Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԱՊՕՐԻՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3296/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3296/02/14 2017 թ.
Նախագահող դատավոր`   Լ. Գրիգորյան
                                                   Ա. Պետրոսյան
                                                   Կ. Չիլինգարյան

                                                                                   

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի

 

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մամիկոն Ստեփանյանի և ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մամիկոն Ստեփանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Մամիկոն Ստեփանյանը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից, որպես նյութական վնասի հատուցում, բռնագանձել 18.830.351 ՀՀ դրամ` որպես Նունե Խաչատրյանի և «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի կողմից վճարված շահութահարկի գումար, 1.740.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարված գումար, 360.000 ՀՀ դրամ` որպես 72 անգամ Գյումրիից Երևան մեկնելու և վերադառնալու ճանապարհածախս, 576.000 դրամ` որպես 72 օրվա օրապահիկի գումար, իսկ որպես ոչ նյութական վնասի հատուցում` 102.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարների նկատմամբ կետանցի օրվանից մինչ գումարի փաստացի վճարման օրը հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Մամիկոն Ստեփանյանի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրություն: Քաղաքացիական գործի վարույթը` ըստ Մամիկոն Ստեփանյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` արդարացվածին հասցված բարոյական վնասի հատուցման պահանջի մասին, կարճել: Մնացած մասով հայցը մերժել և պետական տուրքի հարցը համարել լուծված»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.03.2016 թվականի որոշմամբ Նախարարության և Մամիկոն Ստեփանյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 19.10.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Մամիկոն Ստեփանյանը և Նախարարությունը:

Նախարարության վճռաբեկ բողոքի վերաբերյալ պատասխան է ներկայացրել Մամիկոն Ստեփանյանը:

 

2. Մամիկոն Ստեփանյան վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետը, 13-րդ հոդվածը, 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 16-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանը 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետն այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր: Նշված որոշումից հետո օրենսդիրը 19.05.2014 թվականին ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-21-Ն» ՀՀ օրենքը, որով ոչ նյութական վնասը դիտվել է որպես վնասի տարատեսակ և թեև փոքր արժեքով, սակայն ապահովել է ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը, հետևաբար ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն օրենքով առկա է, և գործի վարույթն այդ մասով կարճելն օրինական չէ:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 130.1-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մամիկոն Ստեփանյանի կողմից փաստաբան Արա Զաքարյանին վճարված 1.740.000 ՀՀ դրամը վճարված է մինչդատական և դատական տարբեր փուլերում կատարած աշխատանքների և ստացած արդյունքների համար, ընդ որում` յուրաքանչյուր աշխատանքի համար վճարվել է առանձին: Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է, որ Դատարանի հետևությունը հիմնավորված չէ, քանի որ վճռում որևէ վերլուծություն չի կատարվել փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ, ինչպես նաև վճռից պարզ չէ, թե փաստաբանի վարձատրության փոխհատուցման 1.000.000 ՀՀ դրամը որ պայմանագրով նախատեսված մատուցված ծառայությունների համար պետք է հատուցվի, որոնց դիմաց չպետք է հատուցվի, կամ հատուցվի մասնակիորեն:

i

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիմքով հայցվորն իրավունք ուներ ստանալու և՛ ճանապարհածախսի, և՛ օրապահիկի գումարները, ընդ որում, ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված գործում առկա են վերաբերելի և թույլատրելի բավարար ապացույցներ, հետևաբար Մամիկոն Ստեփանյանին պետք է փոխհատուցվեին նշված գումարները:

i

4) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մամիկոն Ստեփանյանը որևէ պարտավորություն չի կրել որպես ֆիզիկական անձ վճարելու 18.830.351 ՀՀ դրամը, ուստի այն ենթակա է վերադարձման: Միաժամանակ այդ գումարը մուծել է Նունե Խաչատրյանը, իսկ «Տաթևիկ» ՍՊԸ-ն նշվել է, քանի որ այն անդորրագիրը լրացնելու ձևի պահանջն է: Ընդ որում, «Տաթևիկ» ՍՊԸ-ն որևէ վճարում այդ պահին պարտավոր չէր և չէր կարող կատարել, քանի որ նրա դրամական միջոցներն արգելանքի տակ էին, տնօրենը ձերբակալված էր, իսկ Նունե Խաչատրյանն էլ գրավոր հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ այդ գումարը պատկանել է Մամիկոն Ստեփանյանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` «հայցը բավարարել` պատասխանողից բռնագանձել 102.000.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի հատուցում, 18.830.351 ՀՀ դրամ` որպես իր կնոջ կողմից վճարված գումար, 1.740.000 ՀՀ դրամ` որպես քրեական գործով փաստաբանին վճարված գումար, ինչպես նաև բռնագանձել ճանապարհածախսի և օրապահիկի գումարը»:

 

2.1 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1064-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Մամիկոն Ստեփանյանը պահանջել է հատուցել փաստաբանին վճարված 1.740.000 ՀՀ դրամը, սակայն չի նշել, թե պահանջվող գումարը ծառայությունների մատուցման արժե՞քն է, թե` պայմանագրերով սահմանված պարգևավճարը: Հետևաբար ներկայացված պահանջով դատարանները պետք է պարզեին, թե պահանջվող գումարների որ մասն էր կազմում ծառայությունների մատուցման արժեքը, որ մասը պարգևավճարը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարգևավճարը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն, ենթակա չէ փոխհատուցման: Բացի այդ, փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը որոշելիս հիմք պետք է ընդունվեր հանրային պաշտպանին վճարվող դատախազի մեկ ժամվա աշխատավարձին համարժեք գումարի չափը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2016 թվականի որոշումը և փոփոխել այն. հայցը` դատական ծախսերի պահանջի մասով, մերժել կամ այդ մասով գործն ուղարկել նոր քննության:

 

2.2 Նախարարության վճռաբեկ բողոքի դեմ Մամիկոն Ստեփանյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները

Մամիկոն Ստեփանյանի և փաստաբան Արա Զաքարյանի միջև 11.04.2012 թվականին, 08.04.2013 թվականին, 19.09.2013 թվականին և 03.12.2013 թվականին կնքվել են իրավաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր, որոնց համաձայն` Արա Զաքարյանը քրեական գործով նախաքննության ընթացքում ու դատարանում ստանձնել և իրականացրել է Մամիկոն Ստեփանյանի պաշտպանությունը` այդ պայմանագրերով սահմանված պայմաններով, հետևաբար գումարների վճարումը նախատեսված է պայմանագրերով և ողջամիտ է: Ընդ որում, փաստաբանի խելամիտ վարձատրությունը հանրային պաշտպանի վարձատրության նմանությամբ որոշելիս հատուցման ենթակա գումարը կլիներ ավելին, քան պահանջում է Մամիկոն Ստեփանյանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1) Թիվ ԵԱԴԴ/0060/01/12 քրեական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2013 թվականի դատավճռով Մամիկոն Ստեփանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմի բացակայությամբ ճանաչվել է անպարտ և արդարացվել է` հռչակելով նրա անմեղությունը: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նշված դատավճռով արձանագրել է, որ հաշվի առնելով Մամիկոն Ստեփանյանի անձը, նախնական քննության ընթացքում դրսևորած վարքագիծը, գործի քննության ընթացքը, քննիչը պարտավոր չէր ձերբակալել Մամիկոն Ստեփանյանին (հատոր 1-ին, գ.թ. 7-23):

2) Թիվ ԵԱԴԴ/0060/01/12 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 13.11.2013 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Կարապետյանի և Մամիկոն Ստեփանյանի պաշտպան Արա Զաքարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2013 թվականի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 24-32):

3) Թիվ ԵԱԴԴ/0060/01/12 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 20.01.2014 թվականի որոշմամբ Մամիկոն Ստեփանյանի պաշտպան Արա Զաքարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

4) Մամիկոն Ստեփանյանի (Պատվիրատու) և փաստաբան Արա Զաքարյանի (Կատարող) միջև 11.04.2012 թվականին, 08.04.2013 թվականին, 19.09.2013 թվականին և 03.12.2013 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի համաձայն` կատարողը պարտավորվել է թիվ ԵԱԴԴ/0060/01/12 քրեական գործով իրականացնել պատվիրատուի պաշտպանությունը (հատոր 1-ին, գ.թ. 35-38):

5) 14.04.2012 թվականի թիվ 100, 23.04.2013 թվականի թիվ 239, 20.09.2013 թվականի թիվ 239, 09.12.2013 թվականի թիվ 474 և 11.02.2014 թվականի թիվ 201 անդորրագրերի համաձայն` Մամիկոն Ստեփանյանը փաստաբան Արա Զաքարյանին վճարել է 1.739.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 39-41):

6) 23.02.2012 թվականի թիվ 318 անդորրագրի համաձայն` վճարողներ Նունե Խաչատրյանը և «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ն Մաշտոցի ՏՀՏ-ի հաշվին են փոխանցել 18.830.351 ՀՀ դրամ` որպես արձանագրված շահութահարկի լրացուցիչ գանձման հարկի գումար (հատոր 1-ին, գ.թ. 42):

7) Թիվ ՎԴ/3564/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 19.12.2011 թվականի վճռի համաձայն` «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի ՀՏ-ի` 18.05.2011 թվականի թիվ 1013327 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 51-54):

8) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի 04.03.2015 թվականի թիվ 05/10.2/2186-15 գրության համաձայն` Երևան-Գյումրի թիվ 358 և Գյումրի-Երևան թիվ 359 միջմարզային միկրոավտոբուսային կանոնավոր երթուղիների փոխադրավարձը 1.500 ՀՀ դրամ է (հատոր 2-րդ, գ.թ. 191):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` արդարացվածին օրապահիկի և ճանապարհածախսի հատուցում տրամադրելու հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

3) ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

ա) արդյո՞ք անձը կարող է պահանջել ապօրինի դատապարտման արդյունքում կրած ոչ նյութական վնասի հատուցում և ի՞նչ պայմանների առկայության դեպքում նման պահանջը կարող է բավարարվել,

բ) արդյո՞ք փաստաբանին վճարված գումարները Հայաստանի Հանրապետության կողմից ենթակա են փոխհատուցման լրիվ ծավալով,

գ) արդյո՞ք արդարացվածը որպես հատուցում կարող է պահանջել ճանապարհածախսի և օրապահիկի գումարները:

 

4.1 Քննելով Մամիկոն Ստեփանյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

i

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածներով: Մասնավորապես` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

i

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

i

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

i

Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն` եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:

i

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման, իսկ 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար, և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացված է այն անձը, (...) որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը Գոզո և Վալի Ամոյաններն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության գործի շրջանակներում անդրադարձել է արդարացվածի` նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքի ծագման և իրացման հիմնախնդիրներին: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ հատուցման ենթակա են միայն այն վնասները, որոնք ապօրինի դատապարտելու հետևանք են: Ընդ որում, համանման իրավական դիրքորոշում արտահայտել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան): Եվրոպական դատարանը թեև ճանաչել է ապօրինի դատապարտված անձանց կրած վնասների փոխհատուցման իրավունքը, սակայն միաժամանակ նշել է, որ Կոնվենցիան չի խոչընդոտում պայմանավորվող պետություններին հատուցել վնասը, միայն այն դեպքում, երբ տուժած անձը կկարողանա ապացուցել, որ իրեն պատճառված վնասն ուղղակիորեն կապված է իր իրավունքների խախտման հետ (տե՛ս, Շիլաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով Եվրոպական դատարանի 06.10.2005 թվականի վճիռը, կետ 20):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման հիմնախնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաև իրավունքների չարաշահման արգելքի համաիրավական սկզբունքի լույսի ներքո և արձանագրել է, որ անձին ապօրինի դատապարտման արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացում իրավական պետությունում հնարավոր է միայն այն պայմաններում, եթե չի ապացուցվում, որ այն հանգամանքների ժամանակին բացահայտումը, որոնք հիմնավորել են անձի ապօրինի դատապարտումը, լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից (տե՛ս, թիվ ԵԿԴ/3025/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն արդարացվածի կարգավիճակի, պետությունից ապօրինի դատապարտման արդյունքում իր կրած վնասի, մասնավորապես` նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացման պայմանների վերաբերյալ` Վճռաբեկ դատարանը սույն որոշման շրջանակներում հարկ է համարում անդրադառնալ արդարացվածի` ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ, անդրադառնալով նշված խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրականության հարցին, վկայակոչված իրավադրույթն այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

i

Արդյունքում` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրվեց նոր խմբագրությամբ` «վնաս» եզրույթի մեջ ներառելով նաև ոչ նյութական վնասը, միաժամանակ սահմանվեց ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը, որը լրացվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2015 թվականին ընդունված և 01.01.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-184-Ն ՀՀ օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի համաձայն`

1. Նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

i

3. Եթե դատապարտյալն արդարացվել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (նույն օրենսգրքի իմաստով` հատուցում անարդարացի դատապարտման համար):

i

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը` 1087.2-րդ հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

i

5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի համաձայն`

i

1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են նույն հոդվածին և նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել`

i

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը` նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը` նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ` խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած` չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով: Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող` 19.05.2014 թվականի խմբագրությամբ 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ կամ 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում (նույն օրենսգրքի իմաստով` կոնվենցիոն իրավունքների խախտում), ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում` նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող` 19.05.2014 թվականի խմբագրությամբ 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հատուցման չափը չի կարող գերազանցել`

1) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում, ինչպես նաև նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում.

2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման պարագայում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող` 19.05.2014 թվականի խմբագրությամբ 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով սահմանված որոշակի պայմանների պահպանման դեպքում` հաշվի առնելով նույն հոդվածներով սահմանված սահմանափակումները, որոնց վերլուծությունը հանգում է հետևյալին.

ա) ոչ նյութական վնասի հատուցման համար հիմք հանդիսացող խախտված իրավունքների շրջանակը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 162.1-րդ հոդվածը ոչ նյութական վնասի հատուցման իրավունք նախատեսում էր միայն Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելում), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով սահմանված իրավունքների խախտման համար, իսկ նույն հոդվածի գործող խմբագրությամբ այդ իրավունքների շրջանակն ընդլայնվել է` ներառելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները` կյանքի իրավունքը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, հավաքների և միավորման ազատության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, սեփականության իրավունքը:

i

Ոչ նյութական վնասի հատուցում նախատեսվում է նաև դատապարտյալի համար, եթե վերջինս արդարացվել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի պայմաններում (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում): Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առկա չեն նշված արձանագրությամբ սահմանված պայմանները, ապա արդարացված անձն ընդհանուր հիմունքներով իրավունք ունի պահանջել ոչ նյութական վնասի հատուցում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել միայն վերոգրյալ իրավունքներից որևէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում:

բ) վերոնշյալ իրավունքները խախտած անձանց շրջանակը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից: Միաժամանակ նշված սուբյեկտների կողմից կատարված խախտումը հաստատելիս հատուցման համար նշանակություն չունի համապատասխան պաշտոնատար անձի մեղքը, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման համար օրենսդիրը որդեգրել է առանց մեղքի պատասխանատվության սկզբունքը` սահմանելով, որ այն ենթակա է հատուցման` անկախ պաշտոնատար անձի մեղքից: Այդուհանդերձ, պաշտոնատար անձի դեմ պետության կամ համայնքի կողմից հետադարձ պահանջ ներկայացնելիս արդեն կարևորվում է պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

գ) ոչ նյութական վնասի հատուցման հիմքը և հատուցման չափը.

i

Ոչ նյութական վնասի հատուցման համար հիմք է հանդիսանում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքը: Ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու հարցը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Այսպես, Եվրոպական դատարանը, Dzhabarov and Օthers v. Bulgaria գործով 31.03.2016 թվականի վճռով արձանագրելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ ընդհանուր կանոնն այն է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հատուցման տրամադրումը կախված է համապատասխան անձի կողմից նույն հոդվածի նախորդ կետերի խախտմամբ իրեն պատճառված վնասը հիմնավորելու հանգամանքից (տե՛ս, նաև Wassink v. the Netherlands գործով (գանգատ թիվ 12535/86) Եվրոպական դատարանի 27.09.1990 թվականի վճիռ, կետ 38, Pavletic v. Slovakia գործով (գանգատ թիվ 39359/98) Եվրոպական դատարանի 22.06.2004 թվականի վճիռ, կետ 95, Wtoch v. Poland (ոօ. 2) գործով (գանգատ թիվ 33475/08) Եվրոպական դատարանի 10.05.2011 թվականի վճիռ, կետ 32):

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում հոգեկան տառապանքի հետևանքով ոչ նյութական վնասն ունի որոշ առանձնահատկություններ: Գործում է այն կանխավարկածը (որը կարող է հերքվել), որ նշված հոդվածի խախտմամբ ձերբակալումն անձին պատճառում է որոշ հոգեբանական տառապանքներ ոչ միայն ձերբակալման ընթացքում, այլ նաև դրանից հետո: Նման տառապանքները, որոնք պարտադիր չէ, որ հասնեն հոգեկան խանգարումների մակարդակի կամ արտահայտվեն արտաքին ախտանիշներով, անխուսափելիորեն չեն պահանջում այնպիսի բացառիկ ապացույցների միջոցով հաստատում, ինչպիսիք են հոգեբուժական կամ բժշկական փաստաթղթերը (տե՛ս, Dzhabarov and Օthers v. Bulgaria գործով (գանգատներ թիվ 6095/11, 74091/11 և 75583/11) Եվրոպական դատարանի 31.03.2016 թվականի վճիռ, կետ 84): Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ անօրինական կերպով ձերբակալված անձին որևէ փոխհատուցման տրամադրման մերժումն այն հիմքով, որ վերջինիս չի ներկայացրել նմանատիպ ապացույցներ, ինքնին խիստ ձևականացված է և համարվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում (տե՛ս, Danev v. Bulgaria գործով (գանգատ թիվ 9411/05) Եվրոպական դատարանի 02.09.2010 թվականի վճիռը, կետեր 34-35):

Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք հանդիսացող տառապանքի, մասնավորապես` հոգեկան տառապանքի հաստատման համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման տառապանքը հաստատելու համար ուղղակի ապացույցներ (օրինակ` բժշկական փաստաթղթեր, փորձագետի եզրակացություն) կարող են և չներկայացվել: Տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում` կողմի, նրա հարազատների ցուցմունքներով: Այլ կերպ ասած` հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու համար չափից ավելի ֆորմալ պահանջները չեն բխի հոգեկան տառապանքի առանձնահատկություններից: ՈՒստի ցանկացած ապացույց, որը կարող է վկայել հոգեկան տառապանքի առկայության մասին (օրինակ` ձերբակալվածին պահելու պայմանները, տևողությունը, անձի անհատական հատկանիշները` դյուրագրգիռությունը, ներշնչվողականությունը և այլն), պետք է գնահատվի դատարանի կողմից:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանված են առավելագույն չափեր, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (օրինակ` առողջությանը ծանր վնաս): Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (eqսitableոess) և համաչափության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վնասի չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ ոչ նյութական վնասի հատուցումը չպետք է ուղղված լինի տուժող կողմի «հարստացմանը»` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հարկ է համարում արձանագրել, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանները պետք է օժտված լինեն ճկունությամբ` մասնավորապես հաշվի առնելով, որ իր բնույթով պայմանավորված` ոչ նյութական վնասը հաշվարկի կամ հստակ քանակական գնահատման ենթակա չէ (տե՛ս, օրինակ, Nagmetov v. Russia (գանգատ թիվ 35589/08) գործով Եվրոպական դատարանի 30.03.2017 թվականի վճիռը, կետեր 72-73, Varnava and Others v. Turkey (գանգատներ թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90) գործով Եվրոպական դատարանի 18.09.2009 թվականի վճիռը, կետ 224): Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ոչ նյութական վնասի չափը որոշելիս դատարանները պետք է առաջնորդվեն ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներով` հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` և՛ հայցվորի, և՛ պատասխանողի փաստարկները:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

i

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2013 թվականի թիվ ԵԱԴԴ/0060/01/12 քրեական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռով Մամիկոն Ստեփանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմի բացակայությամբ ճանաչվել է անպարտ և արդարացվել է` հռչակելով նրա անմեղությունը: Դատավճռի համաձայն` հաշվի առնելով Մամիկոն Ստեփանյանի անձը, նախնական քննության ընթացքում դրսևորած վարքագիծը, գործի քննության ընթացքը, քննիչը պարտավոր չէր ձերբակալել Մամիկոն Ստեփանյանին:

Դատարանը, ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով կարճելով գործի վարույթը, պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը ոչ նյութական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերաքննիչ դատարանը Դատարանի նշված եզրահանգումը համարել է իրավաչափ:

i

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ 19.05.2014 թվականին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը ներառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Մինչդեռ Դատարանը, կարճելով գործի վարույթը, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, սահմանափակել են Մամիկոն Ստեփանյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը: Հետևաբար հայցվորի կողմից ներկայացված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով առկա է նոր քննության անհրաժեշտություն` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո բացահայտելու համար ոչ նյութական վնասի հատուցման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, մասնավորապես` պարզելու համար, թե արդյոք առկա է ոչ նյութական վնասի հատուցման համար հիմք հանդիսացող խախտված իրավունք, արդյոք այն խախտած անձը ներառված է օրենսդրի կողմից սահմանված անձանց շրջանակի մեջ, ինչպես նաև պարզելու համար հոգեկան կամ ֆիզիկական տառապանքի առկայությունը և ոչ նյութական վնասի չափի հիմնավորվածությունը:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության չափի` որպես դատական ծախսի խելամտության որոշման հարցին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում նույնպես բազմիցս անդրադարձել է ծախսերի և ծախքերի խելամտության հարցին և նշել, որ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս, Շամոյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 07.01.2015 թվականի վճիռը, կետ 48):

Ընդ որում, իրական նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա: Անհրաժեշտ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ողջամիտ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի այդ վնասներին, ինչը հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով` բացառելով ենթադրությունները և շահարկումները:

i

Գոզո և Վալի Ամոյաններն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության գործով որոշմամբ վերահաստատելով նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստաբանի վարձատրության չափի` որպես դատական ծախսի խելամտության հարցի վերաբերյալ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք նմանապես կիրառելի են նաև փաստաբանի վարձատրության չափի` որպես արդարացվածին պատճառված նյութական վնասի հատուցման խելամտության որոշման հարցի նկատմամբ, քանի որ փաստաբանին վճարված գումարները` անկախ այն հանգամանքից, թե դատական ծախսեր են, թե պատճառված նյութական վնասներ, ինչ դատավարության ընթացքում են վճարվել` քաղաքացիական, վարչական, թե քրեական, պետք է լինեն իրականում կատարված և անհրաժեշտ, ինչպես նաև դրանց չափը պետք է լինի ողջամիտ: Ընդ որում, քրեական դատավարության ընթացքում փաստաբանին` պաշտպանին, վճարված գումարների իրական լինելը, դրանց անհրաժեշտությունը և ողջամտությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել քրեական դատավարության առանձնահատկությունները, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում կատարած աշխատանքի համար փաստաբաններին վարձատրելու վերաբերյալ արդեն իսկ ձևավորված և արմատավորված դատական պրակտիկայի առանձնահատկությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ապօրինի դատապարտելու հետևանքով փաստաբանին վճարված իրական, անհրաժեշտ և ողջամիտ գումարները հատուցվում են լրիվ ծավալով (տե՛ս, թիվ ԵԿԴ/3025/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Մամիկոն Ստեփանյանի (Պատվիրատու) և փաստաբան Արա Զաքարյանի (Կատարող) միջև 11.04.2012 թվականին, 08.04.2013 թվականին, 19.09.2013 թվականին և 03.12.2013 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի համաձայն` Կատարողը պարտավորվել է թիվ ԵԱԴԴ/0060/01/12 քրեական գործով իրականացնել Պատվիրատուի պաշտպանությունը: Համաձայն 14.04.2012 թվականի թիվ 100, 23.04.2013 թվականի թիվ 239, 20.09.2013 թվականի թիվ 239, 09.12.2013 թվականի թիվ 474 և 11.02.2014 թվականի թիվ 201 անդորրագրերի` Մամիկոն Ստեփանյանը փաստաբան Արա Զաքարյանին վճարել է 1.739.000 ՀՀ դրամ:

Դատարանը, փաստաբանին վճարված 1.740.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարելով 1.000.000 ՀՀ դրամի չափով, պատճառաբանել է, որ իր եզրահանգումը հիմնված է ՀՀ դատարաններում ձևավորված իրավակիրառական այն պրակտիկայի վրա, որի պայմաններում դատարանները ներկայացուցիչներին վճարվող գումարների գծով դատական ծախսերը փոխհատուցելիս պետք է հիմք ընդունեն ոչ թե փաստաբանական ծառայություն մատուցելու պայմանագրում նշված մատուցվող ծառայության համար վարձատրության չափը, այլ` խելամիտ չափը:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին անդրադառնալով` Դատարանը գնահատել է իրավունքի պաշտպանության վրա ծախսված գումարների անհրաժեշտության ու խելամտության սահմանաբաժանը և եկել հիմնավոր համոզման:

i

Մինչդեռ վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն գործով հայցը` փաստաբանին վճարված գումարի մասով 1.000.000 ՀՀ դրամի չափով բավարարելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն ծախսերի խելամիտ լինելու անհրաժեշտության վկայակոչումը բավարար չէ` որոշելու այդ ծախսերի չափը, այլ դատարանները պետք է հիմնավորեն, թե վճարված գումարի որ մասը և ինչ հիմքով, ինչ հանգամանքների հաշվառմամբ են համարել խելամիտ: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված պահանջի մասով ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան պատշաճ քննություն իրականացված չլինելու պայմաններում այդ մասով ևս առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական դատավարության կարգով պետական բյուջեի հաշվին ենթակա են հատուցման տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, պաշտպանյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի, ընթերակայի, մասնագետի, թարգմանչի, փորձագետի, վկայի կրած հետևյալ ծախսերը`

1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու` երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, բացառությամբ տաքսիից, և տրանսպորտի այլ տեսակներով երթևեկության արժեքը, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ` նաև օդային տրանսպորտով երթևեկության արժեքը.

2) բնակտարածության վարձակալության արժեքը` ծառայողական գործուղումների վճարման համար ընդունված նորմերով, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել.

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով մշտական բնակության վայրից դուրս տվյալ անձանց բնակվելու համար անհրաժեշտ օրապահիկը, եթե այն այլ կերպ չի հատուցվել. (...):

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը բաղկացած են` (...)

2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու և օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից. (...)

8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից, եթե նույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ:

i

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 29.11.1985 թվականին ընդունված «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր» վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի «Ա» բաժնի 2-րդ կետում բացահայտված է «տուժողի»` որպես հանցագործության զոհի, հասկացության միջազգային իրավական բովանդակությունը, համաձայն որի` հանցագործության զոհ է (են) այն անձը (անձինք), ում (որոնց) հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս, ներառյալ` մարմնական կամ բարոյական վնասը, հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները, որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով:

Այդպիսով, անօրինական գործողությունների, հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են, և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով միջազգային իրավունքում առկա վերը նշված մոտեցումները, 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունն ունի ընդգրկուն բովանդակություն և ներառում է ոչ միայն քրեական, այլև քրեադատավարական, վարչական, քաղաքացիաիրավական ու այլ հարաբերություններից և իրենց կամքից անկախ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց: ՈՒստի, 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունը նշանակում է նաև հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործողություններից (անգործությունից) վնաս կրած անձ:

Ընդ որում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` անձը տուժողի դատավարական կարգավիճակ է ձեռք բերում որպես այդպիսին ճանաչվելու փաստով, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության նշված դրույթի իմաստով տուժողին հասցված վնասի հատուցման իրավունքը ենթադրում է նաև արդարացված անձի կրած վնասի հատուցման հարցով քրեական դատավարությունից դուրս քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելու իրավունք:

Անդրադառնալով արդարացվածի կատարած դատական ծախսերի հատուցման հնարավորությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարացվածը, որպես վնասի հատուցում, քաղաքացիական դատավարության կարգով իրավունք ունի ստանալ նաև ճանապարհածախսի և օրապահիկի գումարների հատուցում` նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` արդարացվածը, որպես վնասի գույքային հատուցում, իրավունք ունի ստանալ նաև իր կատարած դատական ծախսերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև քրեական դատավարության օրենսդրությամբ ճանապարհածախսը և օրապահիկը, որպես դատական ծախս, նախատեսված են տուժողի, մասնագետի, փորձագետի և վկայի համար, սակայն արդարացվածը միջազգային և սահմանադրական իրավական նորմերի տեսանկյունից նույնպես կարող է դիտվել որպես տուժող պետության հետ փոխհարաբերություններում, բացի այդ, վերջինս տվյալ դատական ծախսերը քաղաքացիական դատավարության կարգով պահանջում է որպես իր կրած գույքային վնասների հատուցում, որը ենթակա է հատուցման ամբողջ ծավալով: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդարացվածին հատուցման ենթակա գույքային վնասը ներառում է քրեական դատավարության կարգով կատարված բոլոր ծախսերը` ներառյալ օրապահիկը և ճանապարհածախսը:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրապահիկի և ճանապարհածախսի հատուցման իրավունք անձը կարող է ձեռք բերել միայն այն նույն պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, որը սահմանվել է Գոզո և Վալի Ամոյաններն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` վերը նշված որոշմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարացվածն ունի օրապահիկի և ճանապարհածախսի հատուցում ստանալու իրավունք: Ինչ վերաբերում է այդ հատուցման չափերին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանը, այնպես էլ Եվրոպական դատարանը բազմիցս նշել են, որ կատարված ծախսերը պետք է լինեն իրական, անհրաժեշտ և ողջամիտ, որոնց բնույթը բացահայտվել է բողոքի նախորդ հիմքի քննության ժամանակ: Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արդարացվածին հատուցման ենթակա օրապահիկը և ճանապարհածախսը պետք է լինեն իրական, այսինքն` իրականում կատարված լինեն, որի վերաբերյալ անձը պետք է ներկայացնի ողջամիտ ապացույցներ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ դրանք կարող են լինել ինչպես ուղղակի ապացույցներ (օրինակ` վճարման անդորրագրեր), այնպես էլ անուղղակի ապացույցներ (օրինակ` ապացույց այն մասին, որ անձն իր բնակության վայրից դուրս մասնակցել է դատական նիստերի): Այդ ծախսերը պետք է լինեն անհրաժեշտ, այսինքն` արդարացվածը պետք է ապացուցի, որ առանց այդ ծախսերի իր իրավունքների պատշաճ պաշտպանություն իրականացվել չէր կարող: Եվ վերջապես այդ ծախսերը պետք է լինեն ողջամիտ: Ողջամտության չափը որոշելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածում սահմանված` քրեական դատավարությանը մասնակցող անձանց ծախսերի հատուցման վերաբերյալ կարգավորմամբ մասնավորապես նախատեսված է, որ հատուցման ենթակա բնակտարածության վարձակալության արժեքը որոշվում է ծառայողական գործուղումների վճարման համար ընդունված նորմերով, իսկ ճանապարհածախսի կապակցությամբ սահմանված է, որ ըստ էության այն հատուցվում է հասարակական տրանսպորտի երթևեկության արժեքին համաչափ: Ինչ վերաբերում է օրապահիկի գումարին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն այս կապակցությամբ հատուկ կարգավորում չի նախատեսում:

i

Նկատի ունենալով նաև այն, որ ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը բնակտարածության վարձակալության արժեքի, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (59-րդ հոդվածի 8-րդ մաս` վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման ծախսերի առավելագույն չափերը) օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումների չափը որոշելու կապակցությամբ հղում են կատարում ծառայողական գործուղման ծախսերին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, մասնավորապես` օրապահիկի կապակցությամբ հատուկ կարգավորում նախատեսված չլինելու պարագայում անհրաժեշտ է դրա բնույթը բացահայտել «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2335-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգին» համապատասխան:

i

Նշված կարգի 7-րդ կետի համաձայն` գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

i

Նույն կարգի 21-րդ կետի համաձայն` պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 3000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է, իսկ 22-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում` օդանավի տոմսի արժեքը:

Այսպիսով, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացահայտված չէ օրապահիկի գումարի ողջամիտ չափը, իսկ ճանապարհածախսի չափը որոշելու կարգը մանրամասնեցված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացվածին հատուցման ենթակա օրապահիկի և ճանապարհածախսի ողջամտությունը որոշելիս, որպես կանոն, ուղենշային պետք է լինի գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգավորումը:

Սույն գործով Դատարանը, ճանապարհածախսի և օրապահիկի գումարների բռնագանձման պահանջը մերժելով, պատճառաբանել է, որ ճանապարհածախսի և օրապահիկի գումարների վերաբերյալ չեն ներկայացվել անդորրագրեր կամ այլ փաստաթղթեր` ծախսված գումարները հիմնավորելու համար:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումը, նշել է, որ Մամիկոն Ստեփանյանի կողմից չեն ներկայացվել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ այդ ծախսերը փաստացի կատարված լինելու մասին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մամիկոն Ստեփանյանը` որպես արդարացված, իրավունք ուներ ստանալու իր կատարած ծախսերի, այդ թվում` օրապահիկի և ճանապարհածախսի փոխհատուցում: Նկատի ունենալով օրապահիկի և ճանապարհածախսի գումարների հիմնավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանները հաշվի չեն առել, որ նշված ծախսերը կարող են հիմնավորվել նաև անուղղակի ապացույցներով: Ստորադաս դատարանները, մասնավորապես` քննության առարկա պետք է դարձնեին թիվ ԵԱԴԴ/0060/01/12 քրեական գործի շրջանակներում Մամիկոն Ստեփանյանի բնակության վայրից մեկնելու հանգամանքը, ճանապարհի երկարությունը, մեկնելու և վերադառնալու ժամկետի տևողությունը և այլն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրապահիկի և ճանապարհածախսերի գումարների բռնագանձման պահանջների մասով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, ուստի այս պահանջի մասով նույնպես առկա է նոր քննության անհրաժեշտություն:

 

4) վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Նունե Խաչատրյանը և «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ն Մաշտոցի ՏՀՏ-ի հաշվին են փոխանցել 18.830.351 ՀՀ դրամ` որպես արձանագրված շահութահարկի լրացուցիչ գանձման հարկի գումար: Թիվ ՎԴ/3564/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 19.12.2011 թվականի վճռի համաձայն` «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի ՀՏ-ի` 18.05.2011 թվականի թիվ 1013327 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է:

Դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետությունից 18.830.351 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը, նշել է, որ Մամիկոն Ստեփանյանի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ 18.830.351 ՀՀ դրամի չափով շահութահարկի գումարը ենթակա չէր վճարման, քանի որ ՀՀ վարչական դատարանի 19.12.2011 թվականի վճռով հաստատվել է, որ պետության հանդեպ «Տաթևիկ» ՍՊԸ-ն ունեցել է հարկային պարտավորություն, որն էլ վճարվել է:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումը, հավելել է, որ Մամիկոն Ստեփանյանը չի ապացուցել իր կողմից վճարում կատարած լինելու հանգամանքը, մինչդեռ վճարման փաստաթղթի համաձայն` վճարումն իրականացվել է Նունե Խաչատրյանի և «Տաթևիկ» ՍՊԸ-ի կողմից, որոնք էլ դրա վերադարձի պահանջ կարող են ներկայացնել:

Անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր է համարում և արձանագրում է, որ Մամիկոն Ստեփանյանի կողմից չեն ապացուցվել իր վկայակոչված փաստերը, այն է` իր կողմից 18.830.351 ՀՀ դրամի չափով վճարում կատարած լինելը, ինչպես նաև այդ գումարն իրեն վերադարձնելու իրավական և փաստական հիմքը: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատարանի 19.12.2011 թվականի թիվ ՎԴ/3564/05/11 վճռի համաձայն` «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Մաշտոցի ՏՀՏ-ի` 18.05.2011 թվականի թիվ 1013327 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է: Հետևաբար 18.830.351 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների եզրահանգումն իրավաչափ է և պատճառաբանված: ՈՒստի չի հիմնավորվել այս պահանջի մասով դատական սխալի առկայությունը:

4.2 Քննելով Նախարարության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության վճռաբեկ բողոքը ևս վերաբերում է փաստաբանի ծախսի խելամիտ լինելը որոշելու չափանիշներին, ինչի մասին սույն որոշման մեջ արդեն իսկ անդրադարձ է կատարվել և գործն այդ մասով ևս ուղարկվում է նոր քննություն, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պատճառաբանություններով Նախարարության վճռաբեկ բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Նախարարության վճռաբեկ բողոքի դեմ Մամիկոն Ստեփանյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, Մամիկոն Ստեփանյանի վճռաբեկ բողոքի 1-ին, 2-րդ և 3-րդ հիմքերի, Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը բեկանված մասերով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են արդարացվածները` իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Մամիկոն Ստեփանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցին, հարկ է համարում ընդգծել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի հիմքով Մամիկոն Ստեփանյանն ազատված է գույքային վնասի հատուցման պահանջով պետական տուրքի վճարումից:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքների բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է մասնակի բեկանման, իսկ գործը` բեկանված մասերով, ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բեկանված մասերով դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման` օրինական ուժի մեջ թողնված մասով դատական ծախսերի բաշխման հարցին, ապա նկատի ունենալով, որ Մամիկոն Ստեփանյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի հիմքով ազատված է նյութական վնասի պահանջի մասով պետական տուրքի վճարումից, իսկ 18.830.351 ՀՀ դրամի` որպես նյութական վնասի հատուցման պահանջի մասով ստորադաս դատարանի դատական ակտը թողնվում է օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանն այդ մասով պետական տուրքի հարցը համարում է լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Մամիկոն Ստեփանյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2016 թվականի որոշման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2015 թվականի վճիռը` 102.000.000 ՀՀ դրամի` որպես բարոյական վնասի հատուցման պահանջի մասով գործի վարույթը կարճելու, 1.740.000 ՀՀ դրամի` որպես փաստաբանին վճարված գումարի, ինչպես նաև ճանապարհածախսի և օրապահիկի բռնագանձման պահանջների մասերով հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Բեկանված մասերով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

18.830.351 ՀՀ դրամ նյութական վնասի հատուցման պահանջի մասով պետական տուրքի հարցը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի հիմքով, համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԿԴ/3296/02/14
Որոշում