(ուժը կորցրել է 05.04.2018 ՆԿ-52-Ա կարգադրություն)
i
031.0130.180716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով` որոշում եմ.
1. Ստեղծել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Հաստատել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:
3. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
18 հուլիսի 2016 թվականի
ՆԿ-130-Ա
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2016 թվականի հուլիսի 18-ի
ՆԿ-130-Ա կարգադրության
ԿԱԶՄ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2016 թվականի հուլիսի 18-ի
ՆԿ-130-Ա կարգադրության
ԿԱՐԳ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) այդ միջոցառումների իրականացման ապահովման նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում դիտարկումներ, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, կարգադրություններին և սույն կարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընդունվող ծրագրերով Հայաստանի Հանրապետությունում նախատեսվող ընթացիկ աշխատանքների իրականացումը:
4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընդունվող ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ,
2) ամփոփելով քննարկումների արդյունքները և հաշվի առնելով ծրագրերի իրականացումից բխող գործողությունները` աջակցում է պետական մարմինների կողմից համապատասխան աշխատանքների արդյունավետ կատարմանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի նախագահն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է:
6. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը,
2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ,
3) ամփոփում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական միավորումներից ստացված առաջարկություններն ու դիտողությունները,
4) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,
5) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, ներկայացնում Հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:
8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:
9. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ, այդ թվում` այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:
10. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե Հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը: