Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 375-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

   

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԿԴ1/0143/01/14
Գործ թիվ   ԿԴ1/0143/01/14
Նախագահող դատավոր`  Ռ. Բարսեղյան 
                   Դատավորներ`   Կ. Ղազարյան

                                                  Ա. Դանիելյան

 

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ`
պաշտպան Տ. Սարգսյանի

                   

 

2017 թվականի օգոստոսի 30-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Նավասարդ Սեմյոնի Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռով Նավասարդ Սեմյոնի Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (վեց դրվագ), 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1.-ին կետով (երեք դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1.-ին կետով (երկու դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երեք դրվագ), 165-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, և նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ` 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 800.000 ՀՀ դրամի չափով: Ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ն.Ալավերդյանի` նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 10 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 800.000 ՀՀ դրամի չափով:

2. Ն.Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանի` 2016 թվականի ապրիլի 4-ին ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Ն.Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանի` վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ մերժվել է:

4. Ն.Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժվել է:

5. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ն.Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ վերադարձվել է:

Ն.Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանը, մերժելով ամբաստանյալ Ն.Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանի` վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, իր` 2016 թվականի հուլիսի 29-ի որոշման շրջանակներում փաստել է. «(...) 2016թ. հուլիսի 25-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Նավասարդ Ալավերդյանի շահերի պաշտպան Ա.Մխիթարյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար բացթողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին:

Միջնորդության քննության վերաբերյալ կայացած դատական նիստի ժամանակ (...) Ա.Մխիթարյանը (...) նշել է, որ դատական ակտը ստացել է իր պաշտպանյալի միջոցով` 2016թ. մարտի 10-ին և չունենալով դատական ակտի հիմնավորումները` զրկված է եղել առավել վաղ հիմնավոր բողոք ներկայացնելու հնարավորությունից: Սույն գործով դատական ակտը` 2016թ. մարտի 04-ի կից գրությամբ ստացել է 2016թ. մարտի 10-ին: Վերաքննիչ բողոքը տարվել է 2016թ. ապրիլի 04-ին (...):

(...) Առաջին ատյանի դատարանը փաստում է, որ ըստ քրեական գործի նյութերի` Նավասարդ Ալավերդյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. փետրվարի 29-ի դատավճիռը ստացել է 2016թ.մարտի 04-ին և նշել, որ դատարանից ստանում է նաև իր պաշտպան Ա.Մխիթարյանին հանձնվող դատավճռի պատճենը` վերջինիս հանձնելու համար:

Ավելին, դատարանն արձանագրում է, որ պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ հարգելի պատճառ (օրինակ` հիվանդության հիմքով, երկրից հարգելի պատճառով բացակայելու դեպքում) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. փետրվարի 29-ի դատավճիռը բողոքարկելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 145-148):

7. Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, իր` 2016 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Սույն քրեական գործով բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն դատավճիռը պաշտպանի կողմից ստանալու պահից/2016 թվականի մարտի 04-ից/ 25 օրվա ընթացքում և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2016 թվականի մարտի 04-ին դատավճռի օրինակներն ամբաստանյալին են հանձնվել` մեկ օրինակը պաշտպանին տրամադրելու համար, և բացի այդ, պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից Վերաքննիչ դատարան չի ներկայացվել որևէ հարգելի պատճառ Առաջին ատյանի դատարանի 2016թ. փետրվարի 29-ի դատավճիռը բողոքարկելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ, իսկ Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռի բողոքարկման ժամկետը վերջանում է 2016 թվականի մարտի 29-ին, մինչդեռ բողոք բերվել է դատական ակտը ստանալու պահից 1 (մեկ) ամիս 5 (հինգ) օր հետո` 2016 թվականի ապրիլի 04-ին» (տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթեր 202-208):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որոնց պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

8.1. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը հայտնել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռի օրինակը ստացել է ոչ թե դատարանից, այլ իր պաշտպանյալ Ն.Ալավերդյանից 2016 թվականի մարտի 10-ին, որպիսի պարագայում իր կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը պետք է ճանաչվեր հարգելի:

i

Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ և 380-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1268 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, իր պաշտպանյալին զրկել է արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքից:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` բավարարելով ներկայացված բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված կարգով դատավճռի պատճենը պաշտպանին հանձնելու և դրա հետ փոխկապված` վերջինիս կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու հարցի առնչությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվել ամբաստանյալ Ն. Ալավերդյանի կողմից պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահից:

i

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

Մեջբերված, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ, ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Միևնույն ժամանակ, խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախ և առաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ (տե՛ս, mutatis mutaոdis, Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 17-18-րդ կետերը, տե՛ս նաև, mutatis mutaոdis, Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշման 23-23.1-րդ կետերը, Վահան Թորոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԱԴԴ/0005/15/16 որոշման 15-րդ կետը):

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի (...) միջոցով (...)»:

Վերոնշյալ իրավադրույթի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը (կամ կասկածյալը) և պաշտպանը քրեական դատավարության ինքնուրույն սուբյեկտներ են, որոնք ունեն իրավունքների և պարտականությունների ինքնուրույն շրջանակ: Նրանց գործունեությունն ուղղված է միևնույն` պաշտպանության գործառույթի իրականացմանը, որի ուժով էլ նրանք լրացնում են միմյանց: Կասկածյալը կամ մեղադրյալն իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասը չի զիջում պաշտպանին, պաշտպանի իրավունքներն էլ ածանցյալ չեն կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներից: Պաշտպանը քրեական դատավարությանը մասնակցում է մեկ հիմնական նպատակով` պաշտպանել կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներն ու օրինական շահերը:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը սահմանում է. «Դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում են.

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում. (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (...)»:

i

Սույն որոշման 12-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է դատավճռի պատճենը համապատասխան ժամկետում ոչ միայն դատապարտվածին կամ արդարացվածին, այլև պաշտպանին հանձնելու պարտավորություն, ինչն առավելապես պայմանավորված է պաշտպանի` քրեական դատավարության ինքնուրույն սուբյեկտ լինելու հանգամանքով. այն նաև կասկածյալի ու մեղադրյալի պաշտպանության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու երաշխիք է: Այդ համատեքստում վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև հաշվի առնելով այդ նորմի առնչությամբ նախկինում ձևավորած իրավական դիրքորոշումները (տե՛ս Հովհաննես Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԷԴ/0129/01/15 որոշումը)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պաշտպանի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ չի կարող սահմանվել պաշտպանյալի կողմից նաև պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահը, եթե այն փաստացի ավելի ուշ է հասու դառնում պաշտպանին: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանը, չբացառելով պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից ստանալու հնարավորությունը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ նման դեպքում պաշտպանի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից ստանալու պահից, այլ այն պահից, երբ այդ փաստաթուղթը հասու է դարձել պաշտպանին: Վերջինի հետ կապված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ դատավճռի պատճենը պաշտպանյալի միջոցով պաշտպանին փոխանցելիս վերջինիս կողմից այն ստանալու պահի առնչությամբ գործնականում հնարավոր խնդիրների առաջացումից և չարաշահումներից խուսափելու համար դատարանը պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենն օրենքով սահմանված կարգով պետք է հանձնի (ուղարկի) վերջինիս նույնիսկ այն դեպքում, երբ պաշտպանյալը դատարանից ստանում է նաև պաշտպանին հանձնման ենթակա համապատասխան փաստաթուղթը: Այլ խոսքով` պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը պաշտպանյալի կողմից դատարանից ստանալը դատարանին չի ազատում այդ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով պաշտպանին հանձնելու պարտավորությունից:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով Ն.Ալավերդյանի պաշտպան Ա.Մխիթարյանի` վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, իր հերթին անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել են, որ ամբաստանյալ Ն.Ալավերդյանն Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճիռը ստացել է 2016 թվականի մարտի 4-ին և նշել, որ դատարանից ստանում է նաև իր պաշտպան Ա.Մխիթարյանին հանձնվող դատավճռի պատճենը` վերջինիս հանձնելու համար: Մինչդեռ պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2016 թվականի ապրիլի 4-ին: Ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռի բողոքարկման ժամկետը վերջանում էր 2016 թվականի մարտի 29-ին, սակայն բողոքը բերվել է դատական ակտը ստանալու պահից 1 (մեկ) ամիս 5 (հինգ) օր հետո` 2016 թվականի ապրիլի 4-ին (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

Պաշտպան Ա.Մխիթարյանը դատական քննության ժամանակ նշել է, որ դատական ակտը ստացել է իր պաշտպանյալի միջոցով` 2016 թվականի մարտի 10-ին և չունենալով դատական ակտի հիմնավորումները` զրկված է եղել առավել վաղ հիմնավոր բողոք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարանները որպես պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռի բողոքարկման ժամկետի սկիզբ հաշվել են ամբաստանյալ Ն.Ալավերդյանի կողմից պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահն այն դեպքում, երբ պաշտպան Ա.Մխիթարյանը համապատասխան փաստաթուղթն իր պաշտպանյալից փաստացի ստացել է ավելի ուշ` 2016 թվականի մարտի 10-ին:

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստերը գնահատելով սույն որոշման 14-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չեն ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվել ամբաստանյալ Ն.Ալավերդյանի կողմից պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պաշտպան Ա.Մխիթարյանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 29-ի դատավճռի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբն անհրաժեշտ էր հաշվել ոչ թե ամբաստանյալ Ն.Ալավերդյանի կողմից պաշտպանին հանձնման ենթակա դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահից, այլ այն պահից, երբ համապատասխան փաստաթուղթը հասու էր դարձել պաշտպան Ա.Մխիթարյանին, այսինքն` 2016 թվականի մարտի 10-ից:

i

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանը սույն գործով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ, 380-րդ հոդվածների խախտումներ, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նավասարդ Սեմյոնի Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.08.2017
N ԿԴ1/0143/01/14
Որոշում