Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 67-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 67-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵՄԴ/0124/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/12       2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Հունանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աննա Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը որոշելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջների մասին, և ըստ Դավիթ Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ թողնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Ասատրյանը պահանջել է իր երեխայի` 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը որոշել իր բնակության վայրը, ինչպես նաև երեխայի խնամքը և դաստիարակությունը հանձնել իրեն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Դավիթ Խաչատրյանը պահանջել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` իր մոտ` Երևանի Անդրանիկի փողոցի 125-րդ շենքի թիվ 12 բնակարանում:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) 16.08.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան, Տ. Նազարյան) 13.12.2012 թվականի որոշմամբ Դավիթ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.02.2013 թվականի որոշմամբ Աննա Ասատրյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 20.11.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է. Արևիկ Խաչատրյանի բնակության վայր է սահմանվել հոր` Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2015 թվականի որոշմամբ Աննա Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի

(ընդունվել է 20.11.1989 թվականին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 22.07.1993 թվականից) 3-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան

օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը, 67-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը չի իրականացրել սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` անտեսելով մի շարք ապացույցներ, մասնավորապես` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնք վկայում են այն մասին, որ կողմերի միջև առկա վեճի արդյունքում խաթարվել է երեխայի հետ Աննա Ասատրյանի ընտանիքի մյուս անդամների շփումը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, իր որոշման հիմքում դնելով սույն գործով ձեռք բերված ապացույցներով չհիմնավորվող և գոյություն չունեցող փաստական հանգամանքներ, հաշվի չի առել սույն գործի նյութերում առկա` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) և ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունները, որոնք ձեռք են բերվել Դավիթ Խաչատրյանի միջնորդությամբ` որպես գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Մալաթիա-Սեբաստիայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից 01.02.2012 թվականին տրված թիվ ԱԲ 178768 ծննդյան վկայականի համաձայն` Արևիկ Խաչատրյանը ծնվել է 11.11.2011 թվականին. նրա հայրը Դավիթ Խաչատրյանն է, իսկ մայրը` Աննա Ասատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 6):

2. Հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացության համաձայն` Արևիկ Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը, հաշվի առնելով անչափահասի շահերը, անհրաժեշտ է հանձնել մորը` Աննա Ասատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 35):

3. Դավիթ Խաչատրյանը դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին` խնդրելով վերացնել Հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը և Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտն ու տալ նոր եզրակացություն (հատոր 1-ին, գ.թ. 86-88):

4. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությամբ Դավիթ Խաչատրյանին հայտնվել է այն մասին, որ չեն ներկայացվել նոր հիմնավոր հանգամանքներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը վերանայելու համար, և Հանձնաժողովն իր նախկին եզրակացությունը թողել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 96):

5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի 05.06.2012 թվականի թիվ 35/Ի-1043 գրությամբ Դավիթ Խաչատրյանին հայտնվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից խնդիրը մանրամասն ուսումնասիրվել է, որից հետո գրություն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով` մասնակից դարձնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետներին և սույն գործով կողմերին (հատոր 1-ին, գ.թ. 97):

6. Հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացության համաձայն` Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների և կողմերի ներկայությամբ կրկին քննարկելով Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը որոշելու հարցը` Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է 12.03.2012 թվականի եզրակացությունը թողնել անփոփոխ, այսինքն` անչափահաս Արևիկ Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին: Միաժամանակ Հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից (հատոր 1-ին, գ.թ. 82-83):

7. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013 թվականի դատահոգեբանական եզրակացության համաձայն` Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայի` Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով (հատոր 4-րդ, գ.թ. 24-42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործի քննության ընթացքում երեխայի լավագույն շահերի բացահայտման չափանիշների և պայմանների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչա՞փ է արդյոք ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում դատարանի կողմից երեխայի` ծնողներից մեկի հետ ունեցած կապվածությունը որպես երեխայի լավագույն շահերի բացահայտման միակ չափանիշ դիտարկելը:

i

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները (...) երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխա է համարվում տասնութ տարին չլրացած անձը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք (...):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան (...): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, «Ս.»-ն ընդդեմ Ֆինլանդիայի գործով ՄԻԵԴ-ի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ և 53-րդ կետեր):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս, նաև Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս, Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

i

05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ անդրադառնալով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակությանը` ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ընտանեկան իրավահարաբերություններում «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և հանդիսանում է ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշման` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավադրույթում «ընդ որում» բառակապակցությունից հետո ամրագրված պայմանները, այն է` «երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունն)» այն նվազագույն պայմաններն են, որոնք ճշգրտում և բացահայտում են վիճարկվող դրույթներում «երեխաների շահերից» հասկացության բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը: Ընդ որում, վերը նշված պայմանները սպառիչ չեն, և երեխայի շահը գնահատելիս օրենսդիրը դատարանների հայեցողությանն է վերապահում նաև այլ պայմաններ հաշվի առնելը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո թվարկված պայմանները պարտավորեցնում են դատարաններին երեխայի շահը գնահատելիս հիմք ընդունել այդ պայմանները, ինչպես նաև, առաջնորդվելով իրենց հայեցողական լիազորությամբ, հիմք ընդունել նաև այլ պայմաններ, եթե դատարանի գնահատմամբ այդպիսիք կան: Հետևաբար ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված` «երեխաների շահեր» հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ըստ այդմ, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել ներկայացված հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը կամ եզրակացությունը պետք է լինի կոնկրետ գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման անմիջական և տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Լևոն Սուխուդյանն ընդդեմ Սուսաննա Գրիգորյանի և Արա Ներսիսյանի թիվ ԿԴ1/0733/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս յուրաքանչուր դեպքում դատարանը պետք է գործի քննությանը մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, որին տվյալ գործով հանձնարարվում է իրականացնելու երեխայի դաստիարակությանը հավակնող անձանց կենսապայմանների ուսումնասիրություն և այդ կապակցությամբ դատարանին ներկայացնելու իր եզրակացությունը: Ընդ որում, այդ եզրակացությունը դատարանի համար թեև կրում է մասնագիտական-խորհրդատվական բնույթ, և դատարանն այն պարտավոր է գնահատել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ, այնուամենայնիվ, նմանատիպ գործերով վերոնշյալ եզրակացության առկայությունը պարտադիր է, քանի որ դրանում արտահայտված փաստարկները գործում առկա մյուս ապացույցների հետ համադրության արդյունքում դատարանին հնարավորություն են ընձեռնում կոնկրետ գործով պարզելու երեխայի լավագույն շահը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.

1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,

2) երեխայի տարիքը,

3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,

4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,

5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած` երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Հանձնաժողովը 12.03.2012 թվականի եզրակացությամբ գտել է, որ Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը, հաշվի առնելով անչափահասի շահերը, պետք է սահմանվի մոր` Աննա Ասատրյանի բնակության վայրը: Հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացության համաձայն` որոշվել է Հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը թողել անփոփոխ, այսինքն` Հանձնաժողովը կրկին հանգել է այն եզրակացության, որ անչափահաս Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը պետք է սահմանվի Աննա Ասատրյանի բնակության վայրը:

Սույն գործի նյութերում առկա է նաև ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013 թվականի եզրակացությունն այն մասին, որ Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայի` Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով և հակընդդեմ հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ սույն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող առավել կարևոր հանգամանքը երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի միջև առկա հարաբերությունն է` երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ: Ըստ Դատարանի վճռի` անչափահաս Արևիկ Խաչատրյանի խնամքով բացառապես զբաղվել է նրա հայրը, իսկ երեխան, ծննդյան պահից մշտապես ապրելով իր հոր հետ, ավելի կապված է հենց նրա հետ: Բացի այդ, Աննա Ասատրյանը սովորում է, իսկ վերջինիս ծնողները չեն կարող Աննա Ասատրյանի բացակայության ընթացքում պատշաճ կերպով զբաղվել երեխայի խնամքով և դաստիարակությամբ, քանի որ երբևէ չեն տեսակցել երեխային: Մյուս կողմից` Դավիթ Խաչատրյանի աշխատանքի բնույթը նրան հնարավորություն է տալիս մշտապես գտնվելու տանը և զբաղվելու երեխայի խնամքով: Անդրադառնալով Հանձնաժողովի եզրակացություններին` Դատարանը գտել է, որ այդ եզրակացությունների համաձայն` երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջը երեխայի շահերից չբխելու վերաբերյալ Դատարանին որևէ հիմնավորում չի ներկայացվել: Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ անչափահաս Արևիկ Խաչատրյանի` իր հոր` Դավիթ Խաչատրյանի հետ բնակվելը բխում է երեխայի լավագույն շահերից:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Աննա Ասատրյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները և իր հերթին հանգել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում Արևիկ Խաչատրյանի` իր հոր հետ բնակվելը բխում է երեխայի լավագույն շահերից:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի մյուս բոլոր պայմանները: Երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի հիման վրա հարուցված սույն քաղաքացիական գործի շրջանակներում ստորադաս դատարանները պարտավոր էին գործում առկա բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել գործում առկա յուրաքնաչյուր ապացույց` պարզելու համար երեխայի լավագույն շահերը որոշելու բոլոր չափանիշներն ու պայմանները: Մինչդեռ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերը կայացնելիս որպես երեխայի` Արևիկ Խաչատրյանի լավագույն շահերի ապահովման և պաշտպանության հիմնական ու միակ չափանիշ (պայման) են դիտարկել երեխայի` հոր հետ կապված լինելու հանգամանքը և, ըստ էության, չեն անդրադարձել ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու` ինչպես օրենքով սահմանված, այնպես էլ սույն գործով դատարան ներկայացված այլ պայմանների բացահայտմանը: Մասնավորապես` ստորադաս դատարաններն Արևիկ Խաչատրյանի լավագույն շահերը վերհանել են առանց հաշվի առնելու սույն գործով ներկայացված հետևյալ ապացույցները.

1) Հանձնաժողովի 12.03.2012 և 29.06.2012 թվականների եզրակացությունները, որոնց համաձայն` Հանձնաժողովը միանշանակ կերպով հանգել է այն եզրակացության, որ անչափահաս Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը պետք է սահմանվի Աննա Ասատրյանի բնակության վայրը,

2) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013 թվականի եզրակացությունը, որի համաձայն` Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայի` Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:

Բացի այդ, թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերում նշել են, որ Դավիթ Խաչատրյանի աշխատանքի բնույթը նրան հնարավորություն է տալիս մշտապես գտնվելու տանը և զբաղվելու երեխայի խնամքով, սակայն սույն գործի նյութերում առկա չէ վերոգրյալ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց: Ավելին` սույն գործում առկա չէ նաև որևէ ապացույց, որով առհասարակ կարելի է հիմնավորել Դավիթ Խաչատրյանի` աշխատանք ունենալու հանգամանքը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված «երեխայի շահ» հասկացությունը գնահատելիս չեն իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում և գնահատում, հաշվի չեն առել գործում առկա ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը: Հետևաբար անհրաժեշտ է սույն գործն ուղարկել նոր քննության` գործում առկա ապացույցները սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում հետազոտելու և գնահատելու նպատակով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.12.2015
N ԵՄԴ/0124/02/12
Որոշում