Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1188-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1188-ՐԴ, 1225-ՐԴ, 1226-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵՄԴ/2083/02/14
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵՄԴ/2083/02/14

Նախագահող դատավոր`   Մ. Հարթենյան

                   Դատավորներ`    Ն. Բարսեղյան

                                                    Ս. Միքայելյան

   

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                                                 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալինա և Ծաղիկ Սարգսյանների (այսուհետ` Համահայցվորներ) ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համահայցվորների ընդդեմ Թերեզա Խաչատուրյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ Թերեզա Խաչատուրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համահայցվորների` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են իրենց ճանաչել Վարազդատ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանած` Երևանի Իսակովի պողոտայի թիվ 44/3 շենքի 29-րդ բնակարանի 1/2 բաժնի, Երևանի Նոր Խարբերդի թիվ 4 փողոցի 39-րդ հասցեում գտնվող 500 քմ մակերեսով հողամասի և Երևանի Իսակովի պողոտայում գտնվող թիվ 46/1 կրպակի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Թերեզա Խաչատուրյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Խարբերդի թիվ 4 փողոցի 39-րդ հասցեում գտնվող 500 քմ մակերեսով հողամասի 1/2 մասի, Երևանի Իսակովի պողոտայում գտնվող թիվ 46/1 կրպակի 1/2 մասի, ինչպես նաև Երևանի Իսակովի պողոտայում գտնվող թիվ 44/3 շենքի 29-րդ հասցեում գտնվող բնակարանի` Վարազդատ Սարգսյանին պատկանած 1/2 բաժնի 1/2 մասի նկատմամբ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 03.09.2015 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2015 թվականի որոշմամբ Համահայցվորների և Թերեզա Խաչատուրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 03.09.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համահայցվորների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետը, 1225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը, 1226-րդ հոդվածի 1-ին կետը, 1227-րդ հոդվածի 1-ին կետը, 1245-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 1246-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վարազդատ Սարգսյանը մահացել է 29.01.2014 թվականին, իսկ Համահայցվորները վերջինիս ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ են դիմել 13.03.2014 թվականին, այսինքն` օրենքով սահմանված ժամկետում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելը նոտարի կողմից մերժվել է ոչ թե ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու, այլ` ժառանգների միջև վեճ լինելու պատճառաբանությամբ: Հենց այդ պատճառով էլ ժառանգությունն ընդունելու մասին դիմումը չի ներկայացվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ավելին` սահմանված ժամկետում նոտարին դիմում ներկայացնելու մասին կողմերի միջև Դատարանում վեճ չի եղել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համահայցվորները Դատարանում ապացուցել են իրենց վկայակոչած բոլոր փաստերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 17.12.2015 թվականի որոշումը մասնակիորեն` Ալինա և Ծաղիկ Սարգսյանների վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել և փոփոխել այն` հայցը բավարարել, իսկ մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ալինա և Ծաղիկ Սարգսյանների հայրն է Վարազդատ Սարգսյանը, մայրը` Նազիկ Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 17, 17ա).

2) Վարազդատ և Նազիկ Սարգսյանների ամուսնալուծությունը գրանցվել է 13.04.1979 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12).

3) առաջին անգամ Վարազդատ Սարգսյանի և Թերեզա Խաչատուրյանի ամուսնությունը գրանցվել է 12.05.1979 թվականին, իսկ ամուսնալուծությունը` 20.07.1983 թվականին, երկրորդ անգամ նրանց ամուսնությունը գրանցվել է 31.01.1992 թվականին, որը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի թիվ 2-3287 քաղաքացիական գործով 06.10.2006 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռով լուծվել է, իսկ ամուսնալուծությունը գրանցվել է 09.01.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14, 15, 47, 48).

4) Երևանի Իսակովի պողոտայի թիվ 46/1 հասցեում գտնվող կրպակի նկատմամբ 23.05.2007 թվականին գրանցվել է Վարազդատ Սարգսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 26, 31).

5) Երևանի Հ/Ա Բ-2 թաղամասի 59-րդ (Իսակովի պողոտայի թիվ 44/3) շենքի թիվ 29 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Թերեզա Խաչատուրյանի և Վարազդատ Սարգսյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 18).

6) Երևանի Նոր Խարբերդի 4-րդ փողոցի թիվ 39 հասցեում գտնվող 500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 03.11.2011 թվականին գրանցվել է Վարազդատ Սարգսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 18ա, 23).

7) Վարազդատ Սարգսյանը մահացել է 29.01.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 16).

8) ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը 14.08.2014 թվականին մերժել է Ծաղիկ և Ալինա Սարգսյաններին Վարազդատ Սարգսյանի մահվանից հետո ժառանգության իրավունքի վկայագիր տալը` ժառանգների միջև վեճ լինելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 35).

9) Համահայցվորներն իրենց հայցի հիմքում որպես ժառանգությունն ընդունելու եղանակ վկայակոչել են ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում նոտարին հանձնելը (հատոր 1-ին, գ.թ. 5-8, 98-101, 138, 139-149).

10) գործի դատաքննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով, և 20.01.2015 թվականին նշանակված նախնական դատական նիստում դատավորը Համահայցվորների վրա պարտականություն է դրել ապացուցելու այն փաստերը, որ Վարազդատ Սարգսյանին է պատկանել այն գույքը, որի նկատմամբ Համահայցվորները ցանկանում են ճանաչվել ժառանգությունն ընդունած ժառանգներ, և Վարազդատ Սարգսյանի միակ ժառանգները Համահայցվորներն են: Դատավորը, քննարկելով նաև Համահայցվորների կողմից Վարազդատ Սարգսյանի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ դիմելու վերաբերյալ փաստն ապացուցում պահանջող փաստերի շրջանակում ներառելու հարցը, լսելով դրա վերաբերյալ Համահայցվորների ներկայացուցչի դիրքորոշումն այն մասին, որ վերջիններս վեցամսյա ժամկետում են դիմել նոտարական գրասենյակ, և Թերեզա Խաչատուրյանի ներկայացուցչի դիրքորոշումն այն մասին, որ «իրենք ոչինչ չունեն ասելու վեցամսյա ժամկետում Համահայցվորների կողմից նոտարական գրասենյակ դիմելու վերաբերյալ», այդ փաստը չի ներառել ապացուցում պահանջող փաստերի շրջանակում (հատոր 1-ին, գ.թ. 73, 82-84, 138).

11) վերաքննիչ բողոքին կից Համահայցվորների ներկայացուցիչը ներկայացրել է`

ա. ՀՀ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի գրությունն այն մասին, որ Վարազդատ Սարգսյանի (մահացած 29.01.2014 թվականին) մահից հետո` 13.03.2014 թվականին, Ծաղիկ և Ալինա Սարգսյանները, իսկ 27.03.2014 թվականին Թերեզա Խաչատուրյանը դիմել են նոտարական գրասենյակ և ժառանգության գործերի մուտքագրման մատյանի 551 համարի տակ մուտքագրվել է ժառանգական գործ, սակայն ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս չի տրվել (հատոր 2-րդ, գ.թ. 27),

բ. Ծաղիկ և Ալինա Սարգսյանների կողմից իրենց հոր` Վարազդատ Սարգսյանի մահվան կապակցությամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին դիմումը, որի վրա առկա է ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կնիքը և ստորագրությունը (հատոր 2-րդ, գ.թ.28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածները խախտելու, դրա արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին. արդյո՞ք նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս համապատասխան փաստն ապացուցում պահանջող փաստերի շրջանակում չներառելու և այդ փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա չդնելու պայմաններում հայցը կարող է մերժվել այդ փաստի վերաբերյալ ապացույց ներկայացված չլինելու պատճառաբանությամբ, և իրավաչա՞փ է արդյոք վերաքննիչ բողոքին կից ներկայացված` այդ փաստը հաստատող նոր ապացույցը Վերաքննիչ դատարանի կողմից չընդունելը միայն այն պատճառաբանությամբ, որ այն չի ներկայացվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:

Ապացուցման պարտականությունը` որպես սուբյեկտիվ պարտականություն, բովանդակային առումով ներառում է հետևյալ երկու տարրերը.

1) պահանջների կամ առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու պարտականություն (հաստատման ծանրություն), որը դիտարկվում է որպես պահանջները և առարկությունները փաստերով հիմնավորելու` պահանջների և առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու և օրենքով սահմանված ձևով դատարանին ներկայացնելու անհրաժեշտություն,

2) ապացույցներ ներկայացնելու պարտականություն (բացահայտման ծանրություն), որը գործին մասնակցող անձի կողմից պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց ներկայացնելու անհրաժեշտություն է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի, երրորդ անձ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությանը, նշել է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: Ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Հետևաբար գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Համահայցվորներն իրենց հայցի հիմքում որպես ժառանգությունն ընդունելու եղանակ վկայակոչել են ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում նոտարին հանձնելը: Գործի դատաքննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով, և 20.01.2015 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը, կողմերի հետ քննարկելով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և կատարելով կողմերի միջև ապացուցման պարտականության բաշխում, Համահայցվորների վրա պարտականություն է դրել ապացուցելու միայն այն փաստերը, որ Վարազդատ Սարգսյանին է պատկանել այն գույքը, որի նկատմամբ Համահայցվորները ցանկանում են ճանաչվել ժառանգությունն ընդունած ժառանգներ, և Վարազդատ Սարգսյանի միակ ժառանգները Համահայցվորներն են: Ընդ որում, Դատարանը, նաև քննարկելով Համահայցվորների կողմից Վարազդատ Սարգսյանի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ դիմելու վերաբերյալ փաստն ապացուցում պահանջող փաստերի շրջանակում ներառելու հարցը, լսելով դրա վերաբերյալ Համահայցվորների ներկայացուցչի դիրքորոշումն այն մասին, որ վերջիններս վեցամսյա ժամկետում են դիմել նոտարական գրասենյակ, և Թերեզա Խաչատուրյանի ներկայացուցչի դիրքորոշումն այն մասին, որ «իրենք ոչինչ չունեն ասելու վեցամսյա ժամկետում Համահայցվորների կողմից նոտարական գրասենյակ դիմելու վերաբերյալ», այդ փաստը չի ներառել ապացուցում պահանջող փաստերի շրջանակում: Մինչդեռ Դատարանը, պատճառաբանելով, որ «թեև Համահայցվորները խնդրել են իրենց ճանաչել ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ, սակայն ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգատուին պատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման ուղղությամբ գործողություններ կատարելու կապակցությամբ որևէ հանգամանք չեն նշել և այդ կապակցությամբ վերաբերելի ապացույցներ չեն ներկայացրել», «Համահայցվորների և վերջիններիս ներկայացուցչի կողմից ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելու կապակցությամբ ապացույցներ չեն ներկայացվել», Համահայցվորների հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Վարազդատ Սարգսյանի մահից հետո օրենքով սահմանված ժամկետում հայցվորների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար նոտարական գրասենյակ դիմում ներկայացնելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ», «ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 14.08.2014 թվականին տրված գրությամբ չի հիմնավորվում գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ բողոք ներկայացրած անձինք օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում հանգուցյալ Վարազդատ Սարգսյանի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում են ներկայացրել գույքի գտնվելու վայրի նոտարին», «քննարկվող գրությունը նման տեղեկություններ չի բովանդակում», իրավաչափ է գնահատել Դատարանի հետևությունն այն մասին, որ «ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելու կապակցությամբ ապացույցներ չեն ներկայացվել»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանը, քննարկելով նաև Համահայցվորների կողմից Վարազդատ Սարգսյանի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ դիմելու վերաբերյալ փաստն ապացուցում պահանջող փաստերի շրջանակում ներառելու հարցը, լսելով դրա վերաբերյալ Համահայցվորների ներկայացուցչի դիրքորոշումն այն մասին, որ վերջիններս վեցամսյա ժամկետում են դիմել նոտարական գրասենյակ, և Թերեզա Խաչատուրյանի ներկայացուցչի դիրքորոշումն այն մասին, որ «իրենք ոչինչ չունեն ասելու վեցամսյա ժամկետում Համահայցվորների կողմից նոտարական գրասենյակ դիմելու վերաբերյալ», այդ փաստը չի ներառել ապացուցում պահանջող փաստերի շրջանակում (ապացուցման առարկայի մեջ) և Համահայցվորների վրա նշված փաստն ապացուցելու պարտականություն չի դրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չէր կարող Համահայցվորների վրա թողնել գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստը չապացուցելու բացասական հետևանքները, որը ներառված չի եղել ապացուցման առարկայի մեջ, ինչպես նաև այդ հիմքով մերժել հայցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Անդրադառնալով վերը նշված փաստը հաստատող նոր ապացույցը Վերաքննիչ դատարանի կողմից չընդունելու վերաբերյալ պատճառաբանության իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով ոչ լրիվ վերաքննության ինստիտուտը, սահմանափակել է վերանայման այս վարույթում ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը` բացառությամբ այն դեպքի, երբ ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով: Այս դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել գործը և այն ուղարկել համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե ներկայացված ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար: Հետևաբար վերաքննության փուլում նոր ապացույց ներկայացված լինելու պայմաններում վերաքննիչ դատարանը պետք է պարզի`

- ապացույցի` առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու հնարավորությունը, և

- դրա` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հանգամանքը (տե՛ս, Քաթրին Միրզայանսն ընդդեմ Վահե Կարապետյանի և Աննա Նազարյանի թիվ ԵԱՔԴ/2488/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ կողմերի կամքից անկախ ապացույցը չներկայացնելը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, որի արդյունքում կողմը չի կարողացել ձեռք բերել և ներկայացնել այն առաջին ատյանի դատարանում կամ դատարանի այնպիսի գործողություններով, որոնցով վերջինս անհիմն մերժել է ապացույցի կցումը գործի նյութերին կամ այն ձեռք բերելու վերաբերյալ կողմի միջնորդությունը, կամ դատավարական իրավունքների խախտման պայմաններում կողմը հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնելու այդ ապացույցը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Համահայցվորների ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի 04.09.2015 թվականի գրությանը և Համահայցվորների 13.03.2014 թվականի դիմումին, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով իրավասու չէ նոր ապացույց ընդունելու, քանի որ բողոք ներկայացրած անձինք չեն հիմնավորել տվյալ ապացույցներն իրենցից անկախ պատճառներով Դատարանում գործի քննության ընթացքում ներկայացնելու անհնարինությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համահայցվորների կողմից Վարազդատ Սարգսյանի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ դիմելու վերաբերյալ փաստն ապացուցում պահանջող փաստերի շրջանակում չներառելու, այդ դիմումը վեց ամսվա ընթացքում նոտարական գրասենյակ ներկայացված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը Համահայցվորների վրա դրված չլինելու պայմաններում հիմնավորվում է վերը նշված ապացույցներն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու անհնարինությունը կողմի կամքից անկախ հանգամանքներով:

Միաժամանակ անդրադառնալով այդ ապացույցի` սույն գործի լուծման համար նշանակություն ունենալու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Համահայցվորների կողմից ներկայացված հայցի առարկան ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ նյութաիրավական պահանջն է, իսկ հայցի փաստական հիմքը` ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում նոտարին հանձնելը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, վերը նշված ապացույցների բովանդակությունը համադրելով նշված հայցի առարկայի և հիմքի հետ, գտնում է, որ առերևույթ այդ ապացույցները կարող են սույն գործի լուծման համար ունենալ էական նշանակություն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հայցը` մերժելու մասով, բեկանել Դատարանի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը` հայցի մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործը` հայցի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2015 թվականի որոշման` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2015 թվականի վճիռը` հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ԵՄԴ/2083/02/14
Որոշում