Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ԵՎ 19-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/6900/05/14
2017 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6900/05/14  
Նախագահող դատավոր` Ա. Աբովյան
                  Դատավորներ` Ա. Բաբայան
                                               Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արվալ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Կոմիտեի (իրավանախորդ` ՀՀ ֆինանսների նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 09.10.2014 թվականի թիվ 1004270 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 21.10.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2016 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեով:

Վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշմամբ դատավարության մասնակից չդարձված անձ «Ֆիրմա Գ.Ա.Խ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Կազմակերպության վերաքննիչ բողոքները բավարարվել են, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դատավարության մասնակից չդարձված անձ Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 19-րդ հոդվածի 1-4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության կողմից վիճարկվում է Կոմիտեի 09.10.2014 թվականի թիվ 1004270 ակտի իրավաչափությունը, այլ ոչ թե ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի թիվ 13-2652 եզրակացության իրավաչափությունը, հետևաբար վարչական ակտի իրավաչափության ստուգման արդյունքում ընդունված դատական ակտը չէր կարող անմիջականորեն շոշափել Ընկերության իրավունքները, իսկ վերջինիս մասնակցությունը որևէ կերպ չի կարող ազդել սույն գործի ելքի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.10.2015 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Սույն գործով վիճարկվող` Կոմիտեի 09.10.2014 թվականի թիվ 1004270 ստուգման ակտի հիմքում դրվել է այն ենթադրյալ փաստը, որ Կազմակերպության և Ընկերության միջև կնքված ենթակապալի պայմանագրի շրջանակներում փաստացի իրականացված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը գերազանցում է պայմանագրով նախատեսվածը` հիմնվելով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի թիվ 13-2652 եզրակացության վրա, մինչդեռ Կազմակերպության և Ընկերության միջև առկա է վեճ մեկ այլ` քաղաքացիական գործով, որի լուծման համար էական նշանակություն ունի փաստացի իրականացված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 07.06.2014 թվականի թիվ 13-2652 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ի կառուցման համար Կազմակերպության կողմից սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փաստացի իրականացված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը` ներառյալ 5 տոկոս վերադիր ծախսեր, 10 տոկոս` շահույթ և 20 տոկոս` ԱԱՀ, կարող է կազմել 145.758.990 ՀՀ դրամ: «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ն փաստացի շահագործվել է, ավարտված են եղել ջրընդունիչ հանգույցը, առաջնատափը, ջրթափային պատվարը, ձկնուղու ավազանները, ՀԷԿ-ի շենքը, ՀԷԿ-ի շենքը մատակարարող պողպատե ջրատարը, ՀԷԿ-ի շենքի ջրահեռացման երկաթբետոնե հանգույցը: Նախագծում նախատեսված և փաստացի կատարված` ակնադիտորեն տեսանելի շինարարական աշխատանքներում առկա են ուրվագծային չափերի շեղումներ (հատոր 1-ին, գ.թ 78-92):

2. ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 09.10.2014 թվականի թիվ 1004270 ակտի համաձայն` 25.07.2013 թվականից մինչև 03.10.2014 թվականը Կազմակերպությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:

Ակտի 1-ին կետի համաձայն` շահութահարկի գծով Կազմակերպությունից լրացուցիչ գանձման ենթակա գումար է առաջադրվել 10.772.192 ՀՀ դրամ:

Ակտի 5-րդ կետի համաձայն` ավելացված արժեքի հարկի գծով Կազմակերպությունից լրացուցիչ գանձման ենթակա գումար է առաջադրվել 30.958.868 ՀՀ դրամ և վերադարձման` 163.331 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ 6-8):

3. Վերաքննիչ դատարանը 13.10.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարված է համարել` չանդրադառնալով դրա հիմքերին և հիմնավորումներին` գտնելով, որ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու պարագայում գործը ենթակա է ամբողջ ծավալով նոր քննության (հատոր 3-րդ, գ.թ. 90-98):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչա՞փ է արդյոք վարչական ակտի վիճարկման հայցապահանջի շրջանակներում վարչական գործի քննությանը մասնակից դարձնել այն անձին կամ կազմակերպությանը, որի համար տվյալ վարչական ակտն իրավական հետևանքներ չի առաջացնում:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերոնշյալ իրավանորմերը սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը դատական պաշտպանության միջոցով: Դատական պաշտպանությունն իր հերթին չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ունենա հստակ առաքելություն, սուբյեկտներ, ինչպես նաև ստեղծի պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել դատավարությանը մասնակից չդարձված անձանց ինստիտուտը: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մի կողմից` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում սահմանել է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները շոշափվելու են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այսինքն` ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա: Մյուս կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում նախատեսելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը` օրենսդիրը որպես վարչական դատարանի վերոնշյալ դատավարական պարտականության կատարման նկատմամբ վերադաս դատական ատյանի կողմից իրականացվող հսկողության միջոց սահմանել է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե այն շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները (տե՛ս, «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0475/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ դատավարությանը մասնակից չդարձված անձի դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացմամբ, որն էլ կոչված է ապահովելու վերջինիս իրավունքների և շահերի արդյունավետ իրավական պաշտպանությունը` առանց իր մասնակցության քննված գործը լուծող դատական ակտի բեկանման ու գործի նոր քննության ընթացքում դատավարության մեջ ներգրավվելու և իր դատավարական կարգավիճակից բխող իրավունքներն իրացնելու միջոցով: Ըստ այդմ, յուրաքանչյուր դեպքում դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը քննելիս դատարանները նախևառաջ պետք է պարզեն, թե արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն առնչվում է վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակից չդարձված անձի կողմից իր իրավունքներին վերաբերող դատական ակտի բողոքարկումը կարող է հանգեցնել դատական ակտի բեկանման միայն այն դեպքում, երբ այդ դատական ակտը շոշափում է վերջինիս իրավունքներն ու պարտականությունները:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 09.10.2014 թվականի թիվ 1004270 ակտով Կազմակերպությանը շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել են հարկային պարտավորություններ: Տվյալ վարչական ակտի հիմքում դրվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի թիվ 13-2652 եզրակացությունը:

Դատարանը Կազմակերպության հայցը մերժել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կազմակերպության կողմից շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացվել են առանց շահութահարկի ծախսը և ավելացված արժեքի հարկի հաշվանցումը հիմնավորող փաստաթղթերի, իսկ 2011 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար կազմված` դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքներում ներկայացվել են սխալ տեղեկություններ:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Կազմակերպության և դատավարության մասնակից չդարձված անձ Ընկերության վերաքննիչ բողոքները, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության այն պատճառաբանությամբ, որ «(...) ստուգման ակտի հիմքում ընկած են հիմնականում Ընկերության և Կազմակերպության միջև կնքված ենթակապալի պայմանագրի շրջանակներում ծավալված իրավահարաբերություններից բխող գործառնությունները: Ընդ որում, այդ պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց վճարման նպատակով դուրս են գրվել 80.595.900 ՀՀ դրամ ընդհանուր գումարով հարկային հաշիվներ, իսկ ստուգման ակտի հիմքում դրվել է այն հիմնական փաստը, որ փաստացի իրականացված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքն իրականում կազմել է 145.758.990 ՀՀ դրամ: Այս արժեքը որոշվել է (...) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 13-2652 փորձագիտական եզրակացությամբ, որը սույն գործով հանդիսանում է գրավոր ապացույց: (...) Մյուս կողմից Ընկերության և Կազմակերպության միջև առկա է վեճ, որի շրջանակներում վերջինս պահանջում է Ընկերությունից կատարել այդ գումարների տարբերության վճարումը: (...) Սույն գործն ըստ էության լուծող դատական ակտով նման հանգամանք հաստատվելու պարագայում, ինչը տվյալ դեպքում փաստացի արված է Դատարանի 21.10.2015 թվականի վճռով, այդ հանգամանքն էական նշանակություն է ձեռք բերում երկու ընկերությունների միջև առկա նշված վեճի լուծման համար»:

Վերը նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության` առանց անդրադառնալու Կազմակերպության վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին:

Դատավարության մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ընկերությունը չի հանդիսանում դատավարության մասնակից չդարձված անձ, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ Դատարանի վճիռը չի շոշափում վերջինիս իրավունքներն ու պարտականությունները: Այսպես` սույն գործը վերաբերում է Կազմակերպության` պետության առջև ունեցած հարկային պարտավորություններին, որի շրջանակներում քննության առարկան է հանդիսանում Կոմիտեի կողմից իրականացված վարչական վարույթի և ըստ այդմ` վերջինիս կողմից 09.10.2014 թվականին կայացված թիվ 1004270 ակտի իրավաչափությունը: Այսինքն` սույն գործով վեճի առարկան վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտն է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վարչական ակտի հատկանիշներին, գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

- վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

- վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների (...) կողմից,

- վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. (...),

- վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. (...),

- վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

- վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. (...) (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործով վիճարկվում է Կոմիտեի կողմից 09.10.2014 թվականին կայացված վարչական ակտի իրավաչափությունը, որն ընդունվել է հարկեր, տուրքեր մուծելու և այլ պարտադիր վճարումներ կատարելու հասարակության հանրային շահերն արտահայտող սահմանադրական պարտականության կատարման կապակցությամբ, և որի հասցեատերն է Կազմակերպությունը: Այլ կերպ ասած` սույն գործով վիճարկման հայցի առարկա վարչական ակտն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով` 25.07.2013 թվականից մինչև 03.10.2014 թվականը Կազմակերպությունում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում` առաջացնելով ուղղակի իրավական հետևանքներ Կազմակերպության` որպես վարչական ակտի հասցեատիրոջ համար:

Ինչ վերաբերում է մեկ այլ` քաղաքացիական գործի շրջանակներում Կազմակերպության և Ընկերության միջև առկա պայմանագրային իրավահարաբերություններից բխող վեճին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ գործով ապացույցների գնահատումն իրականացվում է քաղաքացիադատավարական օրենսդրության հիման վրա, և այդ վեճի լուծումը չի կարող կանխորոշվել սույն գործի ելքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով խնդրո առարկա վարչական ակտը չի շոշափում Ընկերության իրավունքները, քանի որ այն կայացվել է Կազմակերպության նկատմամբ: Հետևաբար Ընկերությունը հանրային իրավահարաբերություններից բխող սույն վեճի լուծմանն ուղղված գործով չի կարող հանդես գալ որպես երրորդ անձ, քանի որ սույն գործով կայացված դատական ակտը վերջինիս համար իրավական հետևանքներ չի առաջացնում:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ընկերության վերաքննիչ բողոքի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ սույն որոշման պատճառաբանություններով Ընկերության վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության չի անդրադարձել Կազմակերպության վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության վերաքննիչ բողոքը քննության առնելու և դրա հիմնավորվածությունն ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով նկատի ունենալով, որ Կոմիտեն վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքի անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է Ընկերության վերաքննիչ բողոքի հիմնավոր լինելը` առանց անդրադառնալու Կազմակերպության վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, որպիսի պայմաններում Կոմիտեն Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկել է Ընկերության վերաքննիչ բողոքը մերժման ենթակա լինելու հիմքով: ՈՒստիև Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարման ենթակա լինելու պայմաններում Ընկերությունը պետք է կրի վերջինիս կատարած դատական ծախսի հատուցման պարտականությունը:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Կազմակերպության վերաքննիչ բողոքի մասով գործն ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով դատական ծախսերի բաշխման հարցին անհրաժեշտ է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշումը և այն գործին մասնակից չդարձված «Ֆիրմա Գ.Ա.Խ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարելու մասով փոփոխել` գործին մասնակից չդարձված «Ֆիրմա Գ.Ա.Խ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ «Արվալ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքի մասով գործն ուղարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. «Ֆիրմա Գ.Ա.Խ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

«Արվալ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքի մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ՎԴ/6900/05/14
Որոշում