Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 312-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 312-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԿԴ/1013/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1013/02/13       2015 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Համխաչ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արայիկ Ալվանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նելլի Հակոբյանի, Ոստան և Արթուր Գևորգյանների ընդդեմ Ընկերության` 13.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյանները պահանջել են 13.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 4.1 կետը փոփոխել և վարձավճար սահմանել ամսական 600.000 ՀՀ դրամ:

11.08.2014 թվականին Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյանները ներկայացրել են հայցի հիմքն ու առարկան փոփոխելու մասին միջնորդություն, որով պահանջել են անվավեր ճանաչել իրենց և Ընկերության միջև 13.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 16.09.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նելլի Հակոբյանի, Ոստան և Արթուր Գևորգյանների ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում, այլապես կհանգեր այն եզրակացության, որ Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյաններն առկա պայմաններով գիտակցաբար են կնքել վարձակալության պայմանագիր, չեն ունեցել որևէ կաշկանդվածություն իրենց սեփական տարածքը ցանկացած գնով վարձակալության տրամադրելու հարցում, հետևաբար անհիմն են այն պնդումները, թե գործարքը կնքվել է մոլորության ազդեցության տակ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվոր կողմի այն փաստարկը, որ կողմերի միջև եղել է նախնական համաձայնություն, որ վարձավճարի գումարը տարիների ընթացքում պետք է աճի շուկայական գներին համապատասխան, առարկայազուրկ է: Ավելին, կողմերի միջև երբևէ որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել պայմանագրի փոփոխման վերաբերյալ, հակառակ դեպքում` այդպիսի փոփոխություններ կատարելու վերաբերյալ դրույթները ժամանակին կարտացոլվեին վարձակալության պայմանագրում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ վիճելի գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, ավելին` պատասխանողը, իր վարքագծով խախտելով Նելլի Հակոբյանի, Ոստան և Արթուր Գևորգյանների իրավունքները, վերջիններիս դրել է ծանր ֆինանսական դրության մեջ` զրկելով բավարար կենսապայմաններ ունենալու իրավունքից: Հայցվորները, կնքելով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, նպատակ են ունեցել ստանալ ավելի բարձր եկամուտ, որով կկարողանան վարել բարեկեցիկ կյանք, սակայն պատասխանողի գործողությունների արդյունքում զրկվել են իրենց հիմնական եկամտի աղբյուրից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Նելլի Հակոբյանի, Ոստան, Արթուր Գևորգյանների և Ընկերության միջև նոտարական վավերացմամբ 13.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի համաձայն` Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյանները սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Խանջյան փողոցի 33-րդ շենքի թիվ 2 տարածքը և հողատարածքը 10 տարի ժամկետով, ամսական 85.000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել են Ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը (հատոր 1-ին, գ.թ. 11):

2. Սույն գործում առկա չէ որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ հետագայում կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի չափը փոփոխվելու է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերության առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, դրա արդյունքում նաև` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի առանձնահատկություններին, այն անվավեր ճանաչելու իրավական հիմքերին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ:

i

Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ, մասնավորապես, նկատի ունենալով, որ վիճարկվող գործարքի անվավերության պահանջի հիմքում վկայակոչված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցադրումները`

- ի՞նչ է մոլորությունը

- արդյո՞ք գործարքը ցանկացած մոլորության ազդեցության տակ կնքված լինելն ինքնին բավարար է գործարքն անվավեր ճանաչելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:

Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածի վերլուծությանը, գտել է, որ էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էության, դրա հետևանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը: Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը նշանակում է, որ կողմերը կամ նրանցից մեկը նկատի է ունեցել ոչ այն առարկան, որին վերաբերում է կնքված գործարքը, այլ իր հատկանիշներով տարբերվող մեկ այլ առարկա (տե՛ս, Գևորգ Զուրունյանն ընդդեմ Դավիթ Քիթապսզյանի, Վարազդատ Եղոյանի թիվ ԵՔԴ/0724/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մոլորությունը գործարք կնքած կողմի կամքի շեղումն է (կամքի խեղաթյուրումը) կամ շեղման արդյունքն է, որն ունի որոշիչ ազդեցություն գործարքի կնքման և (կամ) դրա կնքման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա: Այն, որպես կանոն, հիմնված է սխալ ենթադրության (պատկերացման) վրա: Մոլորության ազդեցության տակ կնքված գործարքում կողմի կամքը համապատասխանում է նրա կամահայտնությանը, սակայն այն ձևավորվում է գործարքի կնքման համար նշանակություն ունեցող հանգամանքների սխալ պատկերացման արդյունքում, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով (օրինակ` անուշադրությունը, կրթության ոչ բավարար մակարդակը, գործարքի առարկայի կամ գործարքի այլ պայմանների մասին անհրաժեշտ տեղեկության բացակայությունը կամ դրա ոչ բավարար կամ թերի լինելը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, երբ մոլորությունն էական է: Մոլորության էական կամ ոչ էական բնույթը դատարանը յուրաքանչյուր դեպքում պարզում է` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից և այն իրողությունից, թե որքանով է մոլորությունը նշանակալից, զգալի գործարքի տվյալ մասնակցի համար: Ընդ որում, էական նշանակություն ունեցող մոլորությունը պետք է առկա լինի գործարքի կնքման պահին, այլ ոչ թե ծագի գործարքը (պայմանագիրը) կնքելուց հետո որոշ ժամանակ անց:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ օրենսդիրը որպես գործարքն անվավեր ճանաչելու հիմք դիտել է գործարքի բնույթի կամ դրա առարկայի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորությունը: Մինչդեռ գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն ունենալ չի կարող:

Գործարքի բնույթի վերաբերյալ մոլորությունը. Գործարքի բնույթը տվյալ գործարքի մի շարք հատկանիշների (պայմանների) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս տարբերել մեկ գործարքը մեկ այլ գործարքից: Այսինքն` գործարքի բնույթը, ըստ էության, գործարքի տեսակն է: Գործարքի բնույթի վերաբերյալ մոլորությունն առկա է այն դեպքում, երբ կողմը, որը գործել է մոլորության ազդեցության տակ, ի վերջո չի հասել այն նպատակի իրականացմանը, որին ուղղված է եղել նրա կամքը և որը նկատի է ունեցել գործարքը կնքելիս: Այլ կերպ ասած` գործարքը կնքած կողմերից մեկի կամքը (ցանկությունը) ուղղված է եղել որոշակի գործարքի կնքմանը, օրինակ` պահատվության պայմանագրի կնքմանը, մինչդեռ գտնվելով մոլորության ազդեցության տակ` կնքել է մեկ այլ գործարք, օրինակ` վարձակալության պայմանագիր:

Գործարքի առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները. Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ գործարքի առարկա կարող են լինել ինչպես նյութական առարկաները (օրինակ, առուվաճառքի պայմանագրի դեպքում` որոշակի ապրանքը, անշարժ գույքը), այնպես էլ որոշակի գործողությունները (օրինակ, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում` ծառայություններ մատուցելը, կապալի պայմանագրի դեպքում` համապատասխան աշխատանքների կատարումը): Հետևաբար գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ գործարքի առարկան իր է, այլ նաև այն դեպքում, երբ այն որոշակի գործողություն է:

Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը դրսևորվում է այն դեպքում, երբ կնքված գործարքի առարկան չի համապատասխանում այն հատկանիշներին, որը կողմը նկատի է ունեցել ի սկզբանե նման գործարք կնքելիս: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունն անհրաժեշտ է տարբերել այն իրավիճակից, երբ պայմանագրի կողմը թույլ է տալիս պայմանագրի առարկայի որակի պայմանին ներկայացվող խախտում, օրինակ` առուվաճառքի պայմանագրով վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 472-րդ, 485-րդ, 486-րդ հոդվածներ), կապալի պայմանագրով կատարված աշխատանքները պատշաճ որակի չեն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ, 719-րդ, 721-րդ հոդվածներ): Նշված դեպքերը հանգեցնում են այլ իրավական հետևանքների (օրինակ` պայմանագրի լուծման, պայմանագրի գնի վերանայման և այլն):

Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը (պայմանագիրը) կարող է վիճարկվել միայն այդ գործարքի (պայմանագրի) կողմ հանդիսացող անձի կողմից: Նման սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի դեպքում կողմի կամքի խեղաթյուրման փաստի առկայության մասին օբյեկտիվորեն կարող է փաստարկել միայն այն անձը, ով գտնվել է էական մոլորության ազդեցության ներքո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ըստ վկայի ցուցմունքի` Ընկերությունը պայմանագրով նշված վարձավճարի գինը պետք է վճարեր մոտ երկու տարի, իսկ հետագայում վարձավճարի չափը պետք է բարձրանար շուկայական արժեքին համապատասխան: Հետևաբար 13.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքվել է մոլորության ազդեցության տակ, ինչը հիմք է պայմանագիրն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 16.09.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ «Դատարանն իրավացիորեն հանգել է հետևության, որ 13.08.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը կնքվել է մոլորության ազդեցության տակ` արձանագրելով, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

13.08.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագրով Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյանները սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Խանջյան փողոցի 33-րդ շենքի թիվ 2 տարածքը և հողատարածքը 10 տարի ժամկետով, ամսական 85.000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել են Ընկերության ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը: Հայցվորները, որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարք, 13.08.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը վիճարկել են այն հիմքով, որ ըստ կողմերի միջև եղած պայմանավորվածության` վարձավճարի չափը պայմանագիրը կնքելուց հետո որոշ ժամանակ անց պետք է ավելանար, մինչդեռ պատասխանող կողմը այդ պարտավորությունը չի կատարում:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորները որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չեն հիմնավորել, որ 13.08.2010 թվականին կնքված վարձակալության պայմանագիրն իրենց կողմից կնքվել է էական մոլորության ազդեցության ներքո: Ավելին, 13.08.2010 թվականի վարձակալության պայմանագրի կնքման պահին հայցվորները գործարքի բնույթի կամ դրա առարկայի հատկանիշների վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ չեն գտնվել, քանի որ հստակ գիտակցել են, որ կնքում են 85.000 ՀՀ դրամ վարձավճարով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր` պայմանագրի գործողության ողջ ժամկետի համար: Այսինքն` կնքված գործարքն արտահայտել է հայցվորների իրական կամքը, հանգեցրել է այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին:

Մինչդեռ ստորադաս դատարանները կիրառման ենթակա նյութաիրավական նորմի սխալ մեկնաբանության հիմքով գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունքում սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, այն է` Նելլի Հակոբյանի, Ոստան և Արթուր Գևորգյանների հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Նելլի Հակոբյանից, Ոստան և Արթուր Գևորգյաններից համապարտության կարգով հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Նելլի Հակոբյանի, Ոստան և Արթուր Գևորգյանների հայցն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի` 13.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Նելլի Հակոբյանից, Ոստան և Արթուր Գևորգյաններից համապարտության կարգով հօգուտ «Համխաչ» ՍՊԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.07.2015
N ԵԿԴ/1013/02/13
Որոշում