Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՌԿԱՅՈ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԿԴ/0033/04/13
2016թ
Քաղաքացիական գործ թիվ   ԿԴ/0033/04/13

Նախագահող դատավոր`   Ա. Հունանյան

                    Դատավորներ`   Լ. Գրիգորյան

                                                    Գ. Կարախանյան

   

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
 Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի

                 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Գասպարյանի ներկայացուցիչ Գոռ Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Սարգիս Գասպարյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սարգիս Գասպարյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ.Փոլադյան) 10.06.2014 թվականի որոշմամբ հաստատվել է Սարգիս Գասպարյանի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Տ.Նազարյան, Կ.Հակոբյան, Ն.Տավարացյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.09.2014 թվականի որոշմամբ Սարգիս Գասպարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.06.2014 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.04.2015 թվականի որոշմամբ Սարգիս Գասպարյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է: Որոշվել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2014 թվականի որոշումը և գործը` Սարգիս Գասպարյանի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասով, ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ.Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 26.06.2015 թվականի որոշմամբ հաստատվել է Սարգիս Գասպարյանի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2015 թվականի որոշմամբ Սարգիս Գասպարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.06.2015 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Գասպարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առկա է թիվ ԵԿԴ/0230/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Բանկի` 29.09.2009 թվականին կնքված թիվ VT07544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագրի պահանջների և իր կողմից կատարված վճարումների հիման վրա վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և Բանկի հակընդդեմ հայցն ընդդեմ Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի, Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների` համապարտության կարգով 16.807.226,30 ՀՀ դրամ, ինչպես նաև վարկի մայր գումարի` 15.694.893,80 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 23.03.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և համապարտության կարգով Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին, մերժվել են: Հետևաբար Բանկը չի կարող, դատական կարգով թիվ VT07544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագրի պահանջներին հղում կատարելով, Սարգիս Գասպարյանին ներկայացնել նույն պահանջը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Բանկի նույնաբովանդակ պահանջը մերժվել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` «Բանկի պահանջը չգրանցել, կամ գրանցել միայն վարկի մնացորդի մասով, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի միջև 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագրի համաձայն` վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների և երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափ է սահմանվել 30.000.000 ՀՀ դրամի կամ համարժեք այլ արժույթի չափով գումարը: Պայմանագրի վերջնաժամկետ է սահմանվել 01.10.2014 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 39-41):

2) Բանկի (Վարկատու) և Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի (Վարկառու) միջև 29.09.2009 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ VT-7544 համաձայնագրի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` Բանկը վարկառուին տրամադրել է 30.000.000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ, իսկ Վարկառուն պարտավորվել է վերադարձնել ստացված վարկը և տարեկան 15 տոկոս վճարել դրա համար: Վարկը տրամադրվել է 36 ամիս ժամկետով, որն ավարտվել է 01.10.2012 թվականին (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 50):

3) Բանկի, Սարգիս Գասպարյանի և Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի միջև 29.09.2009 թվականին կնքված բնակելի տան, հարակից շինությունների և տնամերձ հողամասի հիփոթեքի թիվ VT-7544 պայմանագրով գրավատու Սարգիս Գասպարյանը գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, 24-րդ փողոց, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը և ավտոտնակը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 42-46):

4) Բանկի, Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների միջև 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544/1 երաշխավորության պայմանագրի համաձայն` երաշխավորներ Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանները պարտավորվել են անձնական ամբողջ գույքով և դրամական միջոցներով պարտատիրոջ առջև համապարտ պատասխանատվություն կրել պարտատիրոջ և վարկառու Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի միջև կնքված 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագրով պարտապանի ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման համար` մինչև 01.10.2014 թվականը մարման ժամկետով, 15 տոկոս տոկոսադրույքով (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 48-49):

5) Ըստ Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի հայցի ընդդեմ Բանկի` 29.09.2009 թվականին կնքված թիվ VT07544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագրի պահանջների և իր կողմից կատարված վճարումների հիման վրա վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Բանկի հակընդդեմ հայցի ընդդեմ Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի, Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների` համապարտության կարգով 16.807.226,30 ՀՀ դրամ, ինչպես նաև վարկի մայր գումարի` 15.694.893,80 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 23.03.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և համապարտության կարգով Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին, թիվ ԵԿԴ/0230/02/12 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.05.2013 թվականի օրինական ուժի մեջ վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են: Նշված վճռով Բանկի կողմից գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի և այլ գույքի վրա տարածելու պահանջների հիմքում դրվել է 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագիրը և դրա հետ փոխկապակցված մյուս պայմանագրերը` վարկի տրամադրման համաձայնագիրը, հիփոթեքի և երաշխավորության պայմանագրերը, և նշվել է, որ վարկը տրամադրելուց հետո պատասխանողը պատշաճ չի կատարել վարկի մարման գրաֆիկ-պարտավորագրով սահմանված վարկի, դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարների և տույժերի մարումները, ինչի արդյունքում Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի պարտքը Բանկի նկատմամբ 22.03.2012 թվականի դրությամբ կազմում է 16.807.226,30 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդ` 15.694.893,80 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսագումար` 603.514,20 ՀՀ դրամ, վարկի տույժ` 473.785 ՀՀ դրամ, տոկոսի տույժ` 35.033,30 ՀՀ դրամ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 130-139, 160-161):

6) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2014 թվականի վճռով Սարգիս Գասպարյանը ճանաչվել է սնանկ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 166-175):

7) 29.04.2014 թվականին Բանկը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Սարգիս Գասպարյանի նկատմամբ գրանցել Բանկի պահանջը` 27.03.2014 թվականի դրությամբ 29.639.496,70 ՀՀ դրամի չափով` որպես գրավով ապահովված պահանջ: Բանկի պահանջի հիմքում դրվել է 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագիրը, 29.09.2009 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ VT-7544 համաձայնագիրը, 29.09.2009 թվականին կնքված բնակելի տան, հարակից շինությունների և տնամերձ հողամասի հիփոթեքի թիվ VT-7544 պայմանագիրը, 29.09.2009 թվականին կնքված թիվ VT?-544/1 երաշխավորության պայմանագիրը: Միաժամանակ պահանջին կից Բանկը ներկայացրել է տեղեկանք` 27.03.2014 թվականի դրությամբ պարտապանի ունեցած պարտքի վերաբերյալ, ըստ որի` վարկի մնացորդը կազմում է 15.694.893,80 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսագումարը` 4.460.359,70, վարկի տույժը` 8.486.826,60 ՀՀ դրամ, տոկոսի տույժը` 997.416,60 ՀՀ դրամ, ընդամենը` 29.639.496,70 ՀՀ դրամ (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 45-49):

8) Պարտապան Սարգիս Գասպարյանը Բանկի պահանջի դեմ 12.06.2014 թվականին առարկություն է ներկայացրել Դատարան` հիմքում դնելով թիվ ԵԿԴ/0230/02/12 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 184-194):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սնանկության վարույթում ներկայացված պահանջների հիմնավորվածության հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որով մերժվել է պարտապանից գումար բռնագանձելու հայցապահանջը, կարող է էական նշանակություն ունենալ սնանկության վարույթում ներկայացված նույն պահանջի գրանցման հիմնավորվածությունը պարզելու համար:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը, առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ` ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, այն է` հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը: Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2014 թվականի վճռով Սարգիս Գասպարյանը ճանաչվել է սնանկ: Բանկը, պահանջելով 27.03.2014 թվականի դրությամբ գրանցել իր պահանջը` 29.639.496,70 ՀՀ դրամի չափով, պահանջի հիմքում դրել է 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագիրը, 29.09.2009 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ VT-7544 համաձայնագիրը, 29.09.2009 թվականին կնքված բնակելի տան, հարակից շինությունների և տնամերձ հողամասի հիփոթեքի թիվ VT-7544 պայմանագիրը, 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544/1 երաշխավորության պայմանագիրը: Ըստ գործում առկա` Բանկի կողմից ներկայացված տեղեկանքի` Սարգիս Գասպարյանի պարտքը 27.03.2014 թվականի դրությամբ կազմում է` վարկի մնացորդ` 15.694.893,80 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսագումար` 4.460.359,70 ՀՀ դրամ, վարկի տույժ` 8.486.826,60 ՀՀ դրամ, տոկոսի տույժ` 997.416,60 ՀՀ դրամ, ընդամենը` 29.639.496,70 ՀՀ դրամ:

12.06.2014 թվականին պարտապան Սարգիս Գասպարյանը, առարկելով Բանկի պահանջի դեմ, առարկության հիմքում դրել է թիվ ԵԿԴ/0230/02/12 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով մերժվել է ինչպես Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Բանկի` 29.09.2009 թվականին կնքված թիվ VT07544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագրի պահանջների և իր կողմից կատարված վճարումների հիման վրա վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, այնպես էլ` Բանկի հակընդդեմ հայցն ընդդեմ Ա/Ձ Տաթևիկ Գասպարյանի, Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների` համապարտության կարգով 16.807.226,30 ՀՀ դրամ, ինչպես նաև վարկի մայր գումարի` 15.694.893,80 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 23.03.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և համապարտության կարգով Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների այլ գույքի վրա տարածելու պահանջները: Նշված վճռով Բանկի կողմից գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի և այլ գույքի վրա տարածելու պահանջների հիմքում դրվել են 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագիրը, վարկի տրամադրման թիվ VT-7544 համաձայնագիրը, հիփոթեքի թիվ VT-7544 պայմանագիրը, թիվ VT-7544/1 երաշխավորության պայմանագիրը, և նշվել է, որ պարտապանի պարտքը Բանկի նկատմամբ 22.03.2012 թվականի դրությամբ կազմում է 16.807.226,30 ՀՀ դրամ, որից վարկի մնացորդ` 15.694.893,80 ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսագումար` 603.514,20 ՀՀ դրամ, վարկի տույժ` 473.785 ՀՀ դրամ, տոկոսի տույժ` 35.033,30 ՀՀ դրամ:

Սույն գործով Դատարանը Բանկի պահանջը հաստատելիս հիմք է ընդունել 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544 վարկային գործառույթների իրականացման գլխավոր պայմանագիրը, 29.09.2009 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ VT-7544 համաձայնագիրը, 29.09.2009 թվականին կնքված բնակելի տան, հարակից շինությունների և տնամերձ հողամասի հիփոթեքի թիվ VT-7544 պայմանագիրը, 29.09.2009 թվականին կնքված թիվ VT-7544/1 երաշխավորության պայմանագիրը: Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.05.2013 թվականի թիվ ԵԿԴ/0230/02/12 վճռին, պատճառաբանել է, որ «նշված վճռի առկայությունն առավելագույնը կարող է վկայել պարտատիրոջ` պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու կամ պահանջի իր իրավունքն այլ կերպ իրացնելու հետ կապված դատական պաշտպանության դիմելու (հայցային վարույթի շրջանակներում իրավունքի իրացում) հնարավորությունից զրկված լինելու հանգամանքի մասին: Սակայն նման վճռի առկայությունը որևէ կերպ չի կարող վկայել Բանկի մոտ կողմերի միջև կնքված պայմանագրից (պայմանագրերից) բխող պահանջի իրավունքի և ընդհանրապես նշված պայմանագրերից բխող իրավահարաբերությունների առերևույթ բացակայության մասին»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «պարտապան Սարգիս Գասպարյանի կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը կամ պարտավորությունների կատարման կետանցը հիմք է հանդիսացել Բանկի կողմից պայմանագրով նախատեսված պարտքի ամբողջ գումարը պահանջելու համար»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.05.2013 թվականի թիվ ԵԿԴ/0230/02/12 վճռի ուսումնասիրությունից պարզվել է, որ Բանկի գումարի բռնագանձման հայցը մերժվել է ոչ թե կողմերի միջև կնքված պայմանագրից բխող իրավահարաբերությունների բացակայության հիմքով, այլ այդ պայմանագրերի բնօրինակները կամ դրանք պատշաճ վավերացված պատճենի ձևով բանկի կողմից չներկայացնելու պատճառաբանությամբ, որի պայմաններում Դատարանի հետևությունն այն մասին, որ «նման վճռի առկայությունը որևէ կերպ չի կարող վկայել բանկի մոտ կողմերի միջև կնքված պայմանագրից (պայմանագրերից) բխող պահանջի իրավունքի և ընդհանրապես նշված պայմանագրերից բխող իրավահարաբերությունների առերևույթ բացակայության մասին», իրավաչափ է և հիմնավոր»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական գործողության հարցին` նշելով յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաև այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Ավելին` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, կարևորելով իրավական որոշակիության և դատական ակտի պարտադիրության սկզբունքների կիրառությունը, չի բացառել նաև այդ սկզբունքների կիրառումը սնանկության վարույթում, որպիսի պայմաններում սնանկության վարույթի ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կասկած չպետք է հարուցի և ենթակա է գնահատման այլ ապացույցների հետ համակցության մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը պարտապան Սարգիս Գասպարյանի կողմից Բանկի պահանջի դեմ առարկություն ներկայացնելու պայմաններում պետք է ապահովեր գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը, որպիսի պարագայում կպարզեր, որ Բանկի պահանջի դեմ Սարգիս Գասպարյանի ներկայացրած առարկության հիմքում դրված է թիվ ԵԿԴ/0230/02/12 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Բանկի պահանջն ընդդեմ Տաթևիկ Գասպարյանի, Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների` համապարտության կարգով 16.807.226,30 ՀՀ դրամ, ինչպես նաև վարկի մայր գումարի` 15.694.893,80 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 23.03.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի և համապարտության կարգով Աշոտ, Արամ և Սարգիս Գասպարյանների այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին, մերժվել է, ինչի արդյունքում Բանկը զրկվել է պահանջի իր իրավունքն այլ կերպ իրացնելու, այն է` սնանկության վարույթի ընթացքում պահանջ ներկայացնելու իրավունքից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի պահանջը գրանցելով` ստորադաս դատարանների կողմից անտեսվել է թիվ ԵԿԴ/0230/02/12 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որի հետևանքով խախտվել են Սարգիս Գասպարյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2015 թվականի որոշումը և գործը` Սարգիս Գասպարյանի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասով, ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ԿԴ/0033/04/13
Որոշում