Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՍԵՈՒԼՈՒՄ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՍԵՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.1233.061015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՍԵՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 հոկտեմբերի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 22.09.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է Սեուլում` 2014թ. հուլիսի 4-ին:

2. Համաձայնագրի նպատակն է խթանել և խրախուսել երկու երկրների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության զարգացումը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, հետևյալները.

. խթանել և խրախուսել ՀՀ և Կորեայի միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության զարգացումը` հիմնված հավասարության և փոխըմբռնման վրա` ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդված 1),

. Կորեայի Հանրապետության հետ զարգացնել համագործակցությունը մշակույթի տարբեր ոլորտներում` Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված ուղղություններով (հոդված 2),

. խրախուսել ՀՀ և Կորեայի Հանրապետության համալսարանների և այլ հետազոտական ու կրթական հաստատությունների միջև ուղղակի համագործակցությունը (հոդված 3, կետ 1),

. խրախուսել ՀՀ համալսարաններին և հետազոտական ու կրթական հաստատություններին կազմակերպել դասընթացներ և դասախոսություններ գրականության, պատմության և երկրի մշակույթին վերաբերող այլ ոլորտների մասին (հոդված 3, կետ 2),

. խրախուսել ուսանողների փոխանակումը և նպաստել Կորեայի Հանրապետության լիազորված կրթական հաստատությունների կողմից իրենց օրենքների և կանոնակարգերի համաձայն տրված վկայականների, դիպլոմների և ակադեմիական վկայականների ճանաչման դյուրացմանը (հոդված 3, կետ 3),

. խրախուսել սպորտի բնագավառում համագործակցության հարաբերությունները և նպաստել սպորտային կազմակերպությունների և ընկերությունների, ֆիզիկական կրթության բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ոլորտը համակարգող մասնագետների, ինչպես նաև ՀՀ և Կորեայի Հանրապետության մարզիչ-մանկավարժների փորձի փոխանակման զարգացմանն ու խրախուսմանը (հոդված 4),

. աջակցել երիտասարդության ոլորտում համագործակցության հարաբերություններին և խրախուսել հայկական և կորեական երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության դյուրացմանը և խթանմանը, երիտասարդների, մասնագետների և համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների փոխանակմանը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման հետ կապված համատեղ սեմինարների, հանդիպումների և այլ գործունեությունների կազմակերպմանը (հոդված 5),

. Կորեայի Հանրապետության հետ ստեղծել Համատեղ Կոմիտե` բաղկացած յուրաքանչյուր կողմից հավասար թվով ներկայացուցիչներից, որոնք պարբերաբար կհանդիպեն հաջորդաբար Երևանում և Սեուլում (հոդված 6):

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը հիմք կհանդիսանա թատերարվեստի, կինոյի, գեղարվեստական կրթության, թանգարանների, գրադարանների և այլ ստեղծագործական կոլեկտիվների մասնագետների, փորձագետների փորձի փոխանակման և վերապատրաստման, կրթական, հետազոտական հաստատությունների համագործակցության, դասընթացների և դասախոսությունների կազմակերպման, ֆիզիկական կրթության մարզիչ-մասնագետների փորձի փոխանակման համար, ինչը նպաստում է ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի իրացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 հոկտեմբերի 2015 թվականի

ՍԴՈ-1233

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.10.2015
N ՍԴՈ-1233
Որոշում