Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 227-ՐԴ, 247...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 227-ՐԴ, 247-ՐԴ, 504-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/1251/05/14

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1251/05/14

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աննա Ավետիսյանի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ Աննա Ավետիսյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Կադաստրին որոշակի գործողություններ կատարելուն, այն է` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 բնակարանի և թիվ 81 ձեղնահարկի գույքային իրավունքների սահմանափակումները վերացնելուն, պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Ավետիսյանը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարելու որոշակի գործողություններ, այն է` վերացնել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 բնակարանի և թիվ 81 ձեղնահարկի գույքային իրավունքների սահմանափակումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.09.2015 թվականի որոշմամբ Աննա Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.03.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Ավետիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ, 247-րդ, 504-րդ, 505-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ, 229-րդ, 244-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 67-րդ, 68-րդ, 124-րդ և 126-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը վճռի պատճառաբանական մասում չի նշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, իսկ վճռի պատճառաբանական մասում նշված գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը շարադրելիս եզրահանգումներ չի կատարել յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և չի գնահատել տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, ինչի արդյունքում հանգել է չպատճառաբանված եզրահանգումների, որոնք էլ ազդել են գործի ելքի վրա:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 35-րդ հոդվածները, չի հիմնավորել դրանց կիրառելիությունը վիճելի իրավահարաբերության նկատմամբ:

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Աննա Ավետիսյանը Կադաստր է ներկայացրել դիմում Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 բնակարանի և թիվ 81 ձեղնահարկի նկատմամբ գրանցված գրավի իրավունքը` որպես նշված անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սահմանափակում, վերացնելու մասին: Այդ դիմումի հիմքում դրված է այն փաստական հանգամանքը, որ անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերով սահմանված ժամկետներում և չափով գնորդներն ամբողջությամբ վճարել են այդ պայմանագրերի գինը, այսինքն` ամբողջությամբ կատարել են գույքի դիմաց վճարում կատարելու իրենց պարտավորությունը: Հետևաբար օրենքի ուժով Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 բնակարանի և թիվ 81 ձեղնահարկի նկատմամբ վաճառողների ունեցած գրավի իրավունքի գրանցումը ենթակա է վերացման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 25.02.2013 թվականի թիվ 514 անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի համաձայն` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 հասցեում գտնվող բնակարանն Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի կողմից օտարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Աննա և Սամվել Ավետիսյաններին, որոնք վճարել են պայմանագրի գնի մի մասը և պարտավորվել են վճարել պայմանագրի գնի մյուս մասը Հովհաննես Սարգսյանի անվամբ բացված բանկային հաշվեհամարին` կատարելով ամսական վճարումներ: Ի ապահովումն բնակարանի համար վճարելու Աննա և Սամվել Ավետիսյանների պարտավորության կատարման` բնակարանը համարվել է Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի մոտ գրավ դրված նույն պայմանագրի կնքման պահից մինչև բնակարանի համար ամբողջությամբ վճարելը (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

2) 25.02.2013 թվականի անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի թիվ 515 պայմանագրի համաձայն` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 հասցեում գտնվող ձեղնահարկն Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի կողմից օտարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Աննա և Սամվել Ավետիսյաններին, որոնք վճարել են պայմանագրի գնի մի մասը և պարտավորվել են վճարել պայմանագրի գնի մյուս մասը Հովհաննես Սարգսյանի անվամբ բացված բանկային հաշվեհամարին` կատարելով ամսական վճարումներ: Ի ապահովումն ձեղնահարկի համար վճարելու Աննա և Սամվել Ավետիսյանների պարտավորության կատարման` բնակարանը նույն պայմանագրի կնքման պահից մինչև բնակարանի համար ամբողջությամբ վճարելը համարվել է Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի մոտ գրավ դրված (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

3) 25.02.2013 թվականի թիվ 514 և թիվ 515 անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերի համաձայն` մինչև վաճառքի գումարն ամբողջությամբ վճարելն Աննա և Սամվել Ավետիսյանները կարող են վաճառել կամ գրավադրել այդ պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքերը միայն վաճառողների` Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի գրավոր համաձայնությամբ (հատոր 1-ին, գ.թ. 16-17 և 19-20):

4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01032013-01-1588 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 հասցեում գտնվող բնակարանը 25.02.2013 թվականի թիվ 514 անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի հիման վրա 01.03.2013 թվականին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցվել է Աննա և Սամվել Ավետիսյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 18):

5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14032013-01-3834 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 81 հասցեում գտնվող շինությունը 25.02.2013 թվականի թիվ 515 անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրի և Երևանի քաղաքապետի 06.03.2013 թվականի թիվ 927-Ա որոշման հիման վրա 14.03.2013 թվականին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցվել է Աննա և Սամվել Ավետիսյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 15):

6) ՈՒկրաինայում ՀՀ դեսպանության կցորդի (հյուպատոսի) կողմից 25.12.2013 թվականին վավերացված հայտարարության համաձայն` Հովհաննես Սարգսյանը հայտնել է, որ ստացել է անշարժ գույքի տարաժամկետ վճարման պայմանով 25.02.2013 թվականի թվով երկու պայմանագրերով նախատեսված վաճառքի գինն ամբողջությամբ, պայմանագրերի մյուս կողմ (գնորդ) հանդիսացող Աննա և Սամվել Ավետիսյաններից պայմանագրերով սահմանված որևէ պահանջ` կապված գումարի և վճարման կարգի հետ, չունի և տալիս է իր համաձայնությունը նշված պայմանագրերով վաճառված անշարժ գույքերն արգելանքից հանելու համար (հատոր 1-ին, գ.թ. 21):

7) Աննա Ավետիսյանի լիազորված անձ Արուսյակ Մանուկյանը 08.01.2014 թվականին դիմել է Կադաստր` խնդրելով վերացնել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 հասցեում գտնվող բնակարանի և նույն շենքի թիվ 81 հասցեում գտնվող շինության գույքային իրավունքների սահմանափակումները (հատոր 1-ին, գ.թ. 12):

8) Արուսյակ Մանուկյանին ուղղված Կադաստրի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման վերաբերյալ» 15.01.2014 թվականի թիվ Կ-14/01/2014-1-0143 ծանուցման համաձայն` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է, քանի որ (...) 25.03.2013 թվականի թիվ 514 տարաժամկետ վճարումով պայմանագրում որպես վաճառողներ և համասեփականատերեր հանդես են գալիս Ամալյա Ռոստոմյանը և Հովհաննես Սարգսյանը, իսկ գնորդներից գումարը ստանալու վերաբերյալ հայտարարության մեջ նշված է վաճառողներից միայն մեկի անունը (հատոր 1-ին, գ.թ. 13):

9) Արուսյակ Մանուկյանին ուղղված Կադաստրի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման վերաբերյալ» 15.01.2014 թվականի թիվ Կ-14/01/2014-1-0148 ծանուցման համաձայն` Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 81 հասցեում գտնվող շինության նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է, քանի որ (...) անշարժ գույքի 25.03.2013 թվականի թիվ 515 տարաժամկետ վճարումով պայմանագրում որպես վաճառողներ և համասեփականատերեր հանդես են գալիս Ամալյա Ռոստոմյանը և Հովհաննես Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածների խախտման և դրա արդյունքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք տարաժամկետ վճարելու պայմանով առուվաճառքի պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի` որպես գույքային իրավունքի սահմանափակման դադարումը ենթակա է պետական գրանցման, եթե գրավով ապահովված հիմնական պարտավորությունը դադարել է պատշաճ կատարմամբ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (...) պետական գրանցման (...) իրավական հիմքերը, (...) գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումն ընդգրկում է (...) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների (...) դադարման պետական գրանցումը:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված կարգով գրանցված սահմանափակումների դադարման պետական գրանցումն իրականացվում է սահմանափակումը վերացնելու (դադարեցնելու) մասին համապատասխան փաստաթղթի հիման վրա, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այնպիսի հանգամանքների երևան գալով, որոնք օրենքի հիման վրա դադարեցնում են կիրառված սահմանափակման գործողությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորության դադարմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ և 505-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով գնորդին հանձնված ապրանքը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ այդ պայմանագրով: Փաստորեն, տարաժամկետ վճարելու պայմանով ապառիկ առուվաճառքի պայմանագրի առարկա հանդիսացող ապրանքն այն գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելու պահը, համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` որպես ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման ապահովում, եթե այլ բան նախատեսված չէ այդ պայմանագրով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գրավը հիմնական պարտավորության կատարումն ապահովող այն լրացուցիչ պարտավորությունն է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Գրավի իրավունքի` լրացուցիչ (ակցեսոր) բնույթ ունենալը նշանակում է, որ գրավի իրավունքը չի կարող գոյություն ունենալ առանց դրանով ապահովված հիմնական պարտավորության գոյության. այն դադարում է հիմնական պարտավորության դադարմամբ: Այլ կերպ ասած` գրավով ապահովված հիմնական պարտավորության դադարումն անհրաժեշտ և բավարար պայման է գրավի իրավունքի դադարման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և անձանց միջև ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է նշված օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման վարույթի` որպես առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, որի 10-րդ հոդվածի 7-րդ մասում օրենսդիրը սահմանել է գույքի նկատմամբ իրավունքների գրանցված սահմանափակումների դադարման պետական գրանցման հիմքերը: Այդ հիմքերից է այնպիսի հանգամանքների երևան գալը, որոնք օրենքի հիման վրա դադարեցնում են կիրառված սահմանափակման գործողությունը: Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի հիման վրա գրանցված գույքային իրավունքների սահմանափակման դադարման պետական գրանցումը կատարվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Հետևաբար տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ գրանցված գույքային իրավունքների սահմանափակման դադարման պետական գրանցումը կատարվում է, inter alia, այնպիսի հանգամանքների երևան գալու ուժով, որոնք օրենքի հիման վրա դադարեցնում են այդ սահմանափակման գործողությունը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ գրանցված գույքային իրավունքների սահմանափակման դադարումը ենթակա է պետական գրանցման, եթե գրավով ապահովված հիմնական պարտավորությունը դադարել է, քանի որ գրավով ապահովված հիմնական պարտավորության դադարումն օրենքով նախատեսված այնպիսի հանգամանք է, որը հանգեցնում է գրավի իրավունքի գործողության դադարման: Ընդ որում, պարտավորությունները դադարում են ոչ թե ինքնին, այլ այնպիսի իրավադադարեցնող իրավաբանական փաստերի առկայության հետևանքով, որոնց ուժով վերանում են մասնակիցների միջև գոյություն ունեցող պարտավորաիրավական կապերը, և դրանց հիման վրա ձևավորված իրավունքներն ու պարտականությունները կորցնում են իրենց նշանակությունը:

Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանելով պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերը, դրանց շարքում նախատեսել է նաև պարտավորությունների պատշաճ կատարումը: Ըստ այդմ, գրավի իրավունքը դադարում է դրանով ապահովված հիմնական պարտավորության պատշաճ կատարման հիմքով հիմնական պարտավորության դադարման արդյունքում: Հետևաբար տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ գրանցված գույքային իրավունքների սահմանափակման դադարումը ենթակա է պետական գրանցման, եթե գրավով ապահովված պարտավորությունը պատշաճորեն կատարվել է: Ընդ որում, պարտավորության կատարումը պատշաճ է, եթե այն կատարվել է պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոհիշյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի պատշաճ կատարումը հիմք է այդ պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ գրանցված գույքային իրավունքների սահմանափակման դադարման պետական գրանցման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով դիմելով դատարան` Աննա Ավետիսյանը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին վերացնելու 25.02.2013 թվականի անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերի հիման վրա ծագած գրավի պետական գրանցումները` որպես Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 բնակարանի և թիվ 81 ձեղնահարկի նկատմամբ իր գույքային իրավունքների սահմանափակում:

Սույն գործով Դատարանը մերժել է Աննա Ավետիսյանի հայցը` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 բնակարանի և թիվ 81 ձեղնահարկի գույքային իրավունքների սահմանափակումները վերացնելու իրավական հիմքերը բացակայում են: Ըստ Դատարանի վճռի` նշված անշարժ գույքերի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի վերացման համար անհրաժեշտ է 25.02.2013 թվականի անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերի մյուս վաճառողի (գրավառուի)` Ամալյա Ռոստոմյանի համաձայնությունը, որը սույն գործով բացակայում է:

Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ վերահաստատելով Դատարանի վերոնշյալ դիրքորոշումը, մերժել է վերաքննիչ բողոքը և Դատարանի 17.03.2015 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին: Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա (տե՛ս Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մի կողմից Ամալյա Ռոստոմյանը և Հովհաննես Սարգսյանը` որպես վաճառողներ, իսկ մյուս կողմից` Աննա և Սամվել Ավետիսյանները` որպես գնորդներ, 25.02.2013 թվականին կնքել են Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 հասցեում գտնվող բնակարանի և ձեղնահարկի տարաժամկետ վճարելու պայմանով առուվաճառքի պայմանագրեր: Այդ պայմանագրերով կողմերը նախատեսել են, որ պայմանագրերի առարկա հանդիսացող անշարժ գույքը վաճառողների` Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի մոտ գրավ է դրված` մինչև գնորդների` Աննա և Սամվել Ավետիսյանների կողմից պայմանագրերով նախատեսված վճարումների ամբողջական կատարումը: Ընդ որում, քննարկվող պայմանագրերի համաձայն` մինչև վաճառքի գումարն ամբողջությամբ վճարելն Աննա և Սամվել Ավետիսյանները կարող են վաճառել կամ գրավադրել այդ պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքերը միայն Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի գրավոր համաձայնությամբ: Այսինքն` 25.02.2013 թվականի թիվ 514 և թիվ 515 անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերով նախատեսվել է Աննա և Սամվել Ավետիսյաններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի տնօրինման իրավազորության նկատմամբ սահմանափակում, քանի որ վերջիններս առանց վաճառողների գրավոր համաձայնության իրավունք չունեն վաճառելու կամ գրավադրելու նշված պայմանագրերով ձեռք բերված և Ամալյա Ռոստոմյանի ու Հովհաննես Սարգսյանի մոտ գրավ դրված անշարժ գույքերը մինչև պայմանագրերով նախատեսված վճարումների ամբողջական կատարումը:

Աննա Ավետիսյանն իր լիազորված անձի միջոցով դիմել է Կադաստր և խնդրել է գրանցել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 38-րդ շենքի թիվ 59 հասցեում գտնվող բնակարանի և ձեղնահարկի նկատմամբ Ամալյա Ռոստոմյանի և Հովհաննես Սարգսյանի անվամբ գրանցված գրավի իրավունքի` որպես այդ գույքերի նկատմամբ իրավունքի սահմանափակման դադարումը:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ անշարժ գույքի նկատմամբ գրանցված գույքային իրավունքների սահմանափակման դադարեցման պետական գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով, որը գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակման դադարման հիմքերի շարքում նախատեսում է նաև կիրառված սահմանափակման գործողությունն օրենքի հիման վրա դադարեցող հանգամանքների երևան գալը: Հետևաբար տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի պատշաճ կատարումը հիմք է այդ պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ գրանցված գույքային իրավունքների սահմանափակման դադարման պետական գրանցման համար:

Սույն գործի փաստերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

- 25.02.2013 թվականի անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերով նախատեսված է Աննա և Սամվել Ավետիսյանների` նշված պայմանագրերից բխող պարտավորության կատարման հատուկ եղանակ (կարգ),

- Աննա և Սամվել Ավետիսյանների պարտավորության կատարման վերոգրյալ եղանակը հանգում է հետևյալին. պայմանագրերի գնի մնացած (չվճարված) մասի վճարումը կատարվում է վաճառողներից մեկի` Հովհաննես Սարգսյանի անվամբ բացված բանկային հաշվեհամարին ամսական փոխանցումներ կատարելու միջոցով,

- Հովհաննես Սարգսյանի կողմից տրված և ՈՒկրաինայում ՀՀ դեսպանության կցորդի (հյուպատոսի) կողմից 25.12.2013 թվականին վավերացված հայտարարությամբ վերջինս հայտնել է, որ ստացել է անշարժ գույքի տարաժամկետ վճարման պայմանով 25.02.2013 թվականի թվով երկու պայմանագրերով նախատեսված վաճառքի գինը կազմող գումարն ամբողջությամբ, պայմանագրերի մյուս կողմ (գնորդ) հանդիսացող Աննա և Սամվել Ավետիսյաններից պայմանագրերով սահմանված որևէ պահանջ` կապված գումարի և վճարման կարգի հետ, չունի և տալիս է իր համաձայնությունը նշված պայմանագրերով վաճառված անշարժ գույքերն արգելանքից հանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված գնահատման արդյունքում է միայն հնարավոր բացահայտել սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող այն հարցը` արդյո՞ք Աննա և Սամվել Ավետիսյանների անշարժ գույքի նկատմամբ 25.02.2013 թվականի անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերի հիման վրա կիրառված սահմանափակման դադարման պետական գրանցման համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստական հիմքերն առկա են, թե` ոչ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցը պարզելու համար սույն գործով ձեռք բերված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ՎԴ/1251/05/14
Որոշում