Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈ ...

 

 

326.0699.190716

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        07            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32616260

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 հուլիսի 2016 թվականի N 699-Ն

 

i

ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել` ռազմականացված պահակային ստորաբաժանումներում ծառայողական զենքով պահպանության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2016 թվականի հուլիսի 4-ի

N 699-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից ծառայողական զենքով պահպանության (այսուհետ` գերատեսչական պահպանություն) կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված անձնակազմի ծառայության իրականացման, նրանց իրավունքների և պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

2. Գերատեսչական պահպանությունն իրականացվում է ռազմականացված պահպանության ստորաբաժանումների (այսուհետ` ռազմականացված ստորաբաժանում) և պահակային պահպանության ստորաբաժանումների (այսուհետ` պահակային ստորաբաժանում) կողմից:

3. Գերատեսչական պահպանության կազմակերպումը ներառում է`

1) քաղաքացիական անձնակազմի հավաքագրման աշխատանքները.

2) ստորաբաժանումների համալրումն աշխատակիցներով և նրանց հաշվառումը.

3) ստորաբաժանումները զենքով, զինամթերքով, ծառայողական շներով, համապատասխան կահավորված շինություններով և անհրաժեշտ գույքով, համազգեստով և հանդերձանքով, փաստաթղթերով, հաշվառման մատյաններով և ձևաթղթերով ապահովումը.

4) պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությունը և սահմանված կարգով դրանց առնչվելու թույլտվության ապահովումը.

5) պահակային ծառայության իրականացման ապահովումը.

6) գերատեսչական պահպանության իրականացման փաստաթղթային և ուսումնամեթոդական բազայի ապահովումը, ուսումնական գործընթացի պլանավորումն ու անցկացումը:

 

II. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

4. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակի նորմերը մշակվում են ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում (այսուհետ` ՓԾ) և հաստատվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից` ելնելով պահպանվող օբյեկտների կարևորությունից, պահակակետերի քանակից, օբյեկտների պահպանության և պաշտպանության խնդիրներից:

5. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումները համալրվում են «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով`

1) ՀՀ կառավարության կողմից սահմանված ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական անձնակազմի թվաքանակի սահմաններում.

2) ՀՀ ԱԻՆ և իրավաբանական անձանց միջև կնքված պայմանագրերով սահմանված թվաքանակի շրջանակներում:

6. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումները կարող են համալրված լինել`

1) ամբողջությամբ քաղաքացիական անձնակազմով.

2) փրկարարական ծառայողներով և քաղաքացիական անձնակազմով:

7. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմում կարող են ներգրավվել քսան տարին լրացած արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիները, ընդ որում` արական սեռի քաղաքացիները պետք է անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն կամ օրենքով սահմանված կարգով ազատված լինեն պարտադիր զինվորական ծառայությունից:

8. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումներում ներգրավվող փրկարարական ծառայողներին ներկայացվում են «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված տարիքային, կրթական, առողջական և այլ սահմանափակումները:

9. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմում չեն կարող ներգրավվել`

1) դատարանի վճռով անգործունակ ճանաչված կամ հաշմանդամության կարգ ունեցող անձինք, ովքեր ունեն աշխատանքային գործունեության առաջին կամ երկրորդ աստիճանի սահմանափակում.

2) հոգեբուժական, տուբերկուլոզային, մաշկային, նարկոլոգիական հաշվառման մեջ գտնվող անձինք.

3) հետաքննության, նախաքննության և դատաքննության փուլում գտնվող անձինք.

4) դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը հանված կամ մարված չէ:

10. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացվում է`

1) ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԱԻՆ-ին հատկացվող միջոցների հաշվին.

2) ՀՀ ԱԻՆ և իրավաբանական անձանց միջև կնքված պայմանագրերով հատկացվող միջոցների հաշվին:

11. Գերատեսչական պահպանության աշխատակիցներն ապահովվում են համազգեստով, պահակային և հատուկ հագուստով` ՀՀ կառավարության սահմանած կարգով ու չափաքանակներով:

12. Պաշտոնեական պարտականությունները կատարելիս համազգեստի կրումը, գերատեսչական պահպանության աշխատակցի ծառայողական վկայականի առկայությունը պարտադիր են:

13. Պաշտոնեական պարտականությունները կատարելիս գերատեսչական պահպանության բոլոր աշխատակիցները, բացի հրաձիգներից, կրում են ծառայողական կրծքանշան` համաձայն Ձևի, որը ամրակով ամրացվում է աշխատակցի բաճկոնի ձախ գրպանի փականին:

14. Գերատեսչական պահպանության աշխատակիցների ծառայության աշխատաժամանակի, հերթապահության իրականացման, ինչպես նաև արտաժամյա կամ տոն օրերին ծառայության ներգրավման հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

15. Գերատեսչական պահպանության աշխատակիցներն օբյեկտների պաշտպանության` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս, զինվում են հաստիքային հրաձգային զենքով (այսուհետ` զենք): Զենքի քանակը և տեսակը որոշվում է գերատեսչական պահպանության ստորաբաժանումների հաստիքներով ու հաշվեցուցակներով:

16. Գերատեսչական պահպանության աշխատակիցներին զենք և զինամթերք է տալիս գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը (կամ զենքի ու զինամթերքի պահպանության և տրման համար պատասխանատու անձը)` միայն պաշտոնեական պարտականությունների կատարման կամ պարապմունքների անցկացման դեպքում:

17. Գերատեսչական պահպանության առանձին աշխատակիցներին զենք ու զինամթերք է տրվում զենքի ու զինամթերքի տրման մատյանում նրանց անձնական ստորագրությամբ (գերատեսչական պահպանության պահակախմբի կազմում պաշտոնեական պարտականությունների կատարման դեպքում` պահակապետի ստորագրությամբ):

18. Զենքն ու զինամթերքը հաշվառվում, պահպանվում, կրվում, տեղադրվում, տեղափոխվում և ամրակցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Գերատեսչական պահպանության աշխատակիցները զենք կրելուց և զենքով օբյեկտների պահպանման իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանն անցնելուց առաջ պարտադիր պետք է ուսուցանվեն, հատուկ ստուգարքներ հանձնեն և ստուգողական հրաձգության վարժություններ կատարեն:

20. Պահպանության ստորաբաժանումների աշխատակիցները, ըստ զբաղեցրած պաշտոնների, դասակարգվում են պահպանության ղեկավար կազմի և շարքային կազմի:

21. Պահպանության ղեկավար կազմում են`

1) ստորաբաժանման պետը.

2) ստորաբաժանման պետի տեղակալը.

3) պահակապետը.

4) պահակապետի օգնականը.

5) պահակային խմբի (հերթափոխի) պետը.

6) պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը.

7) պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնականը:

22. Պահպանության շարքային կազմում են`

1) հրաձիգը.

2) պահպանության տեխնիկական միջոցների (այսուհետ` ՊՏՄ) օպերատորը.

3) շնավարը (կինոլոգը).

4) հսկիչ-անցագրային կետի հսկիչը.

5) ՊՏՄ էլեկտրիկ-մոնտաժողը.

6) պահակը.

7) տեխնիկը.

8) վարորդը:

23. Գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանումը կազմավորվում է օբյեկտում պահակակետ ստեղծելու անհրաժեշտության դեպքում:

24. Գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետն օբյեկտի պահպանության պետն է և ենթարկվում է վերադաս պետին: Նա ստորաբաժանման ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է, իսկ հաստիքային տեղակալի ու պահակապետի (պահակային խմբի պետի)` անմիջական պետը:

25. Հաստիքային տեղակալը ենթարկվում է ստորաբաժանման պետին և ստորաբաժանման ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է: Ստորաբաժանման պետի բացակայության դեպքում վերջինս կատարում է նրա պարտականությունները:

26. Ռազմականացված պահպանության հրաձիգների թիվը որոշվում է ըստ տվյալ խմբի համար սահմանված պահակակետերի թվի, ընդ որում` շուրջօրյա պահպանության համար պահակախմբերում նշանակվում է ժամապահների երեք հերթափոխ, իսկ պահակակետը միայն գիշերը պահպանելու համար (մութն ընկնելուց մինչև լուսաբաց կամ պահեստի, պահեստարանի փակվելուց մինչև բացվելը) նշանակվում է ժամապահների երկու հերթափոխ:

27. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների աշխատակիցների հաշվառումը կազմակերպվում և անցկացվում է հաստիքացուցակի, Նախարարի, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի հրամանների ու այլ փաստաթղթերի համաձայն:

28. Ստորաբաժանումում հաշվառման իրականացման ու վարման վիճակի համար պատասխանատու է գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը:

29. Ռազմականացված ստորաբաժանման պետն օբյեկտի պահպանության պլանի հիման վրա կազմում և Նախարարի կողմից սահմանված համապատասխան պետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչական պահպանության աշխատակիցների կողմից պահակային ծառայության իրականացման գրաֆիկը, որը կազմվում է ամսվա համար, ինչպես նաև ծառայությունն ապահովող այլ ծառայողական փաստաթղթեր:

30. Գերատեսչական պահպանության աշխատակիցներն աշխատանքի ընդունվում, աշխատանքից ազատվում, կարգապահական պատասխանատվության են ենթարկվում և խրախուսվում «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

31. Գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանման աշխատակիցների պիտանիության տարեկան ստուգումը (պլանային բուժզննումը) իրականացվում է ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

32. Գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանման աշխատակիցները, նախքան պահակախմբի կազմում հերթափոխի ներգրավվելը, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բուժաշխատողի կողմից ենթարկվում են բուժզննման, ինչի մասին գրանցվում է պահակախմբի բուժզննության մատյանում և պահակակետերի կարգացուցակում:

33. Գերատեսչական պահպանության աշխատակիցները մասնագիտական պատրաստություն են անցնում «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` համապատասխան ծրագրով:

34. Պարապմունքների ծրագիրը և թեմաները, ըստ ուսուցման առարկաների, մշակում և հաստատում է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` համաձայնեցնելով ՀՀ ԱԻՆ ՓԾ հետ:

35. Գերատեսչական պահպանության աշխատակիցների հետ սահմանված աշխատաժամանակի հաշվին անցկացվում են պարապմունքներ.

1) ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցների համար` ամիսը 4 ժամ (տարեկան 40 ժամ)` ուսուցման հատուկ (մասնագիտական) պատրաստություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, շարային պատրաստություն և առաջին բուժօգնություն առարկաներից.

2) պահակային ստորաբաժանումների աշխատակիցների համար` ամիսը 2 ժամ (տարեկան 20 ժամ)` ուսուցման հատուկ (մասնագիտական) պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, շարային պատրաստություն և առաջին բուժօգնություն առարկաներից:

36. Գերատեսչական պահպանության աշխատակիցները (ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցները) առնվազն եռամսյակը մեկ անգամ հաստիքային զենքով և հանդերձավորված պետք է ուսումնական հրաձգության վարժություններ կատարեն (ցերեկը և գիշերը):

37. Մասնագիտական պատրաստությունը պարտադիր է գերատեսչական պահպանության յուրաքանչյուր աշխատակցի համար:

38. Մասնագիտական պատրաստության կազմակերպման կարգը (պլանավորումը) սահմանվում է Նախարարի հրամանով:

39. Հրամանում նշվում են ուսումնական տարվա խնդիրները, հաստատվում են ուսումնական խմբերը, կազմը, խմբերի ղեկավարները, նշվում են պարապմունքի անցկացման տեղը և ժամանակը, պլանավորման փաստաթղթերի և ուսումնական գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանող պաշտոնատար անձը:

40. Մասնագիտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են գերատեսչական պահպանության ղեկավարի, նրա տեղակալի և առավել պատրաստված պաշտոնատար անձանց կողմից:

41. Պարապմունքների անցկացման հիմնական ձևերն են` դասախոսությունները, սեմինարները և գործնական պարապմունքները:

42. Մասնագիտական պատրաստության պարապմունքների անցկացման հաշվառումը կատարվում է պարապմունքների հաշվառման մատյանում: Պարապմունքների թեմաները պետք է համապատասխանեն ուսումնական պլանի պահանջներին:

43. Մասնագիտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են պլանի համաձայն` ուսումնական (օրացուցային) տարվա ընթացքում:

44. Մասնագիտական պատրաստության յուրաքանչյուր խմբի համար պարապմունքների դասացուցակը պետք է ընդգրկի պարապմունքի տեղի, ժամանակի և անցկացման ձևի մասին տեղեկություններ:

45. Ստորաբաժանումների պետերի ուսուցումն իրականացվում է հավաքների կարգով` ըստ վերադասության: Հավաքների ընթացքում ուսումնական օրվա տևողությունն 8 ժամ է: ՈՒսումնամեթոդական հավաքների ուսումնական օրը չպետք է գերազանցի 10 ժամը (ներառյալ գիշերային հրաձգության պարապմունքները):

46. ՈՒսումնական խմբերի ղեկավարները սեմինարների և գործնական պարապմունքների ժամանակ պարբերաբար ստուգում են պահպանության աշխատակիցների ունակությունները` հաշվառման մատյանում գրանցելով գնահատականները:

47. ՈՒսումնական հրաձգություններն անցկացվում են անվտանգության կանոններին համապատասխանող հատուկ կահավորված հրաձգարաններում (նախընտրելի է անցկացնել զորային հրաձգարաններում):

48. Գերատեսչական պահպանության աշխատակիցների կրակային պատրաստությունը կազմակերպվում է ՀՀ Զինված ուժերի զինծառայողների համար սահմանված պահանջներին և նորմերին համապատասխան:

49. ՈՒսումնական տարվա ավարտին մասնագիտական պատրաստությունից ընդունվում է քննություն և պարապմունքների հաշվառման մատյանում պահպանության աշխատակցին նշանակվում է ամփոփիչ գնահատական:

50. Քննությունն ընդունում է հանձնաժողովը, որի կազմը նշանակվում է Նախարարի հրամանով:

51. Մասնագիտական պատրաստության քննաթերթիկը որպես կանոն ներառում է երեք տեսական հարց` ծրագրի շրջանակում և մեկ խնդիր կամ գործնական առաջադրանք:

52. Քննությունների արդյունքների հիման վրա պահպանության աշխատակիցը գնահատվում է, որը գրանցվում է հաշվառման մատյանում և քննության ամփոփագրում, այն ստորագրում են քննական հանձնաժողովի բոլոր անդամները:

53. Մասնագիտական պատրաստության քննությունից անբավարար գնահատական ստացած աշխատակիցը երեք ամսվա ընթացքում պարտավոր է կրկին հանձնել քննություն:

54. Մասնագիտական պատրաստության քննությունից երկրորդ անգամ անբավարար գնահատական ստացած աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

 

III. ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

55. Օբյեկտի պահպանությունն ու պաշտպանությունը «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված խնդիրների կատարմանն ուղղված, ինչպես նաև օբյեկտի հսկողության, նյութական միջոցների պահպանման, դրանք հակաիրավական գործողություններից և ոտնձգություններից պաշտպանելու նպատակով իրականացվող կազմակերպատեխնիկական միջոցառումների համալիր է:

56. Օբյեկտների պահպանությունն իրականացվում է պահակակետերում գերատեսչական պահպանության ստորաբաժանման գործողության կազմակերպմամբ, այն զուգորդելով պահպանության տեխնիկական, կապի, ազդանշանային միջոցների և ծառայողական շների կիրառման հետ` օբյեկտի և նրա պաշտպանության նկատմամբ հակաօրինական գործողությունները ժամանակին հայտնաբերելու և կասեցնելու նպատակով:

57. Օբյեկտների պաշտպանությունն իրականացվում է դրանցում կամ դրանց մերձակայքում ֆիզիկական արգելափակոցների սարքավորմամբ (հիմնականում ցանկապատմամբ), դրանք զուգորդելով գերատեսչական պահպանության աշխատակիցների` ֆիզիկական ուժի, ձեռքի տակ եղած հատուկ միջոցների, ծառայողական շների, ազդեցության տեխնիկական միջոցների կամ զենքի կիրառման հետ:

58. Օբյեկտների պահպանության և պաշտպանության համար ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցներից նշանակվում են գերատեսչական պահպանության պահակախմբեր:

59. Գերատեսչական պահպանության պահակախումբը գերատեսչական պահպանության աշխատակիցների սպառազինված ստորաբաժանում է` ստեղծված օբյեկտները հակաօրինական գործողություններից պահպանելու և պաշտպանելու, ինչպես նաև դրանցում անցագրային ռեժիմն ապահովելու նպատակով:

60. Օբյեկտների պահպանության, հսկման, ինչպես նաև դրանցում անցագրային ռեժիմն ապահովելու համար պահակային պահպանության ստորաբաժանումների աշխատակիցներից նշանակվում են պահակների խմբեր (հերթափոխ) կամ առանձին պահակներ:

61. Օբյեկտները պահակախմբերով պահպանելու և պաշտպանելու համար անհրաժեշտ է, որ գերատեսչական պահպանության աշխատակիցներն իմանան ու ճշտորեն կատարեն սույն Կարգի դրույթները, լինեն զգոն, դրսևորեն վճռական նախաձեռնողականություն, հմտորեն տիրապետեն զենքին, կարողանան օգտագործել ինչպես հատուկ, այնպես էլ ձեռքի տակ եղած միջոցները:

62. Պահակակետն օբյեկտ կամ օբյեկտի մաս է, որի պահպանությունը հանձնարարված է գերատեսչական պահպանության աշխատակցին, ինչպես նաև այն տեղը կամ տեղամասը, որտեղ նա կատարում է իր պաշտոնեական պարտականությունները:

63. Պահակայինը գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանման աշխատակիցն է, ով ընդգրկված է պահակախմբի կազմում` օբյեկտի պահպանության և պաշտպանության խնդիրներն ու իր պաշտոնեական պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև` պահակային պահպանության ստորաբաժանման այն աշխատակիցը, ով իր պաշտոնեական պարտականությունները կատարում է պահակակետում:

64. Ժամապահը ռազմականացված ստորաբաժանման զինված աշխատակիցն է, ով ընդգրկված է պահակախմբի կազմում և կատարում է իր պաշտոնեական պարտականություններն իրեն հանձնարարված պահակակետում:

65. Համապատասխան պետերը պարտավոր են`

1) մշտապես հոգ տանել օբյեկտների պահպանության ու պաշտպանության կազմակերպման, կատարելագործման համար` ներդնելով պահպանության ու պաշտպանության տեխնիկական միջոցներ, կիրառելով ծառայողական շներ.

2) ստեղծել գերատեսչական պահպանության ծառայության համար անվտանգ պայմաններ.

3) ամրապնդել գերատեսչական պահպանության ստորաբաժանումների աշխատակիցների բարոյահոգեբանական վիճակն ու աշխատանքային կարգապահությունը.

4) հսկողություն սահմանել զենքի ու զինամթերքի, պահպանության տեխնիկական, կապի միջոցների պահպանության և խնայողության, դրանք սարքին և կիրառման համար պատրաստ վիճակում պահելու նկատմամբ:

66. Յուրաքանչյուր պահակախմբի համար կազմվում է պահակախմբի մարտական հաշվարկ, պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետերի ցուցակ, պահակապետին տրվող հրահանգ: Փոխարինող պահակախմբերի համար կազմվում են նաև տագնապ հայտարարելու դեպքին վերաբերող փաստաթղթեր, իսկ պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) ունեցող պահակախմբերի համար` օգնականի (օպերատորի) հրահանգ:

67. Պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշվում են պահակակետերի և արգելագոտիների սահմանները, արգելված սահմանները, ցանկապատի տեսակը, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները, հերթափոխի` պահակակետեր գնալու երթուղիները և տրանսպորտային միջոցներով պարեկների երթուղիները, ժամապահների և հսկիչ-պահպանության խմբերի երթուղիները ցերեկվա և գիշերվա ժամերին, խրամատների, դիտաշտարակների, կապի և հրդեհամարման միջոցների, հերթապահ շների պահակակետերի տեղերը, պահակակետերի առավել վտանգավոր մատույցները:

68. Պահակակետերի ցուցակում նշվում են յուրաքանչյուր պահակակետում պահպանության ենթակա օբյեկտները, ժամապահի հատուկ պարտականությունները` հաշվի առնելով պահակակետում ծառայության կոնկրետ պայմանները, կապի միջոցներով զեկուցելու ժամկետները, ժամապահի` դիտաշտարակից թույլատրելի դիտարկման ժամանակամիջոցը, այն հեռավորությունը, որտեղից ժամապահին արգելվում է կողմնակի անձանց թույլ տալ մոտենալու պահակակետին, ժամապահի գործողությունները հարևան պահակակետերի վրա հարձակվելու դեպքերում և հրդեհի ժամանակ, ժամապահի` զենքը կիրառելու թույլատրելի դեպքերը: Պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված պահակակետերի համար նշվում են յուրաքանչյուր պահակակետի տեխնիկական միջոցի տեսակը և մակնիշը, դրանց գործելու առանձնահատկությունները, հսկիչ-պահպանության խմբի կողմից պահակակետը ստուգելու և զենքը կիրառելու կարգը:

69. Պահակապետին տրվող հրահանգում նշվում են պահակախմբի խնդիրները, հանձնարարված օբյեկտների պահպանության և պաշտպանության համար պահակապետի հատուկ պարտականությունները, պահակախմբի պաշտոնատար անձանց գործողությունները օբյեկտները` ներառյալ տեխնիկական միջոցներով սարքավորվածները, ընդունելու և հանձնելու ժամանակ հսկիչ-պահպանության խմբերի կողմից դրանք ստուգելու գրաֆիկը և կարգը, գիշերը և վատ տեսանելիության պայմաններում օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու միջոցառումները, պահակախմբի գործողությունների վերաբերյալ` պահպանվող օբյեկտների, ժամապահների կամ պահակակետերի վրա հարձակվելու, պահպանության տեխնիկական միջոցների գործելու և շարքից դուրս գալու, հրդեհի, տարերային աղետների և տագնապի ազդանշանների դեպքում, հեռուստացույց դիտելու ժամանակը, պահակապետի, նրա օգնականի, օպերատորի հանգստի ժամը, անձնակազմի հավաքվելու վայրը «Ի զե՛ն» հրամանի դեպքում, ինչպես նաև զենքը պահպանելու և զինամթերքի արկղերը բացելու կարգի մասին ցուցումներ:

70. Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը կազմված են համապատասխան պետի կողմից հաստատված հրահանգից (պահպանվող օբյեկտներն ընդունելու և հանձնելու կարգի, սարքավորումների վերահսկողությունն իրականացնելու, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի աշխատելու կամ միանալու ժամանակ ձեռնարկվելիք գործողությունների առանձնահատկությունների մասին ցուցումներից), պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտների ցուցակից (պահակակետի համարը, օբյեկտի անվանումը, պահպանությունն ընդունելու և հանձնելու ժամանակը, տեղադրված միջոցների տեխնիկական վիճակը, դրանք ստուգելու ժամանակը և վիճակի մասին նշումները, պահպանության տեխնիկական միջոցները հանկարծակի գործելու ժամանակն ու տեղը և ձեռնարկված միջոցները) և տեղադրված պահպանության համակարգի շահագործման հրահանգից:

71. Սույն Կարգի 70-րդ կետում նշված փաստաթղթերը հաստատում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը:

72. Պահակախումբը պահակապետի որոշմամբ իրեն առաջադրված խնդիրները կատարում է 24 ժամից ոչ ավելի` անկախ այն բանից, թե որքան ժամանակ է պահակախմբի կազմում ընդգրկված աշխատակիցը գտնվում պահակակետում և որքան` պահակատանը: Պահակախմբի փոխարինման և հերթափոխի համար ծախսված ժամանակը փոխհատուցվում է սնվելու (նախաճաշ, ճաշ, ընթրիք) համար հատկացված ժամանակով:

73. Գերատեսչական պահպանության աշխատակիցը կարող է ընդգրկվել պահակախմբի կազմում ծառայությունն ավարտելուց հետո 24 ժամից ոչ շուտ` 12-ժամյա գրաֆիկի դեպքում և 48 ժամ հետո միայն` 24-ժամյա գրաֆիկի դեպքում, ընդ որում` պարտականությունների կատարման համար ծախսված ժամանակը, որպես կանոն, չպետք է գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի տևողությունը:

74. Պահակախմբերի կազմում ծառայության ընդգրկվող անձնակազմի համար պետք է վարվի աշխատանքային ժամանակի գումարային հաշվառում:

75. Պահակախմբերի վերակարգը նշանակվում է պահակախմբերի կարգացուցակի համաձայն:

76. Պահակախմբերի կարգացուցակը կազմում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի սահմանած պաշտոնատար անձը` հաշվի առնելով դրանց կարևորությունը, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորվածությունը, ցանկապատը և որքան հնարավոր է ավելի քիչ ժամապահներով պահպանության ապահովումը:

77. Պահակախմբերի կարգացուցակը հաստատում է անմիջական պետը:

78. Պահակախմբի կազմում կարող են նշանակվել` պահակապետ, պահակապետի օգնական, պահակայիններ` ըստ պահակակետերի և հերթափոխների, պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) կամ օպերատորների հերթափոխ (2-3 մարդ, որոնցից մեկը կարող է նշանակվել պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնական), պահակապետի օգնական` պահակային շների ծառայության գծով (կինոլոգներից) և տրանսպորտային միջոցի վարորդ:

79. Արգելվում է պահակախմբում նշանակել գերատեսչական պահպանության այն աշխատակիցներին`

1) որոնց նկատմամբ ծառայողական քննություն, հետաքննություն կամ նախաքննություն է կատարվում.

2) որոնք տվյալ պահին ունեն առողջական խնդիրներ.

3) որոնք փոխարինման են ներկայացել անսթափ վիճակում:

80. Պահակախմբի անձնակազմը պետք է լինի պահակային համազգեստով, սարքին և մարտի պատրաստ զենքով զինված, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ապահովված լինի շարժական կապի միջոցով, հեռադիտակով:

81. Հսկիչ-անցագրային կետերի ժամապահները կարող են զինվել ատրճանակներով:

82. Պահակային համազգեստում ներառվում են` դաշտային ձմեռային բաճկոնը, տաբատը, ճտքավոր կոշիկները, գլխարկը, կաշեգոտին և պահեստատուփի (պահունակների) պայուսակը:

83. Ձմռանը որպես պահակակետի հագուստ է օգտագործվում քուրքը, կաճյակը, ամռանը` գլխանոցով թիկնոցը կամ թիկնոցավրանը և անջրանցիկ կոշիկը:

84. Պահակակետի հագուստը քուրքից բացի` բաղկացած է յուրաքանչյուր պահակակետի համար երկուական լրակազմից, որոնցից մեկը պահակատանն է պահվում, իսկ մյուսը` պահակակետում: Բացի այդ, պահակատանը պետք է լինեն թիկնոցներ կամ թիկնոցավրաններ և հատուկ անջրանցիկ կոշիկներ` պահակապետի, նրա օգնականների համար:

85. Նախարարի կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի հանձնարարությամբ ժամապահները կարող են ծառայության ժամանակ կրել զրահաբաճկոններ և պողպատե սաղավարտներ:

86. Պահակախմբերը պետք է հերթափոխման վայր ներկայանան դաշտային ձմեռային բաճկոններով: Շոգ ժամանակ օբյեկտի պետի ցուցումով պահակախմբերը կարող են հերթափոխման գալ առանց դաշտային ձմեռային բաճկոնի:

87. Դաշտային ձմեռային բաճկոն հագնելու կարգը կարող է փոխվել փոխարինման ժամին` օբյեկտի հերթապահի, իսկ հերթափոխումից հետո` պահակապետի կողմից:

88. Ամռանը սառը քամու և անձրևի պայմաններում հերթափոխները պահակակետեր են մեկնում դաշտային ձմեռային բաճկոնով: Ստվերում օդի ջերմաստիճանը +150 և բարձր լինելու դեպքում հերթափոխներին թույլատրվում է դաշտային ձմեռային բաճկոնը թողնել պահակատան կախիչներին:

89. Անձրևոտ եղանակին հերթափոխները պահակակետեր են մեկնում թիկնոցներով (թիկնոցավրաններով) և անջրանցիկ կոշիկներով: Ժամապահները թիկնոցները (թիկնոցավրանները) պահակակետում հանում են (հագնում են) ըստ անհրաժեշտության` ինքնուրույն:

90. Քուրքը հագնում և հանում են միայն պահակակետի հերթափոխի ժամանակ: Կաճյակները հագնում են պահակատանը:

91. Քուրքերը և կաճյակները թույլատրվում է հագնել միայն օդի ջերմաստիճանը -50 և ցածր լինելու, ինչպես նաև սառը քամու դեպքում: Քուրքը հագնում են դաշտային ձմեռային բաճկոնի վրայից:

92. Հանված քուրքերը և թիկնոցները (թիկնոցավրանները) կախվում են պահակակետի ծածկասնկի տակ կամ դիտաշտարակում:

93. Պահակակետից վերադառնալուց հետո թիկնոցները (թիկնոցավրանները) և կաճյակները հանվում են ու չորացվում:

94. Օդի ջերմաստիճանը +180 և բարձր լինելու դեպքում տաքացվող շենքերի ժամապահները մշտապես պետք է լինեն առանց դաշտային ձմեռային բաճկոնի:

95. Ռազմականացված ստորաբաժանման զենքն ու զինամթերքը պահվում են պահակատանը (եթե օբյեկտի պետն այդ նպատակով առանձին հսկվող, պահպանվող տեղ չի նախատեսում), առանձին հատուկ կահավորված զենքի պահասենյակում կամ զենքի ու զինամթերքի հուսալի պահպանությունն ապահովող մետաղյա կողպվող զինաբուրգերում և գրանցվում պահակատանը եղած սարքավորումների ու գույքի գույքացուցակում:

96. Զենքի պահասենյակի զինաբուրգերը, ատրճանակների և զինամթերքի մետաղյա պահարանները (արկղերը), ստորաբաժանման զինամթերքով արկղերը կողպվում և կնքվում են պահպանության ստորաբաժանման պետի (օբյեկտի պետի հրամանով նշանակված անձի) կողմից:

97. Զենքի պահասենյակը (դուռը) կողպվում է երկու կողպեքով ու կնիքով` ստորաբաժանման պետի ու պահակապետի կողմից:

98. Հսկիչ-անցագրային կետերի պահակների (հսկիչ-անցագրային կետերի հսկիչների) ատրճանակները լիցքավորված վիճակում պահվում են պատյաններում, կողպեքով փակված և պահակապետի կնիքով կնքված չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում (արկղերում):

99. Գերատեսչական պահպանության ստորաբաժանման զենքի պահասենյակի, մարտական փամփուշտների պաշարով, հսկիչ-անցագրային կետերի պահակների (հսկիչների) ատրճանակներով արկղերի բանալիները պահվում են առանձին, կնքվող փողակներում (տուբուսներով), պահակապետի կնիքով կնքված մետաղյա պահարանում:

100. Արգելվում է զենքի ու զինամթերքի պահպանության սենյակի, զինաբուրգերի և ատրճանակներով ու զինամթերքով մետաղյա պահարանների (արկղերի) բանալիները տալ այլ անձի:

101. Պահեստային բանալիները պահվում են օբյեկտի գաղտնի մասում, կնքված փողակում, բանալիով փակվող մետաղյա արկղում (արկղիկում):

102. Զենքի պահպանության սենյակի կամ զինաբուրգերի ու ատրճանակների (զինամթերքի) արկղերի բանալիներից որևէ մեկի կորստի դեպքում համապատասխան փականը (կողպեքը) պետք է անմիջապես փոխել:

103. Ռազմականացված պահպանության կազմակերպման համար երկուսից ավելի պահակակետեր ունեցող պահակախմբերի համար անհրաժեշտ է ունենալ տիպային պահակատուն, իսկ մինչև երկու պահակակետ ունեցող պահակախմբերի համար ստորաբաժանման տեղակայման վայրի շինություններից մեկում ստեղծել համապատասխան պայմաններ:

104. Պահակախմբի նոր հերթափոխի համար զենք ու զինամթերք է ստանում նոր պահակախմբի պետը (նրան օգնում է օգնականը, որպեսզի անձնակազմը զենքի պահասենյակ չմտնի)` զենքի ու զինամթերքի տրման մատյանում ստորագրելով, դրանք պահակախմբի անձնակազմին է տալիս բաշխման ցուցակով` նշելով ամսաթիվը, ժամը, զենքի տեսակը, համարանիշը (սերիան) և համարը, զինամթերքի անվանումն ու քանակը` զենք ու զինամթերք ստացողի անձնական ստորագրությամբ:

105. Պահակայինները պահակակետ մեկնելուց առաջ (պահակակետից վերադառնալուց հետո) զինաբուրգերից վերցնում են զենքը (զենքը տեղադրում են զինաբուրգ), իսկ հրացանների (կարաբինի) համար զինամթերքը ստանում են պահակապետից կամ նրա օգնականից:

106. Պահակախումբը մարտական փամփուշտներով ապահովվում է` յուրաքանչյուր ինքնաձիգի և ատրճանակի համար` երկուական լիցքավորված պահեստատուփով, յուրաքանչյուր կարաբինի համար` պահունակներում 30-ական փամփուշտ հաշվարկով:

107. Նախարարի հրամանով պահակատանը ստեղծվում է մարտական փամփուշտների պաշար` յուրաքանչյուր ավտոմատի կամ կարաբինի համար 150-ական փամփուշտ, ատրճանակի համար 16-ական փամփուշտ հաշվարկով, որոնք պահվում են հերմետիկ տուփերով մետաղյա (ցինկե) արկղերի մեջ` պահակապետի սենյակում:

108. Պահակատանը պահվող միևնույն անվանակարգի փամփուշտները պետք է արտադրված լինեն նույն գործարանում և նույն տարում:

109. Մարտական փամփուշտների արկղը փակվում է կողպեքով, կնքվում է օբյեկտի շտաբի պետի (նրա պարտականությունները կատարող անձի կամ հաստիք նախատեսված չլինելու դեպքում` հաստիքային տեղակալի, ինժեների) անձնական համարային մետաղյա կնիքով և ընդգրկվում պահակապետի սենյակի գույքացուցակում:

110. Զինամթերքի արկղերի բանալիները և կնիքների ծեփապատճենները պահվում են պահակապետի մոտ` չհրկիզվող պահարանում:

111. Կնիքով կնքված զինամթերքի պաշարով արկղի պահեստային բանալին պահվում է ստորաբաժանման պետի մոտ:

112. Մարտական փամփուշտների պաշարը հաշվառվում է պահակախմբի մարտական փամփուշտների պաշարի հաշվառման մատյանում, որը պահվում է զինամթերքի հետ, նույն արկղում: Արկղում պետք է լինեն նաև զինամթերքը վերցնելու (դնելու) ակտը և չլրացված ձևաթուղթը, ինչպես նաև բացիչ` ցինկե տուփերը բացելու համար:

113. Պահակախմբերի հերթափոխի ժամանակ նոր պահակապետը պարտավոր է գերատեսչական պահպանության ստորաբաժանման զենքի պահասենյակը, եթե զենքի պահասենյակը գտնվում է պահակատանը, ընդունել ի պահ:

114. Արգելվում է զենքը պաշտոնեական պարտականությունների կատարման և պարապմունքների անցկացման հետ կապ չունեցող դեպքերում դուրս բերել օբյեկտի սահմաններից:

115. Ռազմականացված պահպանության ստորաբաժանման զենքի ու զինամթերքի առկայությունը և վիճակը ստուգվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

116. Զենքը լիցքավորվում է պահակակետեր գնալուց (մեկնելուց) առաջ, ինչպես նաև պահակախմբերը ստուգող անձանց ուղեկցելու համար:

117. Զենքը լիցքավորվում և լիցքաթափվում է պահակապետի կամ նրա օգնականի անմիջական հսկողությամբ, պահակատան մոտ հատուկ սարքավորված, լուսավոր գնդակորսիչ հարմարանք ունեցող տեղում, իսկ հերթափոխի համար մեքենաներով պահակակետեր ուղևորվելիս` պահակապետին տրված հրահանգում նշվող տեղերում, որոնք անհրաժեշտության դեպքում նույնպես պետք է սարքավորված լինեն գնդակորսիչ հարմարանքներով: Լիցքավորելիս և լիցքաթափելիս զենքի փողը պետք է ուղղված լինի վերև (45-600 անկյան տակ) և շրջակա բնակելի շենքերից ու պահպանվող օբյեկտներից հեռու: Եթե պահակատան մոտակայքում ու շրջապատում բնակելի և ծառայողական շենքեր կան, զենքի լիցքավորումը և լիցքաթափումը կարող է կատարվել պահակատանը, գնդակորսիչ հարմարանքով սարքավորված հատուկ տեղում: Զենքի լիցքաթափումը և զննումը կատարվում է պահակատուն վերադառնալուն պես` սահմանված տեղում:

118. Ատրճանակները լիցքավորվում են փամփուշտները ստանալուց հետո, իսկ լիցքաթափվում են պահակախմբի հերթափոխից հետո:

119. Ավտոմատը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով: Լիցքավորելուց առաջ ավտոմատը ստուգվում է (այդ ժամանակ հրահանը իջեցվում է) և դրվում պահպանակին: Պահեստատուփը միացնելուց հետո փակաղակի շրջանակը հետ չի տարվում:

120. Հրացանը (կարաբինը) լիցքավորվում է լրիվ լիցքավորված պահեստատուփով: Հրացանը (կարաբինը) լիցքավորելուց հետո փակաղակը դանդաղ փակվում է (ընդ որում, փամփուշտը փամփշտանոց չի մտցվում), պահպանակը հանվում է, հրահանը` իջեցվում և հրացանը (կարաբինը) դրվում է պահպանակին:

121. Ատրճանակը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով, լիցքավորելիս փակաղակը հետ չի տարվում: Լիցքավորելուց առաջ ատրճանակը դրվում է պահպանակին:

122. Օբյեկտների անմիջական պահպանության և պաշտպանության համար պահակախմբի կազմից կարգվում են ժամապահներ: Ժամապահներն օբյեկտների պահպանությունն իրականացնում են օբյեկտի արտաքին և ներքին ցանկապատերի միջև պարեկություն կատարելով, կամ ցանկապատի ներքին կողմի երկայնքով, եթե օբյեկտն ունի մեկ ցանկապատ, ինչպես նաև դիտաշտարակից դիտարկելով: Առանձին օբյեկտներ կարող են պահպանվել անշարժ ժամապահների միջոցով:

123. Ժամապահները շարժման երթուղիներով անցնում են ոտքով այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ապահովել օբյեկտի հուսալի պահպանությունը, կարճատև կանգառների ժամանակ զննում են տեղանքն ու ցանկապատերը և ծառայության կատարման մասին սահմանված ժամին կապի միջոցներով զեկուցում են պահակապետին:

124. Լավ տեսանելիության ժամանակ, եթե թույլ են տալիս տեղանքի պայմանները, ժամապահները կարող են օբյեկտը և դրա մատույցները դիտարկել դիտաշտարակներից:

125. Օբյեկտների պահպանությունը պարեկության եղանակով կազմակերպելիս, օբյեկտի ցանկապատից և տեղանքի պայմաններից ելնելով, ժամապահին որոշակի ժամանակահատվածում տվյալ օբյեկտի պահպանության և պաշտպանության համար հատկացվում է տեղամաս, ցերեկը` մինչև 2 կմ, գիշերը` մինչև 1 կմ, իսկ տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու համար ցերեկը` մինչև 3 կմ, գիշերը` մինչև 2 կմ: Վատ եղանակին (ուժեղ մառախուղ, անձրև, ձյուն) օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու համար օբյեկտի պետի հրամանով կարող են նշանակվել տրանսպորտային միջոցներով լրացուցիչ պահակայիններ: Լրացուցիչ պահակայինների ծառայության կատարման կարգը տվյալ դեպքում որոշում է օբյեկտի պետը:

126. Ժամապահներին օգնելու նպատակով յուրաքանչյուր պահակախմբում արթուն և հանգստացող պահակայինների հերթափոխերից կազմվում են պահեստային խմբեր, որոնք պահակախումբն «Ի զեն» կանչելու հրամանով պահակապետի կամ նրա օգնականի ղեկավարությամբ գործում են իրադրությունից ելնելով (ըստ մարտական հաշվարկի):

127. Ժամապահը փոխվում է երկու ժամը մեկ անգամ, կենտ կամ զույգ ժամերին` ինչի մասին նշվում է պահակակետերի տեղեկագրում:

128. Ժամապահի` պահակակետում մնալու ժամանակի տևողությունն առանձնահատուկ դեպքերում սահմանում է օբյեկտի պետը, սակայն այն չպետք է գերազանցի չորս ժամը և ինչի մասին պարտադիր պետք է արձակվի գրավոր հրաման` նշելով առանձնահատկությունը, ժամանակի տևողությունը:

129. Օդի ջերմաստիճանի -200 և ցածր լինելու դեպքում, իսկ քամու և սառնամանիքի ժամանակ չտաքացվող շենքերում արտաքին, ինչպես նաև ներքին պահակակետերի ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ անգամ: Օդի ջերմաստիճանը ստվերում +300 և ավելի լինելու ժամանակ ժամապահների հերթափոխը նույնպես կատարվում է ժամը մեկ անգամ: Նման դեպքերում ժամապահների հերթափոխի մասին ցուցում է տալիս օբյեկտի հերթապահը: Եթե ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ անգամ, ապա պահակապետը պահակակետերի տեղեկագրում նշում է, որ ժամապահները հերթափոխում են այսինչ ժամից սկսած` ժամը մեկ, իսկ այսինչ ժամից` երկու ժամը մեկ անգամ:

130. Պահակատան մուտքի մոտ ժամապահներ չեն կարգվում:

 

IV. ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ, ՀԵՐԹԱՓՈԽԸ ԵՎ ԺԱՄԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ

 

131. Պահակախմբի նախապատրաստումը կազմակերպում է ռազմականացված ստորաբաժանման պետը և իրականացնում անձամբ կամ իր տեղակալի (հաստիքային պահակապետի) միջոցով` օբյեկտի առանձնահատկությունից ելնելով անհրաժեշտ քանակությամբ ուսումնական տեղերով կահավորված պահակային ավանում կամ հրահանգավորման համար հատուկ սարքավորված տեղում: Նախապատրաստման համար ժամանակը սահմանում է օբյեկտի պետը, այն չպետք է գերազանցի 20 րոպեն:

132. Փոխարինումից 10 րոպե առաջ պահակախումբը պետք է պատրաստ լինի ծառայության և ընդունված պահակապետի ենթակայության ներքո: Այդ ընթացքում պահակապետը պարտավոր է`

1) մարտական փամփուշտները բաշխել անձնակազմին` բաշխման ցուցակի համաձայն, ստորագրությամբ, ստուգել պահեստատուփերի (պահունակների) լիցքավորման ճշտությունը.

2) ստուգել պահակախմբի անձնակազմը` ըստ պահակակետերի տեղեկագրի.

3) զննել զենքը.

4) ստուգել պահակախմբի անձնակազմի արտաքին տեսքը, հագուստը և հանդերձանքը.

5) ստորաբաժանման պետին (օբյեկտի հերթապահին) զեկուցել պահակախմբի պատրաստ լինելու մասին:

133. Պահակախումբը պահակային ավանից (հրահանգավորման համար հատուկ սարքավորված տեղ) դուրս է գալիս չլիցքավորված զենքով, պահեստատուփերը (պահունակները) պայուսակներում դրած (բացի ատրճանակներով զինված աշխատակիցներից) և պարտավոր է փոխարինման վայր ներկայանալ սահմանված ժամից ոչ ուշ, քան 5 րոպե առաջ:

134. Պահակախմբի փոխարինման նպատակն է ստուգել ծառայությունը կատարելու պահակախմբի պատրաստվածությունը, սահմանած նշանաբառով նոր պահակախմբին իրավունք վերապահել հերթափոխել հին պահակախմբերին:

135. Փոխարինման վայրն ու ժամը որոշում է ստորաբաժանման պետը, ընդ որում` այն 200 մ-ից չպետք է հեռու լինի պահակատնից:

136. Փոխարինումը կատարում է գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը: Փոխարինման համար անհրաժեշտ ժամանակը, որը չպետք է գերազանցի 15 րոպեն, սահմանում է ստորաբաժանման պետը:

137. Փոխարինումից հետո պահակախումբը գալիս է այն վայր, որտեղ հերթափոխվող պահակախումբն է տեղակայված: Պահակապետը պահպանվող օբյեկտի տարածքի մուտքի կամ պահակատան առջև, պահակապետի հրահանգում նշված հեռավորության վրա, կանգնեցնում է պահակախումբը, ներկայանում հերթափոխվող պահակախմբի պետին և հայտնում է հին նշանաբառը (նշանաբառը գրավոր փոխանցվում է նոր պահակապետին` օբյեկտի հերթապահի (կամ գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը) կողմից փոխարինման ժամանակ): Մուտքի թույլտվություն ստանալուց հետո պահակապետն իր պահակախումբը շարում է պահակատան առջևի հրապարակում` դեմքով դեպի պահակատունը:

138. Փոխարինվող պահակապետը, համոզվելով, որ իրեն ներկայացված նշանաբառը ճիշտ է, դուրս է բերում իր պահակախումբը պահակատնից, այնտեղ թողնելով իր օգնականին, և պահակախումբը շարում է հրապարակում, փոխարինող պահակախմբի դիմաց` վեց-ութ քայլ առաջ (եթե տարածքը բավարարում է): Շարելուց հետո պահակապետերը, փոխարինող պահակապետից սկսած, հերթով տալիս են հրամաններ` «Պահակախումբ, ՀԱՎՍԱՐ», «ԶԳԱ՛ՍՏ»: Պահակապետերը հրամաններ արձակելով, ձեռքները գլխարկին մոտեցրած, գալիս են իրար հանդիման, միմյանց երկու-երեք քայլի վրա կանգ առնում և զեկուցում (առաջինը զեկուցում է նոր պահակապետը), օրինակ` «Պարո՛ն պահակապետ, փոխարինող պահակախումբը ներկայացել է հերթափոխի: Պահակապետ` Գրիգորյան», «Պարո՛ն պահակապետ, փոխարինվող պահակախումբը պատրաստ է հերթափոխի: Պահակապետ` Ղազարյան»: Զեկուցելուց հետո հրամայում են` «ԱԶԱՏ»:

139. Փոխարինող պահակապետն իր խումբը տանում է պահակատուն, իսկ փոխարինվողը` հրահանգում նշված տեղը, հրամայելով զենքերը զինաբուրգ դնել, առավել պատրաստվածներից մեկին իր փոխարեն թողնում է ավագ և մտնում պահակատուն:

140. Օդի ջերմաստիճանը -150-ից ցածր լինելու դեպքում, ինչպես նաև անձրևոտ և ցուրտ եղանակին ու մինչև ութ մարդ ունեցող պահակախմբերում փոխարինող պահակապետը փոխարինվողին ներկայանալուց և հին նշանաբառը նրան հայտնելուց հետո իր խումբը պահակատուն է տանում հերթափոխի, պահակախմբերի հերթափոխը կատարվում է պահակատանը` առանց սույն կետում շարադրված կանոնները պահպանելու, սակայն պահպանելով զենքի հետ վարվելու անվտանգության սահմանված կանոնները:

141. Ընդունող պահակախմբի անձնակազմը պահակատուն մտնելով, զենքը դնում է զինաբուրգում, որից հետո փոխարինվող և փոխարինող պահակապետերն իրենց օգնականներին հրամայում են հանձնել և ընդունել պահակատունը: Հանձնող պահակապետի օգնականը հանձնում, իսկ ընդունողի օգնականն ըստ ցուցակի ընդունում է պահակատունը, նրանում եղած սարքավորումները և գույքը: Պահակապետի օգնական չլինելու դեպքում պահակատան, սարքավորման և գույքի հանձնումը և ընդունումը կատարում է պահակապետը: Հանձնող պահակապետն ընդունողին տեղեկացնում է հանձնող պահակախմբի անձնակազմի ստացած բոլոր դիտողությունների ու ցուցումների մասին:

142. Կնիքների ծեփապատճեններն ընդունելուց հետո փոխարինող պահակապետը հրամայում է` «Առաջին հերթափոխ` ՇԱՐՎԻ՛Ր»: Այս հրամանով առաջին հերթափոխի պահակայինները վերցնում են զենքերը և շարվում մեկ տողանով` աջից ձախ` պահակակետերի հերթականությամբ:

143. Փոխարինող պահակապետը պահակայիններին հիշեցնում է յուրաքանչյուր պահակակետում ծառայության անցկացման առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով զենքի գործադրման կարգին, դուրս է բերում հերթափոխը պահակատնից և զենքի լիցքավորման հրապարակում շարելով` հրամայում. «Հերթափոխ, աջից մեկական` ԼԻՑՔԱՎՈՐԻ՛Ր»:

144. Սույն Կարգի 143-րդ կետում նշված հրամանով աջթևային պահակայինը մեկ քայլ առաջ է գալիս, ամրացնում է սվինը և լիցքավորում զենքը, իսկ պահակապետը ստուգում է զենքի լիցքավորման ճշտությունը: Զենքը լիցքավորելուց հետո պահակայինը զեկուցում է. «Զենքը լիցքավորված է և դրված պահպանակին», ինքնուրույն կանգնում է «Փոկին-Ա՛Ռ» դիրքով և մեկ քայլ հետ է կատարում: Նույնպիսի հաջորդականությամբ զենքը հերթով լիցքավորում են նաև մյուսները (առաջին հերթին պահակապետը` առաջին հերթափոխը կատարելիս):

145. Փոխարինող պահակապետը հրամայում է. «Հերթափոխ, իմ հետևից, ՄԱ՛ՐՇ», և հերթափոխն առաջնորդում է դեպի պահակակետեր:

146. Պահակատնից առաջին հերթափոխը հեռանալուց հետո պահակապետի օգնականը կատարում է պահեստային խմբերի մարտական հաշվարկ, խնդիրներ առաջադրում պահպանվող օբյեկտների կամ պահակատան վրա հարձակումը կանխելու և հրդեհը մարելու դեպքերի համար (հաստիքային տեղակալ չունեցող պահակախմբերում մարտական հաշվարկը կատարում է պահակապետը` նախքան հերթափոխը տանելը):

147. Դեպի պահակակետեր և պահակակետերից պահակատուն հերթափոխների շարժը կատարվում է մի շարասյունով: Պահակապետը գնում է շարասյան առջևից: Հանձնող պահակախմբի պահակապետը հետևում է ընդունող պահակախմբի պահակապետին` ձախ կողքից: Բոլոր հրամանները տալիս է ընդունող պահակախմբի պահակապետը:

148. Պահակախմբի հերթափոխի ընթացքում ընդունող պահակապետը հանձնողի հետ միասին իրականացնում է առաջին հերթափոխը, հանձնող պահակապետի ներկայությամբ շրջում է պահպանվող օբյեկտում և ստուգում լուսավորության, ցանկապատերի դռների (դարպասների) սարքինությունը, պահեստների պատուհանների, վանդակացանցերի և պատերի վիճակը, կողպեքների, էլեկտրալարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը, վերջիններիս համապատասխանությունը ծեփապատճեններին կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ սպառազինության և ռազմական տեխնիկայի) քանակին, ինչպես նաև պահպանության տեխնիկան, կապի, հրդեհի մարելու միջոցների ու պահակային հագուստի առկայությունը և վիճակը, որից հետո պահակատանը ցուցակով ընդունում է փաստաթղթերը, զինամթերքի արկղերը, վերջիններիս կնիքները և բանալիները, պահպանվող օբյեկտները բացելու թույլտվությունները, ինչպես նաև կապի և հրդեհը մարելու միջոցները, ինչի մասին գրառում է պահակակետերի կարգացուցակում:

149. Պահակատուն վերադառնալով և պահակապետի օգնականից զեկույց ընդունելով` պահակապետերը, առաջին հերթին` փոխարինվողը, ստորագրում են հանձնող պահակախմբի պահակակետերի կարգացուցակում, ընդ որում` ընդունող պահակախմբի պետն այդտեղ գրանցում է հերթափոխի ընթացքում հայտնաբերված (նկատված) բոլոր թերությունները:

150. Հերթափոխի մասին պահակապետերը հեռախոսով զեկուցում են ստորաբաժանման պետին կամ անձամբ ներկայանում նրան` զեկուցելու:

151. Բացի պահակախմբերի հերթափոխման առաջին հերթափոխից, որը պարտադիր իրականացնում է պահակապետը, հերթափոխերը պահակակետեր են ուղարկվում ինքնուրույն: Ընդ որում, հերթափոխը պահակակետեր ուղարկելուց առաջ, սահմանված կարգից բացի, պահակապետը պահակայիններին տալիս է հերթափոխի կնիքների ծեփապատճենների նմուշները, հայտնում է անցաթիվը, հերթափոխը դուրս է բերում պահակատնից, զենքը լիցքավորելու հրահանգ է տալիս, անձամբ ստուգում է դրա կատարման ճշտությունը: Հերթափոխումից հետո վերադառնալով պահակատուն` յուրաքանչյուր պահակային պահակապետին կամ նրա օգնականին զեկուցում է պահակակետի հանձնման մասին և պահակապետի կամ նրա օգնականի հսկողությամբ լիցքաթափում է զենքը:

152. Պահակախմբի հերթափոխումից հետո նախորդ պահակախմբի պետը հսկում է անձնակազմի` զենքի ու զինամթերքի հանձնումը, անձնակազմի հետ վերլուծում է անցկացված ծառայությունը և ներկայանում ռազմականացված պահպանության ստորաբաժանման պետին` պահակախմբի հերթափոխի, պահակակետի ցուցակում նշված պահակախմբի ստուգման արդյունքների մասին զեկուցելու և պահակակետերի տեղեկագիրը նրան հանձնելու:

153. Ինքնուրույն հերթափոխվելիս ժամապահը պահակայինի մոտենալու ժամանակ պահանջում է անվանել թվային անցագիրը: Համոզվելով, որ տվյալ անձը ճիշտ է անվանել անցաթիվը, ժամապահը թույլատրում է նրան մոտենալ, ընդ որում` զենքը պետք է լինի «փոկին առ» դիրքում (կարաբինը` «ոտքին առ»):

154. Մոտենալով ժամապահին, պահակայինը ցույց է տալիս (բայց չի հանձնում) գերատեսչական պահպանության աշխատակցի ծառայողական վկայականը:

155. Համոզվելով, որ հերթափոխի` իրեն ներկայացված վկայականն իսկական է, ժամապահը հանձնում է պահակակետը, իսկ պահակայինն ընդունում է այն:

156. Ընդունելով պահակակետը` ժամանած պահակայինը փոխարինվող ժամապահին է փոխանցում կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների դրոշմվածքները)` դառնալով ժամապահ, այնուհետև կապի միջոցներով պահակապետին է զեկուցում պահակությունն ընդունելու և հերթափոխի ժամանակ նկատված թերությունների մասին:

157. Ժամապահը պահակակետը հանձնում է բանավոր, այսինքն` ժամապահը, պահակակետի համարն ասելով, պահակակետն ընդունողին ցուցակով թվարկում է այն ամենը, ինչ ենթակա է պահպանության, ինչպես նաև` դիտարկման հատվածի առանձնահատկությունները, հարևան պահակակետերի ու պահակային շներով պահպանվող տեղամասերը և իրազեկում իր ծառայության ժամանակ պահակակետի շրջակայքում իր նկատածի մասին:

158. Փոխարինման եկած պահակայինը պարտավոր է փոխարինվող ժամապահի հետ շրջանցել պահակակետը և ստուգել լուսավորման, ցանկապատի, դռների (դարպասների) սարքինությունը, խրամատների, պահեստարանների (պահեստների), ճաղավանդակների և պատերի վիճակը, կողպեքների, լարափականների, կնիքների (կապարակնիքների) առկայությունն ու վիճակը և դրանց համապատասխանությունը ծեփապատճեններին (դրոշմվածքներին), ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների, կապի, հրշեջ միջոցների և պահակակետային հագուստի առկայությունն ու վիճակը:

159. Պահակակետի հանձնման և ընդունման ժամանակ ինչ-որ անսարքություն հայտաբերելու դեպքում դրա մասին զեկուցվում է պահակապետին, և մինչև նրա գալը հերթափոխը դադարեցվում է:

160. Վերադառնալով պահակակետից` պահակայինը պահակապետին կամ նրա օգնականին զեկուցում է պահակակետը հանձնելու մասին, որից հետո պահակապետի կամ նրա օգնականի հսկողությամբ լիցքաթափում է զենքը, այն դնում է զինաբուրգի մեջ, իսկ եթե հրացան (կարաբին) է` հանձնում է զինամթերքը:

 

V. ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ի ԶԵ՛Ն» ՀՐԱՄԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ

 

161. Պահակախմբին «Ի զե՛ն» հրամայվում է հետևյալ դեպքերում`

1) պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների հերթափոխի կամ պահակատան վրա հարձակման դեպքում.

2) տագնապ հայտարարվելիս.

3) պահպանվող օբյեկտում կամ պահակատանը հրդեհ առաջանալու կամ արտակարգ իրավիճակի սպառնալիքի դեպքերում.

4) պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի խափանման ժամանակ.

5) պահակախումբը ստուգող անձանց հրամանով:

162. Պահակապետի «պահակախումբ` «Ի զեն (հարձակում պահակատան վրա, հարձակում պահակակետի վրա, հրդեհ պահակատանը, հրդեհ պահակակետում, տարերային աղետ)» հրամանով անձնակազմը գործում է համաձայն մարտական հաշվարկի:

 

VI. ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԲՅԵԿՏԻ, ՊԱՀԱԿԱԿԵՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԻՍԿԻ ԴԵՊՔՈՒՄ

 

163. Պահակախմբի անձնակազմի և ժամապահի` օբյեկտները, պահպանվող պետական և այլ գույքը` ոտնձգություններից պաշտպանելու գործողությունները պետք է լինեն վճռական, նպատակաուղղված` իրենց և գերատեսչական պահպանության այլ աշխատակիցների նկատմամբ անօրինական գործողություններ թույլ չտալուն, հարձակվողներին ձերբակալելուն կամ չեզոքացնելուն:

164. Պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների հերթափոխերի կամ պահակատան վրա հարձակվելու դեպքում պահակապետը «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածով սահմանված կարգով զենք է գործադրում անձամբ կամ պահակախմբի կազմով:

165. Զենքի գործադրումից առաջ պետք է այդ մասին նախազգուշացնել:

166. Ըստ Օրենքի` առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, թռչող սարքերի օգտագործմամբ հարձակվելու ժամանակ:

167. Հարձակման մասին պահակապետն անմիջապես զեկուցում է օբյեկտի հերթապահին և գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետին: Անհրաժեշտության դեպքում պահակապետը բացում է մարտական փամփուշտների, նռնակների և բռնկիչների պահեստային արկղերը: Հետագայում զինամթերքն արկղերից հանելու վերաբերյալ կազմվում է ակտ:

168. Պահակապետի` պահակայինների արթուն հերթափոխի հետ օբյեկտների պաշտպանությունը կազմակերպելու և պահպանությունն ուժեղացնելու նպատակով մեկնելու դեպքում պահակատանը մնում է պահակապետի օգնականը:

169. Երկրորդ պահեստային խումբն ուղարկելու անհրաժեշտության դեպքում պահակապետի օգնականն ընդունված որոշման մասին զեկուցում է օբյեկտի հերթապահին և ուղեկցում մյուս խմբին: Այդ դեպքում պահակատանը մնում է պահակներից մեկը` պահակատունը, զենքն ու զինամթերքը պահպանելու և պաշտպանելու, ինչպես նաև կապ պահպանելու համար:

170. Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող անձինք իրավունք ունեն զենք գործադրել Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

171. Զենքի կիրառման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձին ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն: Զենքի կիրառման հետևանքով վիրավորման կամ մահվան յուրաքանչյուր դեպքի մասին օբյեկտի պետը սահմանված կարգով անմիջապես հայտնում է կայազորի զինվորական դատախազին:

172. Ազդանշանային միջոցների կեղծ ազդարարման դեպքում (երբ տագնապի ազդանշանը հնչել է պահպանության տեխնիկական միջոցների անսարքության հետևանքով) պահակապետն ազդանշանային սարքերի նորոգման կարիք ունեցող տեղամասերում միջոցներ է ձեռնարկում անսարքությունը վերացնելու համար և այդ մասին զեկուցում օբյեկտի հերթապահին ու ստորաբաժանման պետին:

173. Հակաօրինական գործողությունների չենթարկված պահակակետերի ժամապահները, անհրաժեշտության դեպքում, չթուլացնելով զգոնությունը, իրենց օբյեկտների (տեղամասերի) դիտարկումը, օգնում են հարևան պահակակետերի ժամապահներին` պաշտպանելու օբյեկտը և բռնելու (ձերբակալելու) օրինախախտին:

174. Պահպանվող օբյեկտում կամ պահակատանը բռնկված հրդեհի մարումը պահակապետը կազմակերպում է պահակախմբի ուժերով, միաժամանակ ահազանգում «911» ծառայություն, միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար: Կատարվածի մասին անհապաղ զեկուցում է օբյեկտի հերթապահին:

175. Պահպանվող օբյեկտի տարածքում կամ արտաքին և ներքին ցանկապատեր չունեցող օբյեկտում, ինչպես նաև նրա շրջակայքում հրդեհ առաջանալու դեպքում պահակապետը զեկուցում է ստորաբաժանման պետին և գործում վերջինիս ցուցումներով:

176. Պահպանվող օբյեկտում արտակարգ իրավիճակի սպառնալիքի դեպքում պահակապետը զեկուցում է «911» ծառայություն և միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար:

177. Հրդեհի կամ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում պահակապետը ժամապահներին հրամայում է փոխադրվել անվտանգ տեղեր, որտեղից կարելի է շարունակել պահպանվող օբյեկտի վերահսկողությունը, իսկ վտանգն անցնելուց հետո նրանց կարգում է իրենց նախկին տեղերում:

 

VII. ՊԱՀԱԿԱՏԱՆ ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

178. Պահակապետն անարգել թույլատրում է պահակատուն այն անձանց, որոնց ենթակա է պահակախումբը և նրանց ուղեկցողներին: Մյուս անձանց մուտքը նա թույլատրում է ժամանողի անձը փաստաթղթերով պարզելուց և մուտքի թույլտվությունն ստուգելուց հետո: Ժամանողների` պահակատուն գալու մասին զեկուցում է օբյեկտի հերթապահին:

179. Սխալ ձևակերպված փաստաթղթերով անձանց պահակապետը պահում է, նրանց մասին անհապաղ զեկուցում ստորաբաժանման պետին, այնուհետև գործում նրա ցուցումով:

180. Ծառայողական անհրաժեշտությամբ կապի, ազդարարման, լուսավորության, ջեռուցման միջոցների տեղադրմանը (տեղակայմանը), նորոգմանը, ինչպես նաև տնտեսական հարցերի լուծմանն առնչվող գործերով եկած անձինք պահակատուն մուտք են գործում (թողնվում) գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի թույլտվությամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

181. Պահակատուն մտնելու յուրաքանչյուր թույլտվության վերաբերյալ պահակապետը գրառում է պահակակետերի տեղեկագրում: Թույլտվությունը ձևակերպվում է Նախարարի կողմից հաստատված` ՀՀ ԱԻՆ վարչական տարածքներ մուտք գործելու անցագրի տրամադրման ձևով:

182. Պահակախմբի հերթափոխի ժամանակ որևէ մեկին չի թույլատրվում գերատեսչական պահպանության պահակախմբի կողմից պահպանվող օբյեկտներ և պահակատուն մուտք գործել, բացի ստուգելու համար ժամանած անձանցից:

183. Պահակապետը գերատեսչական պահպանության կողմից պահպանվող օբյեկտի մուտքի թույլտվություն տալիս պարտավոր է`

1) ներկայացվող թույլտվությունը համեմատել պահակատանը գտնվող համապատասխան նմուշի հետ և ստուգել անձը հավաստող փաստաթուղթը.

2) համեմատել ժամանողի ազգանվան և պաշտոնի համապատասխանությունը պահակատանը գտնվող ցուցակին.

3) համեմատել ներկայացված կնիքը (կնքված առանձնատիպը) պահակատանը գտնվող ծեփապատճենի (կապարակնիքի դրոշմվածքի) հետ:

184. Օբյեկտի (պահեստի) բացման և փակման թույլտվությունը ձևակերպելու ընթացքում այդ նպատակով ժամանած անձը սպասում է պահակատան նախամուտքում, պահակատան սենյակներ նրան մտնել չի թույլատրվում:

185. Ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնիքը (կնքված առանձնատիպը) ճիշտ լինելու դեպքում պահակապետն անձամբ կամ իր օգնականին հրամայում է ժամանած անձին թույլ տալ օբյեկտը (պահեստը) բացել: Ներկայացված թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:

186. Պահակախմբի հերթափոխումից հետո մեկանգամյա թույլտվությունը հանձնվում է պահակակետերի տեղեկագրի հետ միասին, իսկ մշտական թույլտվությունը ներկայացնողին է վերադարձվում պահպանվող օբյեկտը փակելուց հետո:

187. Պահակապետը թույլատրում է օբյեկտներ (պահեստներ) մտնել այն պահանջների ճիշտ կատարման պայմանով, որոնք նշված են պահակակետերի ցուցակում:

188. Հրավտանգ օբյեկտներ (պահեստներ) թույլատրվում է մտնել հատուկ կոշիկներով, առանց նավթավառների, հրազենի և սառը զենքի, չի թույլատրվում ծխել և բռնկվող պարագաներ օգտագործել, որոնց մասին նույնպես նշվում է պահակակետերի ցուցակում:

189. Օբյեկտը բացելիս և փակելիս պահակապետն այդ մասին գրառում է պահակակետի տեղեկագրում: Օրինակ` «2016 թվականի, հունիսի 12-ին օրը, ժամը 16.30-ին, N 4 թույլտվության համաձայն օբյեկտը (պահեստը) բացվել է (փակվել է), պահպանության տեխնիկական միջոցներն անջատվել են (միացվել են)», և օբյեկտը (պահեստը) բացելու (փակելու) եկած անձի հետ միասին ստորագրում է գրառման տակ:

190. Եթե որևէ օբյեկտ (պահեստ) մինչև պահակախմբերի հերթափոխը պահպանության չի հանձնվել, այդ մասին ևս պահակակետերի նոր տեղեկագրում կատարվում է գրառում, որի տակ ստորագրում են հանձնող և ընդունող պահակապետերը, իսկ թույլտվությունը հանձնվում է ընդունող պահակապետին:

191. Պահակապետը պահպանվող օբյեկտ (պահեստ), պահակատուն չի թողնում մտնել այն անձին`

1) ով ժամանել է թույլտվության մեջ նշված ժամկետին չհամապատասխանող ժամանակ կամ առանց անձը հաստատող փաստաթղթերի.

2) ով ժամանել է ցուցակում կամ թույլտվությունում նշված անձի փոխարեն.

3) որի թույլտվությունը կամ անձը հաստատող փաստաթուղթը սխալ է ձևակերպված, ինչպես նաև կնիքը ծեփապատճենին (կնքված առանձնատիպը կապարակնիքի դրոշմվածքին) կամ թույլտվությունը նմուշին չեն համապատասխանում:

192. Սույն կարգի 191-րդ կետում թվարկված դեպքերում պահակապետը զեկուցում է ստորաբաժանման պետին, գործում նրա ցուցումով, այնուհետև այդ մասին գրառում է պահակակետերի տեղեկագրում:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
04.07.2016
N 699-Ն
Հրաման