Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ, 372...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ, 372-ՐԴ, 437-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵՄԴ/0492/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0492/02/14       2015թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Հունանյան

                       Մ. Հարթենյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆինլեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ֆինլեքս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Մետաքս» ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` տույժի և տոկոսների բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կազմակերպության ընդդեմ Ընկերության` 27.12.2013 թվականին կնքված թիվ 02/12-Ի/2 համաձայնագրի 6-րդ և 7-րդ կետերը և 27.12.2013 թվականին կնքված թիվ 03-12/3 համաձայնագրի 5-րդ և 6-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 813.866 ՀՀ դրամ, որից 680.256 ՀՀ դրամը` որպես պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում հաշվեգրված տույժ և տոկոս, 120.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության վճարման ենթակա գումար, 13.610 ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել 27.12.2013 թվականին կնքված թիվ 02/12-Ի/2 համաձայնագրի 6-րդ և 7-րդ կետերը և 27.12.2013 թվականին կնքված թիվ 03-12/3 համաձայնագրի 5-րդ և 6-րդ կետերը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ` Դատարան) 15.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ընկերության պահանջած տույժերի չափը նվազեցնել` դարձնելով օրական 0,2 տոկոս և Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 287.856 ՀՀ դրամ: Հայցը` մնացած մասով, և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.08.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, 372-րդ, 437-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 131-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Կազմակերպությունը տուժանքը պակասեցնելու որևէ պահանջ չի ներկայացրել, որպիսի պայմաններում անհասկանալի է Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով տուժանքի չափի պակասեցման համար Դատարանը պարտավոր էր ուսումնասիրել պատասխանողի կողմից գործով ներկայացված ապացույցները` պարտավորության խախտման հետևանքների մասով, մինչդեռ Դատարանը, առանց տիրապետելու պարտավորությունների խախտման հետևանքների չափին վերաբերող գեթ մեկ ապացույցի, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 20-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, փաստաբանի խելամիտ վարձատրության և որպես գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջը մերժելով, անտեսել է, որ Ընկերության կողմից իրավաբանական օգնության դիմելը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հայեցողական իրավունք է, և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի հիմքով փաստաբանն իրավունք ունի հատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերության և Կազմակերպության միջև 28.02.2012 թվականին կնքված թիվ 03-12 ծառայությունների մատուցման պայմանագրի 1-ին կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Կազմակերպությանը մատուցել հետևյալ ծառայությունները` հայկական ծրագրերի (հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագիր) միջին փաթեթում պահոցի (բազա) ստեղծում կամ դրա առկայության դեպքում` վերջինիս արդիականացում և դրա կիրառմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվապահական բոլոր պարտադիր գրանցամատյանների վարում, հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրության և ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների) վարում` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում գործող օրենսդրությամբ սահմանված և գլխավոր հաշվապահի ֆունկցիոնալ պարտականություններից բխող հարկային և այլ հաշվետվությունների, տեղեկությունների և հաշվարկների (այսուհետ բոլորը միասին` Հաշվետվություններ) պատրաստում և հանձնում համապատասխան մարմիններին, կադրային գործի վարում, մատուցվող ծառայությունների շրջանակներում ներկայացուցչության ապահովում պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններում (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

2. Ընկերության և Կազմակերպության միջև 29.06.2012 թվականին կնքված իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թիվ 02/12-Ի/1 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Կազմակերպության հանձնարարությամբ մատուցել Պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված իրավաբանական ծառայությունները, իսկ Կազմակերպությունը պարտավորվել է ընդունել մատուցված ծառայությունները և վճարել դրանց համար Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

3. Ընկերության և Կազմակերպության միջև 27.12.2013 թվականին կնքված թիվ 03-12/3 համաձայնագրի 1-ին կետի համաձայն` կողմերը որոշել են 31.12.2013 թվականից լուծել Ընկերության և Կազմակերպության միջև 28.02.2012 թվականին կնքված ծառայությունների մատուցման թիվ 03-12 պայմանագիրը: Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի լուծումը Կազմակերպությանը չի ազատում փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առկա վճարային պարտավորություններից, որոնք ենթակա են կատարման պայմանագրում սահմանված ժամկետներում, իսկ համաձայնագրի 5-րդ կետի համաձայն` պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կազմակերպության կողմից վճարման պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում Կազմակերպությունն Ընկերության գրավոր պահանջով պարտավորվում է վերջինիս վճարել տույժ` չվճարված պարտքի գումարի 0,5 տոկոսի չափով` յուրաքանչյուր կետանցված օրվա համար: Համաձայնագրի 6-րդ կետի համաձայն` համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 27.12.2013 թվականից և գործում է մինչև Կողմերի կողմից համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 18):

4. Ընկերության և Կազմակերպության միջև 27.12.2013 թվականին կնքված թիվ 02/12-Ի/2 համաձայնագրի 1-ին կետի համաձայն` կողմերը որոշել են 31.12.2013 թվականից լուծել Ընկերության և Կազմակերպության միջև 29.06.2012 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ 02/12-Ի պայմանագիրը: Համաձայնագրի 5-րդ կետի համաձայն` պայմանագրի լուծումը Կազմակերպությանը չի ազատում փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առկա վճարային պարտավորություններից, որոնք ենթակա են կատարման պայմանագրում սահմանված ժամկետներում: Իսկ Համաձայնագրի 6-րդ կետի համաձայն` Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կազմակերպության կողմից վճարման պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում Կազմակերպությունն Ընկերության գրավոր պահանջով պարտավորվում է վերջինիս վճարել տույժ` չվճարված պարտքի գումարի 0,5 տոկոսի չափով` յուրաքանչյուր կետանցված օրվա համար: Համաձայնագրի 7-րդ կետի համաձայն` համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 27.12.2013 թվականից և գործում է մինչև կողմերի կողմից համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 19):

5. Ընկերության կողմից 05.03.2014 թվականին Կազմակերպությանն ուղարկվել է պահանջագիր այն մասին, որ Կազմակերպությունը չի վճարել 2013 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մատուցված ծառայությունների արժեքը, որի արդյունքում հաշվարկվել է տույժ (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

6. Ընկերության և «Այվազյան և ընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 04.03.2014 թվականին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ LSA-FIN-14 պայմանագիրը: Նշված պայմանագրով ծառայությունների արժեքը սահմանվել է 120.000 ՀՀ դրամ: Ընկերության կողմից 14.03.2014 թվականին տրված լիազորագրով Արթուր Այվազյանը լիազորվել է ներկայացնելու Ընկերության իրավունքները և շահերը ՀՀ դատական բոլոր ատյաններում (հատոր 1-ին, գ.թ. 32, 35-36):

7. 11.07.2014 թվականին կայացած դատական նիստում Կազմակերպությունը հայտնել է, որ Ընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները և տույժերի գումարը վճարելու պահանջ ներկայացնելիս դրսևորել է անգործություն` տույժերի գումարը վճարելու պահանջն ուշ է ներկայացրել, բացի այդ, նշել է նաև, որ տույժերի գումարը կազմում է մատուցված ծառայությունների արժեքի մոտավորապես 40 տոկոսը և վերոգրյալի հիման վրա Դատարանին խնդրել է տույժերի գումարը համամասնորեն մեղմել (հիմք` դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչ, հատոր 1-ին, գ.թ.121):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները`տուժանքի չափը պակասեցնելու հիմքերի, կարգի և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, 372-րդ, 437-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը բողոքի 1-ին և 2-րդ հիմքերում բարձրացված հարցերին պատասխանելու համար հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդիրներին.

1. արդյո՞ք դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի հիմքով իրավասու է պակասեցնել պայմանագրով (համաձայնագրով) նախատեսված տուժանքի տոկոսադրույքը.

2. արդյո՞ք իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն լինելու հանգամանքն ինքնին բացառում է փաստաբանի խելամիտ վարձատրության` որպես դատական ծախսի փոխհատուցման հնարավորությունը:

Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վկայակոչված հոդվածների իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ` դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Տուժանքը պակասեցնելու դատարանի իրավունքը կոչված է կանխելու անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը (տե՛ս, «Թամամ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի թիվ 3-27(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ չսահմանափակելով պայմանագրերով նախատեսվող տուժանքի գումարի չափը` օրենսդիրը միևնույն ժամանակ իրավունք է վերապահել դատարաններին որոշելու հիմնական պարտավորությանը համաչափ տուժանքի սահմանները` ապահովելով սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Դատարաններին վերապահված նման իրավունքն իրավական այն միջոցներից մեկն է, որոնք ուղղված են անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը կանխելուն, ինչն իր հերթին համահունչ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված` իրավունքի որևէ ձևով չարաշահելու արգելքին (տե՛ս, ըստ դիմումի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի` Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 31.10.2008 թվականի վճիռը պարզաբանելու մասին թիվ ԵՄԴ/0134/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ թեև տուժանքի չափը նվազեցնելը դատարանի իրավունքն է, այդուհանդերձ, իրավունքի չարաշահումը կանխելու տեսանկյունից այն, ըստ էության, նաև դատարանի պարտականությունն է, քանի որ բոլոր դեպքերում խոսքը գնում է սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների միջև հավասարակշռության կամ ողջամիտ հարաբերակցության ապահովման մասին: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանն առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ տուժանքի չափի նվազեցումը չի կարող նշանակել տուժանքի վճարումից ընդհանրապես ազատում կամ այնպիսի չափով նվազեցում, որը կիմաստազրկի տուժանքի ինստիտուտը և չի ծառայի իր նպատակին (պարտավորությունների կատարման երաշխիք) (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով տուժանքի ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի հիմքով իրավունք ունի պակասեցնել միայն տուժանքի գումարի չափը, այլ ոչ թե նվազեցնել պայմանագրով (համաձայնագրով) սահմանված տուժանքի տոկոսադրույքը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է հետևյալով.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438-րդ):

Վերոնշյալ հոդվածների իրավական բովանդակության վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Օրենսդիրը միաժամանակ նախատեսել է մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքը, որը ենթադրում է, որ պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ցանկացած այլ անձինք իրավասու չեն միջամտել քաղաքացիական իրավունքի սուբյեկտների գործերին, եթե նրանք իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի պահանջներին համապատասխան: Նշված սկզբունքը ենթադրում է նաև, որ որևէ անձ, այդ թվում նաև դատարանն իրավունք չունի կամայականորեն միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին` իր հայեցողությամբ պայմանագրային որևէ դրույթ փոփոխելու եղանակով: Դատարանը պայմանագրի որևէ դրույթ իրավասու է փոփոխել միայն համապատասխան հայցապահանջի առկայության պայմաններում: Նման եզրահանգումը բխում է ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի (Պայմանագիր փոփոխելը և լուծելը) իրավակարգավորումից, այլև դատարանի` որպես պետական իշխանության մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակից:

Տուժանքի տոկոսադրույքի մասին պայմանը Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ պայմանագրի պայման է, միաժամանակ նաև` այն կնքած կողմերի ազատ կամքի դրսևորում: Որպես պայմանագրի պայման` տուժանքի տոկոսադրույքի չափը կարող է փոփոխվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի (Պայմանագիր փոփոխելը և լուծելը) կանոններով: Հետևաբար դատարանն իրավասու չէ իր նախաձեռնությամբ և իր իսկ հայեցողությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի հիմքով նվազեցնել պայմանագրով նախատեսված տուժանքի տոկոսադրույքի չափը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի իրավակարգավորումը, Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ, բացառապես ենթադրում է պայմանագրով նախատեսված տոկոսադրույքով հաշվարկված տուժանքի չափի պակասեցում, ընդ որում, նման պակասեցումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդրի կողմից կիրառված «ակնհայտ անհամաչափ» եզրույթը, ըստ էության, գնահատողական բնույթի կատեգորիա է, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ենթակա է պարզման` հաշվի առնելով պարտավորության խախտման հանգամանքները և վրա հասած հետևանքները: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները պետք է հաշվի առնեն պարտավորության չկատարման (խախտման) տևողությունը, պարտավորության մայր գումարի և հաշվարկված տուժանքի գումարի հարաբերակցությունը, պայմանագրի (ապրանքների, մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների) գինը, պարտավորության խախտման արդյունքում կորուստների առկայությունը և այլն: Ընդ որում, վերոգրյալի վերաբերյալ դատարանների դատողությունները պետք է բխեն գործի փաստական հանգամանքներից և ի հավաստումն դրանց` գործում առկա ապացույցներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Կազմակերպության միջև 28.02.2012 թվականին և 29.06.2012 թվականին համապատասխանաբար կնքվել են թիվ 03-12 և թիվ 02/12-Ի/1 ծառայությունների մատուցման պայմանագրերը: Հետագայում` Ընկերության և Կազմակերպության միջև 27.12.2013 թվականին կնքված թիվ 03-12/3 և թիվ 02/12-Ի/2 համաձայնագրերի 1-ին կետով 31.12.2013 թվականից լուծվել է Ընկերության և Կազմակերպության միջև կնքված ինչպես 28.02.2012 թվականի ծառայությունների մատուցման թիվ 03-12 պայմանագիրը, այնպես էլ 29.06.2012 թվականի իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ 02/12-Ի/1 պայմանագիրը: Նշված համաձայնագրերով սահմանվել է, որ պայմանագրերի լուծումը Կազմակերպությանը չի ազատում փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առկա վճարային պարտավորություններից, որոնք ենթակա են կատարման պայմանագրում սահմանված ժամկետներում: Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կազմակերպության կողմից վճարման պարտավորությունները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում Կազմակերպությունն Ընկերության գրավոր պահանջով պարտավորվում է վերջինիս վճարել տույժ` չվճարված պարտքի գումարի 0,5 տոկոսի չափով` յուրաքանչյուր կետանցված օրվա համար: Միաժամանակ համաձայնագրերով սահմանվել է, որ համաձայնագրերն ուժի մեջ են մտնում 27.12.2013 թվականից և գործում են մինչև կողմերի կողմից համաձայնագրերով սահմանված պարտավորությունների կատարումը: Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Կազմակերպությունը 2013 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մատուցված ծառայությունների արժեքը` 1.800.000 ՀՀ դրամը վճարել է 17.03.2014 թվականին, որպիսի հիմքով հաշվարկված տոկոսները և տույժերը կազմել են 680.256 ՀՀ դրամ:

Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, արձանագրել է, որ հայցվորի կողմից հաշվարկված տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, մասնավորապես, Դատարանը պատճառաբանել է, որ եթե դրամական շրջանառության հիմնական մասնակիցներ բանկերի համար, որոնց նկատմամբ կետանցված դրամական պարտավորությունների հետևանքները, գործունեության բնույթից ելնելով, ավելի ծանր են, քան ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպության համար, տուժանքի նորմալ չափը, որպես կանոն, 0,2 տոկոսն է վարկի մայր գումարի համար, ապա վարկային գործունեության համեմատությամբ ֆինանսական տեսանկյունից պակաս ռիսկային գործունեություն իրականացնող Ընկերության համար օրական 0,5 տոկոս տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ համաձայնագրերով նախատեսված օրական 0,5 տոկոսի չափով տույժերի չափը պետք է նվազեցնել` դարձնելով օրական 0,2 տոկոս:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, համաձայնել է վերջինիս եզրահանգումներին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը շարադրված վերլուծությունների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությունը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով հայցվորը Դատարան է ներկայացրել 680.256 ՀՀ դրամ` որպես պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում հաշվեգրված տույժ և տոկոս բռնագանձելու վերաբերյալ պահանջ, մինչդեռ Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով և վճռելով կողմերի միջև կնքված համաձայնագրերով սահմանված օրական 0,5 տոկոսի չափով տույժերի չափը նվազեցնել` այն դարձնելով օրական 0,2 տոկոս, անտեսել է, որ օրական 0,5 տոկոսի չափով տույժ սահմանելը կողմերի ազատ կամահայտնության արդյունքն է, նրանց կողմից կնքված համաձայնագրերով դրսևորած վարքագիծը, որպիսի պայմաններում Դատարանն իրավունք ուներ, այն էլ այն դեպքում, երբ տուժանքն ակնհայտ անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, պակասեցնելու միայն հաշվարկված տուժանքի գումարի չափը, այլ ոչ թե փոփոխության ենթարկեր պայմանագրով սահմանված տուժանքի տոկոսադրույքը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, նվազեցնելով կողմերի միջև կնքված համաձայնագրերով նախատեսված տուժանքի տոկոսադրույքի չափը և այն օրական 0,5 տոկոսից դարձնելով օրական 0,2 տոկոս, իսկ Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի եզրահանգմանը, խախտել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, արդյունքում նաև` պայմանագրի ազատության և մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքները:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը համապատասխան իրավական գնահատման չի արժանացրել այն, որ Դատարանը չի մատնանշել այն ապացույցները, որոնց հիման վրա հանգել է այն հետևության, որ կողմերի միջև կնքված համաձայնագրերով սահմանված և հաշվարկված տուժանքն ակնհայտ անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի այն փաստարկին, որ Կազմակերպությունը տուժանքը պակասեցնելու որևէ պահանջ չի ներկայացրել, որպիսի պայմաններում իրավաչափ չէ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառումը, ապա Վճռաբեկ դատարանն գտնում է, որ այն անհիմն է, քանի որ գործում առկա` Դատարանի 11.07.2014 թվականի դատական նիստի արձանագրության ուսումնասիրությունից հետևում է, որ Կազմակերպությունը Դատարանին խնդրել է տույժերի գումարը համամասնորեն պակասեցնել:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրորեն երաշխավորված յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է: Իրավաբանական օգնություն կարող է ստանալ ցանկացած անձ, ցանկացած հարցի կապակցությամբ` անկախ նրա կարգավիճակից, գործունեության ոլորտից, իրավահարաբերության բնույթից, պետական գործունեության տեսակից, ընթացակարգի առանձնահատկություններից և այլն: Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխիք է նաև հանդիսանում Սահմանադրությամբ ամրագրված այլ իրավունքների, մասնավորապես` իրավունքների և ազատությունների դատական, պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի (ՀՀ Սահմանադրության հոդված 18, մաս 1), իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունքի (ՀՀ Սահմանադրության հոդված 18, մաս 2) իրացման համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի ընկալմամբ` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

i

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը`

1) խորհրդատվություն, ներառյալ` վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).

2) ներկայացուցչություն, ներառյալ` ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).

3) քրեական գործերով պաշտպանություն.

4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:

Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների (ընդունվել են հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից, ուժի մեջ է մտել 07.09.1990 թվականին) 13-րդ կետի համաձայն` իրենց հաճախորդների նկատմամբ իրավաբանները կատարում են հետևյալ գործառույթները.

ա) խորհրդատվություն հաճախորդներին` նրանց իրավաբանական համակարգի աշխատանքի վերաբերյալ այն չափով, որքանով դա վերաբերում է հաճախորդների իրավաբանական իրավունքներին ու պարտականություններին.

բ) մատչելի բոլոր միջոցներով հաճախորդներին օգնություն ցույց տալը և նրանց շահերը պաշտպանելու համար օրենսդրական միջոցներ ձեռնարկելը.

գ) անհրաժեշտության դեպքում հաճախորդներին օգնություն ցույց տալը դատարաններում, տրիբունալներում կամ վարչական մարմիններում:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեություն է, դրսևորվում է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմամբ ու պաշտպանությամբ` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբանական գործունեությունը` որպես վստահորդի և փաստաբանի միջև ծագած իրավահարաբերություն, ներառում է տարբեր գործողություններ` սկսած խորհրդատվությունից, ներառյալ` ներկայացուցչությունը, պաշտպանությունը քրեական գործերով, օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավաբանական օգնության իրավահարաբերությունը ծագում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործողություններից մեկը կատարելու պահից, ներառյալ, երբ փաստաբանն օգտվում է իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով կամ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներից, կատարում իր պարտականությունները: Ընդ որում, կախված փաստաբանի և վստահորդի միջև առաջացած իրավահարաբերության բնույթից, իրավաբանական օգնությունը կարող է մի դեպքում սահմանափակվել օրենքում նշված գործողություններից մեկով կամ ներառել դրանցում նշված տարբեր գործողություններ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավաբանական օգնության բնույթը և շրջանակները պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստաբանի և վստահորդի միջև ծագած իրավահարաբերության քաղաքացիաիրավական հիմքին, քանի որ փաստաբանի կողմից անձին իրավաբանական օգնություն ցուցաբերվում է համապատասխան պայմանագրի կամ այլ իրավաբանական փաստի հիման վրա: Ընդ որում, նշված դեպքերում նախատեսվում են իրավաբանական օգնության ձևերը և շրջանակները, որոնք փաստաբանը պետք է ցույց տա կոնկրետ անձին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ փաստաբանի կողմից անձին իրավաբանական օգնություն ցույց տալու բնույթը, դրանում ներառվող գործողությունների շրջանակները և իրավաբանական օգնության ժամանակահատվածը կարող է պարզվել կողմերի միջև իրավահարաբերության առաջացման հիմք համարվող իրավաբանական փաստերի կամ կատարված փաստացի գործողությունների ուսումնասիրության արդյունքում (պայմանագիր, լիազորագիր և այլն) (տե՛ս, Կրոմվել Գրիգորյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԿԴ/2598/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է փաստաբանի խելամիտ վարձատրությանը` որպես դատական ծախս լինելու հանգամանքին, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: ՈՒստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս, թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե'ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, փաստաբանի խելամիտ վարձատրության վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջը մերժելով, պատճառաբանել է, որ հայցվորը իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է, նրա աշխատակից-ներկայացուցիչները, որոնք մասնագիտությամբ իրավաբաններն են, ակտիվորեն մասնակցել են բոլոր նիստերին: Միաժամանակ Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, պատճառաբանել է, որ Ընկերության շահերը պաշտպանելու համար փաստաբան լինելը պարտադիր չէ, միայն աշխատակից լինելը բավարար է, որպիսի պարագայում որևէ նշանակություն չունի հայցվորի` փաստաբան աշխատակիցներ չունենալու հանգամանքը: Դատարանն արձանագրել է, որ «հայցվոր կողմի աշխատակից-ներկայացուցիչներն են հիմնականում դատական նիստերի ընթացքում պաշտպանել հայցվորի շահերը, իսկ այն դեպքում, երբ հարցերին պատասխանել է փաստաբան Արթուր Այվազյանը, կամ պատասխանելիս հուշել են պատասխանը, կամ լրացրել այն, հետևաբար հայցվորի ներկայացուցիչների նման վարքագծի արդյունքում Դատարանի մոտ ներքին համոզմունք է ձևավորվել, որ հայցվորի կողմից իր իրավունքի իրացումն իրականացվել է չարաշահման միջոցով` արտաքուստ իրեն պատկանող իրավունքի շրջանակներում»:

Վերաքննիչ դատարանն իր հերթին նշել է, որ հայցվորը հանդիսանում է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն, հետևաբար նա իր իրավունքները դատարանում պաշտպանելու հնարավորությունն ունեցել է` առանց նշված պայմանագրով մատուցած ծառայությունների և դրանք սույն գործի պարագայում անհրաժեշտ չեն եղել, ուստի դրանց վարձատրությունը խելամիտ համարվել չի կարող, որպիսի պայմաններում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջը Դատարանի կողմից իրավաչափ է մերժվել:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և «Այվազյան և ընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի միջև 04.03.2014 թվականին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ LSA-FIN-14 պայմանագիրը և որպես ծառայությունների արժեք նախատեսվել է 120.000 ՀՀ դրամը: Ընկերության կողմից 14.03.2014 թվականին տրված լիազորագրով Արթուր Այվազյանը լիազորվել է ներկայացնելու Ընկերության իրավունքները և շահերը ՀՀ դատական բոլոր ատյաններում: Արթուր Այվազյանն Ընկերության ներկայացուցիչների հետ միաժամանակ մասնակցել է Դատարանի 20.06.2014 թվականի (հատոր 1-ին, գ.թ. 79), 30.06.2014 թվականի (հատոր 1-ին, գ.թ. 81), 11.07.2014 թվականի (հատոր 1-ին, գ.թ. 101), 30.07.2014 թվականի (հատոր 1-ին, գ.թ. 113) դատական նիստերին:

Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը, օգտվելով իր իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքից, կնքել է իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր փաստաբանական գրասենյակի հետ` լիազորելով փաստաբան Արթուր Այվազյանին ներկայացնելու դատարանում իր շահերը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխան իրավական հիմքի առկայության (տվյալ դեպքում` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի) պայմաններում, իրավաբանական ծառայություններ մատուցող Ընկերություն լինելու հանգամանքն ինքնին բավարար չէ փաստաբանի խելամիտ վարձատրությունը` որպես դատական ծախսի փոխհատուցում մերժելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և փաստաբանի խելամիտ վարձատրության համար փոխհատուցում ստանալու իրավունքը չի կարող գտնվել կախվածության մեջ այնպիսի հանգամանքներից, ինչպիսին են իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն լինելը կամ համապատասխան մասնագետ ունենալը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, սահմանափակել են Ընկերության` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` տույժի և տոկոսների, փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձման պահանջների մասով, նոր քննության ուղարկելու համար` գործի փաստերը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պարզելու և գնահատելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2015 թվականի որոշումը և գործը` ըստ հայցի «Ֆինլեքս» ՍՊԸ-ի ընդդեմ «Մետաքս» ԲԲԸ-ի` տույժի և տոկոսների, փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձման պահանջների մասով, ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ԵՄԴ/0492/02/14
Որոշում