Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ...

 

 

326.1498.271217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32617515

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 դեկտեմբերի 2017 թվականի N 1498-Ն

 

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման և աշխատանքների իրականացման և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետներում և կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների

նախարարի

2017 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1498-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հրդեհաշիջման կազմակերպման և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների աշխատանքների առանձնահատկությունները:

2. Սույն կարգը մշակվել է «Փրկարար ծառայության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքների պահանջներին համապատասխան:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) օպերատիվ շտաբ - բարդ, խոշոր և երկարատև հրդեհների դեպքում ստեղծվող ժամանակավոր ղեկավար մարմին, որն արդյունավետ հրդեհաշիջում կատարելու նպատակով իրականացնում է կազմակերպչական և այլ համալիր միջոցառումներ.

2) հրդեհաշիջման ղեկավար - հրդեհաշիջման աշխատանքներ ղեկավարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ.

3) հրդեհաշիջման շտաբ - հրդեհի վայրում հրդեհաշիջման ղեկավարի որոշմամբ ստեղծված ժամանակավոր ղեկավար մարմին, որի հիմնական խնդիրն է ապահովել հրդեհաշիջման ղեկավարի որոշումների կատարումը.

4) հրդեհաշիջման տեղամաս - հրդեհաշիջման տարածքի տեղամաս, որտեղ հրդեհաշիջման նպատակով կենտրոնացվում են ուժեր և միջոցներ.

5) օղակ - հրշեջ ավտոբաքով կամ ավտոպոմպով առաջնային հրշեջ-փրկարարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծելու մարդկանց և նյութական արժեքները փրկելու, հրդեհը մարելու առանձին խնդիրներ.

6) խումբ - երկու և ավելի օղակների կազմով հիմնական հրշեջ ավտոմեքենաներով` հրշեջ-փրկարարական ուժերի հիմնական մարտավարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծել փրկարարական խնդիրներ` իր մարտավարական հնարավորություններին համապատասխան.

7) հերթափոխ - մեկ կամ երկու օղակների կազմով հիմնական հրշեջ ավտոմեքենաներով` հրշեջ-փրկարարական ուժերի հիմնական մարտավարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծել փրկարարական խնդիրներ` իր մարտավարական հնարավորություններին համապատասխան.

8) մարտական բացազատում - հրշեջ-փրկարարական ուժերն ու միջոցները պատրաստականության բերելն է, ուղղված հրդեհների մարման և վթարափրկարարական աշխատանքների կատարմանը.

9) հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղություն-ուղղությունը, որտեղ սպառնալիք է ստեղծվել մարդկանց, պայթյունի և կրակի առավել ինտենսիվ տարածման համար ու որտեղ ստորաբաժանումների գործողությունները տվյալ պահին կարող են ապահովել հրդեհաշիջման հաջողությունը.

10) հրդեհի մեկուսացում - իրավիճակ, երբ հրդեհի ժամանակ մարդկանց, կենդանիներին և նյութական արժեքներին վտանգ չի սպառնում, հրդեհի տարածումը կանխված է և ապահովված է այն եղած ուժերով ու միջոցներով մարելու հնարավորությունը.

11) հրդեհի մարում - միջոցառումների համալիր` որն ուղղված է այրման դադարեցմանը և նոր բռնկումների կանխմանը.

12) հրդեհաշիջման աշխատանքների ավարտ - հրդեհաշիջման աշխատանքների ավարտման փուլ, երբ բացառվում է հրդեհի կրկին բռնկման հնարավորությունը.

13) հրդեհի կանչեր - հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով սահմանված բարդության աստիճաններ, որոնց դեպքերում միաժամանակ ուղարկվում են.

ա. Երևան քաղաքի համար`

- թիվ 1 կանչ - երկու մարտական հաշվարկ (այսուհետ` ՄՀ).

- թիվ 1 բիս կանչ - չորս ՄՀ.

- թիվ 2 կանչ - վեց ՄՀ.

- թիվ 3 կանչ - տասը ՄՀ.

բ. ՀՀ մարզերի համար`

- թիվ 1 կանչ - երկու ՄՀ.

- թիվ 2 կանչ - չորս ՄՀ.

- թիվ 3 կանչ - ութ ՄՀ.

գ. Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՀԱԷԿ) համար`

- թիվ 4 կանչ - քսան ՄՀ.

- թիվ 4 բիս կանչ - քառասուն ՄՀ:

 

ԳԼՈՒԽ 2. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4. Հրդեհաշիջման խնդիրների լուծման համար օգտագործվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան:

5. Հրդեհաշիջման խնդիրների լուծման համար կարող են օգտագործվել նաև այլ ուժեր և միջոցներ, որոնք ներգրավվում են լիազորված մարմնի սահմանած կարգով կամ փոխգործողությունների պլաններով նախատեսված դեպքերում:

6. Հրդեհաշիջման հաջողությունը ձեռք է բերվում` հրդեհաշիջման վճռական ուղղության ճիշտ որոշմամբ, անհրաժեշտ ուժերի և միջոցների ժամանակին կենտրոնացմամբ և ներգրավմամբ, ստորաբաժանումների հմուտ և արդյունավետ ղեկավարմամբ, անձնակազմի բարձր պատրաստվածությամբ, կարգապահությամբ ու արդյունավետ գործողությունների շնորհիվ:

7. Հրշեջ ավտոմեքենաներն ըստ նշանակության լինում են հիմնական, հատուկ և օժանդակ:

8. Հիմնական հրշեջ ավտոմեքենաները նախատեսված են այրման գոտի կրակմարման նյութեր (ջուր, փրփուր, փոշի, գազեր և այլն) մղելու համար:

9. Հատուկ հրշեջ ավտոմեքենաները նախատեսված են հրդեհի վայրում հատուկ աշխատանքներ` անձնակազմը բարձրացնելու, ծխահեռացում կատարելու, փողրակներ փռելու, կապ և լուսավորություն ապահովելու և այլ գործողություններ կատարելու համար:

10. Օժանդակ ավտոմեքենաների շարքին են դասվում` օժանդակ աշխատանքներ կատարելու համար ստորաբաժանումների կազմում գտնվող կամ ներգրավվող վառելիքալցավորիչները, ջրատարները, շարժական ավտոարհեստանոցները, ավտոբուսները, մարդատար և բեռնատար ավտոմեքենաները:

 

ԳԼՈՒԽ 3. ԽՄԲԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ԽՄԲԻ (ՀԵՐԹԱՓՈԽԻ) ՊԵՏԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը ղեկավարում է խմբի, հերթափոխի աշխատանքը, պատասխանատու է անձնակազմի անվտանգության, հանձնարարված առաջադրանքի կատարման, հրշեջ տեխնիկայի և տեխզինվածության սահմանված կարգով շահագործման համար:

12. Հրդեհի վայր առաջինը ներկայանալու դեպքում խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը, որպես հրդեհաշիջման ղեկավար, ղեկավարվում է սույն կարգի կետերով, իսկ բարձր աստիճանի կանչ հայտարարելու դեպքում` պարտավոր է զեկուցել հրդեհի վայր ժամանած ղեկավարման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, ստանալ առաջադրանք և ապահովել դրա կատարումը:

13. Կանչի վայր մեկնելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է`

1) որոշել ընթացքի ամենակարճ երթուղին և հսկել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը վարորդների կողմից.

2) ծանոթանալ հրդեհաշիջման օպերատիվ փաստաթղթերին.

3) հետևել հրդեհի վայրից, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից (այսուհետ` ՃԿԱԿ) կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության (այսուհետ` ՄՓՎ) ճգնաժամային կառավարման կենտրոնից (այսուհետ` ՃԿԿ) և ջոկատից տարվող ռադիոհաղորդումները:

14. Փրկարարական աշխատանքներ կատարելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է`

1) խմբի, հերթափոխի ուժերն ու միջոցները բաշխել այնպես, որպեսզի վտանգի մեջ գտնվող մարդկանց շուտափույթ օգնություն ցուցաբերվի.

2) օղակի հրամանատարներին հստակ ուղղորդել դեպի մարդկանց փրկելու ճանապարհներն ու եղանակները.

3) մարդկանց փրկելու հետ միաժամանակ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները` դրա համար ներգրավելով փրկարարական աշխատանքներին չմասնակցող անձնակազմին:

15. Բացազատման ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է յուրաքանչյուր օղակին տալ հանձնարարություններ` հաշվի առնելով ուժերն ու միջոցները:

16. Փողակներ տալու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է`

1) սայլակավոր փողակի աշխատանքը ղեկավարելու համար նշանակել օղակի հրամանատար.

2) սայլակավոր փողակին երկու ավտոմեքենաներից ջուր տալու դեպքում ապահովել կապ վարորդների միջև.

3) փրփուրի կամ փոշու փողակ տալուց հետո նախապատրաստել ջրի փողակներ` այրվող մանր օջախները մարելու և կառուցատարրերը հովացնելու համար:

17. Կառուցատարրերը քանդելու և բացելու աշխատանքները կազմակերպելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է աշխատանքի տեղամասերը բաշխել օղակների միջև, նրանց ապահովել հրդեհաշիջման միջոցներով, օղակների հրամանատարներին բացատրել այդ աշխատանքների նպատակը, ծավալն ու սահմանները, ինչպես նաև քանդված նյութերի կուտակման վայրերը:

18. Նյութական արժեքների տարահանումը կազմակերպելու ժամանակ խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է`

1) տարահանումը կատարել հրդեհաշիջման հետ միաժամանակ.

2) տարահանումը ղեկավարելու համար նշանակել օղակի հրամանատար` ցույց տալով տարահանման հաջորդականությունն ու ճանապարհները, ինչպես նաև դուրս բերված նյութական արժեքների կուտակման վայրը և ապահովել դրանց խնամքը և պահպանությունը:

19. Կենդանիներին տարահանելու ժամանակ անհրաժեշտ է`

1) պարզել կենդանիների քանակն ու տեսակը, առկա վտանգի բնույթը, տարահանման ճանապարհների վիճակը.

2) որոշել տարահանման եղանակը և տեղը.

3) միջոցներ ձեռնարկել ծխի դեմ պայքարի համար.

4) տարահանմանը ներգրավել սպասարկող անձնակազմին.

5) անվտանգ տարահանման համար օգտագործել գոյություն ունեցող ելքերը` միաժամանակ փողակներ տալ հրդեհը մարելու համար:

20. Հատուկ հրշեջ, հրշեջ-փրկարարական ջոկատ (այսուհետ` Ջոկատ) վերադառնալուց հետո խմբի հրամանատարը, խմբի (հերթափոխի) պետը պարտավոր է ապահովել անձնակազմի և հրշեջ տեխնիկայի անմիջապես մարտական վիճակի բերումը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) զեկուցել մեկնելուն պատրաստ լինելու մասին:

 

ԳԼՈՒԽ 4. ՕՂԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Օղակի հրամանատարը հանդիսանում է օղակի անձնակազմի անմիջական պետը և պատասխանատու է նրա գործողությունների համար:

22. Օղակի հրամանատարը պարտավոր է`

1) առաջինը հրդեհի վայր ներկայանալիս ղեկավարել հրդեհաշիջումը մինչև վերադաս պետի ներկայանալը, իսկ հրդեհի վայր ժամանած իրավասություն ունեցող վերադաս պետին զեկուցել իրավիճակը և կատարել նրա հրամանները.

2) գիտենալ իր օղակի մարտական խնդիրները և հրահանգավորել ենթակա անձնակազմին.

3) ապահովել մարտական հաշվարկի փոխգործողությունները.

4) ապահովել հրշեջ-փրկարարների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը.

5) հրդեհաշիջման տեղամասում իրավիճակի փոփոխման դեպքում կապ հաստատել վերադաս պետի հետ և զեկուցել այդ մասին.

6) ապահովել հրշեջ տեխնիկայի արդյունավետ աշխատանքը.

7) ապահովել հրշեջ ավտոմեքենայի ժամանակին լցավորումը կրակմարման նյութերով.

8) կարողանալ աշխատեցնել ռադիոկայանը, գիտենալ և պահպանել ռադիոկապից օգտվելու կանոնները:

23. Օղակի հրամանատարը հրդեհաշիջման բացազատման ժամանակ պարտավոր է`

1) ապահովել բացազատումը ամենակարճ ժամանակում.

2) օղակի անձնակազմին ցույց տալ ջրաղբյուրը, փողրակագծերը փռելու ուղղությունը, ճյուղավորումը դնելու տեղը, նշել փողակների քանակն ու տեսակը, փողակավարների դիրքերը, հրշեջ սանդուղքները տեղադրելու տեղերը, և հետևել դրանց ճիշտ կատարմանը:

24. Կառուցատարրերը քանդելու և բացելու աշխատանքները կատարելիս օղակի հրամանատարը պարտավոր է`

1) ներգրավվել պահանջվող քանակի հրշեջ-փրկարարներ, բացատրել կատարվելիք աշխատանքների նպատակը, տեղը և ծավալը.

2) եթե աշխատանքները կատարվում են մեկ օղակի կողմից, ապա հրշեջ փրկարարներին ցույց տալ քանդված նյութերը տեղափոխելու վայրը, վերին հարկերից ցած նետելու դեպքում տարածքը սահմանազատել ժապավենով, նշանակել պահակետ, իսկ գիշերային ժամերին տարածքը լուսավորել.

3) ապահովել աշխատանքների անվտանգ կատարումը և միջոցներ ձեռնարկել էլեկտրասարքավորումներն ու հաղորդալարերը հոսանքազրկելու, գազատարները փակելու, ինչպես նաև կառուցատարրերի փլուզումը կանխելու համար.

4) հետևել կրող կառուցատարրերի փոփոխություններին, հնարավորության դեպքում` կանխել դրանց վնասումը, իսկ դրանց վնասվածության վտանգավոր աստիճանի դեպքում` ապահովել ենթակա անձնակազմի անվտանգությունը:

25. Նյութական արժեքները տարահանելու ժամանակ օղակի հրամանատարը պարտավոր է`

1) հրշեջ-փրկարարներին ցույց տալ տարահանման հաջորդականությունը, ճանապարհը և նյութական արժեքները տեղավորելու վայրը:

26. Օղակի հրամանատարը պարտավոր է դիմավորել ժամանող ստորաբաժանումներին, ցույց տալ այն ջրաղբյուրները, որոնց վրա պետք է տեղադրվեն հրշեջ ավտոմեքենաները, ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցել ղեկավարի (հրդեհաշիջման շտաբի պետի, թիկունքի պետի) կարգադրությունները, հաղորդել հրդեհաշիջման շտաբի տեղը:

27. Ավարտի ազդանշան ստանալուց օղակի հրամանատարը պարտավոր է`

1) ստուգել օղակի անձնակազմի առկայությունը.

2) ստուգել տեխզինվածության առկայությունը և ավտոբաքը լցնել ջրով.

3) օղակը` վերադարձին պատրաստ լինելու մասին, զեկուցել այն պետին, որին ենթակա էր հրդեհի վայրում:

28. Հրդեհի մարումից հետո հերթապահություն իրականացնելու ժամանակ օղակի հրամանատարը պարտավոր է`

1) կազմակերպել հրդեհի վայրի անընդհատ հսկումը.

2) հրդեհաշիջման միջոցները պահել պատրաստ վիճակում.

3) այրվող օջախներ հայտնաբերելու դեպքում` զեկուցել հրշեջ-փրկարարական ջոկատ, Ճգնաժամային կառավարման (ազգային) կենտրոն և միջոցներ ձեռնարկել դրանց մարման համար.

4) Ջոկատ վերադառնալ միայն կարգադրության դեպքում, որի մասին տեղեկացնել կազմակերպության տնօրինությանը:

29. Ջոկատ վերադառնալուց հետո օղակի հրամանատարը պարտավոր է`

1) ապահովել հրշեջ ավտոմեքենայի և տեխզինվածության արագ բերումը մարտական վիճակի` այդ մասին զեկուցելով խմբի, հերթափոխի պետին.

2) միջոցներ ձեռնարկել անձնակազմի հրդեհի վայրում թրջված մարտական հագուստը չորացնելու կամ փոխելու համար:

 

ԳԼՈՒԽ 5. ՀՐՇԵՋ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՈՐԴԻ ԵՎ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Հրշեջ ավտոմեքենայի վարորդը պարտավոր է`

1) գիտենալ և պահպանել անձնակազմի ավտոմեքենա նստելու կանոններն ու տեխզինվածության տեղաբաշխումը.

2) խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հրշեջ ավտոմեքենայի շահագործման հրահանգը.

3) ավտոմեքենան տեղակայել հրդեհի օջախից անվտանգ հեռավորության վրա.

4) գտնվել ավտոմեքենայի մոտ` ապահովելով բոլոր համակարգերի և հանգույցների անխափան աշխատանքը, մշտապես հետևել օղակի հրամանատարի կարգադրություններին ու ազդանշաններին, արագորեն կատարել դրանք.

5) կարողանալ սահմանված կարգով շահագործել ռադիոկայանը, գիտենալ և պահպանել ռադիոհաղորդումներ տալու կանոնները.

6) ապահովել կրակմարիչ նյութերի անընդհատ մատակարարումը.

7) փողրակագծերով ջուր տալու դեպքում ճնշումը բարձրացնել աստիճանաբար և ճնշման մակարդակը պահել պետի կողմից տրված կարգադրության համաձայն.

8) ցածր ջերմաստիճանի դեպքում պոմպի աշխատանքը չդադարեցնել.

9) հետևել վառելահեղուկի, կրակմարման նյութերի ծախսին և ժամանակին զեկուցել դրանց լրացնելու անհրաժեշտության մասին.

10) ավտոմեքենայի մեխանիզմների խափանվելու դեպքում անմիջապես զեկուցել հրամանատարին և հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել անսարքությունը հայտնաբերելու ու վերացնելու համար.

11) անհրաժեշտության դեպքում կատարել ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումը հրդեհի վայրում:

31. Հրշեջ ավտոմեքենայի կամ ամբարձիչի վրա աշխատելիս վարորդը պարտավոր է`

1) հաշվի առնել ավտոմեքենայի եզրաչափերը ընթացքի և շրջադարձերի ժամանակ, հատկապես կամուրջների ու կամարների տակով երթևեկելիս.

2) ավտոսանդուղքը (ավտոամբարձիչը) աշխատանքի նախապատրաստելիս, այն կանգնեցնել պինդ հիմքի վրա, հաշվի առնելով տեղանքի թեքությունը.

3) խստորեն հսկել սանդուղքի ծնկներին կամ ամբարձիչի զամբյուղի մեջ միաժամանակ գտնվող մարդկանց թույլատրելի քանակը.

4) աշխատել հրշեջի սաղավարտով.

5) ավտոմեքենան տեղակայել, հաշվի առնելով սանդուղքի առավելագույն թռիչքը, սանդուղքի կամ ավտոամբարձիչի սլաքի մանևրելու ապահովումը:

32. Հրդեհաշիջման ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է գիտենալ`

1) օղակի և իր մարտական առաջադրանքը.

2) անառարկելիորեն, ճշտորեն և ժամանակին կատարել հրամանատարների և պետերի կարգադրությունները և հրամանները.

3) չթողնել իր դիրքն առանց հրամանատարի թույլտվության.

4) կապ պահպանել իր օղակի հրամանատարի և հրշեջ-փրկարարների հետ.

5) մարտական առաջադրանքը կատարելիս, ցուցաբերել նախաձեռնություն և հնարամտություն.

6) մարդկանց նախազգուշացնել, իսկ նրանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում, միջոցներ ձեռնարկել փրկելու համար, որի մասին զեկուցել օղակի հրամանատարին.

7) տուժածին ցույց տալ առաջին օգնություն.

8) հետևել տեխզինվածության սարքինությանը.

9) պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները.

10) աշխատանքի ավարտից հետո ստուգել տեխզինվածության առկայությունն ու ամրակապումը, այդ մասին զեկուցել օղակի հրամանատարին:

33. Հետախուզության կազմում հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) իր մոտ ունենալ անհրաժեշտ հանդերձանք և հրշեջ-տեխնիկական զինվածություն.

2) հետևել հետախուզությունը գլխավորողին.

3) ուշադիր հետևել շրջապատի իրադրությանը.

4) վտանգի մեջ գտնվող մարդկանց, կրակի և ծխի հայտնաբերման դեպքում անմիջապես զեկուցել հետախուզությունը գլխավորողին:

34. Մարդկանց փրկելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) իր մոտ ունենալ հրամանատարի կողմից նշված եղանակով մարդկանց փրկելու համար անհրաժեշտ տեխզինվածություն և միջոցներ.

2) սենյակ մտնելիս, փրկվողին տեղեկացնել օգնություն ցույց տալու վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին օգնություն.

3) ընտրել փրկելու համար ամենակարճ ճանապարհը և առավել անվտանգ եղանակը, եթե հրամանատարը այդ մասին ոչինչ չի կարգադրել.

4) փրկվողի հետ բարձր ջերմության և թանձր ծխապատման գոտին անցնել միայն բացառիկ դեպքերում (եթե այլ ճանապարհ չկա)` փրկվողին կրակի և ծխի ազդեցությունից պաշտպանելու միջոցներ ձեռնարկելուց հետո:

35. Փողրակները փռելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) ընտրել ամենակարճ և հարմար ճանապարհը դեպի փողակավարների դիրքերը.

2) խուսափել փողրակագծերը սուր և այրվող իրերի վրա կամ քայքայող նյութերի թափված տեղամասով փռելուց, իսկ եթե դա անհնար է, ապա, դրանք վնասվելուց պաշտպանելու համար, օգտագործել տախտակամածներ կամ այլ միջոցներ.

3) փողրակագծերով չխոչընդոտել շենքերի ելքերն ու աստիճանավանդակները, աստիճանավանդակում փողրակագծերը փռել սանդղաբազուկների միջև.

4) փողրակագծերը փռել փողոցների, ճանապարհների, բակերի եզրերով` հնարավորին չափ աներթևեկելի մասերով, իսկ երկաթգծերի դեպքում` ռելսերի տակով.

5) փողոցների (ճանապարհների) երթևեկելի մասերում փռված փողրակագծերը պաշտպանել կամրջակներով.

6) թույլ չտալ ճյուղավորումների տեղադրումը ճանապարհի երթևեկելի մասում, փողրակագծերի ոլորումն ու պտույտ շրջադարձերը, միացման գլխիկների հարվածելը ճանապարհի ծածկույթին.

7) բարձրության վրա փռվող փողրակագծերը ամրացնել պահիչներով.

8) ունենալ փողրակագծի անհրաժեշտ պաշար` փողակավարին դեպի առաջ շարժվելու, ինչպես նաև փողակով մանևրելու համար.

9) անհրաժեշտության դեպքում փողրակագիծը երկարացնել փողակի մոտից.

10) սենյակի (շենքի) ներսում, որպես կանոն, օգտագործել ռետինապատ փողրակներ.

11) ավտոսանդուղքի վրա փողրակագիծը տեղավորել աստիճանների մեջտեղով` ամրացնելով այն պահիչներով:

36. Նյութական արժեքները տարահանելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) պահպանել հրամանատարի կողմից նշված տարահանման հաջորդականությունը.

2) խնայողաբար վերաբերվել տարահանվող նյութական արժեքներին և միջոցներ ձեռնարկել դրանք պահպանելու համար:

37. Փողակով աշխատելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) հնարավորին չափ մոտենալ այրվող տեղամասին` փողրակագծի անհրաժեշտ պաշար ստեղծելով.

2) առաջ շարժվել փողակով` ջրի շիթն ուղղել առավել ուժգին այրվող տեղերին ու կառուցատարրերին, այլ ոչ թե ծխի վրա.

3) ջրի շիթն ուղղել կրակի տարածմանն ընդառաջ, առաջին հերթին կառուցատարրերի այն մասին, որոնց այրումը կամ կրողունակության փոփոխությունները կարող են առաջ բերել կառուցատարրի կամ շինության փլուզում.

4) ուղղահայաց կառուցատարրեր մարելիս ջրի շիթն ուղղել վերից վար.

5) այրումը դադարելուց հետո փողակը փակել կամ ջրի շիթը դուրս ուղղել, դիրքը փոխելու դեպքում` ժամանակավորապես դադարեցնել ջուր տալը կամ փողակը դեպի ցած իջեցնել.

6) բարձրությունների վրա օգտագործել ապահովիչ հարմարանքներ.

7) սանդուղքների վրա փողակով աշխատել միայն զսպանակեռիկով ամրապնդվելուց հետո.

8) չհպվել և ջրի շիթը չուղղել լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների ու լարերի վրա, եթե չեն կատարվել անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջները.

9) փխրուն կամ ապակե տարայի առկայության դեպքում հրդեհաշիջումը կատարել անձրևացրած ջրով կամ փրփուրով.

10) այրվող կամ դյուրավառ հեղուկների շտեմարանները, ճնշման տակ գտնվող սարքավորումները, սեղմված գազերի բալոնները ջերմային ազդեցությունից պաշտպանելիս, տաքացվող մակերեսները հովացնել հավասարաչափ.

11) ջերմային ազդեցությունից շենքերի և շինությունների առանձին մասերը պաշտպանելիս, ջրի շիթը ուղղել այն կառուցատարրերի վրա, որոնց սպառնում է կրակը.

12) ջրի շիթը չուղղել այն տեղերի վրա որտեղ փրփուր է տրվում:

38. Շենքի կառուցատարրերը քանդելու կամ բացելու ժամանակ հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) աշխատանքները կատարել միայն օղակի հրամանատարի մատնանշած սահմաններում.

2) օգտագործել մեքենայացված գործիքներ.

3) այրման օջախները վերացնելու նպատակով կառուցատարրերը բացել միայն կրակը մարելու համար անհրաժեշտ միջոցները նախապատրաստելուց հետո.

4) բացելու և քանդելու աշխատանքները կատարել շենքերին և սարքավորումներին նվազագույն վնաս հասցնելով.

5) թույլ չտալ խողովակաշարերի և դրանց ամրանների, ինչպես նաև կապի և էլեկտրացանցերի գծերի վնասումը.

6) ծխնելույզները, շենքերի մասերը փլել միայն ղեկավարի (կամ նրա կողմից նշանակված անձի) անմիջական ղեկավարությամբ` վտանգավոր տեղամասերից մարդկանց և տեխնիկան հեռացնելուց հետո,

7) դռներն ու պատուհանները բացել հնարավորության դեպքում առանց վնասելու:

39. Ջրամատակարարումն ապահովող հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) գիտենալ ջրաղբյուրների տեղերը և կարողանալ դրանք փնտրել ու ի հայտ բերել.

2) թույլ չտալ փողրակագծերի վրայով տրանսպորտի անցումը, եթե դրանք պաշտպանված չեն կամրջակներով կամ այլ հարմարանքներով.

3) հետևել մայրուղային փողրակագծերի սարքին վիճակին, դրանց վնասված տեղամասերին դնել սեղմիչներ կամ փոխել վնասված փողրակը.

4) կարգավորել ջրի մղումը աշխատող փողրակագծերին.

5) կապ պահպանել վարորդի և աշխատող փողրակավարների միջև.

6) ներկայացող լրացուցիչ կանչված ուժերին դիմավորելու հանձնարարություն ստանալուց, ապահովել դրանց տեղակայումը ջրաղբյուրների վրա և ղեկավարի կարգադրությունների փոխանցումը:

40. Կապավոր հրշեջ-փրկարարը պարտավոր է`

1) հրամանատարից կարգադրություն ստանալիս այն անսխալ և ժամանակին փոխանցել.

2) բանավոր հրամանները կատարողներին արագ, ճիշտ, ըստ նշանակության հաղորդելուց հետո այդ մասին զեկուցել պետին.

3) հաստատ և կայուն կապ պահպանել օպերատիվ շտաբի, Ճգնաժամային կառավարման (ազգային) կենտրոնի ու ջոկատի կապի կետի միջև.

4) իր մոտ ունենալ շարժական ռադիոկայան, հեռախոսների տեղեկատու, պայմանականչերի ցանկ, էլեկտրական լուսատու, մաքուր թուղթ և մատիտ:

 

ԳԼՈՒԽ 6. ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ԿԱՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Ջոկատի կապի պատասխանատուն ենթարկվում է Ջոկատի հրամանատարին, հրամանատարի տեղակալին, հերթապահ խմբի հրամանատարին, խմբի (հերթափոխի) պետին:

42. Կապի պատասխանատուն պարտավոր է`

1) կապի միջոցներով ստացվող հաղորդումների ճշգրիտ ընդունման, գրանցման, փոխանցման համար.

2) գիտենալ ռադիոկապից օգտվելու իրավունք ունեցող բոլոր ռադիոբաժանորդներին և նրանց ռադիոկանչերը.

3) ճանապարհների փակման, հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի, կապի միջոցների խափանման մասին հաղորդումներ ստանալու դեպքում անմիջապես զեկուցել խմբի, հերթափոխի պետին.

4) հեռախոսով հրդեհի մասին հաղորդում ստանալիս, առանց խոսակցությունն ընդհատելու միացնել տագնապի ազդանշանը, ճշտել հրդեհի հասցեն, հաղորդողի ազգանունը, հեռախոսահամարը որով հաղորդել են հրդեհի մասին, լրացնել հերթապահ խմբի մեկնման ուղեգիրը.

5) խմբի հրամանատարին, խմբի, հերթափոխի պետին հանձնել ուղեգիրը` հաղորդելով նրան հրդեհի մասին տեղեկությունները.

6) ուղեգրի հետ միասին խմբի հրամանատարին, խմբի (հերթափոխի) պետին հանձնել նաև հրդեհաշիջման պլանը (քարտը): Մինչև հրդեհաշիջման ավարտը և ջոկատ վերադառնալը անխափան կապ պահպանել խմբի հրամանատարի, խմբի (հերթափոխի) պետի հետ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ հաղորդել նրանց.

7) անհրաժեշտության դեպքում արագ և ճիշտ գործողության մեջ դնել անձնակազմի ազդարարման և հավաքի սխեման.

8) հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից կամ այլ աղբյուրներից հրդեհների մասին տեղեկություններ ստանալիս` կանչը ձևակերպել այնպես, ինչպես դա նախատեսված է հեռախոսով ահազանգեր ստանալիս.

9) հրդեհների կամ այլ արտակարգ իրավիճակների, պատահարների վերաբերյալ ստացվող ահազանգերի մասին հաղորդել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ).

10) Ջոկատի մեկնման տարածքից դուրս հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակների, պատահարների վերաբերյալ ահազանգեր ստանալիս այդ մասին անմիջապես հաղորդել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) կամ տվյալ տարածքը պահպանող Ջոկատին և զեկուցել հերթապահ խմբի, հերթափոխի պետին.

11) մարդկանց շուրջօրյա ներկայության օբյեկտներից (մանկապարտեզներ, բուժհիմնարկներ և այլն) ստացվող տեղեկությունները գրանցել համապատասխան մատյանում և զեկուցել խմբի (հերթափոխի) պետին:

 

ԳԼՈՒԽ 7. ՄԵԿՆՈՒՄԸ ՀՐԴԵՀԻ ՎԱՅՐ

 

43. Մեկնելու ճանապարհին ստորաբաժանման ավագ պետը պարտավոր է անընդհատ կապ պահպանել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) և Ջոկատի կապի կետի հետ:

44. Մեկնելու ճանապարհին հրդեհը մարելու կամ նրա չլինելու մասին տեղեկություն ստանալիս, ստորաբաժանումը պարտավոր է ներկայանալ կանչի վայր, բացառությամբ` ավագ պետի վերադառնալու մասին կարգադրության:

45. Մեկնելու ճանապարհին այլ հրդեհ հայտնաբերելու դեպքում ստորաբաժանումը գլխավորող պետը պարտավոր է ուժերի մի մասը առանձնացնել` այն մարելու համար, նոր հրդեհի հասցեն անմիջապես հայտնել ճգնաժամային կառավարման կենտրոնին կամ ջոկատի հերթապահին:

46. Մեկնելու ճանապարհին հրշեջ ավտոմեքենաներից մեկի հարկադիր կանգառելու դեպքում մյուս ավտոմեքենաների կանգնելու կամ երթևեկությունը շարունակելու մասին որոշումն ընդունում է ստորաբաժանումը գլխավորող պետը:

47. Հարկադիր կանգառելու բոլոր դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ (ՄՓՎ ՃԿԿ) և Ջոկատի կապի կետ:

 

ԳԼՈՒԽ 8. ՀՐԴԵՀԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Հրդեհի հետախուզությունը տարվում է անընդհատ` ահազանգ ստանալու պահից մինչև հրդեհի լրիվ մարումը:

49. Հետախուզության նպատակը հրդեհի մասին տեղեկություններ հավաքելու, իրավիճակը գնահատելու և հրդեհաշիջման գործողությունները կազմակերպելու վերաբերյալ որոշում կայացնելն է:

50. Հետախուզության ժամանակ պետք է պարզել`

1) մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու ճանապարհն ու եղանակները.

2) ինչ է այրվում, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները.

3) պայթյունի, փլուզման, թունավորման վտանգի, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայությունը.

4) գույքի տարահանման, ինչպես նաև կրակից, ծխից և ջրից պաշտպանելու անհրաժեշտությունը.

5) կառուցվածքները բացելու և քանդելու տեղերն ու անհրաժեշտությունը.

6) մոտակա ջրաղբյուրների տեղերն ու դրանցից օգտվելու եղանակները.

7) հրդեհաշիջման անշարժ սարքավորումների առկայությունը և դրանց գործարկման կարգը:

51. Հետախուզության ընթացքում` կախված իրավիճակից, կարող են լուծվել նաև այլ խնդիրներ:

52. Հետախուզությունը ղեկավարում է հրդեհաշիջման ղեկավարը, նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձինք և յուրաքանչյուր հրամանատար` իր սպասարկման տեղամասում:

53. Հետախուզությունը կատարում են`

1) Հրդեհաշիջման ղեկավարը և կապավորը, եթե հրդեհի վայր ներկայացել է մեկ օղակ.

2) Հրդեհաշիջման ղեկավարը, առաջին օղակի հրամանատարը և կապավորը, եթե հրդեհի վայր ներկայացել են երկու և ավելի օղակներ:

54. Հետախուզության խմբի կազմում պետք է լինեն երկուսից ոչ պակաս մարդ, իսկ շնչառական ապարատներով և մեկուսիչ հակագազերով հետախուզությունը կատարելու դեպքում` ոչ պակաս քան երեք մարդ:

55. Անհրաժեշտության դեպքում ստեղծվում են մի քանի հետախուզական խմբեր:

 

ԳԼՈՒԽ 9. ՄԱՐԴԿԱՆՑ ՓՐԿՈՒՄԸ ՀՐԴԵՀԻ ՎԱՅՐՈՒՄ

 

56. Հրդեհի ժամանակ փրկարարական աշխատանքները կազմակերպվում և տարվում են, եթե`

1) մարդկանց սպառնում է կրակը, բարձր ջերմաստիճանը, պայթյունի կամ փլուզման վտանգը, ինչպես նաև այն դեպքում, երբ սենյակները լցված են ծխով կամ վտանգավոր գազերով.

2) մարդիկ չեն կարող ինքնուրույն լքել վտանգավոր տեղերը.

3) առկա է կրակի և ծխի տարածման վտանգը դեպի տարահանման ճանապարհները.

4) նախատեսվում է հրդեհաշիջման համար օգտագործել մարդկանց առողջության և կյանքի համար վտանգավոր նյութեր:

57. Մարդկանց փրկելու աշխատանքները, որպես կանոն, կատարվում են հրդեհի մարման համար ուժերի և միջոցների բացազատման հետ միաժամանակ:

58. Մարդկանց անվտանգ փրկելու համար փողակների տալը պարտադիր է, եթե մարդկանց անմիջականորեն սպառնում է կրակը կամ այն կարող է փակել տարահանման ուղիները:

59. Եթե ուժերն ու միջոցները չեն բավարարում մարդկանց փրկելու և միաժամանակ հրդեհը մարելու համար, ապա ամբողջ անձնակազմն օգտագործվում է մարդկանց փրկելու համար, և հրդեհի վայր են կանչվում լրացուցիչ ուժեր:

60. Մարդկանց փրկելու համար օգտագործվում են ամենակարճ և անվտանգ ճանապարհները`

1) հիմնական մուտքերն ու ելքերը, պահեստային ելքերը,

2) պատուհանները, պատշգամբները և սրահները` ձեռքի և անշարժ սանդուղքների, ինչպես նաև հրշեջ ավտոամբարձիչների գործարկումով.

3) կառուցվածքների մեջ եղած կամ հրշեջների կողմից բացված դեպի անվտանգ գոտի տանող խորշերը:

61. Մարդկանց փրկելու և տարահանելու հիմնական եղանակներն են`

1) մարդկանց ինքնուրույն ելքը անվտանգ ուղղությամբ.

2) փրկվողների ուղեկցումը հրշեջների կողմից, եթե տարահանման ուղիները ծխապատված են կամ նրանց առողջական վիճակը, տարիքը կասկած է հարուցում ինքնուրույն դուրս գալու հարցում.

3) ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունեցող մարդկանց դուրս բերումը.

4) փրկվողների իջեցումն աստիճաններով, սանդուղքներով և այլ տեխնիկական միջոցներով, երբ տարահանման ուղիները պատված են կրակով կամ ծխով և փրկելու այլ եղանակներ չկան:

62. Փրկարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է`

1) միջոցներ ձեռնարկել խուճապը կանխելու համար.

2) ներգրավել սպասարկող և հերթապահ անձնակազմին.

3) կանչել շտապ բուժօգնություն, իսկ մինչև նրա գալը, ստորաբաժանման ուժերով, օգնություն ցույց տալ տուժածներին:

63. Եթե տեղեկություններ կան մարդկանց գտնվելու մասին, իսկ փրկարարները նրանց չեն կարողանում գտնել, ապա անհրաժեշտ է մանրամասն ստուգել և զննել այրվող տեղամասին հարակից բոլոր ծխապատված սենյակները, օժանդակ շինությունները և հարակից տարածքները, որտեղ կարող են մարդիկ գտնվել:

64. Մարդկանց որոնումը դադարեցվում է միայն այն դեպքում, երբ պարզվում է, որ փրկման կարիք ունեցող չկա:

 

ԳԼՈՒԽ 10. ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՑԱԶԱՏՈՒՄ

 

65. Մարտական բացազատումը չպետք է խանգարի մարդկանց փրկելու աշխատանքներին:

66. Փողրակագծեր փռելու և հրդեհի օջախին մոտենալու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր ելքերն ու մուտքերը, անշարժ սանդուղքները` հնարավորության սահմաններում չօգտվելով մարդկանց տարահանման ճանապարհներից, մինչև տարահանման ավարտը:

67. Բացազատումը բաղկացած է հետևյալ փուլերից`

1) բացազատման նախապատրաստություն.

2) նախնական բացազատում.

3) լրիվ բացազատում:

68. Բացազատման նախապատրաստությունը կատարվում է ստորաբաժանման հրդեհի վայր ներկայանալու պահից, հետախուզման հետ միաժամանակ և ընդգրկում է`

1) հրշեջ ավտոմեքենայի տեղադրումը ջրաղբյուրի վրա` ներծծող ճկափողերի միացումով և ջրառքով պոմպի մեջ.

2) հրշեջ տեխնիկական զինվածության հանումը ամրակապերից:

69. Ավտոբաքի բացազատման նախապատրաստությունը (առանց նրա տեղադրմանը ջրաղբյուրի վրա) ընդգրկում է`

1) պոմպի բերումը աշխատանքային վիճակի.

2) փողակով փողրակագծի միացումը պոմպի ճնշումային կարճախողովակին:

70. Հրդեհի վայր ժամանած ստորաբաժանման նախնական բացազատումը կատարվում է այն դեպքում, երբ արտաքին նշաններով կարելի է որոշել մայրուղային փողրակագծերը փռելու ուղղությունը կամ եթե այդ ուղղությունը ցույց է տալիս ստորաբաժանումը դիմավորելու համար առանձնացված անձը:

71. Լրիվ բացազատումը, իրավիճակից կախված, կարող է կատարվել անմիջապես հրդեհի վայր ժամանելու պահից, կամ նախնական բացազատումից հետո:

72. Բացազատման ժամանակ փողակավարները առավել կարճ անվտանգ ճանապարհով դուրս են գալիս իրենց դիրքերը: Եթե ճանապարհներին առկա են խոչընդոտներ, ապա հրամանատարը միջոցներ է ձեռնարկում դրանք բացելու կամ դիրքերը` սանդուղքներով կամ այլ ճանապարհներով դուրս գալու համար:

73. Բացազատման ժամանակ հրշեջ ավտոմեքենաները և տեխզինվածությունը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի`

1) չխանգարեն ժամանող ուժերի և միջոցների տեղաբաշխմանը.

2) ապահովեն ուժերի և միջոցների արագ կենտրոնացումը անհրաժեշտ տեղամասերում.

3) ապահովեն հրշեջ ավտոմեքենաների ու փողրակագծերի պաշտպանվածությունը, նրանց անխափան աշխատանքը և, հնարավորության սահմաններում, չխոչընդոտեն փողոցային երթևեկությունը.

4) ապահովեն պահեստային տեխնիկայի կայանումը և անարգելք տեղաշարժը:

 

ԳԼՈՒԽ 11. ՀՐԴԵՀԻ ՄԱՐՈՒՄԸ

 

74. Հրդեհի տարածման կանխումն ու նրա դադարեցումն իրականացվում են`

1) պահանջվող քանակի ուժերի և միջոցների ժամանակին կենտրոնացումով ու գործողության մեջ դնելով.

2) փողակավարների արագ դուրս գալով իրենց դիրքերը և նրանց հմուտ գործողություններով.

3) կրակմարիչ նյութերն անընդհատ մղելով.

4) հակահրդեհային անջրպետների ստեղծումով:

75. Այրման դադարեցումը հրդեհի վայրում իրականացվում է`

1) այրվող նյութերի մակերեսի վրա հովացնող կրակմարիչ նյութերով ներգործելով.

2) այրման գոտում կամ նրա շուրջը չայրվող գազի կամ գոլորշու միջավայր ստեղծելով.

3) այրման գոտու և այրվող նյութերի կամ օդի միջև կրակմարիչ նյութերից մեկուսաշերտ ստեղծելով.

4) այրման ռեակցիան քիմիական եղանակով արգելակելով:

76. Վճռական ուղղությամբ ուժերն ու միջոցները կենտրոնացնելուց հետո դրանք մտցվում են նաև մյուս ուղղություններով:

77. Հրդեհի վայրում հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը որոշվում է հետևյալ սկզբունքներից ելնելով`

1) հրդեհի վտանգավոր գործոնները սպառնում են մարդկանց կյանքին և նրանց փրկելն անհնար է առանց կրակմարիչ նյութերով փողակներ տալու` ուժերն ու միջոցները կենտրոնացվում են փրկարարական աշխատանքներն ապահովելու համար.

2) ստեղծվել է պայթյունի վտանգ` ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են այնտեղ, որտեղ ստորաբաժանումների գործողությունները կարող են նախականխել պայթյունը.

3) այրումն ընդգրկել է օբյեկտի մի մասը և տարածվում է մյուս մասերը կամ հարևան շինությունները` ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են այն տեղամասերում, որտեղ կրակի տարածումը կարող է բերել առավելագույն վնասների.

4) բռնկված է առանձին կանգնած շինությունը (շենքը) և վտանգ չկա նրա տարածվելուն դեպի հարևան օբյեկտները` հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվում և տրվում են առավել ինտենսիվ այրման տեղամասերում.

5) բռնկված է իրենից արժեք չներկայացնող շենքը և սպառնալիք է ստեղծվել մոտ գտնվող օբյեկտի համար` հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվում և մտցվում են չայրվող շենքի (շինության) կողմից:

78. Եթե առաջին կանչով ժամանած ուժերն ու միջոցները բավարար չեն հրդեհը մարելու համար, ապա անհրաժեշտ է կանչել լրացուցիչ այնքան ուժեր, որպեսզի նվազագույն ժամանակում կատարվի մարտական խնդիրը: Այս դեպքում մինչև լրացուցիչ ուժերի և միջոցների ժամանելը առաջինը ներկայացած ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում մարդկանց փրկելու ուղղությամբ և հրդեհաշիջումն իրականացնում են ըստ հրդեհի վճռական ուղղությունների սկզբունքների:

79. Օղակը կարող է թողնել իր հրդեհաշիջման տեղամասը միայն հրդեհաշիջման ղեկավարի կամ տեղամասի պետի կարգադրությամբ:

80. Տեղակայման (ծառայության) վայր վերադառնալուն պես միջոցներ են ձեռնարկվում հրշեջ տեխնիկան նվազագույն ժամանակում մարտական վիճակի բերելու համար:

 

ԳԼՈՒԽ 12. ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՐԴԵՀԻ ՎԱՅՐՈՒՄ

 

81. Հատուկ աշխատանքները նպաստում են հրդեհը մարելու և մարդկանց փրկելու խնդիրները կատարելուն:

82. Հատուկ աշխատանքների շարքին են դասվում` շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքները, ինչպես նաև ծխահեռացումը, հրդեհի վայրի լուսավորումը, կառուցվածքների քանդումը:

83. Շնչելու համար ոչ պիտանի միջավայրում աշխատելիս անհրաժեշտ է`

1) կազմել երեքից-հինգ հոգուց բաղկացած գազածխապաշտպանների օղակ, ապահովված միանման շնչառական ապարատներով: Մարդկանց փրկելու անհետաձգելի աշխատանքներ կատարելիս ղեկավարի որոշմամբ օղակի կազմը կարող է նվազեցվել մինչև երկու հոգի.

2) գազածխապաշտպան ծառայության օղակի հրամանատարին մշտական կապ պահպանել անցագրային պահակետի հետ և նրա միջոցով պարբերաբար զեկուցել ղեկավարին` իրավիճակի և գործողությունների մասին.

3) շարժվելու ճանապարհին տուժածների հանդիպելու դեպքում նրանց օգնություն ցույց տալ կամ դուրս բերել և ապա շարունակել կատարել մարտական առաջադրանքը.

4) մետրոյի թունելներ, ստորգետնյա մեծածավալ շինություններ և ինը հարկից ավելի շենքեր միաժամանակ ուղարկել երկուսից ոչ պակաս օղակներ:

Այդ դեպքում լրիվ մարտական վիճակում գտնվող մեկ օղակ դրվում է անվտանգություն անցագրային պահակետի մոտ` շնչելու համար ոչ պիտանի միջավայրում գտնվող անձնակազմին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար:

84. Բարդ և երկարատև հրդեհների դեպքում, որտեղ գործում են գազածխապաշտպան մի քանի օղակներ, ղեկավարը պարտավոր է կազմակերպել անցագրային կետ:

85. Անցագրային կետի աշխատանքները ղեկավարում է ղեկավարի կողմից նշանակված անձը` առավել պատրաստված հրամկազմից:

86. Գազածխապաշտպան ծառայության օղակների աշխատանքները հրդեհի վայրում ղեկավարում են`

1) մեկ օղակի աշխատանքի դեպքում` օղակի հրամանատարը կամ ղեկավարի կողմից հրամկազմից նշանակված անձը.

2) մեկ խմբի, հերթափոխի աշխատանքի դեպքում` հերթապահ խմբի, հերթափոխի պետը կամ նրա կարգադրությամբ օղակների հրամանատարները, որոնց կազմում կան գազածխապաշտպան օղակներ.

3) միաժամանակ մի քանի խմբերի, հերթափոխերի աշխատանքների դեպքում ղեկավարի կողմից` հրամկազմից նշանակվող անձը.

87. Ծխի դեմ պայքարելու ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հակածխային համակարգերը, հրշեջ ավտոծխաքաշերը, օդափոխիչները և բրեզենտե փակոցները:

88. Շինությունների կառուցվածքների բացումն ու քանդումը կատարվում է հետևյալ նպատակներով`

1) մարդկանց կենդանիների և նյութական արժեքները փրկելու.

2) այրման աննկատ օջախները հայտնաբերելու.

3) կրակմարիչ նյութերն առավել արդյունավետ օգտագործելու.

4) կրակի տարածման ճանապարհին հակահրդեհային անջրպետներ ստեղծելու.

5) ծուխն ու գազերը հեռացնելու.

6) փլուզումները կանխելու.

7) հրդեհի օջախին մոտենալու և փողակներ տալու համար:

89. Շենքի կառուցվածքների բացումն ու քանդումը կատարվում է այն սահմաններում, որոնք հարկավոր են փրկարարական աշխատանքները իրականացնելու համար և միայն այն բանից հետո, երբ այդ տեղամասում արդեն կենտրոնացվել և պատրաստ են գործելու հրդեհաշիջման միջոցները:

90. Հակահրդեհային անջրպետներ ստեղծելու աշխատանքները պետք է ավարտվեն մինչև կրակի մոտենալը այդ տեղամասին:

91. Կառուցվածքների բացումն ու քանդումը անհրաժեշտ է կատարել այնպես, որ չթուլացվի կառուցատարրերի կրող հատկությունը և չառաջացվի նրանց փլուզումը, չվնասվեն էլեկտրացանցերը, էլեկտրակայանքները և գազամուղները:

92. Քանդած կառուցատարրերը բարձրությունից նետելուց առաջ անհրաժեշտ է նրանց ընկնելու տեղերը ստուգել և շրջափակել:

93. Սենյակները լուսավորելու համար անհրաժեշտ է օգտագործել էլեկտրական լապտերներ, իսկ դրանց անբավարար լինելու կամ բացակայության դեպքում` ավտոմեքենաներից սնվող լուսարձակներ: Այդ դեպքում լուսարձակներն անհրաժեշտ է միացնել սենյակները մտնելուց առաջ:

94. Լարման տակ գտնվող էլեկտրական սարքերն ու հաղորդալարերը հոսանքազրկվում են, եթե դրանք`

1) վնասվել և վտանգավոր են հրդեհի վայրում աշխատողների համար.

2) վտանգ են ներկայացնում ջուր թափվելու հետևանքով նոր այրման օջախներ առաջացնելու համար.

3) խոչընդոտում են հրդեհաշիջման աշխատանքներին և կառուցվածքների քանդմանը:

95. Բարձր լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների անջատումը կատարվում է կազմակերպության (քաղաքի) էներգածառայության ներկայացուցչի կողմից:

 

ԳԼՈՒԽ 13. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

96. Հրդեհի վայրում ուժերն ու միջոցները ղեկավարում է հրդեհաշիջման ղեկավարը, ներգրավված ստորաբաժանումների կողմից արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով:

97. Հրդեհաշիջման ղեկավար է համարվում`

1) հրդեհաշիջմանը ներգրավված մեկ հրշեջ-փրկարարական օղակի, խմբի, հերթափոխի դեպքում`

ա) օղակի հրամանատարը, հերթափոխի կամ խմբի պետը, ջոկատի հրամանատարի տեղակալը (Երևան քաղաքում` հրդեհաշիջման ապահովման հարցերով (այսուհետ` ՀԱՀ) ավագ հրահանգիչը), հրամանատարը.

բ) մարզերում` օղակի հրամանատարը, հերթափոխի կամ խմբի պետը,

2) հրդեհաշիջմանը ներգրավված մեկից ավելի խմբերի, հերթափոխերի դեպքում`

ա) այն հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի, հերթափոխի պետը, հրամանատարի տեղակալը (Երևան քաղաքում` ՀԱՀ ավագ հրահանգիչը), հրամանատարը, ԵՓՎ տարածքային բաժնի պետը, ԵՓՎ պետի տեղակալը, ԵՓՎ պետը, մարզային փրկարարական վարչության պետի տեղակալը, մարզային փրկարարական վարչության պետը, որի հրդեհաշիջման տարածքում տեղի է ունեցել հրդեհը.

3) եթե վերը նշված դեպքերում հրդեհի վայր է ներկայանում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետը կամ ավագ հրահանգիչ-արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետը` ապա նա անհրաժեշտության դեպքում պարտավոր է ստանձնել հրդեհաշիջման ղեկավարումը:

Բարդ և երկարատև հրդեհների դեպքում, հրդեհաշիջման ղեկավարումը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հանձնարարությամբ, կարող է ստանձնել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ բարձրաստիճան պաշտոնատար անձը:

98. Հրդեհի վայր ժամանած վերադաս պետը պատասխանատվություն է կրում հրդեհաշիջման ելքի համար, անկախ այն բանից` նա ղեկավարումը ստանձնել է, թե` ոչ:

99. Վերադաս պետի կողմից հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնելը պարտադիր է, եթե հրդեհաշիջման ղեկավարը չի ապահովում հրդեհի վայրում գտնվող ուժերի և միջոցների ղեկավարումը: Այդ մասին նա տեղեկացնում է հրդեհաշիջման շտաբի թիկունքի և հրդեհաշիջման տեղամասերի պետերին, ռադիոկանչով` հետևյալ բառերով բոլորին. «ՈՒշադրություն. Ժամը _____-ից հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնում եմ ես` կոչում, անուն, ազգանուն»:

100. Հրդեհի բարդությունից կախված` հրդեհաշիջման ղեկավարը գնահատելով իրավիճակը, արդյունավետ հրդեհաշիջման կազմակերպման նպատակով, ինչպես նաև ուժերն ու միջոցները ղեկավարելու համար, ստեղծում է հրդեհաշիջման տեղամասեր, իսկ անվտանգ տարածքում հրդեհաշիջման շտաբ:

101. Հրդեհաշիջման շտաբի կազմում ընդգրկվում են են շտաբի պետը, թիկունքի պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության ներկայացուցիչը, հրդեհաշիջում իրականացնող ստորաբաժանումների և օբյեկտի ծառայությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների և ծառայությունների ներկայացուցիչները:

102. Հրդեհաշիջման շտաբի գտնվելու վայրում տեղադրվում է սեղան, ռադիոկայան, ինչպես նաև «Շ» տառով դրոշմված շարժական դրոշաձող և այլ անհրաժեշտ միջոցներ:

103. Հրդեհաշիջման շտաբի պետը ենթարկվում է հրդեհաշիջման ղեկավարին, ղեկավարում է շտաբի գործունեությունը, ապահովում է հրդեհաշիջման ղեկավարի ընդունած որոշումների կատարումը:

104. Հրդեհաշիջման շտաբի պետ է նշանակվում հրդեհաշիջմանը ներգրավված, կազմակերպչական ունակություններով օժտված, մասնագիտական պատրաստվածություն ունեցող, փրկարարական ծառայության ավագ և բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:

105. Հրդեհաշիջման աշխատանքների տեղամասի պետը ենթարկվում է հրդեհաշիջման ղեկավարին և կատարում է նրա կարգադրությունները: Նա պատասխանատվություն է կրում հանձնարարված տեղամասում իր առջև դրված խնդիրների լուծման, անձնակազմի անվտանգության և հրշեջ տեխնիկայի պահպանության համար:

106. Հրդեհաշիջման աշխատանքների տեղամասի պետ կարող է նշանակվել Ջոկատի հրամանատարից (Երևան քաղաքում հրդեհաշիջման ապահովման հարցերով ավագ հրահանգչից) ոչ ցածր պաշտոն զբաղեցնող անձը:

107. Հրդեհի վայրում երկու և ավելի խմբերի աշխատելու դեպքում, նշանակվում է թիկունքի պետ այն Ջոկատի կրտսեր, միջին կամ ավագ պաշտոն զբաղեցնող ծառայողներից, որի մեկնման տարածքում տեղի է ունեցել հրդեհը:

108. Հրդեհաշիջման ղեկավարի որոշմամբ թիկունքի պետ կարող է նշանակվել նաև այլ պաշտոնատար անձ:

109. Թիկունքի պետը ենթարկվում է հրդեհաշիջման ղեկավարին, հրդեհաշիջման շտաբի պետին և պատասխանատու է հրդեհի վայրում ջրի անդադար մատակարարման, հրշեջ տեխնիկայի անվտանգ տեղակայման և այլ թիկունքային աշխատանքների համար:

110. Հրդեհաշիջման ղեկավարը միանձնյա ղեկավար է, որին ենթարկվում են հրդեհի վայր ժամանած բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն ու ներգրավված ուժերը, ինչպես նաև օբյեկտային բոլոր ծառայություններն ու ուժերը: Նա պատասխանատվություն է կրում հրդեհաշիջման ելքի, աշխատանքների կազմակերպման, անձնակազմի անվտանգության և հրշեջ տեխնիկայի պահպանության համար:

111. Բարդ, խոշոր և երկարատև հրդեհների դեպքում, երբ արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու համար անհրաժեշտ է ներգրավել պետական կառավարման տարածքային մարմինների ստորաբաժանումներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին, լրացուցիչ ուժերի, հատուկ ինժեներական տեխնիկայի տրամադրման նպատակով ստեղծվում է օպերատիվ շտաբ, որպես հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ժամանակավոր մարմին:

112. Օպերատիվ շտաբի ղեկավարումը ստանձնում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի կողմից նշանակված բարձրագույն պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:

113. Հրդեհաշիջման ղեկավարը ենթարկվում է օպերատիվ շտաբի պետին, սակայն շարունակում է իրականացնել հրդեհաշիջման անմիջական ղեկավարումը:

114. Օպերատիվ շտաբի պետը պատասխանատու է հրդեհաշիջման ելքի համար:

115. Հրդեհի վայրում կապը կազմակերպվում է ռադիո, բջջային, ֆիքսված հեռախոսակապերով և այլ տեխնիկական միջոցներով:

116. Հրդեհի վայր մեկնելու ընթացքում, ինչպես նաև հրդեհի վայրում ստորաբաժանումների միջև խոսակցությունները իրականացվում են բացառապես ռադիոկապի միջոցներով: Ռադիոկապի անհասանելիության դեպքում, բացառության կարգով կապը կարող է իրականացվել բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի միջոցով:

117. Հրդեհի վայր հասած և հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնած պաշտոնատար անձի` ուժերի և միջոցների ներգրավման, հրդեհի կանչի աստիճանի բարձրացման և այլ որոշումների պահանջների կատարման ապահովումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ ավագ դիսպետչերի միջոցով:

118. Հրդեհի վայրում գտնվող մարտական հաշվարկների անձնակազմի միջև խոսակցական կապն իրականացվում է տվյալ Ջոկատի համար սահմանված ռադիոկապի սխեմայով և ազդականչերով:

119. Հրդեհի վայր ժամանած յուրաքանչյուր ավագ և բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ, պարտավոր է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հայտնել իր դեպքի վայր ժամանելու մասին` նշելով ժամը:

 

ԳԼՈՒԽ 14. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՋՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅԱՆ, ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՔԱՄՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

120. Ջրի սակավության դեպքում հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է`

1) կազմակերպել փողակների տալը միայն վճռական ուղղությամբ, մյուս տեղամասերում ապահովել կրակի մեկուսացումը` կառուցատարրերը քանդելու և անջրպետներ ստեղծելու օգնությամբ.

2) կատարել ջրաղբյուրների լրացուցիչ հետախուզություն` ջրի պաշարներ հայտնաբերելու նպատակով.

3) տարածված հրդեհները մարելու համար ջուրը տալ պոմպակայանների, հրշեջ գնացքների օգնությամբ, ինչպես նաև հրշեջ ավտոմեքենաների պոմպերի միջոցով վերամղումով.

4) ջուրը մայրուղային փողրակագծերով տալը հնարավոր չլինելու դեպքում (ջրաղբյուրի, տեխնիկայի, փողրակների բացակայություն) կազմակերպել ջրի կրումը ավտոբաքերով, բենզատարներով, ջրցան և այլ մեքենաներով.

5) տալ այնքան փողակներ, որոնց անընդհատ աշխատանքի համար կբավականացնի բերվող ջուրը.

6) կազմակերպել տեխնիկան ջրով լցավորելու կետ, նշանակել պատասխանատու անձ` անընդհատ աշխատանքը ապահովելու համար.

7) եթե հրշեջ ավտոմեքենայի և ջրի մակերևույթի միջև բարձրության անկումը ավել է, քան պոմպի ներծծման բարձրությունը, ապա անհրաժեշտ է ջուրը վերցնել հրշեջ հիդրոէլևատորների, ինչպես նաև հրշեջ մոտոպոմպերի օգնությամբ.

8) երկարատև հրդեհների դեպքում կազմակերպել ժամանակավոր հրշեջ ջրավազանների և ջրհորների կառուցումը.

9) օգտագործել փականով և փոքր տրամաչափի փողակներ` ջուրը խնայողաբար ծախսելու համար, օգտագործել թրջիչ նյութեր ու փրփուր.

10) ջրմուղում ջրի թույլ ճնշման դեպքում միջոցներ ձեռնարկել ճնշումը բարձրացնելու համար: Հրշեջ հիդրանտներից ջուր վերցնել կոշտ ներծծող փողրակներով կամ հիդրանտների հորերից.

11) եթե հրդեհի վայրում ջրաղբյուր չկա և հնարավոր չէ ջուր կրել այլ տեղից, ապա կրակի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է քանդել կառուցատարրեր կամ շենքեր (շինություններ):

121. Ցածր ջերմաստիճանի պայմաններում հրդեհը մարելու ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը պարտավոր է`

1) բաց հրդեհների և ջրի բավարար պաշարի դեպքում օգտագործել մեծ ծախսով փողակներ, խուսափել փականով ու ջրցան փողակներ օգտագործելուց.

2) ջրագծերը փռել մեծ տրամագծի ռետինապատ փողրակներով, ճյուղավորումները հնարավորության դեպքում տեղադրել շենքերի ներսում կամ ջերմացնել դրանք.

3) փողրակների միացման գլխիկները ծածկել ձյունով.

4) ավտոմեքենայի պոմպից սկզբից ջուրը տալ ազատ կարճախողովակով և միայն պոմպի կայուն աշխատանքի դեպքում ջուր տալ փողրակագծով, եթե ջուրը տրվելու է ջրավազանից կամ հրշեջ հիդրանտից.

5) ջրի ծախսը պակասելու դեպքում այն տաքացնել պոմպի մեջ` շարժիչի պտույտների թիվն ավելացնելով.

6) խուսափել պոմպերը կանգնեցնելուց, փողրակները և ճյուղավորումները փակելուց.

7) փողրակները փոխելու կամ հավաքելու, գծերը երկարացնելու ժամանակ ջրի մատակարարումը չդադարեցնել, իսկ աշխատանքները կատարել փողակի կողմից` ճնշումը թուլացնելով և հնարավորին չափ անձնակազմի թիվն ավելացնելով.

8) սառցակալած փողրակների միացման և ծալված տեղերն անհրաժեշտ է տաքացնել տաք ջրով, գոլորշիով կամ տաքացված գազով.

9) թույլ չտալ հրշեջ սանդուղքների վրա ջուր թափվելը, խուսափել նրանց վրա և մոտակայքում փողրակագծերի ամրացումից.

10) թույլ չտալ օգտագործած ջրի հեռացումը աստիճանավանդակներով:

122. ՈՒժեղ քամու դեպքում հրդեհը մարելու ժամանակ ղեկավարը պարտավոր է`

1) հրդեհաշիջումը կատարել ջրի հզոր շիթերի օգնությամբ.

2) կարճ ժամանակում ապահովել այրվող օբյեկտի շրջափակումը ջրի շիթերով.

3) հրդեհի նոր օջախները մարելու համար ստեղծել ուժերի և միջոցների պաշար.

4) կազմակերպել հողմահակառակ կողմում գտնվող օբյեկտների հսկողությունն ու պաշտպանությունը` պահակակետեր (դետքեր) նշանակելով և նրանց անհրաժեշտ ուժեր ու միջոցներ տրամադրելով.

5) առավել սպառնալիքի դեպքում կրակի տարածման հիմնական ճանապարհին ստեղծել անջրպետներ կամ քանդել շենքեր (շինություններ):

 

ԳԼՈՒԽ 15. ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

123. Պայթուցիկ նյութերի առկայության օբյեկտներում հրդեհ առաջանալու դեպքում հնարավոր է`

1) շենքի կամ առանձին մասերի փլուզում, այրվող օբյեկտներին և ջրաղբյուրներին մոտենալու ճանապարհների խցանում, ներքին և արտաքին ջրացանցերի հրդեհաշիջման ստացիոնար համակարգերի, տեխնոլոգիական սարքավորումների վնասում կամ ոչնչացում.

2) հրդեհի վայրում աշխատողների կողմից վնասվածքներ ստանալը բեկորներից, կառուցատարրերի կտորներից, պայթյունի ալիքից, ինչպես նաև այրման և պայթյունի թունավոր արգասիքներից:

124. Պայթուցիկ նյութերի առկայության օբյեկտներում հրդեհաշիջում կատարելու ժամանակ ղեկավարը պարտավոր է`

1) պարզել պայթյունի սպառնալիքը, պայթուցիկ նյութերի քանակը, տեսակը և տեղը, դրանց տարահանման եղանակները, տեխնոլոգիական սարքավորումների և հրդեհաշիջման համակարգերի վիճակը.

2) սահմանել վտանգավոր գոտում աշխատողներին արագ տեղեկացնելու միասնական ազդանշան և դրա մասին ծանուցել անձնակազմին.

3) գործողության մեջ դնել «Ա» և սայլակավոր փողակներ` հաշվի առնելով պայթուցիկ նյութերի զգայնության աստիճանը, դետոնացիային` ջրի հոծ շիթի հարվածից: Պայթուցիկ նյութերի հանգիստ այրվելու, ինչպես նաև նրանց հալված վիճակի դեպքում օգտագործել փրփուր, անձրևացրած ջուր.

4) մարելու հետ միաժամանակ կատարել այն տեխնոլոգիական սարքավորումների հովացում, որոնց սպառնում է բարձր ջերմաստիճան, իսկ հնարավորության դեպքում տարահանել նաև պայթուցիկ նյութեր.

5) զգուշություն ցուցաբերել պայթուցիկ նյութերը տարահանելու, ինչպես նաև կառուցատարրերը բացելու և քանդելու դեպքում, որպեսզի մեխանիկական ազդեցությունից պայթյուն չառաջանա.

6) փողրակագծերը փռել շենքերի (շինանյութերի) անկյունների ուղղությամբ.

7) պինդ պայթուցիկ նյութերը հերմետիկ սարքերում վառվելու դեպքում միջոցներ ձեռնարկել դրանց ինտենսիվ հովացման, ապահերմետիկացման և կրակմարման նյութերը սարքերի մեջ տալու համար.

8) նախատեսել հավանական վնասումների գոտուց դուրս գտնվող ջրաղբյուրներից ուժերն ու միջոցները բացազատելու պահեստային տարբերակ.

9) կազմակերպել շրջապատի շենքերի և շինությունների հետախուզությունն ու դիտարկումը, նշանակել պահակետեր, ապահովել նրանց հրդեհաշիջման միջոցներով` հրդեհի նոր օջախները մարելու համար:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
08.12.2017
N 1498-Ն
Հրաման