Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ, 46-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԿԴ1/1302/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1302/02/13       2015թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Լ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 69.475.220 ՀՀ դրամ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Գալստյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2014 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.07.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 46-րդ հոդվածի 9-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը և Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով սնանկության գործով հաստատված պահանջների վերջնական ցուցակը, թիվ ԿԴ2/0017/04/13 սնանկության գործով կայացված համապատասխան որոշումներով հաստատված հանգամանքները դիտել են որպես հանրահայտ և քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքներ, որոնք ապացուցման կարիք չունեն, ինչի արդյունքում ուղղակիորեն խախտել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի պահանջները:

Ավելին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ պահանջների վերջնական ցուցակը` որպես սնանկության վարույթի առանձնահատուկ ինստիտուտ, կարող է ենթարկվել փոփոխությունների, ուստի այդ որոշմամբ հաստատված որոշակի հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ դրանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի համատեքստում գնահատելու համար:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը ևս ներկայացված ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի հիմքով չի ուսումնասիրել, այլապես կնկատեր, որ «Երկկողմ հաշվանցման ակտը» որևէ դրույթ չի պարունակում այն մասին, որ հաշվանցը վերաբերում է կողմերի միջև կնքված պայմանագրերին և հաշիվ-ապրանքագրերին, այսինքն` անգամ, եթե մի պահ անտեսենք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի իրավակարգավորումը, միևնույն է ներկայացված հաշվանցը թե' պահանջի, և թե' բողոքի մերժման հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ տեղեկանքը կազմված է 19.10.2013 թվականին, իսկ հաշվանցը կատարվել է շատ ավելի վաղ: Հետևաբար ստացվում է, որ Կազմակերպության ստանձնած պարտավորությունների առկայության չափը հավաստում է տեղեկանքով, ինչի հիմքում դրված են պայմանագրերը և հաշիվ-ապրանքագրերը, ընդ որում, դրա առկայությունը հիմնավորվում է նաև պահանջների վերջնական ցուցակով, մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են այդ հանգամանքը` խախտելով թե' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, թե' «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջները:

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ օրենսդիրը սնանկության վարույթի ընթացքում բացառել է հաշվանցի հնարավորությունը, իսկ ինչ վերաբերում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը հաշվանցի հնարավորությանը, ապա դա ևս հիշյալ իրավակարգավորման առկայության պայմաններում արգելվում է: Այսինքն` թե' Դատարանը, և թե' Վերաքննիչ դատարանն ընդունել են հաշվանցի փաստը, սակայն անտեսել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի վերը հիշատակված կարգավորումը, ինչն ուղղակիորեն վատթարացնելու է մյուս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը:

Փաստորեն, կայացված դատական ակտերն ուղղակի հակասության մեջ են գտնվում նշված իրավադրույթի պահանջների հետ, առարկայազուրկ են դարձնում սնանկության վարույթը, դրա բուն էությունն ու նշանակությունը: Մինչդեռ օրենսդիրը, սահմանելով վերը նշված պահանջը, փորձել է կանխել հաշվանցման ցանկացած դեպք, ինչը, սակայն, առկա է սույն պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված հայցի առարկան գումարի բռնագանձման պահանջն է, այլ ոչ թե` 01.02.2013 թվականին կնքված թիվ 01/13-Ն երկկողմ հաշվանցման ակտն անվավեր ճանաչելը: Ընկերության և Կազմակերպության միջև 01.02.2013 թվականին կնքված երկկողմ հաշվանցման ակտը չվիճարկված, օրենքով սահմանված կարգով կնքված գործարք է, որն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, և ստորադաս դատարաններում այն սնանկության կառավարչի կողմից երբևէ չի վիճարկվել: Ավելին, Դատարանը «Յունիոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել 15.02.2013 թվականին, այնինչ հաշվանցման ակտը կազմվել է 01.02.2013 թվականին` մինչև սնանկության վերաբերյալ դիմումը դատարանի կողմից վարույթ ընդունելը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության և Կազմակերպության միջև 24.07.2012 թվականին կնքված թիվ 24/07-Մ մատակարարման պայմանագրի համաձայն` Ընկերությանը մատակարարվել է պայմանագրով նախատեսված ապրանք` սեփական արտադրության գարեջրատեսակներ (հատոր 1-ին, գ.թ. 21-24):

2. Ընկերության և Կազմակերպության միջև 09.08.2012 թվականին կնքված «24.07.2012 թվականի մատակարարման պայմանագիր թիվ 24/07-Մ-ում լրացումներ կատարելու մասին» թիվ 09/08-Մ պայմանագրի համաձայն` կողմերի միջև 24.07.2012 թվականին կնքված թիվ 24/07-Մ մատակարարման պայմանագրի 6-րդ հոդվածը լրացվել է 6.4 կետով, որի համաձայն` մատակարարի մոտ առաջացած պարտքը կողմերը կարող են հաշվանցել գնորդի` մատակարարի հանդեպ ունեցած պարտքից: Կողմերը հաշվանցումը կատարում են` կազմելով հաշվանցման ակտ (հատոր 1-ին, գ.թ. 25):

3. 01.02.2013 թվականի թիվ 01/13-Ն երկկողմ հաշվանցման ակտի համաձայն` Ընկերությունը և Կազմակերպությունը միմյանց հանդեպ ունեցած պարտքից կատարում են 69.489.520 ՀՀ դրամի հաշվանցում, ինչի արդյունքում Կազմակերպությունը 69.489.520 ՀՀ դրամի չափով մարված է համարում Ընկերության` իր հանդեպ ունեցած պարտքը, իսկ Ընկերությունը 69.489.520 ՀՀ դրամի չափով մարված է համարում Կազմակերպության` իր հանդեպ ունեցած պարտքը: Սույն հաշվանցումը կատարելուց հետո` 01.02.2013 թվականի դրությամբ Կազմակերպությունն Ընկերության հանդեպ պարտք չունի, իսկ Ընկերության ընդհանուր պարտքը Կազմակերպության հանդեպ կազմում է 509.501.220 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 26):

4. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ԿԴ2/0017/04/13 վճռի համաձայն` Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 5-6):

5. 02.08.2013 թվականին Կազմակերպությունը սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ ներկայացրել է իր պահանջը` 505.104.963 ՀՀ դրամի չափով, որը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2013 թվականի թիվ ԿԴ2/0017/04/13 որոշմամբ հաստատվել է (հատոր 1-ին, գ.թ. 27-43):

6. Կազմակերպության կողմից տրված տեղեկանքի համաձայն` Ընկերության հանդեպ Կազմակերպության ունեցած կրեդիտորական պարտքը (բազմակի օգտագործման տարաների հետ գնման գծով) 19.10.2013 թվականի դրությամբ կազմում է 69.475.220 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 81):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի և 46-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի և 46-րդ հոդվածի 9-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտավորությունը կամ դրա մի մասը պարտապանի կողմից դատական կարգով վիճարկելու պարագայում սնանկության գործով կայացված «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքները կարող են դիտարկվել որպես քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքներ, որոնք այլ քաղաքացիական գործ քննելիս ապացուցման կարիք չունեն:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որով այն վերաբերում է նախկինում քննված այլ քաղաքացիական գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին: Ըստ այդմ, նոր քաղաքացիական գործով այդ հանգամանքներն այլևս ապացուցման կարիք չունեն: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն` praejudicialis-ից) դատավարական ինստիտուտը, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը և նման կապի օբյեկտիվ սահմանները, արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե' գործին մասնակցող անձանց, թե' դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Հետագայում մեկ այլ որոշման շրջանակներում վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից, կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման (տե՛ս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավադրույթներով սնանկության գործի քննության արդյունքում կայացված ակտերի նախադատելիության վերաբերյալ կարգավորումներ առկա չեն, այդ հարաբերությունների նկատմամբ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի` հիշատակված որոշումներում արտահայտված դիրքորոշումները: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորումներին` հաշվի առնելով սույն գործի վարույթի առանձնահատկությունները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` նույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ «պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների առումով այն պարտադիր է նաև սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար: Ավելին, պարտատիրոջ կողմից սնանկության վարույթում պահանջ չներկայացնելը կամ դրա մերժումը բացասական հետևանքներ է առաջացնում այդ պարտատիրոջ համար: Միաժամանակ վերլուծելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պահանջների վերջնական ցուցակը սնանկության վարույթի շրջանակներում կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների, ինչը վկայում է այն մասին, որ համապատասխան դատական ակտով հաստատված պարտատերերի ցուցակը և նրանց պահանջների չափն իրենց բնույթով չեն կարող միանշանակորեն համարվել վերջնական և անփոփոխելի հանգամանքներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Կազմակերպության միջև 24.07.2012 թվականին կնքված թիվ 24/07-Մ մատակարարման պայմանագրով Ընկերությանը մատակարարվել է պայմանագրով նախատեսված ապրանք` սեփական արտադրության գարեջրատեսակներ: Այնուհետև Ընկերության և Կազմակերպության միջև 09.08.2012 թվականին կնքված` «24.07.2012 թվականի մատակարարման պայմանագիր թիվ 24/07-Մ-ում լրացումներ կատարելու մասին» թիվ 09/08-Մ պայմանագրով կողմերի միջև 24.07.2012 թվականին կնքված թիվ 24/07-Մ մատակարարման պայմանագրի 6-րդ հոդվածը լրացվել է 6.4 կետով, որի համաձայն` մատակարարի մոտ առաջացած պարտքը կողմերը կարող են հաշվանցել գնորդի` մատակարարի հանդեպ ունեցած պարտքից: Կողմերը հաշվանցումը կատարում են` կազմելով հաշվանցման ակտ: Միաժամանակ 01.02.2013 թվականի թիվ 01/13-Ն` երկկողմ հաշվանցման ակտով Ընկերությունը և Կազմակերպությունը միմյանց հանդեպ ունեցած պարտքից կատարել են 69.489.520 ՀՀ դրամի հաշվանցում, ինչի արդյունքում Կազմակերպությունը 69.489.520 ՀՀ դրամի չափով մարված է համարել Ընկերության` իր հանդեպ ունեցած պարտքը, իսկ Ընկերությունը 69.489.520 ՀՀ դրամի չափով մարված է համարել Կազմակերպության` իր հանդեպ ունեցած պարտքը: Սույն հաշվանցումը կատարելուց հետո 01.02.2013 թվականի դրությամբ Կազմակերպությունն Ընկերության հանդեպ պարտք չի ունեցել, իսկ Ընկերության ընդհանուր պարտքը Կազմակերպության հանդեպ կազմել է 509.501.220 ՀՀ դրամ: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ԿԴ2/0017/04/13 վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 02.08.2013 թվականին Կազմակերպությունը սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ ներկայացրել է իր պահանջը` 505.104.963 ՀՀ դրամի չափով, որը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2013 թվականի թիվ ԿԴ2/0017/04/13 որոշմամբ հաստատվել է: Կազմակերպության կողմից տրված տեղեկանքի համաձայն` Ընկերության հանդեպ Կազմակերպության ունեցած կրեդիտորական պարտքը (բազմակի օգտագործման տարաների հետ գնման գծով) 19.10.2013 թվականի դրությամբ կազմում է 69.475.220 ՀՀ դրամ:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները և պատճառաբանել է, որ «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2013 թվականի թիվ ԿԴ2/0017/04/13 որոշմամբ հաստատվել է «Դ.Ֆ. Դիստրիբյուտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի պարտատերերի ցանկում ընդգրկվել է նաև «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան ՍՊԸ-ն` 505.104.963 ՀՀ դրամի չափով` հիմք ընդունելով Կազմակերպության` պարտապանի նկատմամբ պարտքի չափը նվազեցնելու հանգամանքը: Նշված որոշումը` պատասխանող Կազմակերպության պահանջի մասով, հայցվոր Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել պահանջի չափը հաստատելու վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, իսկ վերաքննիչ բողոքի մյուս հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը համարել է պահանջի չափը հաստատելու վրա ազդեցություն չունեցող և այդ պատճառաբանությամբ լրացուցիչ չի անդրադարձել դրանցից յուրաքանչյուրի գնահատման հարցին, ուստի և մերժել է վերաքննիչ բողոքը` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2013 թվականի թիվ ԿԴ2/0017/04/13 որոշումը թողնելով օրինական ուժի մեջ»:

Վերաքննիչ դատարանը ևս, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը և վերահաստատելով Դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները, անհիմն է համարել բողոք բերած անձի այն պնդումը, թե` «... գործում առկա նյութերը թույլ են տալիս եզրահանգել, որ առկա է պատասխանողի պարտավորության առկայությունը հիմնավորող տեղեկանք, որտեղ արձանագրված է 69.475.220 ՀՀ դրամի չափով պարտքի առկայություն 2013 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ...», քանի որ վերը նշվածի հիման վրա արդեն իսկ հաստատվում է Ընկերության նկատմամբ` Կազմակերպության պարտավորության բացակայության հանգամանքը»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Դատարանի կողմից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համապատասխան, կատարվել է գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ստորադաս դատարանները ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2013 թվականի թիվ ԿԴ2/0017/04/13 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված հանգամանքները, մասնավորապես` Կազմակերպության պահանջի չափը և պարտքի հաշվանցման փաստը, գնահատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումների համատեքստում, դիտել են որպես նախադատելի նշանակություն ունեցող հանգամանքներ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող ունենալ օրինական ուժ ստացած վճռի կարգավիճակ և նախադատելի լինել այլ քաղաքացիական գործ քննելիս: Այդուհանդերձ «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը կարող է դիտվել որպես ինքնուրույն գրավոր ապացույց, որը կարող է պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.07.2015
N ԿԴ1/1302/02/13
Որոշում