Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԳԴ5/0007/01/15
Գործ թիվ ԳԴ5/0007/01/15  
Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան
                   Դատավորներ` Ա. Դանիելյան
                                                 Մ. Պապոյան  

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ  Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
պաշտպան Տ. Աբրահամյանի

                   

2017 թվականի ապրիլի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Քրիստինե Հարությունի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Ք.Հարությունյանի պաշտպան Տ.Աբրահամյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 40104914 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ Քրիստինե Հարությունի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2015 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով Ք.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2015 թվականի մարտի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 21-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ք.Հարությունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Վճռվել է նաև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործն ուղարկել դատախազին` անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու համար:

3. Մեղադրող Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 21-ի դատավճիռը, Ք.Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ք.Հարությունյանի պաշտպան Տ.Աբրահամյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Ք.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, եղբոր` անչափահաս Նարեկ Հարությունյանի (ծնված 08-06-2007թ.) հետ, 2014թ. օգոստոսի 01-ին` ժամը 10-11-ի սահմաններում, Քնարիկ Մերուժանի Քոչարյանին պատկանող Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տան մուտքի դռան առջևի շորի տակից վերցնելով մուտքի դռան բանալին, բացել է մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել նախասրահ և զգեստների կախիչի վրա կախված Ք.Քոչարյանի սպորտային վերնազգեստի գրպանից վերցրել է նախասրահից դեպի միջանցք տանող դռան բանալին և բացելով միջանցքի դուռը` մուտք է գործել հյուրասենյակ և սպասքապահարանի օվալաձև առանց փականի կողնակի 2-րդ հարթակում դրված ծաղկամանի միջից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ Ք.Քոչարյանին պատկանող արծաթյա զարդերի մեկ հավաքածու` 1 զույգ ականջօղ, 1 մատանի, իսկ զգեստապահարանի աջ առաջին դարակից` սև կաշվետիպ պայուսակ, որի մեջ զարդատուփով դրված են եղել` 270.000 ՀՀ դրամի արժողությամբ մեկ 16 գրամանոց ոսկյա շղթա, 68.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ` տղամարդու ամուսնական մատանի, 4 գրամանոց 50.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ կանացի ոսկյա մատանի` 2 գրամ 7 դեցի քաշով` Ք.Քոչարյանին պատճառելով զգալի չափ համարվող ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 82):

6. Վ.Միքայելյանի` 2014 թվականի օգոստոսի 23-ի հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) Քրիտինեին ասացի, որ խոսի եղբոր հետ, որպեսզի տեղն ասի, (...) ու Նարեկը ցույց տվեց տոպրակի տեղը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 106):

Վ.Միքայելյանի և Ք.Հարությունյանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի առերես հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) Եղբայրս վախեցած էր, չէր ուզում ոչ մի բան խոսել, լաց էր լինում, ես Նարեկին ասացի, որ նա խոսի (...), Նարեկը տեղն ասաց» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 27):

7. Առաջին ատյանի դատարանն իր` 2016 թվականի հունվարի 21-ի դատավճռում փաստել է. «(...) Դատարանը հաստատված է համարում այն փաստական հանգամանքը, որ Քնարիկ Մերուժանի Քոչարյանին պատկանող Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տնից գաղտնի հափշտակվել է Ք.Քոչարյանին պատկանող արծաթյա զարդերի մեկ հավաքածու` 1 զույգ ականջօղ, 1 մատանի, սև կաշվետիպ պայուսակ, որի մեջ զարդատուփով դրված են եղել մեկ ոսկյա շղթա, մեկ` տղամարդու ամուսնական մատանի, մեկ կանացի ոսկյա մատանի և փաստաթղթեր, որի արդյունքում Ք.Քոչարյանին պատճառվել է գույքային վնաս:

(...) Ինչ վերաբերում է սույն քրեական գործով ապացուցման առարկա հանդիսացած` անչափահաս ամբաստանյալ Քրիստինե Հարությունի Հարությունյանին առաջադրված մեղադրանքին, ապա այն (...) Դատարանը, ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով հաստատված չի համարում:

Այսպես`

ա/ (...) Ամբաստանյալի և նրա օրինական ներկայացուցչի ցուցմունքներով վերջիններս հերքում են Ք.Հարությունյանի կողմից 2014թ. օգոստոսի 01-ին` ժամը 10-11-ի սահմաններում, Քնարիկ Մերուժանի Քոչարյանին պատկանող Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տուն մուտք գործելու և նկարագրված արարքը կատարելու հանգամանքը: Բացի այդ, վերը նշված ցուցմունքների և (...) անչափահաս վկա Ն.Հարությունյանի, վկա Վ.Միքայելյանի կողմից տրված ցուցմունքների և (...) «Պայուսակ ներկայացնելու, զննելու և վերցնելու մասին» արձանագրությունից բխում է, որ Ք.Քոչարյանի տանից համապատասխան պայուսակը, որի մեջ եղել են վերջինիս վերը նշված ոսկյա զարդերը և փաստաթղթերը, վերցրել է ոչ թե Ք.Հարությունյանը, այլ մեկ այլ անձ: Մասնավորապես, հատկանշական է այն հանգամանքը, որ վկա Վ.Միքայելյանը, որը հանդիսացել է ոստիկանության համապատասխան աշխատակից, հայտնել է, որ Նարեկ Հարությունյանը իրեն հայտնել է, որ ինքն է վերցրել համապատասխան պայուսակը և դրել հետագայում մատնանշված ծառի տակ, և Նարեկն է Վ.Միքայելյանին ցույց տվել պայուսակի գտնվելու վայրը: Այն ենթադրությունը, որ Նարեկին սովորեցրել են, կամ Ք.Հարությունյանն է հուշել պայուսակի գտնվելու տեղը, դատաքննությամբ հետազոտված որևէ ապացույցով չի հիմնավորվում, ավելին` Վ.Միքայելյանն իր ցուցմունքով և առերես հարցաքննությամբ նշել է, որ չի լսել համապատասխան պայուսակը ցույց տալու ժամանակ Ք.Հարությունյանի և Ն.Հարությունյանի խոսակցությունը, բացի այդ, Ք.Հարությունյանը նշել է, որ փորձել է համոզել եղբորը, որ նա ցույց տա պայուսակի տեղը:

բ/ (...) տուժող Ք.Քոչարյանի և վերջինիս ամուսին վկա Վ.Գևորգյանի ցուցմունքներն ըստ էության վերաբերում են 2014թ. օգոստոսի 1-ին և դրան հաջորդող օրերին իրենց կատարած գործողություններին, իրենց տնից հափշտակված իրերին և դրանց արժեքներին: Նրանց կողմից տրված ցուցմունքները հիմնված են ենթադրությունների վրա և այլ անձանց կողմից իրենց հայտնած տեղեկությունների վրա, մասնավորապես, նրանց տան մոտ գտնվող տնակում ամբաստանյալի և նրա ընտանիքի բնակվելու, իրենց տուն ելումուտ ունենալու, տան դռան փականն իրենց կողմից նշված ձևով փակված չլինելու և այլ վկաների կողմից հայտնած տեղեկությունների, ամբաստանյալի եղբոր կողմից անասնագոմից առանց իրենց թույլտվությամբ հավի ձու վերցնելու փաստերի և ենթադրությունների վրա: Տվյալ պարագայում հատկանշական է, որ տուժողը և նրա ամուսինն իրենց տանից ոսկյա և արծաթյա զարդերի և համապատասխան պայուսակի և փաստաթղթերի բացակայության մասին իմացել են ամբաստանյալին վերագրվող արարքը կատարելու օրվանից` 2014թ. օգոստոսի 1-ից օրեր անց, իսկ դրանց գտնվելու վայրում վերջին անգամ տեսել են և դրանք օգտագործել են 2014թ. օգոստոսի 1-ից բավականին առաջ, և այդ ընթացքում իրենց տանը գտնվել են այլ մարդիկ, «խնջույք» է եղել և այլն: Բացի այդ, հատկանշական է այն հանգամանքը, որ տուժողի ցուցմունքում նշված այն հանգամանքը, որ ամբաստանյալը ենթադրյալ հանցագործության օրը բազմիցս զանգել է իրեն և փորձել է իմանալ, թե երբ է նա տուն գալիս, ապա հարկ է նշել, որ այդ հանգամանքը չի համապատասխանում սույն դատավճռի 34-րդ կետում նշված փաստական տվյալներին:

գ/ (...) վկա Վարդան Գևորգյանի ցուցմունքից բխում է, որ նա 2014թ. օգոստոսի 1-ին տեսել է մի աղջկա, որը տուժողի տան մոտի տնակի մոտից արագ քայլերով մոտեցել է տուժողի տանը և դռան բռնակը սեղմելու միջոցով /առանց բանալիի օգնության/ բացել է և ներս մտել և տեսել է, որ իրենից 300-400 մետր հեռավորության վրա` իր առջևից, նույն ճանապարհով անցնում են Կարինեն և իր աղջիկը: Բացի այդ, նա հայտնել է, որ ամբաստանյալին չի ճանաչել և նրան ճանաչել է մազերի ձևից և հայտնել է, թե ինչ շորեր է հագին եղել: Ինչպես նաև այն, որ այդ աղջկա ձեռքին ոչինչ չի տեսել և չի տեսել, որ բանալիով դուռը բացի: (...) Վկա Նաիրուհի Գևորգյանի և վկա Կարինե Շահբազյանի ցուցմունքներից բխում է, որ տեսել են Ք.Հարությունյանին և նրա փոքր եղբորը տուժողի տանից դուրս գալուց, որի ընթացքում Ք.Հարությունյանը բանալիով փակել է տուժողի տան դուռը և պատուհանից ներս նայել և այնուհետև փոքր եղբայրը վերադարձել և կռացել է տան դռան մոտ: Ի դեպ, վերջիններս նույնպես ամբաստանյալի և նրա եղբոր ձեռքին ոչինչ չեն տեսել: Ինչպես երևում է վերոգրյալից այս ցուցմունքներում առկա է հակասություն այն մասով, որ նշված տան մոտով ավելի վաղ անցնող անձինք ամբաստանյալին տեսել են տանից դուրս գալուց և նշված գործողությունները կատարելուց, իսկ ավելի ուշ անցնող անձը` տուն մտնելուց, այն պարագայում, որ ըստ էության վերը նշված բոլոր անձինք նույն ժամանակահատվածում գտնվել են համապատասխան ճանապարհի տարբեր մասերում և ըստ էության կարող էին տեսնել նույն բանը: Այնուամենայնիվ, Դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված երեք վկաներն ամբաստանյալի կամ նրա եղբոր ձեռքին կամ նրանց մոտ ոչինչ չեն տեսել: Հատկանշական է նաև այն, որ դատաքննությամբ որպես իրեղեն ապացույց հանդիսացող պայուսակի և դրանում առկա այլ իրերի ծավալն այնպիսին է, որ այն ամբաստանյալի կողմից հափշտակված լինելու պարագայում անհնար է թաքցնել հագուստի միջոցով, այն էլ ամառային հագուստի միջոցով /որոնց նկարագիրը տրվել է վկաների և ամբաստանյալի ցուցմունքով/, որ նկատելի չլիներ: Եվ, եթե նույնիսկ Դատարանն արժանահավատ համարի վերջիններիս տված ցուցմունքները, ապա ամբաստանյալի և նրա եղբոր կողմից տուժողի տուն մտնելու հանգամանքն ինքնին բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով հաստատված համարելու, որ տուժողի տանից գողություն կատարել է Ք.Հարությունյանը, այն էլ առաջադրված մեղադրանքում շարադրված նկարագրությամբ, և այն հանգամանքի լույսի ներքո, որ վերջիններս տուժողի տուն տարբեր ժամանակահատվածներում ազատ մտել և դուրս են եկել: Հատկանշական է նաև այն, որ սույն դատավճռի 49-րդ կետի ա/ ենթակետում նշված անձանց ցուցմունքով և հատկապես Վ.Միքայելյանի ցուցմունքից բխում է, որ իրեն համապատասխան պայուսակի տեղը ցույց է տվել ամբաստանյալի եղբայրը և հայտնել, որ ինքն է դա վերցրել և դրել այնտեղ: /Ի դեպ, վերը նշված վկաները հանդիսանում են տուժողի ազգականները և հարևանը/: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ սույն դատավճռի 20-րդ կետում նշված փաստական տվյալից բխում է, որ վկա Վարդան Գևորգյանի կողմից ամբաստանյալի շորերի նկարագրությունը, իր կողմից տրված ցուցմունքում և առերես հարցաքննության ժամանակ հայտնած տվյալներում տարբեր են եղել /և այլն/:

դ/ Սույն դատավճռի 11-րդ, 12-րդ, 16-րդ, 17-րդ 18-րդ կետերում նշված վկաների ցուցմունքներից բխում է, որ նրանք հանդիսանում են տուժողի հարևանները կամ ազգականները, և կոնկրետ սույն գործով ապացուցման առարկայի վերաբերյալ տվյալները նրանք իմացել են տուժողից և նրա ամուսնուց: 12-րդ կետում նշված վկայի ցուցմունքով նկարագրվում է նաև համապատասխան պայուսակը գտնելու ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները:

ե/ Սույն դատավճռի 19-24-րդ կետերում նշված առերես հարցաքննությունների արձանագրություններից բխում է, որ հարցաքննվողները ըստ էության պնդել են իրենց ցուցմունքները:

զ/ Սույն դատավճռի 25-40-րդ կետերում նշված փաստական տվյալներն ինքնին չեն վկայում սույն քրեական գործով ապացուցման առարկան հանդիսացող հանգամանքների առկայության կամ բացակայության փաստը: Մասնավորապես, նրանցում առկա տեղեկությունները չեն փաստում Ք.Հարությունյանի կողմից իրեն վերագրվող արարքը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով կատարելու հանգամանքը և բավարար չեն դա գնահատելու համար, այդ թվում նաև` 27-րդ կետում նշված, կիսատ կատարված, քննչական փորձարարության արձանագրությունը, որի համաձայն` Ն.Հարությունյանի ձեռքը /առանց այլ միջոցների/ չի հասել համապատասխան դարակին, այն էլ այն պարագայում, որ քննչական փորձարարության ժամանակ տան իրերի դասավորվածությունը փոխված է եղել, որի մասին այդ ժամանակ քննիչը չի իմացել: Բացի այդ, Ն.Հարությունյանի ձեռքը համապատասխան պահարանին հասած չլինելու հանգամանքն ինքնին բավարար չէ փաստելու, որ վերը նկարագրված գողությունը կատարել է Ք.Հարությունյանը:

է/ Հատկանշական է նաև այն, որ ամբաստանյալին վերագրվող արարքի կատարման ժամանակը և կատարման եղանակը նույնպես չեն հիմնավորվում ապացույցների բավարար համակցությամբ, և, ընդհանրապես, կատարման ժամանակը տուժողների և նրա ամուսնու ենթադրությունն է, իսկ կատարման եղանակը /հանցակազմի օբյեկտիվ կողմի մի մասը/, որը նկարագրված է մեղադրանքում /ամբաստանյալի կողմից տուն մտնելու ձևը, ներսի դուռը բացելու եղանակը, համապատասխան առարկաներ վերցնելու նկարագրությունը/, որևէ ապացույցով չի հիմնավորվում: Բավարար ապացույցների համակցությամբ չի հիմնավորվում նաև պատճառված վնասի չափը, մեղադրանքի կողմը այն հիմնավորում է միայն տուժողի ցուցմունքի հիման վրա, որը տարբեր ժամանակներում տրված ցուցմունքներով տարբեր է եղել:

(...) Այսպիսով, (...) ստուգելով և վերլուծելով դատաքննությամբ հետազոտված և սույն դատավճռի 2-40-րդ կետերում նշված բոլոր ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ բավարար չեն, որպեսզի հաղթահարվի անմեղության կանխավարկածը` անաչառ դիտորդի մոտ ձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև հաստատվի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն տա կայացնելու հիմնավորված և պատճառաբանված մեղադրական դատավճիռ: Եղած ապացույցները թույլ չեն տալիս պարզել ապացուցման առարկա հանդիսացող հանգամանքները անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ, և այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում և բացակայում է փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը:

(...)

(...) Այսինքն` տվյալ պարագայում ամբաստանյալ Ք.Հարությունյանին դատապարտելու համար ապացույցների բավարար համակցությամբ չի հաղթահարվում նրա անմեղության կանխավարկածը, և նրան առաջադրված մեղադրանքում նշված արարքը նրա կողմից կատարելու կասկածը չի փարատվում, (...) և չի ապացուցվում նրա մեղավորությունը: Հետևաբար Ք.Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն փարատվել Դատարանը մեկնաբանում է հօգուտ ամբաստանյալ Ք.Հարությունյանի» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 120-167):

8. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հուլիսի 25-ի որոշման համաձայն` «Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ (...) համապատասխան ցուցմունքներով հերքվում է Ք.Հարությունյանի կողմից 2014թ. օգոստոսի 01-ին` ժամը 10-11-ի սահմաններում, Քնարիկ Մերուժանի Քոչարյանին պատկանող Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տուն մուտք գործելու և նկարագրված արարքը կատարելու հանգամանքը, անտեսելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը, նրա օրինական ներկայացուցիչը և վերջինիս ընկեր, ոստիկանության աշխատակից Վ.Միքայելյանը` Ք.Հարությունյանին հնարավոր պատասխանատվությունից ու պատժից խուսափելուն օժանդակելու նպատակով, ցուցմունքներով հերքել են վերջինիս կողմից հանցավոր արարք կատարելու հանգամանքը:

Այս պայմաններում դատարանն արժանահավատ է համարել Վ.Միքայելյանի ցուցմունքները և հատուկ նշել է, որ նա հանդիսանում է համապատասխան ոստիկանության աշխատակից, չնայած, որ նույն դատավճռում հաստատված է համարել, որ Վ.Միքայելյանը սույն քրեական գործի շրջանակներում չի հանդիսացել դատավարական լիազորություններ իրականացնող հետաքննության մարմնի աշխատակից, բացի այդ, վերջինս համապատասխան վարույթն իրականացնող մարմնից` քննիչից, որևէ հանձնարարություն չի ստացել քրեական գործի շրջանակներում որևէ գործողություն կատարելու համար և, ի վերջո, քրեական գործի շրջանակներում չի ունեցել որևէ դատավարական լիազորություն և նրա հայտնած այն տեղեկությունը, որ Ն.Հարությունյանն է իրեն ցույց տվել պայուսակի գտնվելու վայրը, և Ք.Հարությունյանը փորձել է վերջինիս համոզել, որ նա պայուսակի տեղը ցույց տա, այն դեպքում, երբ Վ.Միքայելյանը լճի ափին չի լսել, թե ինչ են խոսում Նարեկ և Քրիստինե Հարությունյանները, ապա ինչպես կարող էր վստահորեն ասել, որ Քրիստինեն փորձում էր համոզել Նարեկին, որ նա պայուսակի տեղը ցույց տա, Վերաքննիչ դատարանի կողմից չի կարող դիտվել որպես օբյեկտիվ արժանահավատ տեղեկատվություն: Ակնհայտ է, որ Ք.Հարությունյանն է ցույց տվել պայուսակի տեղը Վ.Միքայելյանին, և վերջինս, պաշտպանելով և օգնելով իր ընկերուհուն` Ա.Երեմյանին, ցուցմունք է տվել դատարանում, թե Ն.Հարությունյանն է ցույց տվել պայուսակի գտնվելու տեղը:

Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների, մասնավորապես` վկաներ Կարինե Շահբազյանի, Նաիրուհի Գևորգյանի և Վարդան Գևորգյանի ցուցմունքների ուսումնասիրությունից հաստատվում է այն հանգամանքը, որ նրանք 2014 թվականի օգոստոսի 1-ին տեսել են Քրիստինե և Նարեկ Հարությունյաններին միասին տուժողի բնակարան մուտք ու ելք կատարելուց, կոնկրետ Քրիստինե Հարությունյանին` բնակարանի մուտքի դուռը տնից դուրս գալուց հետո փակելուց: Նրանց ցուցմունքների արժանահավատությունը հաստատվել է նաև կատարված քննչական փորձարարությամբ: Կասկած չի հարուցում նաև, որ նրանք տեսել են Ք. և Ն. Հարությունյաններին տուժողի բնակարան մուտք ու ելք կատարելուց հենց օգոստոսի 1-ին, քանի որ Կ.Շահբազյանի ու Ն.Գևորգյանի համար այդ օրը հիշարժան է եղել` Կարինե Շահբազյանի որդին գումար է նրանց ուղարկել, բացի այդ, դեպքից 2 օր անց են նրանք տեղեկացել, որ Ք.Քոչարյանի բնակարանից անհետացել են փաստաթղթերն ու ոսկյա ու արծաթյա զարդերը, և այդ կարճ ժամանակահատվածում չէին կարող շփոթել:

Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կ.Շահբազյանն ու Ն.Գևորգյանը Վ.Գևորգյանից գտնվել են 300-ից 400 մետր առաջ, վերջինս այդ ճանապարհ է մտել ու սկսել է քայլել նրանցից մոտ 7 րոպե անց, և այդ ընթացքում Ք. և Ն. Հարությունյանները կարող էին նույնիսկ մի քանի անգամ մուտք գործել տուժողի բնակարան: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ եթե հիշյալ վկաները ճանապարհով պատահական անցնելուց չեն տեսել Ք. և Ն. Հարությունյանների ձեռքին պայուսակ, ուրեմն նախ այդ պայուսակը չի կարող վերցված լինի նրանց կողմից և հետո, որ այդ պայուսակը դրանից հետո կամ դրանից առաջ հնարավոր չէ վերցված լինի վերջիններիս կողմից:

Առաջին ատյանի դատարանն անտեսել է նաև անչափահաս Ն.Հարությունյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությամբ հաստատված այն փաստը, որ Ն.Հարությունյանը չի կարողացել բացել Ք.Քոչարյանի տան նախասրահից դեպի միջանցք տանող դուռը, և ձեռքը չի հասել հյուրասենյակի զգեստապահարանի վերջին դարակաշարին, այսինքն` նա չէր կարող ինքնուրույն բացել ու մուտք գործել տուժողի բնակարան:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում վերաքննիչ բողոքի փաստարկներն այն մասին, որ, ըստ դատահետքաբանական փորձաքննության եզրակացության` պարզվել է, որ Վալտեր Գևորգյանի տան մուտքի դռան և նախասրահի միջանցք տանող դռան ներփորովի փականների միջուկները գտնվում են սարքին վիճակում /մինչև ապամոնտաժումը/ և բացվել են իրենց բանալիներով: Այլ առարկաներով դրանք բացելու հետքեր չեն հայտնաբերվել: Բացառվում է այն վարկածը, որ այլ առարկաներով /հարմարեցված բանալի, ագրավուկ և այլն/ բացված լինի այդ բնակարանի մուտքի դուռը, և այլ անձ Ք.Քոչարյանի բնակարանից գողություն կատարած լինի: Բացառվում է նաև այն պատճառով, քանի որ միայն օգոստոսի 1-ին են տուժողները բացակայել բնակարանից, միայն օգոստոսի 1-ին է Ք.Քոչարյանը տեսել, որ բնակարանի մուտքի դռան դիմացի շորի տակ դրված մուտքի դռան բանալին տեղաշարժված է և ամենակարևորը, որ տուժողի բնակարանից գողացված պայուսակը և փաստաթղթերը ներկայացվել են Ա.Երեմյանի կողմից, այսինքն` այլ անձի մասնակցությունը կատարված այս հանցագործության մեջ բացառվում է:

(...)

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ իրավական ստուգման և գնահատման ենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ, հանգում է հետևության, որ գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` տուժողի և վկաներ Վալտեր Գևորգյանի, Վարդան Գարուշի Գևորգյանի, Նաիրուհի Մագելի Գևորգյանի, Կարինե Ռաֆիկի Շահբազյանի, Գևորգ Վարդանյանի, Ֆրեդ Վարդանյանի, Կարինե Ղազիկյանի, Անգին Նիկողոսյանի, Ջեմա Ղարիբյանի ցուցմունքները բավարար են ամբաստանյալ Ք.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 137-139):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում:

9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ, 66-րդ, 67-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-19-րդ, 107-րդ, 360-րդ և 365-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը, վերլուծության ենթարկելով քրեական գործով ձեռքբերված և հետազոտված ապացույցները, արդյունքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ենթադրությունների վրա, կայացրել է մեղադրական դատավճիռ: Ըստ բողոք բերած անձի` հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը չի ապացուցվել դատական քննության ընթացքում: Դատարանը չի ղեկավարվել անմեղության կանխավարկածի սկզբունքով, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին չի մեկնաբանել:

10. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հուլիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 21-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ամբաստանյալ Ք.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասին դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

i

13. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը, հիմնվելով իր կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, Ա.Մադոյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «Ապացույցների բավարարություն» բնորոշմանը, այն որոշելու չափանիշներին, չափանիշներից յուրաքանչյուրի էությանն ու նշանակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր կողմից նախկինում ընդունված որոշումներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը: Ինչ վերաբերում է ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներին, ապա Վճռաբեկ դատարանը նշել է, որ դրանք են` 1) անմեղության կանխավարկածը, 2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը, 3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը (տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ կետը):

Անդրադառնալով ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներից անմեղության կանխավարկածին` Վճռաբեկ դատարանը փաստել է. «Քրեական դատավարությունում կանխավարկածն օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն` որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը: Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է (...): Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով` քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:

(...) Անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար:

(...)

i

(...) «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով` պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 30-րդ և 33-րդ կետերը):

i

Իսկ անդրադառնալով ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշներից մյուսին` դատավարական որոշումների հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Ընդ որում, հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-19-րդ կետերը, Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը) (տե՛ս Արթուր Մադոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15 որոշման 21-21.1-րդ կետերը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ք.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, եզրահանգել է, որ ապացույցների բավարար համակցությամբ չի հաղթահարվում Ք.Հարությունյանի անմեղության կանխավարկածը, և նրան առաջադրված մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն փարատվել, պետք է մեկնաբանել հօգուտ վերջինիս: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, արդյունքում բեկանել և փոփոխել է այն, Ք.Հարությունյանին մեղավոր ճանաչել վերջինիս մեղսագրված հանցավոր արարքի կատարման մեջ: Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը, ի թիվս այլոց, հիմնավորել է նրանով, որ գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` տուժողի և վկաներ Վալտեր Գևորգյանի, Վարդան Գևորգյանի, Նաիրուհի Գևորգյանի, Կարինե Շահբազյանի, Գևորգ Վարդանյանի, Ֆրեդ Վարդանյանի, Կարինե Ղազիկյանի, Անգին Նիկողոսյանի, Ջեմա Ղարիբյանի ցուցմունքները, բավարար են ամբաստանյալ Ք.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

15. Նախորդ և սույն որոշման 5-8-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են ամբաստանյալ Ք.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար (տե՛ս սույն որոշման 8-րդ և 14-րդ կետերը):

15.1. Այսպես, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` նախ նշենք, որ վերջինս կայացված դատական ակտի շրջանակներում փաստել է. «(...) Վ.Միքայելյանի հայտնած այն տեղեկությունը, որ Ն.Հարությունյանն է իրեն ցույց տվել պայուսակի գտնվելու վայրը, և Ք.Հարությունյանը փորձել է վերջինիս համոզել, որ նա պայուսակի տեղը ցույց տա, այն դեպքում, երբ Վ.Միքայելյանը լճի ափին չի լսել, թե ինչ են խոսում Նարեկ և Քրիստինե Հարությունյանները, ապա ինչպես կարող էր վստահորեն ասել, որ Քրիստինեն փորձում էր համոզել Նարեկին, որ նա պայուսակի տեղը ցույց տա, Վերաքննիչ դատարանի կողմից չի կարող դիտվել որպես օբյեկտիվ արժանահավատ տեղեկատվություն: Ակնհայտ է, որ Ք.Հարությունյանն է ցույց տվել պայուսակի տեղը Վ.Միքայելյանին, և վերջինս, պաշտպանելով և օգնելով իր ընկերուհուն` Ա.Երեմյանին, ցուցմունք է տվել դատարանում, թե Ն.Հարությունյանն է ցույց տվել պայուսակի գտնվելու տեղը» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Նշյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հանդես է եկել գործի նյութերից չբխող դատողություններով: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը փաստել է. «Այն ենթադրությունը, որ Նարեկին սովորեցրել են, կամ Ք.Հարությունյանն է հուշել պայուսակի գտնվելու տեղը, դատաքննությամբ հետազոտված որևէ ապացույցով չի հիմնավորվում, ավելին` Վ.Միքայելյանը իր ցուցմունքով և առերես հարցաքննությամբ նշել է, որ չի լսել, համապատասխան պայուսակը ցույց տալու ժամանակ Ք.Հարությունյանի և Ն.Հարությունյանի խոսակցությունը, բացի այդ, Ք.Հարությունյանը նշել է, որ փորձել է համոզել եղբորը, որ նա ցույց տա պայուսակի տեղը» (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը): Մինչդեռ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված այն հանգամանքը, որ Ք.Հարությունյանը նշել է, որ փորձել է համոզել եղբորը, որ նա ցույց տա պայուսակի տեղը, ոչ իրավաչափորեն վերագրել է Վ.Միքայելյանին որպես վերջինիս կողմից հայտնած տվյալ: Հետևաբար վերոգրյալի պայմաններում իրավաչափ չի կարող համարվել Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Վ.Միքայելյանի հաղորդած տեղեկությունը չի կարող դիտվել որպես օբյեկտիվ արժանահավատ տեղեկատվություն: Սույն դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի դատողությունն առ այն, որ սույն գործով հետազոտված որևէ ապացույցով չի հիմնավորվում այն ենթադրությունը, որ Նարեկին սովորեցրել են, կամ Ք.Հարությունյանն է հուշել պայուսակի գտնվելու տեղը:

15.2. Վերաքննիչ դատարանը նշել է նաև. «Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների, մասնավորապես` վկաներ Կարինե Շահբազյանի, Նաիրուհի Գևորգյանի և Վարդան Գևորգյանի ցուցմունքների ուսումնասիրությունից հաստատվում է այն հանգամանքը, որ նրանք 2014 թվականի օգոստոսի 1-ին տեսել են Քրիստինե և Նարեկ Հարությունյաններին միասին տուժողի բնակարան մուտք ու ելք կատարելուց, կոնկրետ Քրիստինե Հարությունյանին` բնակարանի մուտքի դուռը տնից դուրս գալուց հետո փակելուց: Նրանց ցուցմունքների արժանահավատությունը հաստատվել է նաև կատարված քննչական փորձարարությամբ: Կասկած չի հարուցում նաև, որ նրանք տեսել են Ք. և Ն. Հարությունյաններին տուժողի բնակարան մուտք ու ելք կատարելուց հենց օգոստոսի 1-ին, քանի որ Կ.Շահբազյանի ու Ն.Գևորգյանի համար այդ օրը հիշարժան է եղել` Կարինե Շահբազյանի որդին գումար է նրանց ուղարկել, բացի այդ, դեպքից 2 օր անց են նրանք տեղեկացել, որ Ք.Քոչարյանի բնակարանից անհետացել են փաստաթղթերն ու ոսկյա ու արծաթյա զարդերը, և այդ կարճ ժամանակահատվածում չէին կարող շփոթել» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանի սույն փաստարկի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաներ Վ.Գևորգյանը, Ն.Գևորգյանը, Կ.Շահբազյանը թեև իրենց հակասական ցուցմունքներով (այդ առումով տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) նշում են Ք.Հարությունյանի կողմից տուժողի բնակարան մուտք գործելու մասին, սակայն միաժամանակ տուժողի, մի շարք վկաների ցուցմունքներով հիմնավորվում է նաև այն, որ ամբաստանյալ Ք.Հարությունյանը և նրա եղբայրն ազատ մուտք ու ելք են ունեցել տուժողի բնակարան, բացի այդ, վկաները նշել են, որ որևէ իր կամ առարկա չեն նկատել նրանց ձեռքում: Ընդ որում, դրա հետ կապված` հարկ է ընդգծել նաև Առաջին ատյանի դատարանի հետևյալ դատողությունը. Որպես իրեղեն ապացույց հանդիսացող պայուսակի և դրանում առկա այլ իրերի ծավալն այնպիսին է, որ այն ամբաստանյալի կողմից հափշտակված լինելու պարագայում անհնար է թաքցնել հագուստի միջոցով, այն էլ ամառային հագուստի միջոցով /որոնց նկարագիրը տրվել է վկաների և ամբաստանյալի ցուցմունքով/, որ նկատելի չլիներ» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Կ.Շահբազյանն ու Ն.Գևորգյանը Վ.Գևորգյանից գտնվել են 300-ից 400 մետր առաջ, վերջինս այդ ճանապարհ է մտել ու սկսել քայլել նրանցից մոտ 7 րոպե անց, և այդ ընթացքում Ք. և Ն. Հարությունյանները կարող էին նույնիսկ մի քանի անգամ մուտք գործել տուժողի բնակարան: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ եթե հիշյալ վկաները ճանապարհով պատահական անցնելուց չեն տեսել Ք. և Ն. Հարությունյանների ձեռքին պայուսակ, ուրեմն նախ այդ պայուսակը չի կարող վերցված լինի նրանց կողմից և հետո, որ այդ պայուսակը դրանից հետո կամ դրանից առաջ հնարավոր չէ վերցված լինի վերջիններիս կողմից» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոհիշյալը ենթադրություն է և կրում է հավանական բնույթ. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ որոշակի փաստական հանգամանքը չի կարող հաստատված համարվել դա վկայող ապացույցի բացակայության պայմաններում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաներ Վ.Գևորգյանի, Ն.Գևորգյանի, Կ.Շահբազյանի ցուցմունքներով հնարավոր չէ ողջամիտ կասկածից վեր հաստատված համարել, որ ամբաստանյալ Ք.Հարությունյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված հանցավոր արարքը:

15.3. Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված հետևյալ դիրքորոշումը. «Առաջին ատյանի դատարանն անտեսել է (...) անչափահաս Ն.Հարությունյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությամբ հաստատված այն փաստը, որ Ն.Հարությունյանը չի կարողացել բացել Ք.Քոչարյանի տան նախասրահից դեպի միջանցք տանող դուռը, և ձեռքը չի հասել հյուրասենյակի զգեստապահարանի վերջին դարակաշարին, այսինքն` նա չէր կարող ինքնուրույն բացել ու մուտք գործել տուժողի բնակարան» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վճռաբեկ դատարանի այս դատողությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը վերլուծության է ենթարկել նշյալ ապացույցը, ավելին` դրա արդյունքում եկել է հիմնավոր եզրահանգման առ այն, որ Ն.Հարությունյանի ձեռքը համապատասխան պահարանին հասած չլինելու հանգամանքն ինքնին բավարար չէ փաստելու, որ գողությունը կատարել է Ք.Հարությունյանը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15.4. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ բացառվում է այլ անձի կողմից համապատասխան հանցավոր արարքը կատարելու հանգամանքը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն փաստարկով չի կարող «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարվել քննարկվող հանցագործությունն ամբաստանյալ Ք.Հարությունյանի կողմից կատարված լինելը:

i

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ք.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասին դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 127-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է վերջինիս կողմից կայացված դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները, չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի, եկել է հիմնավոր եզրահանգման ամբաստանյալի անմեղության հարցում: Այլ կերպ` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: ՈՒստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 21-ի արդարացման դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Քրիստինե Հարությունի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 21-ի արդարացման դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2017
N ԳԴ5/0007/01/15
Որոշում