Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈ ...

 

 

040.1318.231017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1318-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ այն հարկ վճարողները, ովքեր մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրել են ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, ծառայության անվանումը և կոդը, գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, դրանք տպագրում են նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` անկախ 2017 թվականի իրացումից հասույթի մեծությունից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1318-Ն որոշման

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները (այսուհետ` ՀԴՄ) պետք է բավարարեն սույն հավելվածով սահմանված` ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներին (այսուհետ` պահանջներ):

2. Սույն հավելվածով սահմանված պահանջների կիրառության իմաստով` ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը`

1) ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն` երկարատև հիշող սարք, որը ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասն է և նախատեսված է օրական հաշվետու հանրագումարային տեղեկատվության գրանցման համար ու բացառում է այդ տեղեկատվության փոփոխությունը.

2) ֆիսկալային հիշողության կուտակիչ` մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված հիշողության միկրոսխեմաներ` ֆիսկալային տվյալների պահպանման համար.

3) ֆիսկալային տվյալներ` տեղեկատվություն, որը ենթակա է գրանցման ֆիսկալային հիշողության մեջ.

4) ֆիսկալավորում` ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմի միացում.

5) համաժամանակեցում (սինքրոնիզացիա)` ՀԴՄ-ի և կենտրոնական տվյալների շտեմարանի միջև տեղեկությունների փոխանակում: ՀԴՄ-ն ուղարկում է տեղեկություններ կատարված գործարքների մասին և ստանում է կարգաբերումներ և տեղեկությունների թարմացումներ.

6) հանրագումար` գումար, որը ենթակա է գրանցման` փաստաթղթի ձևակերպումն ավարտելիս: Հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.

7) մասնավոր հանրագումար` գումար, որը ձևավորում է ՀԴՄ-ն` փաստաթղթի ձևակերպման գործընթացում: Մասնավոր հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.

8) հերթափոխային վաճառքների հանրագումար` հերթափոխի ընթացքում վաճառքների (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) գրանցման ժամանակ ՀԴՄ-ով ձևակերպված փաստաթղթերի հանրագումարների գումար:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների ծրագիրը պետք է հնարավոր լինի կիրառել հայերենով, ռուսերենով և անգլերենով:

4. ՀԴՄ-ի միջոցով տպագրվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով:

5. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն հետևյալ ընդհանուր տեխնիկական պահանջները`

1) ՀԴՄ-ն պետք է ունենա`

ա. ֆիսկալային հիշողություն,

բ. օգտագործողի մուտքի անվանումը և գաղտնաբառ մուտքագրելու հնարավորություն (յուրաքանչյուրը` ոչ պակաս 4 կարգից),

գ. ինդիկատոր` պատասխանատու անձի համար: Պատասխանատու անձ է համարվում այն անձը, ում վրա սահմանված կարգով դրված է ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներ իրականացնելու պարտականությունը,

դ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, թողարկման տարեթիվը, ՀԴՄ-ն արտադրողի ֆիրմային նշանը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում,

ե. չջնջվող հիշող սարք` նվազագույնը 128 ՄԲ ծավալով,

զ. 256 ՄԲ օպերատիվ հիշողության, 256 ՄԲ հիմնական հիշողության և մինչև 32 ԳԲ լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն,

է. SIM քարտով` 3G, 2G և GPRS կապուղիներով, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,

ը. SAM քարտով կոդավորման հնարավորություն,

թ. PCI EMV 1 և 2 կարգերի համապատասխանության սերտիֆիկատ,

ժ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն.

2) ՀԴՄ-ն պետք է ապահովի`

ա. ցանցային սնուցման անջատման դեպքում էներգաանկախ հիշողության մեջ դրամական գործարքների մասին տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,

բ. թվաբանական գործողությունների կատարումը ներսարքված հաշվարկիչի կողմից` գումարում, հանում, բազմապատկում,

գ. աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորումը,

դ. աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո,

ե. ՀԴՄ-ի անխափան աշխատանք` միջավայրի ջերմաստիճանի 0-40 oC տիրույթում և մթնոլորտի 95 տոկոս (+25C պայմաններում) հարաբերական խոնավության դեպքում,

զ. վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը,

է. բանկային պլաստիկ քարտերի (չիպային և մագնիսական) միջոցով դրամական հաշվարկների իրականացումը,

ը. համապատասխան պարբերականությամբ` առնվազն յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` հարկային մարմին) տեղեկատվական համակարգի հետ` տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),

թ. հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),

ժ. հնարավորություն SAM քարտի միջոցով կոդավորելու տվյալները RSA ստանդարտին համապատասխան և պահպանելու այն հատուկ չջնջվող հիշող սարքի մեջ (նվազագույնը 128 ՄԲ).

3) ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքի կասեցումը` սույն հավելվածով սահմանված դեպքերում.

4) ՀԴՄ-ի տեխնիկական հնարավորությունները պետք է ապահովեն`

ա. բաժինների քանակը` 20-ից ոչ պակաս,

բ. պատասխանատու անձանց (օպերատորների) թիվը` 10-ից ոչ պակաս,

գ. մուտքագրվող և ինդիկացվող գումարների կարգայնությունը` 7-ից ոչ պակաս,

դ. դրամական հաշվարկիչների կարգայնությունը` 8-ից ոչ պակաս,

ե. ընդհանուր հանրագումարի հաշվարկիչների կարգայնությունը` 9-ից ոչ պակաս:

6. ՀԴՄ-ները պետք է բավարարեն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում սարքը պետք է ավտոմատ զրոյացնի ֆիսկալային տվյալները` դրանք կոդավորված և այլ անձանց համար անհասանելի ձևով գրանցելով հատուկ ռեգիստրում (սարքում):

8. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում ցանցային կապ ապահովող` շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի միջոցով:

9. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների (կատարված գործարքների) մասին տեղեկատվությունը շարժական կապի միջոցով ուղարկվելու դեպքում կիրառվող ՍԻՄ (SIM) քարտերը և տրամադրվող կապը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) քարտերը պետք է ունենան միմիայն տվյալների փոխանակման հնարավորություն (Data) և հասանելի լինեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում (առանց ռոումինգի).

2) քարտերը պետք է ստանան ստատիկ ԻՊ (IP) հասցեներ.

3) քարտերը պետք է ընդգրկված լինեն ներքին կորպորատիվ ցանցի մեջ, որոնց հասցեների բազմությունը (IP & MASK) պետք է նախապես համաձայնեցված լինի հարկային մարմնի տեղեկատվական և «ԱրՔա» համակարգերի հետ.

4) քարտերը պետք է ապահովեն հասանելիություն հարկային մարմնի ՀԴՄ-ների սպասարկման սերվերին և «ԱրՔա» համակարգի նախանշված սերվերներին (առավելագույնը 3 սերվեր).

5) յուրաքանչյուր ՀԴՄ սերվերին դիմելիս` քարտը պետք է հանդես գա իր ֆիքսված IP-ով (բացառել կոնցենտրացիայի կամ NAT տեխնոլոգիայի կիրառումը).

6) քարտեր տրամադրող օպերատորը պետք է տրամադրի նաև ներքին կորպորատիվ ցանցից երեքական IP հասցեներ` հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և «ԱրՔա» համակարգերի համար (6 IP հասցեներ).

7) կապուղու թողունակությունը պետք է կազմի առնվազն 256 կբ/վ (այսուհետ` նվազագույն թողունակություն).

8) օպերատորի համակցման թողունակությունը հարկային մարմնի և «ԱրՔա» համակարգերից յուրաքանչյուրին պետք է լինի նվազագույնը 2 մբ/վ:

10. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը ֆիքսված կապի միջոցով իրականացվելու դեպքում պետք է պահպանվեն ՍԻՄ (SIM) քարտերի և տրամադրվող կապի համար սահմանված պահանջները` բացառությամբ նվազագույն թողունակության, որը պետք է կազմի 512 կբ/վ:

11. Ցանցային կապին վերաբերող` հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և «ԱրՔա» համակարգի հետ աշխատանքի համար անհրաժեշտ տվյալները (SIM քարտի համար, ֆիքսված հեռախոսահամար, IP հասցե և այլն) հարկային մարմնին և «ԱրՔա» համակարգին տրամադրվում են սպասարկման կենտրոնների կողմից:

12. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է կատարեն հետևյալ գործողությունները`

1) դրամական գումարների հաշվարկ.

2) մասնավոր հանրագումարների հաշվարկ.

3) վերադարձվող գումարի (մանրադրամի) հաշվարկ.

4) ընդհանուր հանրագումարների հաշվարկ.

5) վաճառքը (հաշվարկը)` կանխիկ դրամով.

6) ապրանքի (ՀԴՄ կտրոնի) վերադարձի գրանցում.

7) մինչև ՀԴՄ կտրոնի տպագրումը մուտքագրված տվյալների չեղյալ համարում.

8) գնման (սպասարկման) կտրոնի կրկնօրինակի տպագրում: Կտրոնի կրկնօրինակը պետք է պարունակի «կրկնօրինակ» գրառումը.

9) տոկոսային հավելավճարի կամ զեղչի հաշվարկ.

10) պատասխանատու անձի (գանձապահի) սխալի ուղղում` մինչև տեխնիկական կրիչին տեղեկատվության տպագրման համար ելքագրում.

11) հասույթների` ըստ հարկման ընդհանուր և (կամ) հատուկ համակարգերի առանձնացում.

12) պլաստիկ քարտով գումարների հաշվեգրում:

13. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ըստ բաժինների և գանձապահների կողմից նախորդող առնվազն 7 օրվա ընթացքում իրականացրած գործարքների վերաբերյալ հաշվետվությունների դուրսբերումը, ինչպես նաև թղթային ժապավենի վրա դրանց տպագրումը:

14. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների հաշվառման ծրագրերից (այդ թվում` հաշվապահական կամ կառավարչական) կամ համակարգչից ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների անվանումների, քանակների, դրամարկղ մուտքագրված գումարների, պլաստիկ քարտերի միջոցով հաշվեգրված գումարների, ՀԴՄ-ի միջոցով կազմվող հաշվետվությունների ներմուծման և արտածման հնարավորությունը, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների տրամադրումը ՀԴՄ-ի կամ ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում` արտաքին տպող սարքի միջոցով:

15. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`

 

._____________________________________________________________________.

|Գրառման տեսակը     |Ռեկվիզիտները         |Ռեկվիզիտի      |Գրառումների|

|                   |                     |կարգայնությունը|քանակը     |

|                   |                     |(տասնորդական   |           |

|                   |                     |կարգերի)       |           |

|___________________|_____________________|_______________|___________|

|ՀԴՄ-ի ֆիսկալավորում|ՀԴՄ-ի գրանցման համարը|նվազագույնը` 8 |     1     |

|                   |_____________________|_______________|           |

|                   |ՀԴՄ կիրառող հարկ     |   8           |           |

|                   |վճարողի հաշվառման    |               |           |

|                   |համարը               |               |           |

|                   |_____________________|_______________|           |

|                   |ֆիսկալավորման        |   6           |           |

|                   |ամսաթիվը (օրը, ամիսը,|               |           |

|                   |տարեթիվը)            |               |           |

|___________________|_____________________|_______________|___________|

|ՀԴՄ-ի վերագրանցում |ՀԴՄ-ի գրանցման համարը|նվազագույնը` 8 |     4     |

|                   |_____________________|_______________|           |

|                   |կազմակերպության հարկ |նվազագույնը` 12|           |

|                   |վճարողի հաշվառման    |               |           |

|                   |համարը               |               |           |

|                   |_____________________|_______________|           |

|                   |վերագրանցման ամսաթիվը|   6           |           |

|                   |(օրը, ամիսը,         |               |           |

|                   |տարեթիվը)            |               |           |

|                   |_____________________|_______________|           |

|                   |վերագրանցում         |նվազագույնը` 5 |           |

|                   |անցկացնելու և        |               |           |

|                   |ֆիսկալային           |               |           |

|                   |հաշվետվություն       |               |           |

|                   |ստանալու գաղտնաբառը  |               |           |

|___________________|_____________________|_______________|___________|

|Կատարված           |                     |               |յուրաքանչ- |

|գործարքների մասին  |                     |               |յուր 2 ժամը|

|տեղեկատվության     |                     |               |մեկ անգամ, |

|ուղարկում հարկային |                     |               |օգտագործողի|

|մարմին             |                     |               |հանձնարա-  |

|(համաժամանակեցում) |                     |               |րությամբ   |

._____________________________________________________________________.

 

16. Ֆիսկալային հիշողությունը պետք է տեղակայված լինի ՀԴՄ-ի ընդհանուր պատյանի տակ, որը ծածկում է էներգաանկախ օպերատիվ հիշող սարքը (որում ձևավորվում են ֆիսկալային տվյալները), ֆիսկալային հաշվետվությունն ու վճարային փաստաթղթերը տպող սարքի կառավարման պրոցեսորը:

17. Ֆիսկալային հիշողությունը կամ առնվազն ֆիսկալային հիշողության կուտակիչը պետք է ունենա առանձին մոդուլի տեսք: Այդ մոդուլի կառուցվածքը պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ տեղեկատվության փոփոխման և ֆիսկալային հիշողության կուտակիչի փոխարինման անհնարինությունը:

18. Ֆիսկալային հիշողության (ֆիսկալային հիշողության կուտակիչի) կառուցվածքը պետք է նախատեսի պաշտպանվածություն մեխանիկական, էլեկտրամագնիսական և այլ տեսակի ներգործություններից ինչպես ՀԴՄ-ի աշխատանքի, այնպես էլ տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում:

19. Ֆիսկալային հիշողության կուտակիչում գրանցված տեղեկատվությունը պետք է պահպանվի ոչ պակաս, քան 6 տարվա ընթացքում` ՀԴՄ-ն ֆիսկալային ռեժիմի փոխադրելու պահից:

20. ՀԴՄ-ում պետք է նախատեսվի ֆիսկալային տվյալների պահպանվածությունը ստուգելու ռեժիմ:

21. ՀԴՄ-ում պետք է նախատեսված լինի վերանորոգող կազմակերպությունում տեխնիկական միջոցներով ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման հնարավորություն` ՀԴՄ-ի խափանման դեպքում:

22. ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը, ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան, գործողությունների լրիվ իրականացման հետ մեկտեղ, պետք է բացառի օգտագործողի կողմից առանց ՀԴՄ-ի ֆիսկալային տվյալների զրոյացման այն մասի փոփոխման հնարավորությունը, որը ղեկավարում է տեղեկատվության ընթերցումը և գրանցումը ֆիսկալային հիշողության մեջ, ֆիսկալային տվյալների ձևավորումն էներգաանկախ հիշող սարքում և ֆիսկալային ռեժիմի տարբերիչ հատկանիշի տպագրումը փաստաթղթերի վրա:

23. ՀԴՄ-ն պետք է կասեցնի գործողությունների կատարումը հետևյալ դեպքերում`

1) կտրոնի տպագրման ժապավենի բացակայության.

2) տպվող փաստաթղթի փչացմանը հանգեցնող իրավիճակների (տեխնիկական խնդիրների) առաջացման.

3) հիշողության գերլցման, անսարքության, ֆիսկալային հիշողության անջատման, ինչպես նաև աշխատանքի ժամանակ ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ֆիսկալային հիշողության չթույլատրված մուտքի.

4) ոչ ճիշտ մուտքի անվանում և (կամ) գաղտնաբառ նշելու` դեպի ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն մուտքի փորձ կատարելիս: Այս դեպքում պետք է կասեցվեն բոլոր գործառնությունների կատարումը և մուտքի անվանման կամ գաղտնաբառի մուտքագրման ռեժիմից ելքը: Կասեցումը պետք է գործի մինչև ճիշտ մուտքի անվանման և (կամ) գաղտնաբառի մուտքագրման պահը.

5) 36 ժամվա ընթացքում հարկային մարմին տեղեկատվություն չուղարկվելու.

6) գործունեության տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր չլինելու հիմքով հարկային մարմնի կողմից ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակելու դեպքերում:

24. ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է դադարեցվի կասեցում առաջացնող պատճառները վերացնելուց հետո և թույլատրվի ֆիսկալային հաշվետվությունների ստացումը:

25. ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքը միայն ֆիսկալային ռեժիմում:

26. Ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործողության այն ռեժիմն է, որն ապահովում է ֆիսկալային հաշվետվության մեջ ֆիսկալային տվյալների գրանցումը: Ֆիսկալային ռեժիմը պետք է ապահովի ՀԴՄ-ի աշխատանքը` շահագործման փաստաթղթերին համապատասխան: ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ձևակերպվող բոլոր փաստաթղթերում` ներառյալ կտրոններում, պետք է նշվի այն մասին, որ փաստաթուղթը տպագրվել է ֆիսկալային ռեժիմում:

27. Տեխնիկական միջոցներով անհրաժեշտ է ապահովել ՀԴՄ-ում կիրառվող ընթացիկ ամսաթվի հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ նույնականացումը` համաժամանակեցման միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ` ՀԴՄ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող հարկ վճարողները (այսուհետ` ՀԴՄ կիրառողներ) ՀԴՄ-ները հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանելու, ժամանակավոր օգտագործման համար ՀԴՄ-ն գրանցելու համար դիմումներ ներկայացնում են հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի (https://file-online.taxservice.am) միջոցով:

2. Հաշվետվություններ ներկայացնելու համակարգ մուտք գործելու համար ՀԴՄ կիրառողներն օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է գրանցված լինեն հարկային մարմնում և համակարգ մուտք գործեն հարկային մարմնից ստացված մուտքի անվանմամբ և գրանցված գաղտնաբառով:

3. ՀԴՄ-ի կիրառումը ժամանակավորապես դադարեցվում է անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով: Անսարքության պատճառով ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կատարման անհնարինության դեպքում ՀԴՄ-ի կիրառումը ժամանակավորապես դադարեցվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կամ ՀԴՄ-ների սպասարկում և նորոգում իրականացնող ընկերությունից (այսուհետ` սպասարկման կենտրոն) ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ն ՀԴՄ կիրառողի կողմից գրանցվելու դեպքում:

4. Նոր (չշահագործված) ՀԴՄ-ի կիրառումը, այդ թվում` կիրառվող ՀԴՄ-ի սույն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ով փոխարինումն իրականացվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ`

1) նոր ՀԴՄ-ների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին ՀԴՄ-ների պահանջվող քանակության դիմաց վճարում.

2) էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացում: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ՀԴՄ ձեռք բերելու դեպքում լրացվում է ՀԴՄ-ի ձեռքբերման դիմում, իսկ այլ անձանցից ձեռք բերված կամ վարձակալված ՀԴՄ կիրառելու դեպքում` ՀԴՄ-ի գրանցման դիմում.

3) բավարարված դիմումների հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ՀԴՄ-ի կարգաբերում, գրանցում հարկային մարմնի տեղեկատվական համակարգում և դրա առաքման կազմակերպում.

4) հարկ վճարողի պայմանագրի կնքում սպասարկման կենտրոնի հետ, որն ապահովում է դրամական հաշվարկների մասին տեղեկությունների ուղարկման համար ցանցային կապի միջոցների առկայությունը.

5) հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի և անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով ՀԴՄ-ի ակտիվացում:

5. ՀԴՄ-ի ձեռքբերման դիմումում լրացվում են հետևյալ տվյալները`

i

1) ՀԴՄ-ի տեղադրման գործունեության օբյեկտը, որն ընտրվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից: Գործունեության նոր օբյեկտի համար ՀԴՄ-ի կիրառում նախատեսելու դեպքում հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով նախօրոք գրանցվում է գործունեության նոր օբյեկտ.

2) տվյալ օբյեկտում կիրառման համար անհրաժեշտ ՀԴՄ-ների թիվը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշմամբ սահմանված կարգով ՀԴՄ-ի ձեռքբերման դեպքում` վճարման ամսաթիվը, վճարման հանձնարարականի կամ անդորրագրի համարը, վճարված գումարը կամ տարաժամկետ վճարմամբ հսկիչ-դրամարկղային մեքենան ձեռք բերելու վերաբերյալ նշումը:

6. ՀԴՄ-ի գրանցման դիմումում լրացվում են սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները:

7. ՀԴՄ-ի ձեռքբերման և ՀԴՄ-ի գրանցման դիմումները բավարարվում կամ մերժվում են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության և հարկային մարմնի կողմից` դրանց ստացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

8. Դիմումը բավարարվում է, եթե`

1) դիմումում սխալներ չեն հայտնաբերվել.

2) ՀԴՄ-ի ձեռքբերման դիմում ներկայացրած հարկ վճարողի կողմից վճարվել է դիմումում նշված ՀԴՄ-ի արժեքը.

3) սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված` ՀԴՄ-ի տեղադրման գործունեության օբյեկտը համապատասխանում է օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

9. Դիմումը մերժվում է`

1) դիմումով ներկայացված ՀԴՄ-ի տեղադրման գործունեության օբյեկտն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում.

2) դիմումով ներկայացված ՀԴՄ-ների գրանցումն այն օբյեկտներում, որտեղից ՀԴՄ-ները սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված կարգով հանվել են գրանցումից հարկային մարմնի նախաձեռնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային մարմինը կներկայացնի այդ օբյեկտներում ՀԴՄ-ները գրանցելու վերաբերյալ դրական եզրակացություն:

10. Բավարարված դիմումի հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարգաբերվում են ՀԴՄ կիրառողին տրամադրվելիք ՀԴՄ-ները և հարկային մարմնի տեղեկատվական համակարգի ՀԴՄ-ների ենթահամակարգում մուտքագրվում են ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված անհրաժեշտ տվյալները կիրառողին տրամադրվելիք ՀԴՄ-ների վերաբերյալ տվյալները մուտքագրվելուց հետո: ՀԴՄ-ների ենթահամակարգում այդ ՀԴՄ-ներին շնորհվում է «ընթացիկ» կարգավիճակ: ՀԴՄ-ները գործունեության իրականացման վայրի հասցեում կարգաբերվելուց (տվյալների բազաների սինքրոնիզացումից) հետո ստանում են «գործող» կարգավիճակ և ենթակա են կիրառման:

11. Նոր կամ այլ անձանցից ձեռք բերված ՀԴՄ-ն, երբ կիրառվում է միայն որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք, գրանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում գրանցված` գործունեության իրականացման օբյեկտի վրա: Մեկ օբյեկտի վրա կարող են գրանցվել մեկից ավելի ՀԴՄ-ներ: Գործունեության այն օբյեկտներում, որոնք բնակչությանը ծառայությունների մատուցման կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտ կամ առևտրի իրականացման վայրի վաճառատեղ են հանդիսանում, գրանցված ՀԴՄ-ները կարող են կիրառվել որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք: ՀԴՄ-ի աշխատանքային ռեժիմը միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք` ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայի ՀԴՄ-ների կառավարման համակարգի միջոցով: Տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված ՀԴՄ-ները կարող են կիրառվել միայն որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ (բացառությամբ հատուկ հարկային և ԱԱՀ-ի վերադարձի հաշիվների) և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրս գրող սարք:

12. ՀԴՄ կիրառողի կողմից ՀԴՄ-ն հանվում է գրանցումից հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգում ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին դիմում ներկայացնելու և համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից անմիջականորեն ՀԴՄ-ով գրանցումից հանելու հանձնարարական տալով: Հաշվետվություններ ներկայացնելու համակարգի միջոցով դիմումն անմիջականորեն ՀԴՄ-ից ստացված հանձնարարականով հաստատվելու դեպքում համակարգը ՀԴՄ-ն ավտոմատ հանում է գրանցումից:

13. ՀԴՄ-ն հանվում է գրանցումից`

1) տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեությունը դադարեցնելու.

2) տվյալ օբյեկտում գործունեությունը դադարեցնելու, այդ թվում` կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից գործունեության դադարեցման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում: Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանվում է հարկային մարմնի նախաձեռնությամբ.

3) վերակազմակերպվելու արդյունքում անմիջականորեն տվյալ կազմակերպության անվանմամբ ՀԴՄ-ի կիրառումը դադարեցվելու դեպքերում:

14. Կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների համար օրենսգրքով սահմանված կարգով ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր չլինելու դեպքում, կիրառվող ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ` հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Սույն կետում նշված դեպքում ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակվում է հարկային մարմնի կողմից` մինչև ՀԴՄ կիրառողի կողմից ՀԴՄ-ն գրանցումից հանվելը:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1318-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Հսկիչ-դրամարկղային մեքենան (այսուհետ` ՀԴՄ) կառավարվում և օգտագործվում է ՀԴՄ կիրառողի կողմից նշանակված (ընտրված) գլխավոր ադմինիստրատորի, ադմինիստրատորի և գանձապահի կողմից:

2. Գլխավոր ադմինիստրատորի իրավասությամբ օժտվում է անհատ ձեռնարկատերը կամ նոտարը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կամ կազմակերպության նշանակած անձը, ով ՀԴՄ-ի ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է այն: ՀԴՄ-ի ծրագրում որպես օգտվող գլխավոր ադմինիստրատորը չի կարող ապաակտիվացվել (գլխավոր ադմինիստրատորի իրավասությունները չեն կարող դադարեցվել): Գլխավոր ադմինիստրատորի իրավասություններն են` ՀԴՄ-ի ակտիվացումը, գրանցումից հանումը, ՀԴՄ-ի աշխատանքի ժամանակավոր դադարեցումը, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) կառավարումը, օգտվողի կառավարումը, ՀԴՄ-ի էջագլխի և էջատակի խմբագրումը, հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տվյալների ուղարկումը, ֆիսկալ հաշվետվության տպագրումը, ՀԴՄ-ի կտրոնով կատարվող գործարքի առավելագույն գումարի սահմանումը:

3. Ադմինիստրատորը ՀԴՄ օգտագործող է, ով ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է ՀԴՄ-ն: Ադմինիստրատորի իրավասությունները ծրագրի միջոցով ակտիվացվում և ապաակտիվացվում են գլխավոր ադմինիստրատորի կողմից: Ադմինիստրատորի իրավասություններն են` ՀԴՄ-ի աշխատանքի կասեցումը, ապրանքների (ծառայությունների) կառավարումը, օգտվողի կառավարումը, ՀԴՄ-ի էջագլխի և էջատակի խմբագրումը, հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տվյալների ուղարկումը, ֆիսկալ հաշվետվության տպագրումը, ՀԴՄ-ի կտրոնի առավելագույն գումարի սահմանումը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հայեցողությամբ գլխավոր ադմինիստրատորի, ադմինիստրատորի, ինչպես նաև գանձապահի իրավասություններով կարող է օժտվել ցանկացած անձ (աշխատող, աշխատողներ):

4. Գանձապահը ՀԴՄ օգտագործող է, ով կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտի միջոցով իրականացված գործարքներին վերաբերող` սահմանված տեղեկությունները և հաշվարկի կատարման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրում է ՀԴՄ, տպում է ՀԴՄ կտրոնը և այն տրամադրում ապրանքներ ձեռք բերողին կամ աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին: Գանձապահը ՀԴՄ-ի կիրառմամբ իրականացնում է հետևյալ գործառնությունները` մուտքագրում կամ ելքագրում է կանխիկ դրամը, ՀԴՄ գումարը կամ գնվող ապրանքի կամ ընդունած աշխատանքի կամ ստացած ծառայության անվանումը կամ ծածկագիրը մուտքագրելու միջոցով տպում և ապրանքներ ձեռք բերողին կամ աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին է տրամադրում ՀԴՄ կտրոնը, գնորդի պահանջով տրամադրում է կտրոնի կրկնօրինակը, մուտքագրում է ՀԴՄ կտրոնի (ապրանքի) վերադարձը:

5. ՀԴՄ կիրառողները ՀԴՄ-ն համապատասխան իրավասությամբ օգտագործելու համար մուտքագրում են իրենց մուտքի անվանումը և գաղտնաբառը:

6. Ֆիսկալային հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները`

1) հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը.

2) հաշվետվության ստացման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը).

3) հաշվետվության ստացման ժամանակը` ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան.

4) ժամանակամիջոցը, որի համար ձևավորվում է հաշվետվությունը.

5) ՀԴՄ-ի գրանցման համարը.

6) տվյալ ժամանակահատվածում իրականացված բոլոր վաճառքների հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման ամսաթվի և ժամի նշմամբ.

7) տվյալ ժամանակամիջոցում վաճառքների, կանխավճարների և վերադարձների գումարային հանրագումարը:

7. ՀԴՄ կիրառողներն ապրանքներ վաճառելիս կամ աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) իրականացնում են սույն որոշմամբ հաստատված պահանջները բավարարող ՀԴՄ-ի միջոցով:

8. ՀԴՄ կիրառողները հաշվարկները կատարում են միայն հարկային մարմնում սույն որոշմամբ սահմանված կարգով գրանցված ՀԴՄ-ների միջոցով:

9. Գանձապահը պարտավոր է`

1) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել ՀԴՄ կտրոնի վրա տպագրման համար անհրաժեշտ տվյալները, որոշել գնման ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին կամ պատվիրատուին.

2) ապրանքները հանձնելու պահին` գնորդից կամ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց` պատվիրատուից գումար ստանալու դեպքում, իսկ կանխավճարների կամ մասնակի վճարումների դեպքում` գումարը մուտքագրելուց անմիջապես հետո տրամադրել ՀԴՄ կտրոն:

10. Մինչև գնման կտրոնի փակումը (տպագրումը) սահմանված տեղեկությունները, հաշվարկի կատարման համար անհրաժեշտ տվյալները ՀԴՄ մուտքագրելու ժամանակ գանձապահի կողմից թույլ տրված սխալների հայտնաբերման, ապրանքի գնումից գնորդի կամ աշխատանքից աշխատանք ընդունողի կամ ծառայությունից ծառայություն ստացողի լրիվ կամ մասնակի հրաժարվելու դեպքում` ՀԴՄ-ի միջոցով կատարված հաշվարկները չեղյալ են համարվում: Չեղյալ համարված մուտքագրումների հետ կապված գումարները չեն ներառվում հասույթի մեջ: Տվյալների և տեղեկությունների մուտքագրումները չեղյալ են համարվում ՀԴՄ-ի համապատասխան ստեղնի (ծրագրի համապատասխան ֆունկցիայի) միջոցով:

11. ՀԴՄ կտրոնի փակումից (տպագրումից) հետո թույլ տրված սխալների բացահայտման, ապրանքի գնումից գնորդի կամ աշխատանքից աշխատանք ընդունողի կամ ծառայությունից ծառայություն ստացողի լրիվ կամ մասնակի հրաժարվելու, գնված ապրանքի փոխարեն այլ ապրանք գնելու դեպքերում ՀԴՄ կտրոնը և գործարքը չեղյալ կարող են համարվել միայն ՀԴՄ կտրոնի (ապրանքի վերադարձ, աշխատանքից կամ ծառայությունից հրաժարում) վերադարձ ձևակերպելու միջոցով: ՀԴՄ կտրոնի վերադարձը ՀԴՄ-ում կատարվում է համապատասխան ստեղնի (ծրագրի համապատասխան ֆունկցիայի) միջոցով:

12. ՀԴՄ-ի կտրոնի (այդ թվում` «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վերադարձ կարող է ձևակերպվել միայն ՀԴՄ-ի կտրոնի («կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) փաստացի վերադարձի դեպքում: Վերադարձի ձևակերպման ժամանակ տպվում է վերադարձի ՀԴՄ-ի կտրոն: ՀԴՄ-ի վերադարձված կտրոնի (»կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա կատարվում է «Վերադարձ» նշումը և այն վերադարձի կտրոնի հետ պահպանվում է տպելու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում: Համապատասխան պահանջի դեպքում ՀԴՄ-ի «Վերադարձ» նշումով կտրոնը և վերադարձի կտրոնը ներկայացվում են ստուգում կամ ուսումնասիրություն (բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (ներքին) ուսումնասիրությունների) անցկացնող անձանց: Նշված ժամկետում ՀԴՄ կտրոնը չպահպանվելու կամ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացվելու դեպքերում` ՀԴՄ կտրոնի «Վերադարձ» ձևակերպելու միջոցով իրացման (հարկվող) շրջանառության նվազեցումը համարվում է չհիմնավորված: «Կրկնօրինակ» գրառում պարունակող կտրոններով վերադարձ չի ձևակերպվում:

13. Գանձապահը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հաշվետվությունը, որը հանդիսանում է սկզբնական փաստաթուղթ հասույթը հաշվառելու համար: Վերջինս պահպանվում է հարկ վճարողի մոտ` տպվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

14. Գանձապահի հաշվետվությունը տպվում է ՀԴՄ-ով: Այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` կտրոնների համարները նշելով, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով:

15. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իր ղեկավար անձին, որն սպասարկման կենտրոնին տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:

16. Սպասարկման կենտրոնն ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը ՀԴՄ-ի վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ:

17. Ժամանակավոր օգտագործման ՀԴՄ-ի միջոցով իրականացված գործարքները գրանցվում են ՀԴՄ կիրառողի անունով, իսկ դրա միջոցով իրականացված գործարքների ֆիսկալ հասույթը ներառվում է ՀԴՄ կիրառողի ընդհանուր ֆիսկալ հասույթում:

18. Վերանորոգումից վերադարձված ՀԴՄ-ն գործարկվում է հարկային մարմնում ժամանակավոր օգտագործման ՀԴՄ-ի միջոցով իրականացված գործարքների մասին տեղեկատվությունը հարկային մարմին ուղարկելուց (տվյալների բազաների սինքրոնիզացումից) անմիջապես հետո: Վերանորոգումից վերադարձված ՀԴՄ-ն գործարկելու պահից ժամանակավոր օգտագործման համար ստացված ՀԴՄ-ն հանվում է գրանցումից: Խափանման պատճառներից ելնելով վերանորոգման ընթացքում ՀԴՄ-ն կարող է վերագրանցվել:

19. ՀԴՄ օգտագործող անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ` բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, իսկ անսարքության դեպքում` նաև տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:

20. ՀԴՄ-ն կարող է սույն կետով սահմանված գործողությունների շրջանակներում օգտագործվել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց (այսուհետ` ստուգող պաշտոնատար անձ) կողմից: Ստուգող պաշտոնատար անձն իրավասու է տեղեկություն ուղարկել հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և տպել ֆիսկալ հաշվետվություն: Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկություն ուղարկելու և ֆիսկալ հաշվետվություն տպելու համար ստուգող պաշտոնատար անձը ՀԴՄ-ի համապատասխան գործառույթի միջոցով մուտքագրում է ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագրի համարը: Ստուգող պաշտոնատար անձի կողմից ծառայողական վկայականի և ստուգման հանձնարարականի ներկայացումը հիմք է ՀԴՄ ստուգման հանձնարարագրի համարը մուտքագրելու համար:

21. ՀԴՄ-ի կիրառման, ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմինը հսկիչ գնումներ կատարում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

22. ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում է`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված` փաստացի վաճառված ապրանքի անվանումը,

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված` արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան` ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված` փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը:

23. ՀԴՄ կտրոնի վրա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում է նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը` անկախ հարկ վճարողի` հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:

24. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով` ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում`

1) օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա որևէ տեղեկատվության (տվյալի) բացակայությունը (բացառությամբ սույն հավելվածով հաստատված կանոնների 25-րդ կետով նախատեսված դեպքի) կամ անընթեռնելիությունը (անզեն աչքով կտրոնի վրա արտացոլված տվյալներն ընթերցելու անհնարինությունը).

2) ՀԴՄ-ի կտրոնի չտրամադրումը, այդ թվում` ստացված կանխավճարի դիմաց.

3) գնված ապրանքի կամ ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության արժեքի (այդ թվում` կանխավճարի) չմուտքագրումը կամ դրանց արժեքից ցածր արժեքի (այդ թվում` կանխավճարից ցածր կանխավճարի) մուտքագրումը.

4) գնված ապրանքի քանակի չմուտքագրումը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը` նախորդ որևէ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար.

5) նախորդ որևէ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար`

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի կամ այդ դիրքում ներառված` փաստացի չվաճառված ապրանքի անվանման տպագրումը,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին չհամապատասխանող ապրանքային դիրքի տպագրումը,

գ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված աշխատանքի կամ ծառայության կամ այդ կոդում ներառված` փաստացի չկատարված աշխատանքի կամ փաստացի չմատուցված ծառայության անվանման տպագրումը,

դ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդին (4 նիշին) չհամապատասխանող աշխատանքի կամ ծառայության կոդի տպագրումը.

6) ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած` նախորդ որևէ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար`

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի կամ այդ դիրքում ներառված` փաստացի չվաճառված ապրանքի անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին չհամապատասխանող ապրանքային դիրքի մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

գ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված աշխատանքի կամ ծառայության կամ այդ կոդում ներառված` փաստացի չկատարված աշխատանքի կամ փաստացի չմատուցված ծառայության անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,

դ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդին (4 նիշին) չհամապատասխանող աշխատանքի կամ ծառայության կոդի մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին:

25. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով` ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտում չեն համարվում`

1) գնորդի կողմից ՀԴՄ-ի կտրոնը չվերցնելու արդյունքում դրա փաստացի չհանձնումը գնորդին, եթե ՀԴՄ-ի կտրոնը փաստացի տպագրվել է և դրանում նշված գումարը ներառվել է ֆիսկալ հասույթում.

2) օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերում նշված տվյալների բացակայությունը` «կանխավճար» գրառում ունեցող ՀԴՄ-ի կտրոնների համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1318-Ն
Որոշում