Սեղմել Esc փակելու համար:
1958 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1958 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆՎԱՎ ...

 

 

020.1306.270916

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1958 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 սեպտեմբերի 2016 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1958 թվականի մարտի 20-ին Ժնևում ստորագրված` Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թ. օգոստոսի 10-ին ՍԴ մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 1958 թ. մարտի 20-ին` Ժնևում:

Համաձայնագրի նախկին վերնագիրն է` «Համաձայնագիր շարժիչային փոխադրամիջոցների սարքավորումների ու մասերի հաստատման միօրինակ պայմանների ընդունման և հաստատումների փոխադարձ ճանաչման մասին` կատարված 1958 թվականի մարտի 20-ին, Ժնևում»: Այն վերանայվել է երկու անգամ, և քննության առարկա Համաձայնագիրը երկրորդ վերանայման արդյունք է, որը ներառում է 1995 թ. հոկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած փոփոխությունները: 2016 թ. հուլիսի 20-ի դրությամբ Համաձայնագրի մասնակից պետությունները 50-ն են:

2. Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել ավտոտրանսպորտային միջոցներին և դրանց վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորմանն ու մասերին ներկայացվող տեխնիկական պահանջները: 1995 թ. ընդունված փոփոխություններով Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված Վարչական կոմիտեի միջոցով սահմանվում են Կանոնակարգեր անվավոր փոխադրամիջոցների և այն սարքավորումների ու մասերի համար, որոնք կարող են տեղադրվել և /կամ/ օգտագործվել անվավոր փոխադրամիջոցների վրա:

Համաձայնագրի առաջին հոդվածում սահմանվում է, թե Համաձայնագրի նպատակների համար ինչ են ներառում և նշանակում «անվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ ու մասեր» և «Կանոնակարգի համաձայն տեսակի հաստատում» հասկացությունները:

Համաձայնագրով, մասնավորապես, սահմանվում են Կանոնակարգի հետ կապված ընթացակարգային կարգավորումները (հոդված 1, կետ 2), Կանոնակարգի կիրառման դադարեցման պայմանները (հոդված 1, կետ 6), Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և չեղյալ հայտարարելու պայմանները (հոդվածներ 7, 8), վեճերի կարգավորման եղանակները (հոդված 10), Համաձայնագրին կցված Կանոնակարգերի փոփոխման ընթացակարգը (հոդված 12), Համաձայնագրի և դրա լրացումների տեքստերի փոփոխման ընթացակարգը (հոդված 13), Վարչական կոմիտեի կազմը և ընթացակարգային կանոնները (լրացում 1), արտադրության ընթացակարգերի համապատասխանությունը (լրացում 2), ինչպես նաև Համաձայնագրի գործողության համար անհրաժեշտ այլ ընթացակարգային պահանջներ և պայմաններ:

Փոփոխված Համաձայնագրին միացող ցանկացած նոր Պայմանավորվող կողմի համար այն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո 60-րդ օրը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին մասով սահմանված Կանոնակարգի համաձայն հաստատումներ տրամադրելը դադարեցնելու պարագայում պահպանել արտադրման համապատասխանության պատշաճ հսկողություն այն ապրանքների առնչությամբ, որոնց համար նախկինում տեսակի հաստատում էր իրականացնում,

- ձեռնարկել Համաձայնագրի 4-րդ հոդվածում սահմանված քայլերը, երբ Կանոնակարգը կիրառող որևէ Պայմանավորվող կողմ տեղեկացնում է անհամապատասխանության մասին, շարունակել ծանուցել մյուս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին հաստատումները հետ վերցնելու մասին, ինչպես սահմանված է Համաձայնագրի 5-րդ հոդվածում, ինչպես նաև շարունակել երկարացնել գործող հաստատումների ժամկետը (հոդված 1, կետ 6, մաս 2),

- եթե Կանոնակարգը տեսակի հաստատման միջոցով կիրառող որևէ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները հայտնաբերում են, որ որոշ անվավոր փոխադրամիջոցներ, սարքավորումներ կամ մասեր, որոնք կրում են հաստատման նշաններ, և որոնք տվյալ Կանոնակարգի ներքո տրամադրվել են ՀՀ կողմից, չեն համապատասխանում հաստատված տեսակներին, ապա նրանց կողմից այդ մասին ՀՀ իրավասու մարմինների տեղեկացվելուց հետո անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ արտադրողների ապրանքները հաստատված տեսակներին համապատասխանեցնելու նպատակով, և տեղեկացնել տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող մյուս Պայմանավորվող կողմերին ՀՀ ձեռնարկած քայլերի մասին (հոդված 4),

- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմիններն ամեն ամիս մյուս Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին ուղարկեն այն անվավոր փոխադրամիջոցների, սարքավորումների կամ մասերի ցանկը, որոնց հաստատումը մերժվել է, կամ որոնց հաստատումը հետ է վերցվել այդ ամսվա ընթացքում և բացի այդ` տեսակի հաստատման միջոցով Կանոնակարգը կիրառող այլ Պայմանավորվող կողմի իրավասու մարմնից դիմում ստանալուց հետո անմիջապես տվյալ իրավասու մարմնին ուղարկել համապատասխան այն բոլոր տեղեկությունների պատճենները, որոնց հիման վրա որոշում է կայացրել տրամադրել, մերժել տրամադրումը կամ հետ է վերցրել անվավոր փոխադրամիջոցի, սարքավորումների կամ մասերի հաստատումը (հոդված 5):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1958 թվականի մարտի 20-ին Ժնևում ստորագրված` Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 սեպտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1306

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.09.2016
N ՍԴՈ-1306
Որոշում