Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0532/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0532/02/15 2017 թ.
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան  
                                                 Ս. Միքայելյան
                                                 Հ. Ենոքյան

                                                                                   

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Օֆելյա Բոդուրյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նունե Մովսեսյանի ընդդեմ Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի, երրորդ անձինք Միլենա և Էլեոնորա Թորոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նունե Մովսեսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Չարենցի փողոցի թիվ 135/2 հասցեում գտնվող և Վարդանուշ, Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի անվամբ գրանցված անշարժ գույքի` 44 քմ մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տան տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված 101,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 07.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2016 թվականի որոշմամբ Նունե Մովսեսյանի և երրորդ անձանց վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.04.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆելյա Բոդուրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի հետևանքով հանգել է սխալ եզրակացության: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանը թիվ 2-1711 քաղաքացիական գործով կայացված վճիռը չի հետազոտել գործում առկա մյուս ապացույցների համակցության մեջ, անհիմն է, քանի որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրելով այդ ապացույցը, գտել է, որ այն սույն վեճի լուծման համար որևէ ապացուցողական նշանակություն չունի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Նունե Մովսեսյանը, հայցադիմումում նշելով, որ 1993 թվականին Խաչատուր (Խաչիկ) Թորոսյանը մեկնել է ԱՄՆ մշտական բնակության և վիճելի հասցեում գտնվող բնակելի տունն ու հողամասը վաճառել է իրեն և դրա դիմաց ստացել է 5.000 ԱՄՆ դոլար, այդ փաստերի վերաբերյալ չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` 27.07.2000 թվականի թիվ 2-1711 վճռի պատճառաբանական մասում նշված է, որ «(...) տեղատեսությամբ պարզվեց, որ հայցվոր կողմն ընդհանրապես չի օգտագործել այն հողատարածքը, որի վրա կա կարգավիճակը չպարզած ապօրինի շինություն և չի վիճարկում այդ տարածքը: Ըստ կողմերի` այն օգտագործում է նախկին սեփականատիրոջ ժառանգ Խաչիկ Թորոսյանը, որի դեմ որևէ պահանջ Ա. Թորոսյանը չունի (...)», ինչը չի կարող նշանակել, որ Նունե Մովսեսյանը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետել է նշված հասցեում գտնվող հողամասը:

Գործի քննության ընթացքում Նունե Մովսեսյանը չի ներկայացրել նաև որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր, որ ինքը որևէ կապ ունի Խաչատուր (Խաչիկ) Թորոսյանի հետ կամ հանդիսանում է նրա իրավահաջորդը: Ավելին, սույն գործով բացակայում է ապացույց այն մասին, որ Խաչատուր (Խաչիկ) Թորոսյանն ընդունել է տան նախկին սեփականատիրոջ` Վարդանուշ Թորոսյանի ժառանգությունը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ անշարժ գույքի սեփականատերերը կատարել են այնպիսի գործողություններ, որոնք կարող են գնահատվել որպես իրենց սեփականությունից հրաժարում: Ավելին, գործում առկա բազմաթիվ ապացույցներով հիմնավորվում է հակառակը, այն է` գույքի սեփականատերերը կատարել են իրենց գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.07.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.04.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման 11.05.2005 թվականի թիվ 1822 գրության համաձայն` Օֆելյա Բոդուրյանի կողմից 06.05.2005 թվականին ներկայացված դիմումը` Երևանի Չարենցի փողոցի թիվ 135 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու վերաբերյալ, մերժվել է` չափագրման աշխատանքները չապահովելու պատճառաբանությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 1):

2) Երևանի քաղաքապետի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու և Երևանի քաղաքապետի 23.11.2009 թվականի հ. 9303-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 27.11.2009 թվականի թիվ 9331-Ա որոշման հավելվածի քաղվածքի համաձայն` դիմողներ Օֆելյա Բոդուրյանին, Վարդանուշ և Լուսինե Թորոսյաններին անցած ժառանգական գույքին` Երևանի Չարենցի փողոցի թիվ 135 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրվել է հասցե` Չարենցի փողոցի թիվ 135/2 (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

3) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0663/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 25.06.2010 թվականի վճռով բավարարվել է Օֆելյա Բոդուրյանի, Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների հայցն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի, Սարգիս Հարությունյանի և Նունե Մովսեսյանի` կադաստրի աշխատողների կողմից չափագրումների աշխատանքների կատարման խոչընդոտները և իրավունքի խախտումները վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին (հատոր 2-րդ, գ.թ. 15-18):

4) Կադաստրի կողմից տրված 10.09.2010 թվականի թիվ 2788854 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Չարենցի փողոցի թիվ 135/2 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Օֆելյա Բոդուրյանին, Վարդանուշ և Լուսինե Թորոսյաններին: Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսացել նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի 03.05.2000 թվականի թիվ 5-905 վկայագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 23-25):

5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2026/02/14 քաղաքացիական գործով 10.03.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Օֆելյա Բոդուրյանի, Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների հայցն ընդդեմ Նունե Մովսեսյանի, Էլեոնորա և Միլենա Թորոսյանների` Երևանի Չարենցի փողոցի թիվ 135/2 տան տարածքից վտարելու պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 119-125):

6) Ըստ հայցի Օֆելյա Բոդուրյանի, Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների ընդդեմ Արմենակ Թորոսյանի` ապօրինի տիրապետումից հողամասը հետ վերցնելու և փակված մուտքը բացելու պահանջների մասին, և ըստ Արմենակ Թորոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Օֆելյա Բոդուրյանի, Լուսինե և Վարդուհի Թորոսյանների` ապօրինաբար զավթած հողամասը վերադարձնելու պահանջների մասին, թիվ 2-1711 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 27.07.2000 թվականի վճռում նշվել է, որ «(...) տեղատեսությամբ պարզվեց, որ հայցվոր կողմն ընդհանրապես չի օգտագործել այն հողատարածքը, որի վրա կա կարգավիճակը չպարզած ապօրինի շինություն և չի վիճարկում այդ տարածքը: Ըստ կողմերի` այն օգտագործում է նախկին սեփականատիրոջ ժառանգը` Խաչիկ Թորոսյանը, որի դեմ Ա. Թորոսյանը նույնպես որևէ պահանջ չունի (...)» (հատոր 1-ին, գ.թ. 51-53):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի և 187-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

i

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Նույն հոդված 3-րդ կետի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

i

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

i

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

i

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 135/2 հասցեում գտնվող 0,03064 հա մակերեսով հողամասից 44 քմ մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տան տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված 101,6 քմ մակերեսով հողամասը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Ավելին, գործի նյութերով հիմնավորվել է, որ տվյալ անշարժ գույքը որպես ժառանգություն ձեռք են բերել Լուսինե և Վարդանուշ Թորոսյանները և Օֆելյա Բոդուրյանը, ինչի հիման վրա կատարվել է սեփականության իրավունքի գրանցում: Հայցվորը դատարանին ոչ միայն չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է վեճի առարկա անշարժ գույքը, այլ նաև այն մասին, որ պատասխանողները հրաժարվել են դրա նկատմամբ սեփականության իրենց իրավունքից, որի պայմաններում հնարավոր կլիներ հետևություն անել հայցվոր կողմից գույքի տիրապետման բարեխղճության մասին:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանելով և գործն ուղարկելով նոր քննության, նշել է, որ Դատարանը եկել է սխալ եզրահանգման, քանի որ հայցվորի կողմից որպես ապացույց ներկայացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-1711 քաղաքացիական գործով 27.07.2000 թվականի օրինական ուժ մեջ մտած վճիռը, որի պատճառաբանական մասում նշվել է, որ «(...) տեղատեսությամբ պարզվեց, որ հայցվոր կողմն ընդհանրապես չի օգտագործել այն հողատարածքը, որի վրա կա կարգավիճակը չպարզած ապօրինի շինություն և չի վիճարկում այդ տարածքը: Ըստ կողմերի` այն օգտագործում է նախկին սեփականատիրոջ ժառանգ` Խաչիկ Թորոսյանը, որի դեմ Ա. Թորոսյանը նույնպես որևէ պահանջ չունի (...)»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ կողմերի միջև առկա վեճին իրավաչափ լուծում տալու, ինչպես նաև սույն գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ էր ուսումնասիրել նաև թիվ 2-1711 քաղաքացիական գործով կայացած վճիռը, սակայն Դատարանն այն չի հետազոտել գործում առկա մյուս ապացույցների կազմում:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-1711 քաղաքացիական գործով 27.07.2000 թվականի օրինական ուժ մեջ մտած վճիռը չի ուսումնասիրվել մյուս ապացույցների կազմում, որի արդյունքում Դատարանը եկել է սխալ եզրահանգման: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բավարար հիմք չէր կարող հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը բեկանելու համար, քանի որ թիվ 2-1711 քաղաքացիական գործով 27.07.2000 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռում տեղ գտած ձևակերպումը, այն է` «(...) հայցվորն ընդհանրապես չի օգտագործել այն հողատարածքը, որի վրա առկա է կարգավիճակը չպարզած ապօրինի շինություն և չի վիճարկել այդ տարածքը, որն օգտագործում է նախկին սեփականատիրոջ ժառանգ` Խաչիկ Թորոսյանը (...)», վերաբերում է ոմն Խաչիկ Թորոսյանի, որի հետ կապված ենթադրյալ իրավահարաբերությունները, մասնավորապես` Խաչիկ (Խաչատուր) Թորոսյանից 5.000 ԱՄՆ դոլարով վիճելի հողատարածքը գնելու փաստը, հայցվորի կողմից չի ապացուցվել: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ վճիռն ապացուցողական նշանակություն չի կարող ունենալ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման նախադրյալներից ձեռքբերման բարեխղճության և գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու հանգամանքները հաստատելու համար, քանի որ այն չի պարունակում տեղեկատվություն սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վերը նշված փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Ավելին, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ վիճելի հողամասի ընդհանուր բաժնային սեփականատեր Օֆելյա Բոդուրյանը մշտապես ձեռնամուխ է եղել իր սեփականության իրավունքի պաշտպանությանը, ինչը դրսևորվել է մի շարք գործողություններով: Մասնավորապես` Երևանի Չարենցի փողոցի թիվ 135 հասցեի անշարժ գույքը 03.05.2000 թվականի թիվ 5-905 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով Օֆելյա Բոդուրյանին` որպես առաջին հերթի ժառանգի անցնելուց հետո վերջինս 06.05.2005 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր` Երևանի Չարենցի փողոցի թիվ 135 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ, որը Կադաստրի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման 11.05.2005 թվականի թիվ 1822 գրությամբ մերժվել է` չափագրման աշխատանքները չապահովելու պատճառաբանությամբ: Վերջինս` որպես համահայցվոր, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Անահիտ Խաչատրյանի, Սարգիս Հարությունյանի և Նունե Մովսեսյանի` կադաստրի աշխատողների կողմից չափագրումների աշխատանքների կատարման խոչընդոտները և իրավունքի խախտումները վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0663/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժ ստացած 25.06.2010 թվականի վճռով բավարարվել է: Միևնույն ժամանակ վերջինիս դիմումի հիման վրա` Երևանի քաղաքապետի 27.11.2009 թվականի որոշմամբ վեճի առարկա գույքին տրվել է նոր հասցե: Հիմք ընդունելով վերոգրյալ դատական ակտը, որոշումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 03.05.2000 թվականի թիվ 5-905 վկայագիրը` 10.09.2010 թվականին Երևանի Չարենցի փողոցի թիվ 135/2 հասցեում գտնվող անշարժ գույքը` որպես ընդհանուր բաժնային սեփականություն, գրանցվել է Օֆելյա Բոդուրյանի անվամբ և տրվել է թիվ 2788854 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը: Բացի այդ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2026/02/14 քաղաքացիական գործով 10.03.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Օֆելյա Բոդուրյանի` որպես համահայցվորի հայցն ընդդեմ Նունե Մովսեսյանի, Էլեոնորա և Միլենա Թորոսյանների` Երևանի Չարենցի փողոցի թիվ 135/2 տան տարածքից վտարելու պահանջի մասին, բավարարվել է:

Նշված գործողությունները հիմք են տալիս Վճռաբեկ դատարանին արձանագրելու, որ Օֆելյա Բոդուրյանը ոչ միայն չի հրաժարվել իր սեփականության իրավունքից, այլև կատարել է որոշակի նպատակաուղղված գործողություններ` պաշտպանելու իր սեփականության իրավունքն այլ անձանց` տվյալ պարագայում հայցվորի և երրորդ անձանց ոտնձգություններից: Հետևաբար Դատարանը, Օֆելյա Բոդուրյանի դեմ ներկայացված հայցը մերժելով, եկել է իրավաչափ եզրահանգման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է միայն Օֆելյա Բոդուրյանի մասով գործը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու մասով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված ակտի դեմ վճռաբեկ բողոք բերվել է միայն վերջինիս կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը, կաշկանդված լինելով վճռաբեկ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, որևէ կերպ չի անդրադառնում Վերաքննիչ դատարանի որոշման` չբողոքարկված մասի իրավաչափության գնահատմանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման Նունե Մովսեսյանից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2016 թվականի որոշման` Օֆելյա Բոդուրյանի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2016 թվականի վճռին:

2. Նունե Մովսեսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԿԴ/0532/02/15
Որոշում