Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

020.0201.241299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կ. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրադրությունների ծագման դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի փոխգործողությունների 1996 թվականի մայիսի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 13.12.1999 թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Պետրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1996 թ. մայիսի 17-ին Մոսկվայում` ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրադրությունների ծագման դեպքում սահմանապահ զորքերի փոխգործողությունների ապահովման և սահմանների անխախտելիության ու դրանց տարածքային ամբողջականության պահպանման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են իրենց արտաքին սահմանների որևէ տեղամասում ճգնաժամային իրադրություն կամ դրա սպառնալիք ծագելու դեպքում անհապաղ անցկացնել խորհրդակցություններ և որոշել այդ տեղամասում կայուն իրադրության ապահովմանն ուղղված օգնության միջոցները: Կողմերը, ելնելով իրենց օրենսդրությունից և հնարավորություններից, ձևավորում են զինվորական կազմավորումներ, որոշում են սահմանապահ խմբավորման ուժերի ու միջոցների պահանջարկը և կեցության պայմանները, այդ խմբավորման հրամանատարի նշանակման կարգը, նրա իրավունքները և պարտականությունները:

Համաձայնագրով կարգավորվում են ճգնաժամային իրադրության շրջանի մասնակից սահմանապահ խմբավորման զինծառայողների կեցության հետ կապված իրավական հարցերը, արտաքին սահմանի տեղամասում սահմանապահ խմբավորման գործողությունների տևողությունը, նրանց ելքի ու մուտքի և գտնվելու ժամկետի երկարացման կարգը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մասնակցել սահմանապահ խմբավորման ֆինանսավորմանը և, իր արտաքին սահմանի տեղամասում ճգնաժամային իրադրության ծագման դեպքում, օգնություն ցուցաբերող սահմանապահ խմբավորմանն ապահովել զորանոցային և ծառայողական ֆոնդերով, օդանավակայաններով, հենակետերով, տրանսպորտով, կապի միջոցներով` ֆինանսավորելով դրա հետ կապված ծախսերը:

Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածի, 1975 թ. Հելսինկիի` Եվրոպայում անվտանգության ու համագործակցության համաեվրոպական խորհրդակցության եզրափակիչ ակտի 3 հոդվածի և «ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության մասին» 1992 թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված պայմանագրի սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Արտաքին սահմաններում ճգնաժամային իրադրությունների ծագման դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի փոխգործողությունների մասին 1996 թվականի մայիսի 17-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 դեկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-201

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.12.1999
N ՍԴՈ-201
Որոշում