Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀՀ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
ՎԴ/6495/05/14
 2016թ.
Գործ թիվ  ՎԴ/6495/05/14 
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
                   Դատավորներ` Ք. Մկոյան 
                                                 Ա. Առաքելյան  

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ռ. Հակոբյանի
  Տ. Պետրոսյանի
 Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Սարդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Սարդարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն)` Ոստիկանության թիվ 1401885927, թիվ 1401885966, թիվ 1401886256 և թիվ 1401921470 վարչական ակտերը 26.07.2014 թվականին ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով խմբագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածին համապատասխան փոփոխելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու և Ոստիկանության 12.09.2014 թվականի թիվ 17-4-15049 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարեն Սարդարյանը պահանջել է պարտավորեցնել Ոստիկանությանը որոշում ընդունել թիվ 1401885927, թիվ 1401885966, թիվ 1401886256 և թիվ 1401921470 վարչական ակտերը 26.07.2014 թվականին ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով խմբագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածին համապատասխան փոփոխելու մասին և անվավեր ճանաչել Ոստիկանության 12.09.2014 թվականի թիվ 17-4-15049 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ.Սոսյան) (այսուհետ` Դատարան) 13.04.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2015 թվականի որոշմամբ Կարեն Սարդարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.04.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Սարդարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի ուժով այդ օրենսգրքի` պատասխանատվությունը մեղմացնող փոփոխություններն ունեն հետադարձ ուժ` անկախ օրենսգրքում փոփոխություն կատարած օրենքում այդ մասին հատուկ նշված լինելու կամ չլինելու հանգամանքից: Հետևաբար 26.07.2014 թվականին ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն խմբագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածն ունի հետադարձ ուժ և տարածվում է նաև այդ փոփոխության ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ոստիկանության 18.07.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401885927 որոշման համաձայն` Կարեն Սարդարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Կարեն Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի «34ST750» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 04.07.2014 թվականին ժամը 15:09-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին երթևեկել է 77 կմ/ժ արագությամբ, այսինքն` (հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10 կմ/ժ չափը) գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 7 կմ/ժ-ով (գ.թ. 13):

2. Ոստիկանության 18.07.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401885966 որոշման համաձայն` Կարեն Սարդարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Կարեն Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի «34ST750» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 04.07.2014 թվականին ժամը 15:27-ին Կարբի գյուղում երթևեկել է 79 կմ/ժ արագությամբ, այսինքն` (հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10 կմ/ժ չափը) գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 9 կմ/ժ-ով (գ.թ. 15):

3. Ոստիկանության 18.07.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401886256 որոշման համաձայն` Կարեն Սարդարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Կարեն Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող` «MERCEDES-BENZ» մակնիշի «34ST750» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 04.07.2014 թվականին ժամը 16:27-ին Ծիլքար համայնքում երթևեկել է 78 կմ/ժ արագությամբ, այսինքն` (հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10 կմ/ժ չափը) գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 8 կմ/ժ-ով (գ.թ. 14):

4. Ոստիկանության 25.07.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401921470 որոշման համաձայն` Կարեն Սարդարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 30.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Կարեն Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի «34ST750» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 14.07.2014 թվականին ժամը 12:06-ին Ծիլքար համայնքում երթևեկել է 81 կմ/ժ արագությամբ, այսինքն` (հանելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի 10 կմ/ժ չափը) գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 11 կմ/ժ-ով (գ.թ. 16):

5. Ոստիկանության պետի 12.09.2014 թվականի թիվ 17-4-15049 որոշմամբ Ոստիկանության 18.07.2014 թվականի թիվ 1401885927, 18.07.2014 թվականի թիվ 1401885966, 18.07.2014 թվականի թիվ 1401886256 և 25.07.2014 թվականի թիվ 1401921470 «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումները թողնվել են անփոփոխ, իսկ Կարեն Սարդարյանի վարչական բողոքը` առանց բավարարման (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի` հետադարձ ուժով գործողության մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում (...):

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների (...) գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից:

ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված որոշմամբ ընդգծել է նաև, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմը սահմանադրական մակարդակով կարգավորում է ինչպես անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքների, այնպես էլ այլ իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողությունը, և, ըստ այդմ` այդ դրույթը հասցեագրված է ինչպես օրենսդրին, այնպես էլ` այլ իրավաստեղծ մարմիններին: Այդ նորմի իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը: Միաժամանակ այս նորմը սահմանում է այդ հայեցողությունն իրացնելու ընթացակարգը, այն է` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտն ընդունող մարմինը, իրացնելով իրեն Սահմանադրությամբ տրված հայեցողական լիազորությունը, տվյալ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու նպատակահարմարության դեպքում տվյալ ակտում ամրագրում է այդ ակտին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթ: Նշված հայեցողությունն իրացնելու այս ընթացակարգն ինքնանպատակ չէ և տրամաբանորեն բխում է Սահմանադրությամբ` իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար անձի պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԴ/8645/05/11 վարչական գործով 04.07.2013 թվականի որոշման շրջանակներում: Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը.

- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան, եթե պատասխանատվությունը մեղմացնող օրենքով վերջինիս հետադարձ ուժ տրված չէ,

- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքին համապատասխան, եթե այդ օրենքով վերջինիս տրված է հետադարձ ուժ (տե՛ս, «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության թիվ ՎԴ/8645/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ իրավական ակտը պատասխանատվությունը մեղմացնող է, եթե սանկցիայում նախատեսված պատասխանատվության տեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատասխանատվության տեսակով: Ընդ որում, տուգանքների դեպքում պատասխանատվությունը մեղմացնող է դիտվում այն դրույթը, որով նախկինում գործող տուգանքը փոխարինվել է նվազ չափի տուգանքով (տե՛ս, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Վալերի Ցականյանի թիվ ՎԴ/3135/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով վկայակոչված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5366/05/14 վարչական գործով 22.04.2016 թվականի որոշման շրջանակներում անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտն ունի հետադարձ ուժ այն պայմաններում, երբ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքը չի նախատեսում այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու վերաբերյալ որևէ դրույթ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ: Այդ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի իրավական վիճակը բարելավող, տվյալ դեպքում` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերն ունեն հետադարձ ուժ, եթե օրենսդիրը նախատեսել է այն: Ընդ որում, օրենքին հետադարձ ուժ հաղորդելու օրենսդրի կամքը պետք է հստակ ամրագրում ստացած լինի: Անձի իրավական վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու օրենսդրի հայեցողական լիազորության իրացումը պետք է հետևի այնպիսի սկզբունքային դրույթների, ինչպիսիք են իրավական որոշակիության սկզբունքը, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ, այսինքն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում տարածվում են նաև այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա: Այլ կերպ ասած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ նշված օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն` անկախ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերում դրանց հետադարձ ուժ տվող հատուկ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի բոլոր դեպքերում հետադարձ ուժ ունենալու կանոն` օրենսդիրն իրացրել է անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու իր հայեցողական լիազորությունը` հաշվի առնելով հանրային շահը, իրավական որոշակիության սկզբունքը, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը:

Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակորեն արտահայտել է իր կամքը` նշված օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքների` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության վերաբերյալ` ամրագրելով, որ նույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում տարածվում են նաև այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա` անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի բացակայությունից:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կամ լրացում նախատեսող բոլոր այն ակտերը, որոնք մեղմացնում կամ վերացնում են վարչական իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվությունը, ունեն հետադարձ ուժ` անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից, քանի որ այդ ակտերում դրանց հետադարձ ուժ տալու մասին դրույթ ներառելու անհրաժեշտությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորման պարագայում բացակայում է: Ընդ որում, պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքում դրան հետադարձ ուժով գործողության վերաբերյալ դրույթի բացակայությունը չի կարող դիտարկվել որպես այդ ակտի` հետադարձ ուժի գործողության արգելք, քանի որ դա կհակասի իրավական որոշակիության և օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման անհրաժեշտության սկզբունքներին:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի` ժամանակի մեջ գործողության հետևյալ կանոններով.

- ընդհանուր կանոնի համաձայն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ գործող օրենքով,

- եթե մինչև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ընդունումն ուժի մեջ է մտել տվյալ իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենք, ապա վարչական իրավախախտում կատարած անձին պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքով` անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից (տե՛ս, Վարդան Սարգսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/5366/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սանկցիայի` ժամանակի մեջ գործողության կանոնակարգմանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մինչև 26.07.2014 թվականը գործող 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է եղել, որ երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված է եղել, որ երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

21.06.2014 թվականին ընդունված և 26.07.2014 թվականից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ թիվ ՀՕ-78-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար` նվազագույն աշխատավարձի չափով», իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար` նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով»: Ընդ որում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքն այդ ակտի հետադարձ ուժով գործողության մասին որևէ դրույթ չի պարունակում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունը մեղմացնող ակտ, քանի որ այդ ակտով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սանկցիաներում նախատեսված պատասխանատվության միջոցի` տուգանքի չափերը նվազել են: Այսպես, եթե մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու համար նախատեսված էր տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ապա նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ նույն արարքի համար նախատեսված է տուգանք` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար` նվազագույն աշխատավարձի չափով: Նույն կերպ, եթե մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու համար նախատեսված էր տուգանք` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, ապա նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ նույն արարքի համար նախատեսված է տուգանք` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը` որպես քննարկվող պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունը մեղմացնող ակտ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ունի հետադարձ ուժ և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա` անկախ նշված օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի բացակայության հանգամանքից, սակայն սույն որոշմամբ արտահայտված` ժամանակի մեջ գործողության վերը նշված կանոններով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ոստիկանության 18.07.2014 թվականի թիվ 1401885927, թիվ 1401885966, թիվ 1401886256 «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներով Կարեն Սարդարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Կարեն Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 04.07.2014 թվականին գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը համապատասխանաբար 7 կմ/ժ-ով, 9 կմ/ժ-ով և 8 կմ/ժ-ով: Իսկ Ոստիկանության 25.07.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401921470 որոշմամբ Կարեն Սարդարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 30.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Կարեն Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 14.07.2014 թվականին գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը 11 կմ/ժ-ով:

Ոստիկանությանը ներկայացրած դիմումով Կարեն Սարդարյանը խնդրել է վերանայել վերոգրյալ որոշումները, քանի որ դրանց նկատմամբ պետք է կիրառվի 26.07.2014 թվականից գործող օրենքը: Սակայն Ոստիկանության պետը 12.09.2014 թվականի թիվ 17-4-15049 որոշմամբ նշված վարչական ակտերը թողել է անփոփոխ, իսկ Կարեն Սարդարյանի վարչական բողոքը` առանց բավարարման` պատճառաբանելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հետադարձ ուժ չի նախատեսել, հետևաբար չի տարածվում այդ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ թիվ 1401885927, թիվ 1401885966, թիվ 1401886256 և թիվ 1401921470 որոշումներով Կարեն Սարդարյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտումների կատարման և վկայակոչված որոշումների ընդունման պահին գործած խմբագրությամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառմամբ` մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքով դրա հետադարձ ուժի մասին որևէ դրույթ սահմանված չէ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ վարչաիրավական հարաբերություններում ակտի բարելավման իմաստով հետադարձ ուժ տրվում է միայն փոփոխություն նախատեսող իրավական ակտում հետադարձ ուժի հանգամանքը սահմանելու արդյունքում, այնինչ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-78-Ն ՀՀ օրենքով չկա որևէ կարգավորում հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ օրենսդիրը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ, իրացրել է անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու իր հայեցողական լիազորությունը: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կամ լրացում նախատեսող բոլոր այն ակտերը, որոնք մեղմացնում կամ վերացնում են վարչական իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվությունը, ունեն հետադարձ ուժ` անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից, քանի որ այդ ակտերում դրանց հետադարձ ուժ տալու մասին դրույթ ներառելու անհրաժեշտությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորման պարագայում բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-78-Ն ՀՀ օրենքի հետադարձ ուժ ունենալու հանգամանքը գնահատելիս հաշվի չի առել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորումները, ինչի արդյունքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-78-Ն ՀՀ օրենքի հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ հանգել է սխալ եզրակացության:

Այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դատական սխալը չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող ակտ, Կարեն Սարդարյանի կողմից կիրառելի կլիներ միայն այն դեպքում, եթե վերջինիս կողմից մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ որոշումները Ոստիկանության կողմից ընդունվեին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Սարդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սույն գործով քննարկման առարկա հանդիսացող որոշումներն ընդունվել են 18.07.2014 թվականին և 25.07.2014 թվականին, այսինքն` մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` մինչև 26.07.2014 թվականը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ոստիկանությունը, կայացնելով թիվ 1401885927, թիվ 1401885966, թիվ 1401886256 և թիվ 1401921470 որոշումները, Կարեն Սարդարյանի նկատմամբ նշանակվող տուգանքի չափի հաշվարկման համար իրավաչափորեն է հիմք ընդունել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը, մերժելով Ոստիկանության թիվ 1401885927, թիվ 1401885966, թիվ 1401886256 և թիվ 1401921470 վարչական ակտերը 26.07.2014 թվականին ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով խմբագրված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.4-րդ հոդվածին համապատասխան փոփոխելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:

Ինչ վերաբերում է Կարեն Սարդարյանի կողմից ներկայացված` Ոստիկանության 12.09.2014 թվականի թիվ 17-4-15049 որոշումն անվավեր ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետի դեպքում` վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն` պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի և 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի կարգավորումները:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանելով պարտավորեցման հայցով հայցը բավարարելու դեպքում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին իմպերատիվ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է պարտավորեցման հայցը բավարարելու նախապայմանը, այն է` հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն` հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ է պայմանավորված վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը և ոչ թե` հակառակը:

Մյուս կողմից, պարտավորեցման հայցի դեպքում օրենսդիրը, կարևորելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին: Դա նշանակում է, որ պարտավորեցման հայցի մերժումը ևս պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ: Այսինքն, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, և այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը:

Սույն գործով հայցվոր Կարեն Սարդարյանը ներկայացրել է պարտավորեցման հայց, որը, անկախ հայցվորի կողմից Ոստիկանության` բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշումը վիճարկելու պահանջը հայցադիմումում նշելու հանգամանքից, արդեն իսկ օրենքի ուժով ներառում է այդպիսի պահանջ:

Հետևաբար, հաշվի առնելով, որ սույն գործով չի հաստատվել հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, և պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանն անդրադառնալու անհրաժեշտությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Միաժամանակ, սակայն, նկատի ունենալով, որ ստորադաս դատարանների գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը սույն որոշման վերոգրյալ հիմնավորումներով սխալ են պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կարեն Սարդարյանի վճռաբեկ բողոքի մերժման պայմաններում պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, թե կետի հիմքով պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. ԽունդկարյանԱԱՀ
Դատավորներ` Գ. ՀակոբյանԱԱՀ
Վ. ԱվանեսյանԱԱՀ
Ա. ԲարսեղյանԱԱՀ
Մ. ԴրմեյանԱԱՀ
Ռ. ՀակոբյանԱԱՀ
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2016
N ՎԴ/6495/05/14
Որոշում