով շարժվելիս փրկարարները պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ, հագնեն լեռնային համազգեստներ, ձեռնոցներ, լեռնային կատվիկներով կոշիկներ:

13. Փափուկ ձյան միջով քայլելիս` ոտնաթաթերով, խուսափելով ուժեղ հարվածից, ձյունը սեղմելով պետք է աստիճաններ ստեղծել: Խոշորահատ ձյան պայմաններում աստիճանները ստեղծվում են լեռնային կոշիկների տակաեզրերով:

14. Եթե ձյան շերտը սառած է` աստիճանները ստեղծվում են սառցակտրիչով:

15. Ամուր ձյան շերտի վրա լավ պահում են կատվիկները: Ձյունապատ լանջի վրա ստեղծվում է երկու հենման կետի սկզբունք, իսկ միայն շատ զառիթափ լանջերին, սառցակտրիչով, ստեղծվում է 3 հենման կետ: Պետք է պահպանել մարմնի ուղղահայաց դիրքը, որը կանխարգելում է աստիճանների փլուզումը:

16. Քայլել նպատակահարմար է քայլ-քայլ, առաջնորդող փրկարարին պետք է պարբերաբար փոխել:

17. Ձնահոսքի վտանգ ունեցող գոտիներում պետք է խուսափել երկար անցագոտիներից` ձյունապատ լանջը չկտրելու և ձնահոսք չառաջացնելու նպատակով:

18. Ձնահոսքը առաջինը նկատող փրկարարն անհապաղ բացականչում է` «Ձնահոսք վերևից» (աջից կամ ձախից): Այդ դեպքում փրկարարները թաքնվում են` ելնելով տեղանքից (ժայռ, քար, ծառ և այլն), ծածկում դեմքը որևէ իրով, որպեսզի չխեղդվեն:

19. Եթե ձնահոսքից դուրս գալ հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է ձերբազատվել ցանկացած բեռից և ամբողջ ուժերով փորձել մնալ ձյան մակերեսին, այնուհետև լողաշարժումներով հասնել ձնահոսքի ծայրին:

20. Ոչ շատ կտրուկ լանջերով անհրաժեշտ է բարձրանալ եղևնաձև լեռնային կոլիկների տակակողերով աստիճաններ սարքելով:

21. Այն լանջերով, որտեղ ձնահոսքի վտանգ չկա, հնարավոր է զիգզագաձև վերելք:

22. Ձյունապատ լեռների վրա, առճակատ վերելքների ժամանակ, աստիճանները պետք է ստեղծել կոշիկների թաթով, սառցակտրիչները պահել առջևում` համարյա մինչև գլուխը խրած ձյան մեջ: Երկու ոտքով նոր աստիճանների վրա լավ ամրանալուց հետո, կարելի է տեղափոխել սառցակտրիչները դեպի վերև:

23. Ոչ զառիթափ լանջով պետք է իջնել մեջքով դեպի լանջը, փոքր քայլերով կրունկները մխրճելով ձյան մեջ:

24. Մինչև 300 սառցալանջերով պետք է բարձրանալ ուղղահայաց` ոտքը ելքաձև դնելով: Ոտքը սառույցին դնելով, միանգամից կատվիկի բոլոր ատամներով, բացի դիմացի, անհրաժեշտ է ոչ ուժեղ խփել նրա մակերեսին:

25. Մինչև 400 զառիթափ սառցալանջերով անհրաժեշտ է քայլել զիգզագաձև: Մարմնի դիրքը պետք է պահել ուղղահայաց` չմոտեցնելով լանջին: Երկու ձեռքով սառցակտրիչի ծայրով հենվել լանջին:

26. 400-ից բարձր լանջերը պետք է բարձրանալ կատվիկների դիմացի չորս ատամների օգնությամբ` ոտքի հարվածով զույգ ատամները մխրճելով սառույցի մեջ: Երկրորդ զույգ ատամներն այդ դեպքում արագ մխրճել սառույցի մեջ և մարդու քաշի շնորհիվ չթողնել սահել: Ոտքը պետք է քիչ ծալել ծնկներում, ոտնաթաթերը դնելով հորիզոնական դիրքում: Վերելք պետք է կատարել երկու հենման կետի կանոնով` հենվելով սառցակտրիչի վրա:

27. Երբ լանջը զառիվեր է, և կա գահավիժելու վտանգ, փրկարարները պետք է երկու ձեռքով կտրեն աստիճաններ` տարածությունը աստիճանների մեջ 15-20 սմ, որը պահանջում է ֆիզիկական մեծ լարում և մարդկանց հաճախակի փոփոխում:

28. Սառցային կատարների վրա աստիճանները կտրատել ուղիղ կատարի վրա:

29. Մեծ բարդություն է ներկայացնում ժայռային տեղանքում տեղաշարժը:

30. Այն երթուղիներում, որտեղ կա քարաթափերի վտանգ, պետք է օգտագործել պաշտպանիչ սաղավարտներ:

31. Ժայռամագլցման ժամանակ հենակետի վրա ոտքի ճնշումը պետք է լինի ուղղահայաց դիրքով, կայուն վիճակ ապահովելու նպատակով: Հենակետի դիրքին և ամրությանը համապատասխան, ոտքերը ժայռի վրա դնել լրիվ ներբանով, տարբեր դիրքով: Ժայռաճեղքերը կարող են օգտագործվել ժայռերի դժվար հատվածները հաղթահարելիս:

32. Ժայռամագլցման ժամանակ փրկարարները պարտավոր են`

1) մանրակրկիտ ուսումնասիրել հաղթահարման ենթակա երթուղու հատվածը: Երթուղու վրա պետք է նշել այն տեղերը, որոնք նախատեսված են ապահովման և հանգստի համար: Երթուղու ընտրությունը պայմանավորված է ճանապարհահատվածի հաղթահարման դյուրությամբ, դժվարին հատվածների շրջանցման հնարավորությամբ և անվտանգությամբ.

2) հենման երեք կետերի պահպանման նպատակով օգտվել ժայռի անհավասարություններից: Փրկարարը մագլցում է ձեռքերի և ոտքերի օգնությամբ, այսինքն` կա չորս հենակետ, որոնցից մեկն ազատ է և օգտագործվում է հարմար հենակետ գտնելու համար: Դրա շնորհիվ ազատվում է ծանրաբեռնված հենակետից մեկը` ձեռքը կամ ոտքը: Բոլոր դեպքերում պահպանվում են երեք հենակետերը.

3) մինչև հենակետի ծանրաբեռնումը ստուգել նրա ամրությունը: Ստուգումը վերելքների ժամանակ հիմնականում կատարել ձեռքի օգնությամբ, իսկ վայրէջքների դեպքում` ազատ ոտքի հարվածով.

4) ժայռամագլցման ժամանակ ծանրաբեռնել ձեռքերը: Նրանցով հիմնականում պահպանվում է մարմնի հավասարակշռությունը, իսկ մարմնի հիմնական ծանրությունը բաժին է ընկնում ոտքերին: Երբ հարկ է լինում աշխատանքն ակտիվացնել, ապա շարժման ժամանակ պետք է օգտագործել բռնման և հենման տարբեր եղանակներ.

5) ժայռամագլցման ժամանակ մարմինը պահել ուղղահայաց դիրքով` առավել չափով նվազեցնել ճռճռումներն ու թեքումները, չկատարել մեծ քայլեր.

6) ժայռերը հաղթահարելիս շարժումը կազմակերպել հավասարաչափ, առանց լարվելու, կծկվելու և պրկումների, որպեսզի հավասարակշռության կենտրոնը դուրս չգա հենման մակերեսից և քայլերը դառնան վտանգավոր, հոգնեցնող.

7) փխրուն ժայռատեսակների հաղթահարման ժամանակ հնարավորինս մոտ լինել ժայռին, իսկ միաքար և ամուր ժայռերը հաղթահարելիս` նրանից քիչ զատվել.

8) երթուղին հաղթահարել ամենակարճ ճանապարհով.

9) բարձրության վրա գործել զգույշ և մտածված.

10) աստիճանական ժայռերով բարձրանալ աստիճանի պես: Ժայռից վայրէջքն առավել վտանգավոր է տեխնիկական բարդության պատճառով:

33. Զառիթափ լանջերով վայրէջքը նմանատիպ է վերելքին` հակառակ հաջորդականությամբ: Ձյան շերտի և սառած լանջի վրա պետք է իջնել կատվիկներով, վտանգավոր լանջերի վրա տեղաշարժը կատարել ապահովման սարքեր օգտագործելով:

34. Անվտանգ լանջերից վայրէջք կարող է իրականացվել երկու ոտքով սահելով: Վայրէջքի ժամանակ սառցակտրիչի ծայրով հենվել հետևից:

35. Ծանր ուսապարկով` 400 կտրուկ վայրէջքն արգելվում է:

36. Ոչ բարդ ժայռերից պետք է իջնել լանջի մեջքով, որպեսզի երևան վայրէջքի ճանապարհը և հենման կետը:

37. Զառիվեր լանջերից պետք է իջնել դեմքով դեպի լանջը: Ամենահաճախ օգտագործվող եղանակը պարանի օգնությամբ, մարզականն է` զսպանակակեռիկով և դյուլֆեռի եղանակով:

38. Այն դեպքում, երբ հաղթահարման հատվածը բարդ է, ինքնուրույն անցնելու համար փրկարարները պետք է գնան 2-3 հոգով և իրականացնեն փոխադարձ ապահովում, որը թույլ կտա գահավիժման դեպքում, կապաշարով շարժվելիս պահել փրկարարին:

39. Կապաշարով շարժվելու ժամանակ ապահովումն ունենում է հետևյալ ձևերը`

1) միաժամանակյա, երբ բոլոր մասնակիցները միաժամանակ են շարժվում.

2) փոփոխական, երբ մեկը շարժվում է, իսկ մյուսը` ապահովում:

40. Միաժամանակյա շարժման ժամանակ ապահովումը կազմակերպվում է շարժման ընթացքում: Այս դեպքում պարանը պետք է գցել ցցվածքներից, զսպանակակեռից, ճեղքերից: Ապահովման այս ձևը կիրառվում է երթուղու հեշտ հատվածներում:

41. Տեղանքի բարդացման դեպքում անհրաժեշտ է միայն փոփոխական ապահովման կազմակերպումը: Վերևում գտնվող փրկարարն իրականացնում է ապահովումը վերևից, ներքևի փրկարարը` ներքևի ապահովումը:

42. Փրկարարը պետք է տիրապետի բազմազան կապերի, որպեսզի տարբեր հանգամանքներից ելնելով դրանք օգտագործի:

43. Ցանկացած կապ, բացի բռնողից, իջեցնում է պարանի ամրությունը նրա տեղադրման կետում: Դրա հաշվին կորչում է պարանի ամրությունը «ասպանդակ»-ում 40%-ով, մոտ 25%-ով բուլինում և ութնակապում: Պարանի ամրությունը ծալատեղում քիչ է` 30%:

44. Եթե դժբախտ պատահարը տեղի է ունեցել ժայռերում, հաճախ տուժածներին պետք է տեղափոխել ներքև:

45. Եթե տուժածն աննշան է վնասված, վայրէջքն իրականացվում է առանց ուղեկցողի: Վայրէջքի երթուղին պետք է ունենա կանգառի հրապարակներ:

46. Վայրէջքի համակարգերն ամրացվում են մի քանի հենման կետերից (սեպերից, ժայռային ցցվածք):

47. Պարանը, որով իջեցնում են տուժածին, անցկացվում է բլոկով կամ պոլիսպաստով (բազմաճախարակով):

48. Սառույցով կամ ձյան շերտով վայրէջքի ժամանակ վայրէջքի համակարգը ամրացվում է սառցակտրիչի վրա:

49. ՈՒղեկցողի բացակայության պայմաններում տուժածին պետք է իջեցնել պարանից հյուսված զամբյուղով և տուժածին հնարավորին չափով հրել ժայռից` ձեռքով և ոտքերով:

50. Ծանր վնասվածքով տուժածին պետք է իջեցնել ուղեկցողի հետ:

51. «Բեսեդկայով» վայրէջքը, երբ չկա ուղեկցող, իրականացնել հիմնական պարանի օգնությամբ և 1-1,2 մետր երկրորդական պարանով:

52. Հիմնական պարանի ծայրին կապել կրկնակի ուղեկցողի հանգույցը, որը հագցվում է տուժածի ազդրերին: Կապի օղակների երկարությունը չպետք է գերազանցի 40-45 սմ-ից:

53. Վայրէջքի բոլոր դեպքերում երկրորդական պարանով հիմնական պարանի վրա, տուժածի գլխի մակարդակին պետք է կապել բռնող հանգույց և նրան միացնում ապահովման գոտին, որը թույլ է տալիս խուսափել տուժածի անկումից:

54. Եթե տուժածն իջնում է ուղեկցողի հետ` երկու պարանի երկու ծայրին պետք է կապել ուղեկցողի կրկնակի հանգույցներ, որոնք ծառայում են նստատեղ տուժածի և ուղեկցողի համար: Այնուհետև երկու պարանները պետք է միացնել հասարակ հանգույցով այնպես, որ մեկ «զամբյուղը» գտնվի հանգույցից մոտ 1,2 մետր տարածության վրա, մյուսը` 90 սմ: ՈՒղեկցողը հագնում է «զամբյուղը» երկու ծայրով, տուժածը` կարճը: ՈՒղեկցողը և տուժածը կապվում են բռնող հանգույցով` պարանների միացման կապից քիչ ներքև:

55. Ծանր վնասվածքով տուժածներին պետք է իջեցնել պատգարակներով հորիզոնական դրությամբ: ՈՒղեկցողն ապահովման գոտիով կամ երկրորդական պարանով ամրացնում է պարանն իրեն այնպես, որ պատգարակները գտնվեն կրծքի մակարդակին:

56. Պատերից կամ զառիվեր լանջերից տեղափոխման ժամանակ օգտագործվում է նաև զամբյուղ պատգարակը: Հիմնական պարանի ծայրին պետք է կապել ուղեկցող հանգույցը (պատգարակների ստորին մասը):

57. Հաշվի առնելով տեղափոխման առանձնահատկությունները` պատգարակին անհրաժեշտ է միացնել ձող կամ զսպանակակեռիկի օգնությամբ միացնել իջնող պարանին: Իջնող պարանի արգելակումը պետք է կատարել 2-4 զսպանակակեռիկներով:

58. Վայրէջքը զսպանակակեռիկային արգելակման միջոցով պետք է ընթանա հավասարաչափ և դանդաղ:

59. Երբեմն անհրաժեշտություն է առաջանում տուժածին բարձրացնել պատով կամ լանջով վեր: Վերելքը պետք է իրականացնել «պոլիսպաստի» օգնությամբ, որը բաղկացած է կարճ պարաններից և զսպանակակեռից:

60. Տուժածին ուղեկցված պարանը դնել զսպանակակեռի մեջ (վերև), այնուհետև զսպանակակեռից ցած պետք է կապել բռնող հանգույց, որի ծայրը ամրացնել մոտակա խփված սեպին:

61. Հիմնական պարանի վրա, ինչքան հնարավոր է ցածր, անհրաժեշտ է կապել բռնող հանգույց` կարճ օղակով, որը պետք է անցկացնել ստորին զսպանակակեռիկի մեջ:

62. Վերին զսպանակակեռից եկող պարանը պետք է կոճկել ստորին զսպանակակեռիկի մեջ և բարձրացնել նորից տուժածներին բարձրացնող փրկարարների մոտ:

63. Երբ ստորին բռնող հանգույցը մոտենում է վերին զսպանակակեռին, թուլացած կապի միջով պարանը քաշել:

64. Բեռնվածության անկման դեպքում հանգույցն ինքը կֆիքսի պարանը և ստորին բռնող հանգույցը կտեղափոխվի ելման դրություն:

65. Փակ կամ բաց սառցադաշտի անցման ընթացքում մշտապես առկա է ճեղքվածքների մեջ անկման վտանգը: Հայտնաբերելով ճեղքվածքի մեջ տուժածի գտնվելու վայրը` փրկարարը պարտավոր է իջնել, ցուցաբերել առաջին օգնություն և հագցնել տուժածի վրա «ապահովման գոտի» կամ «տուժածի տեղափոխման զամբյուղ»` ըստ անհրաժեշտության:

66. Անկումը ճեղքվածքների մեջ, որպես կանոն, հանգեցնում է լուրջ վնասվածքների, այդ իսկ պատճառով տուժածին պետք է բարձրացնել «ապահովման գոտի»-ով կամ «տուժածի տեղափոխման զամբյուղ»-ով` ըստ անհրաժեշտության:

67. Վերելքի համակարգը կազմակերպել այնպես, որ տուժածը վերելքի ժամանակ չդիպչի պարանին: Դրա համար վերելքի պարանն անցկացնել զսպանակակեռիկից, որն ամրացնել պարանից` ճեղքի հակառակ կողմի վրա: Պարանը նախ անցկացնել վերոնշված զսպանակակեռիկից, բռնող կապից, զսպանակակեռիկից ամրացված սեպից և վերադառնալով սեպից ամրացած զսպանակակեռիկին, նրա միջով դուրս հանել դեպի փրկարարները:

68. Վերելքն իրականացնել հետևյալ կերպ. հրահանգով վերելքի պարանը ձգել և ֆիքսել բռնող հանգույցով, այնուհետև` պարանը տեղափոխել առաջ և նորից ձգել: Երբ տուժածը բարձրացվում է ճեղքվածքի եզրին, հակառակ կողմում գտնվող փրկարարները ձգում և բարձրացնում են տուժածին: Տուժածին «ապահովման գոտի»-ով կամ «տուժածի տեղափոխման զամբյուղ»-ով բարձրացնելու համար պահանջվում է 2-3 հոգի, պատգարակով` 5-6:

69. Ժայռային, ձյան, սառցե փլվածքների տակ գտնվող տուժածներին ազատել ձեռքի գործիքներով: Այդ ժամանակ անհրաժեշտ է ամենակարճ ժամանակում ապահովել տուժածներին թարմ օդի հոսքը: Արգելվում է վերոհիշյալ դեպքերում օգտագործել ինժեներական տեխնիկա, որովհետև մեծանում է տուժածին ծանր վնասվածքներ հասցնելու հավանականությունը: Ինժեներական տեխնիկայի օգտագործումը հնարավոր է միայն աշխատանքների մեծ ծավալի և ժամանակի պակասի դեպքում:

70. Ձյան ու սառցե փլվածքներում բացվածքներն իրականացնել սակրային գործիքների օգնությամբ:

71. Փլվածքների տեղափոխվող հատվածները և բացվածքի առաստաղը ֆիքսել տարբեր չափերի ձողերով:

72. Ամրացման եղանակները, քանակը և անկյունները կախված են տվյալ իրավիճակից, բայց մշտապես պետք է ապահովել փլվածքի բացվածքի տարածքը, ինչպես լայնակի, այնպես էլ երկայնակի ուղղություններով:

73. Բացվածքի աշխատանքները կատարել խմբով` ոչ քիչ 4 փրկարար և հրամանատար:

74. Բացվածքի տրամագիծը պետք է լինի առնվազն 0,5-0,6 մ2, պտտման անկյունները` 900-ից ոչ ավելի:

75. Տուժածների գտնվելու վայրի տրամագիծը հնարավորին չափով պետք է մեծացնել 0,8-1,0 մ2, որը թույլ կտա ստեղծել անհրաժեշտ պայմաններ տուժածին շտապ բժշկական օգնություն ցույց տալու, տեղափոխումը կազմակերպելու համար:

76. Քարանձավներում, ստորգետնյա պայմաններում աշխատանքը բնորոշվում է մի քանի վնասակար տարրերի առկայությամբ`

1) տեկտոնական խզվածքների գոտիներում հնարավոր են բնաձյան փլատակներ և քարաթափեր: Վտանգավոր հատվածները պետք է անցնել արագ.

2) քարանձավների գազավորվածությունը: Բոլոր քարանձավներում գործնականորեն առկա է տարբեր վնասակար գազերի պարունակություն: Վտանգավոր գազերը չունեն գույն և հոտ: Նրանց առկայությունը հայտնաբերվում է վառվող լուցկու բոցից: Ածխաթթու գազի առկայության դեպքում լուցկին հանգչում է, ածխաջրի ժամանակ` ուժեղ մրում, մեթանի դեպքում վառվում է անբնական պայծառ: Այն քարանձավում, որտեղ լուցկին չի վառվում, առանց շնչադիմակի և հակագազի գտնվելը վտանգավոր է: Մեթանի և ածխաջրի առկայության դեպքում խիստ անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային կանոնները: Բավականին մեծ վտանգ է ներկայացնում բնական ռադիոակտիվ ճառագայթավտանգ գազը` ռադոնը: Մարդու կողմից ներշնչվելով` նրանք նստում են թոքերում և ընդունակ են խթանելու որոշ ուռուցքային հիվանդություններ: Օդում ռադոնի առկայության հայտնաբերման համար օգտագործվում է հատուկ չափիչ` ռադոնային սնիֆեռ: Քարանձավներում ռադիոակտիվ վտանգը կարելի է նվազեցնել: Դրա համար անհրաժեշտ է` կրճատել մարդկանց աշխատելու ժամանակը, օգտագործել այնպիսի հակագազեր, որոնք ընդունակ են պաշտպանելու ռադոնի վտանգավոր տարրերից, քարանձավներում չծխել: Մարդու օրգանիզմի վրա ռադոնի ազդեցությունը ծխախոտի ծխի հետ բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը.

3) վտանգներ` կապված ջրի հետ: Դրանք մշտապես առկա են պարբերաբար հեղեղվող քարանձավներում: Ստորգետնյա հեղեղումները շատ դժվար է կանխատեսել, որովհետև դրանք չեն համընկնում մակերեսի վրա ջրի մակարդակի բարձրացման հետ: Քարանձավներում գտնվելիս անհրաժեշտ է իմանալ տվյալ քարանձավի առանձնահատկությունները և ջրային վտանգի առաջացման դեպքում անվտանգ նահանջի երթուղին: Ստորգետնյա ջրամբարներում հարկավոր է հետևել ջրի մակարդակին.

4) ցուրտ: Քարանձավները բնորոշվում են կայուն միջին տարեկան ջերմաստիճանով: Քարանձավների ջերմաստիճանը տատանվում է 3-40 C-ից մինչև 7-120 C: Ստորգետնյա ջրամբարների առկայության և համարյա 100% օդի խոնավության դեպքում օրգանիզմի գերսառեցման վտանգ չկա: Ցրտի և խոնավության դեմ պաշտպանիչ միջոց են հանդիսանում տաք ջրամեկուսիչ համազգեստները.

5) մթություն: Եթե քարանձավում բացակայում են ֆոսֆոր պարունակող ռադիոակտիվ նյութեր, ապա այնտեղ բացարձակ մթություն է: Ստորգետնյա երթուղիներում հարկավոր է ունենալ 2 լույսի աղբյուր 1 մարդու համար: Եթե դրանք լապտերներ են, ապա իրենց հետ պետք է ունենան մարտկոցների լրացուցիչ լրակազմ: Մոմերը և այրման միջոցները պետք է գտնվեն հերմետիկ փաթեթի մեջ.

6) արհեստական փլատակներ և քարաթափեր: ՈՒղղահայաց տարածքներում աշխատանքի ժամանակ կա քարաթափերի վտանգ, որոնք առաջանում են վերևում գտնվող մարդկանց սխալ գործունեության պատճառով (աշխատող գործիքներ, ձայնի վիբրացիա): ՈՒղղահայաց տարածքներում աշխատելիս պետք է հետևել անվտանգության կանոններին, որոնք կիրառվում են ժայռամագլցման ժամանակ: Գործողությունները ընդերքում պետք է սահմանափակ լինեն ձայնի և վիբրացիայի առումով: Վտանգավոր հատվածներում պետք է խոսել միայն շշուկով և տեղաշարժվել ամենայն զգուշությամբ: Քարանձավներում արգելվում է բղավել: Հնարավորին չափով պետք է խուսափել օգտագործել այնպիսի սարքավորումներ, որոնք բարձր ձայն են հանում կամ ստեղծում տատանումներ: Քարանձավներում պետք է գտնվել պաշտպանական սաղավարտով.

7) վտանգներ` կապված անկայուն բնական և արհեստական հենարանի հետ: Առավել վտանգ են ներկայացնում ստալակտիտները կավե հենքի վրա, որոնք կարող են հանկարծակի փլվել: Այդպիսի գոտիները պետք է անցնել արագ, առանց ձայնի.

8) մոլորվելու վտանգ: Լաբիրինթոսներում, հանքերում և բազմահարկ քարանձավներում կողմնորոշման համար անհրաժեշտ է նշել երթուղային բոլոր ուղղահայաց կամ հորիզոնական խաչմերուկները: Նշումները կարելի է անել քարով քարանձավի հիմքում կամ նշաններ փորելով նկարել պատկերի վրա.

9) քարանձավի ծխոտվածություն: Տեղի է ունենում լույսի աղբյուրների օգտագործումից, խարույկներից: Քարանձավների ծխոտվածությունը թույլ բնական օդափոխության պատճառով կարող է երկար ժամանակ պահպանվել որոշ ստորգետնյա հատվածներում և վտանգավոր լինել մարդկանց համար.

10) վտանգներ կապված սարքավորումների սխալ օգտագործման հետ`

ա. կարբոնային լամպի պայթյուն,

բ. անսարք սարքավորումների օգտագործում,

գ. իմպուլսային լամպի հերմետիկ չլինելու պատճառով հոսանքով վնասում,

դ. խտացրած օդի բալոնների պայթյուն,

ե. հանդերձանքի պակասության պայմաններում աշխատանքների իրականացում,

զ. ապահովման և ինքնապահովման հրահանգների սխալ կիրառում: Անհրաժեշտ է, կանխավ իրականացնելով նախապատրաստական աշխատանքներ և անհրաժեշտ սարքավորումների ու հանդերձանքի մանրազնին ստուգումներ, պահպանել անվտանգության կանոնները. կարելի է խուսափել այդ վտանգներից սարքավորումների ճիշտ շահագործումով` ցուցաբերելով սառնասրտություն և խիզախություն: Այդ ամենը հաջող, անվտանգ աշխատանքի գրավականն է.

11) նեղ բացվածքներով խորշեր: Նեղ խորշերը հաղթահարելիս նրանց մեջ խցանվելու վտանգ կա: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է`

ա. օգտագործել քարանձավային համազգեստ,

բ. երթուղու հաղթահարման ճիշտ ստրատեգիայի ընտրում,

գ. հնարավորին չափով մաքրել ճանապարհը,

դ. ներքև իջնել, խորշերի անցումը հաղթահարել ոտքերով առաջ.

12) հոգեբանական լարվածության հետ կապված վտանգներ` դրանք կախված են մարդու հոգեբանությունից, աշխատունակության աստիճանից, հոգնածությունից և անբարենպաստ գործոնների միաժամանակյա ազդեցության պայմաններում հարմարվելու ընդունակությունից: Հոգեբանական լարվածությունն ի հայտ է գալիս անհատի վրա` վայրի, ջրի, մթության, միայնակության, բարձրության, փակ տարածության ազդեցություններից:

77. Քարանձավները, ի տարբերություն նորմալ պայմանների, ունեն յուրահատուկ կենսաէներգետիկա և օդի բաղադրություն:

78. Ստորգետնյա երկարաժամկետ աշխատանքը բերում է այն բանին, որ մարդու օրգանիզմը 24-ժամյա ռեժիմից անցնում է 48 ժամի:

79. Արդյունքում վատթարանում են մարդու տեսողությունը, հիշողությունը, բարձրանում հոգնածությունը, իջնում օրգանիզմի պաշտպանողական գործառույթները: Այդ ամենը միասին կարող է բերել սխալների և վթարային իրավիճակի: Ոչ բոլոր մարդկանց կարող են օգնել հատուկ մարզումները և ուսուցումը, որպեսզի նա խույս տա վտանգներ ստեղծող հոգեբանական վիճակից: Այդ իսկ պատճառով քարանձավում բոլոր տեսակի փրկարարական աշխատանքներ անցկացնելու համար պետք է մարդկանց ընտրել շատ մանրակրկիտ:

80. Եթե դժբախտ պատահարը տեղի է ունեցել քարանձավում, փրկարարական աշխատանքներին պետք է ներգրավել այն մասնագետներին, որոնք նմանատիպ աշխատանքների փորձ ունեն:

81. Ծանր են քարանձավի առանձնահատկությունները կախված քարանձավի կոնկրետ իրավիճակից:

82. Սպասվող աշխատանքին համապատասխան ընտրվում են հանդերձանքը և սարքավորումները:

83. Այն դեպքում, երբ որոնողափրկարարական աշխատանքը տեղի է ունենալու անծանոթ քարանձավում, անհրաժեշտ է պատրաստվել և վերցնել որոշ քանակությամբ հանդերձանք, որը թույլ կտա ցանկացած իրավիճակում անվտանգ աշխատել:

84. Եթե քարանձավի մուտքն իրենից ներկայացնում է ճեղքվածք, կանխավ պետք է չափել նրա խորությունը, նետելով հատակին քար ու վայրկենաչափով չափել անկման տևողությունը:

85. Միջին մեծության քարը պետք է նետել այնպես, որ տեսանելիության սահմաններում չդիպչի պատերին և չբերի քարաթափում:

86. Կախված խտությունից ընտրել անհրաժեշտ պարանների երկարությունները և ապահովման եղանակները:

87. Հաշվի առնելով ռեժիմի առանձնահատկությունները` ընտրել համապատասխան ժայռամագլցման տեխնիկա:

88. Հանքահորերում (20 մետր ավելի խորությամբ վիհ) վայրէջք և վերելք կատարելիս ապահովողը պարտադիր ինքնապահովվում է:

89. Բացարձակ մթությունը քարանձավում թույլ չի տալիս նախօրոք նշելու շարժման հատուկ երթուղին: Քարանձավի պատերը համարյա թե միշտ լինում են խոնավ: Դրա համար քարանձավում անհրաժեշտ է շարժվել փափուկ և տեղափոխել մարմնի քաշը մի ոտքից մյուսը միայն, երբ հենման ոտքը հավասար կապակցվի ժայռային մակերեսին:

90. Ոտնաթաթի սխալ դիրքը թաց մակերեսին կարող է բերել վնասվածքի: Մթության մեջ տարածության սխալ գնահատման և փլվածքների քարերի անկայունության պայմաններում քարանձավում թռչել քարից քար արգելվում է:

91. Քարանձավում տեղաշարժման տեխնիկան համընկնում է նմանատիպ լեռնային ռելիեֆում տեղաշարժին:

92. Եթե քարանձավում դժբախտ դեպք է պատահել խմբի մեկ կամ մի քանի անդամների հետ, իսկ տվյալ խումբը չի կարողանում ինքնուրույն օգնություն ցուցաբերել տուժածներին, ապա որոնողափրկարարական աշխատանքներին պետք է ընդգրկել փորձառու քարանձավագետների և փրկարարների:

93. Բարդ քարանձավներում նախօրոք անհրաժեշտ է պահպանել անվտանգ երթուղի տուժածների տեղափոխման համար: Այդ նպատակների համար փրկարարները պետք է կառուցեն ստորգետնյա հիմնական ճամբար, ուր և տեղափոխում են տուժածներին:

94. Տուժածներին պետք է հագցնել չոր, տաք հագուստ, ցուցաբերել առաջին օգնություն, կերակրել տաք սննդով, այնուհետև` տեղավորել քնապարկի մեջ, իսկ եթե հնարավոր է, այնտեղ պառկում են նաև 2 փրկարար տաքացնելու համար:

95. Անհրաժեշտ է հիշել, որ քարանձավների կենսաէներգետիկան վնասակար է մարդու համար և չնչին վնասվածքը կարող է մահացու լինել: Այդ պատճառով որքան հնարավոր է արագ պետք է տուժածին դուրս բերել քարանձավից:

96. Առաջին օգնությունից բացի փրկարարները պարտավոր են նախապատրաստել քարանձավի հատվածները տուժածին տեղափոխելու համար, որի համար անհրաժեշտ է`

1) խփել լրացուցիչ կեռեր, պոլիսպաստ տեղադրելու համար կախել ճաղաշարեր (բազրիքներ).

2) ընտրել տեղափոխման ամենից հարմար երթուղին, որոշել ժայռաքար հատվածին համապատասխան տեղափոխման մեթոդները.

3) նշել հեղեղումների դեպքում ամենից վտանգավոր տեղամասերը.

4) հանգստի համար ընտրել մի քանի անվտանգ տեղամասեր.

5) անհրաժեշտության դեպքում անցկացնել հեռախոսագիծ:

97. Հորիզոնական կամ թեք հատվածներում տուժածին նպատակահարմար է տեղափոխել «կոկոն» տիպի փափուկ պատգարակներով:

98. ՈՒղղահայաց հատվածները հաղթահարել ապահովման գոտիով, ուղեկցողի հետ:

99. Հանքահորից վերելքի դեպքում կիրառել նույն տեխնիկան, ինչ-որ երկրի մակերեսին:

100. Ստորգետնյա լճերը և գետերը հաղթահարել փչովի նավակներով:

101. Եթե դժբախտ դեպքը քարանձավում տեղի է ունեցել ջրի վրա, ապա տուժածների փրկումը պետք է կատարել ջրասուզական հանդերձանքի օգտագործումով, ջրային համազգեստը պետք է լինի կրկնակի տաք և լուսավորությունը կրկնակի հզոր:

102. Բավականին դժվար է տուժածների որոնումը բազմահարկ քարանձավներում: Ինչքան շատ փրկարարներ կներգրավվեն որոնման մեջ, այդքան շուտ կգտնվեն մոլորվածները:

103. Որոնումն իրականացվում է`

1) տուժածների թողած հետքերով, կորցրած կամ դիտմամբ թողած առարկաներով.

2) որոնողական շների ներգրավումով, եթե գազերի խտությունը թույլ է տալիս.

3) լսողական և գիշերային դիտարկման հատուկ սարքերով.

4) ըստ փրկարարների խմբերի մեջ բաշխված հատվածների` միջանցքների, հանքահորի, քարանձավային հարկերի.

5) ազատ որոնմամբ, որի դեպքում փրկարարների մի խումբը հերթականորեն դիտարկում է քարանձավի բոլոր տեղամասերն` անկախ նրա վտանգավորության աստիճանից:

104. Տուժածներին հայտնաբերելուց և առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց անհրաժեշտ է արագ դուրս բերել քարանձավից:

105. Լեռնային տեղանքում փրկարարական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է տուժածներին արագ հանել վտանգավոր գոտուց` քարաթափերից, ձնահոսքերից փակ տարածք, ցուցաբերել հնարավոր բժշկական օգնություն, անցկացնել հոգեբուժական ներգործություն:

106. Տուժածների տեղափոխումը` կախված տվյալ իրավիճակում օգտագործվող միջոցներից, ստորաբաժանել ձեռքով, բեռնեկով, մեխանիկական:

107. Համեմատաբար մեղմացուցիչ է մեխանիկական եղանակով տեղափոխությունը:

108. Ձեռքով տեղափոխությունը հատկապես արդյունավետ է հատուկ պիտույքների օգտագործմամբ:

109. Տուժածներին անպայման պետք է ամրացնել պատգարակին, քանի որ տեղափոխության ընթացքում առաջացած ցնցումների և փրկարարների հոգնածության պատճառով նա կարող է ընկնել և ստանալ լրացուցիչ վնասվածքներ:

110. Տեղափոխությունը ձեռքերի վրա, երկուսով կամ չորսով, պետք է իրականացնել միայն փոքր տարածություններում, որովհետև փրկարարների ձեռքերին մեծ ծանրաբեռնություն է առաջանում:

111. Գրաստային (բեռնակիր կենդանիներով) տեղափոխումն առավել արագ է, քան ձեռքով տեղափոխությունը, սակայն կազմակերպման իմաստով այն ավելի բարդ է:

112. Ցանկացած տեղափոխությունը բացասաբար է ազդում մարդու, տուժածի վիճակի վրա: Վերջինիս տեղափոխելու նախապատրաստումը և տեղափոխելու ժամանակ նրա անշարժացումն առաջնային նշանակություն ունեն:

113. Տարահանման եղանակների ընտրության ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հնարավոր արգելքներն օդային տեղափոխման դեպքում, փլվածքավտանգ տեղամասերը և այլն:

114. Որոնողափրկարարական աշխատանքները համարվում են ավարտված, միայն փրկարարների և տրանսպորտային միջոցների` իրենց ելակետային բազաները վերադառնալուց հետո:

115. Տուժածներին անհրաժեշտ է տեղափոխել բժշկական հաստատություններ:

 

III. ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

116. Բարձրության վրա աշխատանքները լինում են երկու տեսակ`

1) աշխատանքներ 1.3 մ-ից մինչև 5 մ բարձրության վրա. կատարվում են տարբեր տիպի տախտակամածերի, շարժական սարքավորումների, սանդուղքների, ձեռնասանդուղքների և այլ համանման օժանդակ հարմարանքների ու կառուցվածքների միջոցով.

2) աշխատանքներ 5 մ և ավելի բարձրության վրա. կատարվում են հուսալի աշխատանքային տախտակամածերի, ժամանակավոր հարմարանքների (հարթակների, ճոճերի և այլն), կամ շենքերի շինությունների, մեքենաների և սարքերի կառուցվածքների վրա անմիջապես գտնվելու ժամանակ:

117. Սույն կանոնների 116-րդ կետում նշված դեպքերում փրկարարներին ընկնելուց ապահովող հիմնական միջոցը գոտին կամ հատուկ հանդերձանքն է:

118. Բարձրության վրա աշխատանքները մարդու մեջ առաջացնում են նյարդադյուրահույզ լարվածություն, նպաստում են սթրեսի զարգացմանը, աշխատունակության իջեցմանը, հիվանդությանը, վնասվածությանը, երբեմն էլ` կորստին: Սա առաջադրում է փրկարարների աշխատանքային գործընթացի կազմակերպման պահանջների բարձրացման անհրաժեշտություն և աշխատանքային պայմանների անվտանգության ապահովում:

119. Բարձրության վրա վթարափրկարարական աշխատանքներին թույլատրվում են 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք, որոնք անցել են բժշկական ստուգումներ, ստացել են լիազոր մարմնի կողմից ուսուցում, տիրապետում են կոլեկտիվ ու անհատական ապահովության միջոցներին և ստացել են անվտանգության տեխնիկայի հրահանգավորում անմիջապես աշխատավայրում:

120. Բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ վնասվածքների հիմնական մասը կապված է անմիջապես մարդու կամ նրա վրա տարբեր առարկաների վայր ընկնելու հետ:

121. Մարդու վայր ընկնելը բարձրությունից հաճախակի տեղի է ունենում`

1) բաց որմնախորշերի մոտ, շենքի (շինության) կտուրի ծածկի կամ տանիքի եզրի, ավերված պատշգամբների և այլնի վրա գտնվելիս.

2) ձողակառույցների և այլ նմանատիպ կառույցների վրայով մի տեղից մյուսն անցնելիս, ինչպես նաև պատի վրա կանգնած աշխատանքների կատարման ընթացքում տեղաշարժվելիս.

3) պարսպում չունեցող կամ ոչ կայուն և ոչ ամուր փայտամածերի ու լաստակների վրա աշխատելիս.

4) ընդունման ոչ պարսպված տարածքների վրա, «պատուհան» կամ «պատուհանից» բեռների ընդունման դեպքում.

5) տեղափոխվող բեռների, բեռնակարթիչ միջոցների և շրջապատող կառույցների ու այլնի միջև անհրաժեշտ հեռավորության պահպանումը սխալ գնահատելու դեպքում.

6) դնովի կամ կախովի սանդուղքներով տեղափոխումների դեպքում.

7) տրանսպորտային միջոցների վրա բեռնման ու բեռնաթափման աշխատանքների իրականացման ժամանակ:

122. Մարդու վրա բարձրությունից առարկաների վայր ընկնելու հիմնական պատճառներն են`

1) շենքերի, շինությունների, կառույցների և սարքերի տարրերի ոչ բավականաչափ ամրացումը.

2) բեռնաբարձիչ մեքենաներով բեռների անզգուշությամբ տեղափոխումը.

3) տեղափոխվող բեռների անկայուն պահեստավորումը.

4) վագոններից ու մեքենաներից բեռների բեռնաթափումը դրա համար չնախապատրաստված տեղում.

5) շենքերի, շինությունների և կառույցների պատուհաններից ու լուսամուտախորշերից տարբեր առարկաների դուրս նետումը.

6) շենքերի, շինությունների ու կառույցների ապամոնտաժումը և քանդումը.

7) բեռնաբարձիչ մեքենաներով վատ փաթեթավորված կամ ոչ հարմարեցված տարաներով փոքրահատիկավոր բեռների տեղափոխումը:

123. Բարձրության վրա աշխատող փրկարարների անվտանգությունը կարելի է ապահովել տարբեր մեթոդներով` հաշվի առնելով լուծվող կոնկրետ խնդրի պայմանները:

124. Վթարափրկարարական աշխատանքների իրականացման դեպքում գործիքների ու փոքրահատիկավոր բեռների փոխադրումը բարձրության վրա և իջեցումն անհրաժեշտ է կատարել պարանի օգնությամբ:

125. Վթարափրկարարական աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց համար վտանգավոր գոտին պետք է պարսպված լինի, ունենա լավ երևացող ազդանշաններ կամ պահպանվի դրա համար հատուկ առանձնացված մարդկանց կողմից:

126. Կրակի հետ լաստակների վրա աշխատելիս անհրաժեշտ է ապահովել հակահրդեհային կանոնները` աշխատատեղի տակի հարթակը ծածկել մետաղյա կամ կտավաքարե սաղարթներով, ունենալ ավազ, ջուր, կրակմարիչներ և այլն: Պաշտպանական և հակահրդեհային միջոցները պետք է լինեն նաև ներքևում, որտեղ կան դյուրավառ առարկաներ և նյութեր:

127. Բարձրության վրա վթարափրկարարական աշխատանքների կատարման վայրերը, ինչպես նաև սանդուղքները, անցումները, անցատեղերը պետք է լավ լուսավորվեն: Եթե աշխատանքային պայմաններից ելնելով` բնական լույսն անբավարար է կամ աշխատանքները կատարվում են գիշերը, ապա անհրաժեշտ է տեղադրել էլեկտրական լուսավորում: Լույսի աղբյուրը չպետք է կուրացնի փրկարարներին:

128. Որմնախորշերի և ծածկերի եզրերին աշխատելիս անհրաժեշտ է կառչել կառուցվածքներից և սարքավորումների տարրերից: Բեռնաբարձիչ կռունկի կամ վերհանի կեռի վրա կախված սարքավորումներից ու կառուցվածքներից, ինչպես նաև անհուսալի և չամրացված սարքավորումներից ու կառուցվածքներից ամրանալն արգելվում է:

129. Պաշտպանական միջոցների օգտագործումը, որոնց սահմանված կարգով հաստատված տեխնիկական փաստաթղթերը բացակայում են` արգելվում է:

130. Յուրաքանչյուր պաշտպանական գոտի պետք է բեռնվածության տեսանկյունից լաբորատոր պայմաններում ժամանակին ստուգվի: Գոտու վրա պետք է լինի դրոշմ, վրան նշված գոտու համարը և վերջին ստուգման ամսաթիվը:

131. Կոշիկները պետք է բացառեն սահքի հնարավորությունը կոնստրուկցիաների վրա, նաև շահագործվեն ձմեռային պայմաններում:

132. Բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ, ձեռքի աշխատանքային միջոցների և պաշտպանական միջոցների տեղափոխման համար պետք է ունենալ աշխատանքային պայուսակ:

133. Ծածկութային միջոցների (հարթակների, ճոճերի, աշտարակների, լաստակների) ընտրությունն, ամեն մի կոնկրետ դեպքում, պետք է կատարել տվյալ տեսակի վթարափրկարարական կազմավորումների սարքավորվածությունը` անվտանգության պահանջները և աշխատանքի իրականացման պայմանները հաշվի առնելով:

134. Աշխատանքները սկսելիս անհրաժեշտ է համոզվել ծածկույթների միջոցների կայունության և ամրության, ինչպես նաև աշխատատեղի հետ տեղափոխումների անվտանգության մեջ:

135. Ծածկութային միջոցները (սանդուղքներ, հարթակներ, ճոճեր, լաստակներ) արգելվում է տեղադրել կառուցվածքների անկայուն և պատահական տարրերի վրա:

136. Ծածկութային միջոցների հաշվարկային բեռնվածությունից ավելի բեռնում չի թույլատրվում:

137. Կախովի ծածկութային միջոցների ճոճումից խուսափելու համար դրանք պետք է ամրացնել կառուցվածքների և սարքավորումների կայուն մասերից: Ծածկութային և պարսպային բոլոր միջոցների ամրությունն ու կայունությունը պետք է ստուգել:

138. Բեռնաբարձիչ սարքերով կախովի ծածկութային միջոցների վերհանումը և իջեցումը պետք է կատարել հավասարաչափ կերպով և առանց թեքումների:

139. Մարդկանց վերհանման և իջեցման համար օգտագործվող բեռնաբարձ սարքերը պետք է ունենան կրկնակի արգելակային համասարք:

140. Ֆիզիկական մեծ ջանքերի գործադրման դեպքում արգելվում է հենվել փակոցներին, նստել և կառչել դրանցից, փակոցների վրայով մագլցելով անցնել, ինչպես նաև կամայականորեն քանդել ծածկութային միջոցները և փակոցները:

141. Մեկ ուղղաձիգ գծով բարձրության վրա երկու և ավելի հարկաշարքերում միաժամանակ աշխատանքների իրականացումը, առանց հարկաշարքերը բաժանող պաշտպանական սարքերի, չի թույլատրվում:

142. Բարձրության վրա առանձին գոտիներով, մարդակների գերանների վրայով տեղաշարժման ժամանակ, պարսպող աղեղներ չունեցող ուղղաձիգ սանդուղքներով բարձրանալիս կամ իջնելիս անհրաժեշտ է օգտագործել ապահովման միջոցներ, այդ թվում նաև երկու ապահովման հիմքեր ունեցող պաշտպանական գոտիներով, որոնք կոճկվում են հերթականությամբ, այսինքն` չի արձակվում մեկը, մինչև չկոճկվի մյուսը:

143. Վթարափրկարարական աշխատանքների անվտանգության ապահովման համար նախատեսված լաստակները և սանդուղքներն իրենց կառուցվածքով պետք է լինեն կարծր ու ունենան դրանց տեղաշարժումը բացառող ամրակներ:

144. Առավելագույն հաշվարկային բեռնման դեպքում փռվածքների կորացումը չպետք է գերազանցի 20 մմ: Փռվածքների և սանդուղքների 3 մ ու ավելի երկարության դեպքում, դրանց տակ պետք է տեղադրվեն միջանկյալ հենարաններ:

145. Սանդուղքների և փռվածքների լայնությունը չպետք է լինի 0.6 մ-ից պակաս: Դրանք պետք է ունենան բռնատեղեր, եզրեր և մեկ միջանկյալ հորիզոնական տարր:

146. Բռնատեղերի բարձրությունը պետք է հավասար լինի 1 մ, եզրերինը` 0.5 մ-ից ոչ պակաս: Բռնատեղերի հենակների միջև եղած հեռավորությունը չպետք է լինի 2 մ-ից ավելի:

147. Ելարանները պատրաստվում են մետաղից կամ տախտակից: Մարդու ոտքերի հենման համար յուրաքանչյուր 0.3-0.4 մ հետո դրանց վրա պետք է լինեն լայնակի շերտաձողիկներ: Ելարանների լայնությունը միակողմանի տեղափոխության դեպքում չպետք է լինի 0.8 մ պակաս, իսկ երկկողմանիի դեպքում` 1.5 մ: Ելարանները, ինչպես նաև սանդուղքները պետք է ունենան բռնատեղեր, եզրեր և պարսպում:

148. Դնովի սանդուղքների վրա 1.3 մ և ավելի բարձրության վրա աշխատելիս անհրաժեշտ է գոտեպնդվել պաշտպանական գոտիներով` կառուցվածքներին կամ սանդուղքին, եթե այն հուսալիորեն ամրացված է կառուցվածքին:

149. Վթարափրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դնովի սանդուղքների սահումը կանխելու համար պետք է ունենալ երկու չսահող հենարան` սուր մետաղյա սեպերի տեսքով, ռետինե ծայրակալներով և ուրիշ արգելակման սարքերով:

150. Բացովի սանդուղքները-ձեռնասանդուղքները պետք է ունենան մետաղյա կեռեր, որոնք բացառում են դրանց ինքնակամ բացման հնարավորությունը:

151. Դնովի սանդուղքի ընդհանուր երկարությունը չպետք է գերազանցի 5 մ:

152. Սանդուղքների աստիճանները պետք է հաշվարկված լինեն 1000 H (100 կգ/սմ) բեռնման համար:

153. Դնովի սանդուղքների աշխատանքային դիրքը հորիզոնական հարթության հանդեպ պետք է լինի 70-750: 5 մ ավելի երկարություն ունեցող մետաղյա սանդուղքներն անհրաժեշտ է պարսպել մետաղյա աղեղներով:

154. Արտակարգ իրավիճակի բացակայության դեպքում, այնպիսի վթարափրկարարական աշխատանքները, որոնք իրականացվում են բարձրության վրա, բացօթյա, անբարենպաստ եղանակային պայմաններում, ինչպիսիք են` ուժեղ քամին (6 բալից կամ 10-12 մ/վ ավելի), անձրևը, ամպրոպը, մառախուղը, ձյունատեղումը, մերկասառույցը և այլն, անհրաժեշտ է դադարեցնել:

155. Բարձրության վրա վթարափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում վթարի կամ դժբախտ պատահարի դեպքում պետք է նախատեսել հուսալի և արագ տարահանման ձևեր:

156. Բարձրության վրա աշխատանքի դեպքում փրկարարի հիմնական պաշտպանական միջոցը պաշտպանական (ապահովման) գոտին է:

157. Պաշտպանական (ապահովման) գոտին լինում է երկու տեսակի`

1) ձգափոկով.

2) առանց ձգափոկի:

158. Ձգափոկ գոտիների օգտագործումը նպատակահարմար է փակ տարածքներում (ստորերկրյա ամբարներ, հորեր և այլն), քանի որ դժբախտ պատահարի դեպքում տուժածին հարմար է անվտանգ բարձրացնել ձգափոկերով:

159. Ձգափոկ գոտին հարմար է նաև բարձրության վրա մեկ ուղղաձիգով հատուկ, բարդ ու վտանգավոր աշխատանքներ կատարելիս, այսինքն` այնպիսի պայմաններում, երբ անհրաժեշտություն չի ծագում հաճախակի հորիզոնական կամ շառավղով տեղափոխություններ կատարել:

160. Այն դեպքում, երբ բարձրության վրա փրկարարը հաճախակի է փոխում իր աշխատանքային տեղը, անցնելով կառուցվածքներով, ձգափոկերն անհարմարություն են ստեղծում` դժվարացնում են շարժումները և ցավ պատճառում: Այդ իսկ պատճառով փրկարարները պետք է օգտագործեն առանց ձգափոկի ապահովման գոտի, որը հիմնված է բարձրությունից ընկնելու սահմանափակմամբ:

161. Հարվածամեղմիչն իրենից ներկայացնում է տրված լայնության կապրոնե ժապավեն, երկու տակ ծալած և լայնքով կարված կապրոնե թելերով: Այս դեպքում դինամիկ ուժեղացումն իջեցվում է կարված կապրոնե թելերի կտրման հաշվին:

162. Ապահովման գոտին պետք է ամուր կպչի մարդու մարմնին, տեղավորվի իրանից բարձր կողերի մակարդակի վրա: Գոտին ճիշտ տեղադրելու համար անհրաժեշտ է կարգավորել սուսերակապի երկարությունը:

163. Փականի սարքի վրա չպետք է լինեն ճաքեր, ճեղքեր 1 մմ ոչ ավելի, խորացած կոռոզիա, առանձին մանրամասերի ձևախախտումներ: Անվնաս պետք է լինեն նաև զսպանակները:

164. Փականի սարքի գործողությունը չպետք է խախտվի ստուգում կատարելիս` բացելու և փակելու դեպքում: Անհրաժեշտ է ստուգել ճոպանի կարատեղերի վիճակը, յուղելու բացակայությունը և ճոպանի զգալիորեն երկարաձգվելը (սկզբնական երկարության 30% ավելի):

165. Անհրաժեշտ է ստուգել զսպանակակեռիկի աշխատունակությունը. Հարվածամեղմիչում ստուգվում է ժապավենի կարվածքը նրա բաց տեղամասերում: Դուրգոմոմերի շուրջը ժապավենը չպետք է պատռված և փրչոտված լինի: Հարվածամեղմիչի ծածկոցը պետք է անվնաս լինի, իսկ կարերն` ամբողջական: Զսպանակակեռի բռնատեղը սեղմելու դեպքում տեղի կունենա դրա բացումը, իսկ ձեռքի բացթողումից հետո` ավտոմատ փակումը և պաշարումը:

166. Գոտիներն անհրաժեշտ է պահել օդափոխվող սենյակներում կախված վիճակում կամ դարակներում իրար վրա չդնելով և պետք է պաշտպանված լինեն արևի ճառագայթներից:

167. Արգելվում է գոտիների կրող տարրերի ինքնակամ վերանորոգումը:

168. Եթե փրկարարի վայր ընկնելու դեպքում գոտին կրել է կրիտիկական բեռնվածություն, այն պարտադիր պետք է փոխարինել նորով:

169. Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ գոտիները պետք է ենթարկվեն ստատիկ բեռնվածության 4000 հերց, 400 կգ/սմ ստուգման:

170. Ստուգումներ չանցած գոտիների օգտագործումն արգելվում է:

171. Պարբերական ստուգումների իրականացման համար անհրաժեշտ է օգտագործել հատուկ փորձարկիչ ստենդ: Ամեն մի գոտու վրա պետք է նշվեն վերջին ստուգման ամսաթիվը և տարեթիվը:

172. Որպես անհատական պաշտպանական միջոց բարձրությունից ընկնելիս անհրաժեշտ է օգտագործել ապահովման վերնաշխատ սարքավորում: Այս սարքում որպես ապահովում կիրառվում են 4.8 մմ շառավղով պողպատաճոպաններ:

173. Սարքը կիրառելու համար, այն միացնում են շենքի, շինության հուսալի ամրացված կառուցվածքային տարրին` տեղադրելով անմիջապես աշխատատեղի վերևում: Փրկարարն ամրացնում է պաշտպանական գոտու զսպանակակեռը ապահովման ճոպանին:

174. Փրկարարի հանկարծակի վայր ընկնելու դեպքում կտրուկ ավելանում է սարքից ապահովման ճոպանի դուրս բերման արագությունը, որի շնորհիվ մեխանիզմը վայրկենապես գործում է` սեղմելով շարժվող ճոպանը մինչև նրա լրիվ կանգնելը: Այսպիսով կանխվում է հետագա անկումը:

175. Սարքի առավելություններից մեկն է համարվում` ապահովման ճոպանի զգալի երկարությունը (մինչև 10 մ) հնարավորություն տալով հանգիստ տեղաշարժվել մինչև 10 մ ներքև ապահովման սարքավորման ամրացման տեղից: Սա հնարավորություն է տալիս բարձրության վրա կրճատել աշխատանքային գործող` ապահովման գոտիների ամրացման և անջատման թիվը: Այս սարքերի առավելությունն է նաև դրանց բազմակի օգտագործման հնարավորությունը:

176. Ապահովման վերնաշխատ սարքի թերություններից են`

1) աշխատատեղերում վայր ընկնելիս վնասվածքների ստացման հնարավորությունները կառույցներին հարվածվելու դեպքում, ինչը սահմանափակում է ապահովման վերնաշխատ սարքավորման օգտագործումը.

2) բարձրության վրա դրա ամրացման համար անհրաժեշտ կրկնակի աշխատանքային գործառնությունների կատարման անհրաժեշտությունը:

 

IV. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ (ՋՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՋՐՈՒՄ

 

177. Ջրում գտնվող մարդկանց օգնության նպատակով իրականացվող որոնողափրկարարական (ջրափրկարարական) աշխատանքները բնորոշվում են հետևյալ առանձնահատուկ պայմանների առկայությամբ`

1) մարդկանց ջրում (ջրի տակ) գտնվելու ժամանակի կրճատումով, ելնելով անվտանգությունից.

2) ջրի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա.

3) ջրում գտնվող վտանգավոր կենդանիների և տարբեր առարկաների առկայությունը.

4) եղանակի պայմանների բացասական ազդեցությունը` քամիներ, սառնամանիք, մառախուղ.

5) անհրաժեշտ լողամիջոցների և հատուկ ջրափրկարարական սարքավորումների օգտագործումը ստորջրյա աշխատանքների կազմակերպման համար.

6) վարարած ջրերի վտանգավոր գործոնը` ջրերի բարձր արագություն, ջրապտույտներ, ալեկոծություն:

178. Որոնողափրկարարական աշխատանքներում փրկարարների հիմնական խնդիրն է ջրերում օպերատիվ որոնումը և դժբախտ պատահարների ենթարկվածներին օգնության կազմակերպումը:

179. Մարդը կարող է հայտնվել ջրում տարբեր պատճառներով`

1) նավի վթարի դեպքում.

2) լողամիջոցների շուռ գալուց կամ էլ շեշտակի կանգառումից.

3) ինքնաթիռների ջրասուզման ժամանակ.

4) ջուրն ընկնելու դեպքում.

5) սառույցի կոտրման դեպքում.

6) ջրհեղեղների ժամանակ.

7) լողալիս:

180. Մարդը ջրում ունենում է բացասական լողունակություն, որը դառնում է նրա ջրասուզվելու պատճառ, երբ դադարում է նրա լողալու շարժունակությունը և փրկարար անհատական միջոցների բացակայությունը:

181. Ջրի ազդեցությունը մարդու վրա (հատկապես սառը) կարող է առաջացնել`

1) շնչառական հյուսվածքների ակամա դանդաղում` ջուր մտնելու ժամանակ, և սառեցում` շոկի առաջացման պահին.

2) արյան ճնշման հանկարծակի բարձրացում, որը կարող է հանգեցնել սրտի աշխատանքի վատացման.

3) լողալ չկարողանալը (չիմանալը).

4) մարմնի գերսառեցումը.

5) ջրի անցումը շնչառական ուղիներ:

182. Մարդու ջրում գտնվելու ժամանակը կախված է օրգանիզմի ինտենսիվ ջերմության կորստից, հոգեբանական անկումից ու վախի անընդհատ զգացումից:

183. Սույն կանոնների 181-րդ և 182-րդ կետերում նշված պայմաններում մարդը չի կարող երկար գտնվել ջրում: Նրան հարկավոր է գտնել, դուրս հանել ջրից և ցուցաբերել օգնություն:

184. Ջրասույզ եղածի (դժբախտ պատահար) որոնողական աշխատանքները որոշում են դժբախտ պատահարի կոնկրետ տեղի հայտնաբերումը` հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները և եղանակը:

185. Դժբախտ պատահարի ենթարկվածների որոնումը կարելի է կատարել ափից` տեսողությամբ` կոնկրետ կատարված վայրում:

186. Հիմնականում որոնումները պետք է կատարել լողամիջոցների օգնությամբ (մակույկներ, լաստահարթակներ, մոտորանավակներ):

187. Լողամիջոցների օգտագործման ժամանակ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար, անհրաժեշտ է օգտագործել տեխնիկայի անվտանգության կանոնների պահանջները:

188. Երբեմն, դժբախտ պատահարների դեպքում, որոնումների համար օգտագործվում է ուղղաթիռ: Որոնումների այս տեսակը համարվում է անվտանգ:

189. Դժբախտ պատահարի դեպքում ամենավտանգավոր որոնումները համարվում են փրկարարների սուզումները ջրի տակ` սուզումներ, ջրասուզական աշխատանքներ:

190. Դժբախտ պատահարների ենթարկվածների հայտնաբերման ժամանակ փրկարարները սկսում են կազմակերպել նրանց օգնությունը: Առաջնահերթ խնդիրը մարդուն ջրից դուրս բերելն է:

191. Երբ ջրում միաժամանակ գտնվում են մի քանի մարդ, փրկարարները պետք է նրանց օգնեն անհատական փրկարարական միջոցներով, որպեսզի նրանք ջրում մնալու համար չծախսեն ավելի ուժ:

192. Հիմնական անհատական փրկարարական միջոցներից են համարվում`

1) փրկարարական օղակները.

2) փրկարարական լանջակապը.

3) փրկարարական բաճկոնը.

4) գնդակը.

5) լաստահարթակը և տախտակը:

193. Անհատական փրկարարական միջոցների օգտագործման հիմնական նպատակներն են`

1) ավելացնել մարդու լողունակությունը.

2) ստեղծել հավելյալ հրող ուժ.

3) ապահովել շնչառության հաստատականություն.

4) չեզոքացնել գլխի սառեցումը և ջրի անցումը շնչառական օրգաններ:

194. Պատահարի ենթարկվածներին ջրից դուրս բերելու համար օգտագործվում են մի քանի հիմնական ձևեր: Դրանցից մեկը` երբ գցվում են հատուկ փրկարարական հարմարանքներ ափից կամ լողամիջոցից, որոնց միջոցով նրանց քաշում են տուժածի հետ միասին կամ ափ, կամ նավակ: Այդ տեսակի միջոցներին են դասվում փրկարար օղակը, Ալեքսանդրովի գցովի պարանը, փրկարար պարանը, Սուսլովի պարանը, գնդակները:

195. Փրկարարական օղակներն օգտագործվում են տուժածի փրկության համար, դրանք գցելով ջուրը, որոնք իրարից տարբերվում են չափերով, քաշով, նյութերով:

196. Օղակների պատրաստման համար օգտագործվում են խցանների կտորներ կամ մանրացված խցաններ:

197. Փրկարարական օղակի ջրի վրա պահվելու ապահովման ուժը որոշվում է, երբ ջրում շուրջօրյա գտնվելու ընթացքում` ապահովում է 12-14 կգ սմ:

198. Փրկարարական օղակները ներկվում են վառ դարչնագույն գույնով: Ներկը պետք է լինի դիմացկուն` ծովային ջրի և նավթի ազդեցություններին:

199. Փրկարարական օղակի ամրությունը ստուգելու համար այն պետք է գցել հողի մակերեսին` 3 մ բարձրությունից շրջագծի կողային բացվածքով կամ` ջրի մեջ 10 մ բարձրությունից օղակի լայնությամբ:

200. Եթե օղակի կողային հատվածներում չի առաջանում ճաք` պաստառը մնում է անվնաս և չի փոխվում շրջագծի ձևը, ապա այն կարելի է օգտագործել մարդկանց փրկելու համար:

201. Փրկարարական օղակի փորձարկումը լողամիջոցների վրա իրագործվում է հետևյալ կերպ. I-III տեսակի փրկարարական օղակների վրա ամրացվում են 14.5 կգ-ոց ծանրոցներ, իսկ IV-տեսակին` 8 կգ-ոց, որից հետո փրկարարական օղակը պետք է 24 ժամ ընկղմել քաղցրահամ ջրում:

202. Փրկարարական օղակի ստուգման ժամանակն անցնելուց հետո փրկարարական օղակը չպետք է սուզվի: Այսպիսի փորձարկումները պետք է կրկնվեն 6 ամիսը մեկ:

203. Համատեղ խցաններից պատրաստված փրկարարական օղակներից բացի, օգտագործվում են նաև փրկարարական օղակներ` պատրաստված պոլիստիրոլից, որոնց քաշը կազմում է 2.6-2.8 կգ, ու ապահովում են փրկարարական օղակի լողունակությունը ոչ պակաս 14.5 կգ քաշով, մյուսը` ոչ պակաս 24.5 կգ:

204. Ըստ տեսակների օղակները տրված են աղյուսակ 1-ում:

205. Մոտորանավակից գցելու դեպքում, անհրաժեշտ է օղակը տուժածին գցել այն կողային մասից, որ կողքով մոտորանավակը մոտենում է նրան:

206. Թիավոր նավակից գցելու դեպքում, օղակը պետք է գցվի նավակի հետնամասից կամ էլ` ծայրամասից:

207. Տուժածը մոտենալով փրկարար օղակին, սեղմելով այն, օղակը բերում է ուղղահայաց վիճակի, օղակի մեջ անցկացնում է մի ձեռքը և գլուխը, որից հետո երկրորդ ձեռքը, կրծքավանդակով պառկում օղակի վրա և ոտքերով ու ձեռքերով լողալով գնում դեպի նավակ կամ ափ:

208. Այն դեպքում, երբ փրկարարական օղակը մեկն է, որը պետք է օգտագործվի մի քանի տուժածի համար, պետք է բոլորը բռնեն օղակի պարանային կողային հատվածներից և կատարեն պայմանավորված գործողություններ` ապահովելով իրենց լողունակությունը:

209. Ջրում փրկման հիմնական միջոցներն են`

1) փրկարարական օղակը` նետելու համար պետք է մեկ ձեռքով վերցնելով օղակը, երկրորդով բռնել օղակի վերևի մասից (ներքին տրամագծից) ուսի բարձրությամբ կատարել 3-4 թափային շրջապտույտ և այն գցել տուժածի ուղղությամբ.

2) «Ալեքսանդրովի գցովի պարանը» իրենից ներկայացնում է 30 մետր երկարությամբ կապրոնե կամ կանեփի ճոպանով պարան, գցովի պարանի մի ծայրամասում գտնվում են 700 մմ շրջագծով, վառ գույներով լողաններ, որոնք այդ հատվածը պահում են ջրի երեսին: Օղակի ծայրին ամրացված է ծանրոց 200-300 գրամ քաշով (տոպրակ քարավազով) գցելու համար: Պարանի մյուս ծայրում գտնվում է փոքր օղակ` ձեռքի դաստակին ամրացնելու համար: «Ալեքսանդրովի» պարանը պետք է ապահովի 180 կգ քաշի ձգում: Գցելուց առաջ աջ ձեռքով պարանի ծայրի փոքր օղակը հագնում են ձախ ձեռքի դաստակին և վերցնում այդ ձեռքում պարանի փաթեթավորված հատվածը: Աջ ձեռքում վերցնում են ծանրոցային օղակը 3-4 պարանի փաթույթներից, որից հետո մի քանի անգամ այն պտտեցնելով գլխավերևում, նետում են տուժածին: Տուժածն օղակը հագնում է գլխավերևով թևատակերին: Այդ ձևով էլ նրան տեղափոխում են քաշելով ափ, կամ էլ` դեպի լողամիջոց.

3) փրկարարական գնդակներն օգտագործում են, երբ տուժածը գտնվում է ափից 50-60 մետր հեռավորության վրա: Գնդակները պետք է դնել իրար կապված կապրոնե ցանցի մեջ: Որից հետո տուժածը բռնում է իրեն գցված գնդակներից, իսկ փրկարարը լողալով մոտենում է տուժածին` բռնելով պարանից քաշում է դեպի իրեն: Ելնելով տուժածի վիճակից` նա կարող է գտնվել երկու գնդակի արանքում և լողալով հեռանալ անվտանգ տեղամաս.

4) փրկարարական գնդերն օգտագործում են այն գցելով տուժածին: Գնդերը պատրաստում են շատ ամուր լողացող նյութերից, որոնց տրամագիծը 20-25 սմ է: Դրանք ներկվում են շատ վառ գույներով, իրար հետ ամրացվում են 60-70 սմ կապրոնե պարանով, որոնք էլ միացվում են 25-30 մ պարանին: Գցելուց հետո տուժածը պառկում է գնդերի արանքում և նրան քաշում են դեպի ափ.

5) փրկարարական պարանն օգտագործվում է փրկարարի ապահովության համար, որը գցվում է ջրի մեջ տուժածին օգնելու` ջրի ուժեղ ալեկոծության պայմաններում, ջրի ոլորապտույտների, հորձանուտի ժամանակ և անծանոթ ջրատարածքներում: Պարանի երկարությունը կարող է հասնել մինչև 100 մ-ի: Պարանի ծայրերից որևէ մեկում պետք է լինի շարժական օղակ, որը հագցվում է փրկարարի գլխավերևից և անցկացվում թևատակերը, որից հետո ամրացվում նրա գոտկատեղից կամ կապիչներից: Բոլոր դեպքերում պարանը պետք է գտնվի մեջքի մասում: Պարանի ամրացումից հետո, փրկարարն իջնում է ջրի մեջ, լողալով հասնում տուժածին, չվնասելով գրկում նրան ու քաշելով տանում դեպի ափ: Ափի փրկարարները քաշելով պարանը ջրից դուրս են բերում տուժածին: Անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել անհատական փրկարարական միջոցներ.

6) փրկարարական լանջակապն օգտագործվում է մարդուն ջրի վրա պահելու և նրա լողունակությունն ապահովելու համար: Այն բաղկացած է 7 (յոթ) մեծ և 4 (չորս) փոքր լողաններից: Երկու միջանկյալ լողաններին ամրացված է 550 մմ երկարությամբ ժապավեն, որը դառնում է օղակ` վզամասին ամրացնելու համար: Կողային կապիչները` 1300 մմ երկարությամբ, ամրացվում են լանջակապին, որը խաչաձև կապվում է մեջքի մասով և ամրացվում կրծքավանդակին: Լանջակապի փորձարկման ժամանակ, նրան են կախվում 1.5 կգ քաշով ծանրոցներ և 24 ժամով գցվում քաղցրահամ ջրի մեջ, որից հետո ավելացվում է ևս 1 կգ քաշով ծանրոց 15 րոպեով: Փորձարկումից հետո լանջակապի զանգվածը չպետք է գերազանցի նախկին քաշը 25%-ով: Փորձարկումից հետո լանջակապի քաշն իր պատյանով պետք է լինի 3.5 կգ-ից ոչ ավելի.

7) փչովի փրկարարական լանջակապն օգտագործվում է երկար ժամանակ մարդու լողունակությունը ջրի վրա ապահովելու համար` գլուխը վեր դիրքով: Փչովի լանջակապի լողունակության ապահովման ուժը հավասար է 16-18 կգ ուժ և քաշը 1.3 կգ: Լանջակապը հագցվում է վզին, իր մեջ գրկելով ծալօձիքը ու իջեցվում կրծքավանդակին: Կոնքամասին լանջակապն ամրանում է գոտկակապիչով և ապահովվում օղակապով` տուժածին ջրից բարձրացնելու համար: Լանջակապն ավտոմատ ձևով լիցքավորվում է հեղուկ ածխաթթու գազով` բալոնից փակիչը բացելուց հետո: Բերանով փչվող տարբերակում լանջակապի վրա ամրացված է հատուկ ռետինե խողովակիկ` փակիչով և նիպելով: Լանջակապն ապահովված է ազդանշանային լույսով-լամպով, սուլիչով, կանեփյա պարանով` փրկարարից տուժածին կապելու համար, լողացող առարկայից.

8) փրկարարական բաճկոնը թողարկվում է տարբեր մոդիֆիկացիաներով և օգտագործվում է մարդուն ջրի վրա պահելու ու տաքացնելու համար: Բաճկոնի լողունակության ապահովման ուժը կազմում է 18 կգ ուժ, քաշը` 2.4 կգ: Բաճկոնը հագցվում է գլխի վրայից և կապվում գործվածքային կտորի կապիչով: Բաճկոնն ապահովված է ազդանշանային լույսով-լամպով, սուլիչով և ջուրը ներկող փոշե ծրարով: Բաճկոնը կարելի է հագնել մերկ մարմնին կամ հագուստի վրայից: Մարմինը պահվում է ջրի վրա 450 անկյան տակ ջրի մակերեսի վրա` դեմքով վերև: Բաճկոնով ցատկը ջրի մեջ 6.5 մետր բարձրությունից` ոտքերով ներքև, չպետք է առաջացնի ցավի զգացում: Բաճկոնները փորձարկում են 10 մ բարձրությունից ջուրը և 5 մ բարձրությունից փայտահարթակի վրա գցելով: Այդ փորձարկումներից հետո բաճկոնի վրա չպետք է առաջանան ճաքեր, ձևախախտումներ, կարվածքների բացվածքներ: Կարվածքների ամրությունը ստուգվում է` գործվածքային կապիչներին ամրացնելով 80 կգ ծանրոց.

9) փրկարարական կեռաձողն օգտագործվում է այն տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք գտնվում են ափից ոչ հեռու, սառցահալված տեղերում, ջրհորում: Այն իրենից ներկայացնում է 4.5 մ երկարությամբ ձող, ծայրամասում` կեռով: Կեռին ամրացված է խցանի կամ պենոպլենի տարբեր տրամագծերով գնդիկներ, փոքրերը` կեռի ծայրին, մեծերը` ձողին մոտիկ: Գնդերն ապահովում են կեռաձողի լայնությունը և տուժածի անվտանգությունը:

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
12.06.2015
N 576-Ն
Հրաման