Սեղմել Esc փակելու համար:
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`Ք ...

 

 

020.1260.100316

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված` Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016 թվականի փետրվարի 24-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում` Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և ՈՒկրաինայի (այսուհետ` Կողմեր) միջև:

Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է վերապահում, որի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել առարկությամբ:

2. Համաձայնագրի նպատակն է ապահովել Կողմերի տարածքներում հանցագործության դեմ արդյունավետ պայքարի և քրեական դատավարության խնդիրների հաջող լուծման նպատակների իրականացմանն աջակցող անձանց օրինական իրավունքների և շահերի պատշաճ պաշտպանությունը:

Համաձայնագիրը կիրառվում է այն դեպքերում, երբ պաշտպանվող անձանց նկատմամբ հայցող Կողմի կողմից նրա ազգային օրենսդրությանը համապատասխան կիրառվող պաշտպանության միջոցները չեն կարող ապահովել նրանց պատշաճ անվտանգությունը:

3. Համաձայնագրի շրջանակներում պաշտպանվող անձանց նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել 4-րդ հոդվածով նախատեսված` պաշտպանության միջոցներից մեկը կամ մի քանիսը:

Պաշտպանության միջոցները կիրառվում են պաշտպանվող անձի կամ նրա օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Անչափահաս կամ չափահաս անգործունակ պաշտպանվող անձի նկատմամբ պաշտպանության միջոցներն իրականացվում են միայն նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ (հոդվ. 15):

Պաշտպանության միջոցների իրականացումը պաշտպանվող անձի կողմից հայցվող Կողմի տարածքում հանցագործություն կատարվելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հիմք չի համարվում (հոդվ. 25):

Համաձայնագիրն անձի պաշտպանության ապահովման համար Կողմերին հնարավորություն է ընձեռում փոխադարձ համաձայնության հիման վրա իրականացնել Համաձայնագրով չնախատեսված պաշտպանության այլ միջոցներ (հոդվ. 4, կետ 2):

4. Համաձայնագիրը սահմանում է նաև տրամադրվող պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը, անձի պաշտպանության միջոցների տրամադրման և իրականացման կարգն ու պայմանները, հարցման ձևն ու բովանդակությունը, հարցումը մերժելու հիմքերը, պաշտպանության ենթակա անձի իրավունքներն ու պարտականությունները:

5. Ըստ Համաձայնագրի` եթե պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցումը չի պարունակում Համաձայնագրով նախատեսված բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել նման տվյալներ, մինչև որոնց ստանալը հարցումը կարող է թողնվել առանց քննության (հոդվ. 17): Միաժամանակ, Համաձայնագրով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառումը կարող է մերժվել, եթե դա կարող է հայցվող Կողմի շահերին վնաս պատճառել կամ հակասում է հայցվող Կողմի ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, հայցվող Կողմի տարածքում պաշտպանվող անձի կողմից կատարվել է հանցագործություն կամ առկա է հայցվող Կողմի իրավասու մարմնի` այդ անձի մուտքը հայցվող Կողմի տարածք արգելող որոշում (հոդվ. 18):

6. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնության տրամադրման հարցերը:

Համաձայնագրի դրույթները չեն ազդում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերով ստանձնված իրավունքների ու պարտականությունների վրա:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- Համաձայնագրի դրույթներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հարցման հիման վրա հայցող Կողմին աջակցել պաշտպանվող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցներ իրականացնելիս,

- որպես հայցվող Կողմ` պաշտպանության միջոցների իրականացման ժամանակահատվածում պաշտպանվող անձին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր տեղափոխել կամ վերաբնակեցնել անվտանգ վայրում, տրամադրել կացարան, նրա շարժական գույքը նոր բնակավայր տեղափոխելու հնարավորություն ընձեռել,

- Հայաստանի Հանրապետության տարածքում կալանքի տակ վերցված կամ ազատազրկման դատապարտված անձին, ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, ժամանակավորապես տեղավորել համապատասխան հիմնարկում,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, փոխեն պաշտպանվող անձի փաստաթղթերը` փոխելով նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա մասին այլ տեղեկությունները, որոնց ցանկը համաձայնեցվում է շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների կողմից,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, փոխեն պաշտպանվող անձի արտաքին տեսքը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ բժշկական, կոսմետիկ ընթացակարգերի անցկացում` ինչպես մասնագիտացված կլինիկաներում և այլ բժշկական հիմնարկներում, այնպես էլ դրանցից դուրս` մասնագետների ներգրավմամբ և անհրաժեշտ սանիտարական և այլ պայմանների ստեղծմամբ,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, պաշտպանվող անձին տրամադրեն անձնական պաշտպանության, կապի և իրազեկման հատուկ միջոցներ, որոնց տրամադրման և պաշտպանվող անձի կողմից դրանց կիրառման կարգը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն ապահովեն պաշտպանվող անձի անձնական պաշտպանությունը, բնակարանի և գույքի պաշտպանությունը,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պաշտպանության միջոցների իրականացման նպատակներով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնեն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,

- որպես հայցող Կողմ հանդես գալու դեպքում կրել Համաձայնագրի 2-րդ և 4-10-րդ հոդվածներով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հետ կապված ծախսերը,

- ապահովել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ցանկի` ավանդապահին տրամադրումը, որն այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմերին և այլն:

8. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 13-րդ հոդվածում ամրագրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված` Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 մարտի 2016 թվականի

ՍԴՈ-1260

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2016
N ՍԴՈ-1260
Որոշում