Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 406-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԲ-05/12

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Հ. Բաղդասարյանի

 

2018 թվականի հունիսի 15-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումների դեմ Ա. Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2006 թվականի ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90501106 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2006 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ալիկ Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա. Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննության մարմնի` 2006 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ Ա. Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

2006 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճռով Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա. Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ռաֆիկ Արայիկի Հարությունյանը և Համլետ Երվանդի Ազիզյանը:

3. Մեղադրողների, ամբաստանյալներ Ա. Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի, վերջինիս պաշտպանի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները` առանց բավարարման:

4. 2008 թվականի հուլիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը և, բեկանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճիռը, գործն ուղարկել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, Ա. Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ու պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով:

6. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Ա. Մաթևոսյանի պաշտպան Հ. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Ա. Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ Ա. Մաթևոսյանի և նրա պաշտպան Հ. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Ա. Մաթևոսյանի պաշտպան Հ. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2010 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2010 մարտի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժել է` Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

7. Ա. Մաթևոսյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 52316/09) վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ալիկ Մաթևոսյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման փաստը:

8. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի` Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Ա. Մաթևոսյանի պաշտպան Հ. Բաղդասարյանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումների վերանայման վարույթ, և Ա. Մաթևոսյանի պաշտպան Հ. Բաղդասարյանի բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

9. ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ Ա. Կրկյաշարյանի` 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ արձանագրվել է. «(...) Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա. Մաթևոսյանը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Նախագահին և ՀՀ Գլխավոր դատախազին, որոնք ստացվել են ՀՀ Զինվորական դատախազությունում: Նշված դիմում-բողոքներում մեղադրյալ Ա. Մաթևոսյանը նշել է, որ ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում իրեն և գործով մյուս մեղադրյալ Ռ. Հարությունյանին ծեծի են ենթարկել բաժնի պետ Ղազարյանը, վերջինիս տեղակալը, ինչպես նաև նրա նկատմամբ բռնություն է գործադրվել Աշոտ Մանուկյանի աշխատասենյակում:

ՀՀ ՊՆ ՌՈ վարչության ՊՀ բաժնի պետ Մուրադ Ղազարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ա. Մաթևոսյանի նկատմամբ ՌՈ վարչությունում որևէ բռնություն չի գործադրվել և եթե նման փաստ լիներ ապա բռնություն կիրառած աշխատակիցը կենթարկվեր համապատասխան պատասխանատվության:

Նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ՕՀ բաժնի պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը և ավագ սպա Աշոտ Մանուկյանը:

Համաձայն ՀՀ ՊՆ ՌՈ վարչության կարգապահական մեկուսարանից ստացված տեղեկանքների Ա. Մաթևոսյանին և Ռ. Հարությունյանին մեկուսարան ընդունելուց ինչպես նաև մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածում նրանց վրա մարմնական վնասվածքներ չեն եղել և վերջիններս առողջական վիճակից գանգատներ չեն ներկայացրել:

Այսպիսով, (...) քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ (...) ժամկետային զինծառայողներ Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում վերոհիշյալ վարչության աշխատակիցների կողմից բռնություն չի գործադրվել, ուստի բացակայում է հանցագործության դեպքը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 156-158):

10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, իր` 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով փաստել է. «(...) Ամբաստանյալների հայտարարությունը այն մասին, որ ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում վարչության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել, ստուգվել և հերքվել է այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերով, համաձայն որոնց ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում վարչության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստը չի հիմնավորվել և այդ առթիվ քրեական գործ չի հարուցվել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 571-572):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

11. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը փաստել է, որ դատական ակտի վերանայման հիմք է Եվրոպական դատարանի` Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը, համաձայն որի` տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտում:

Բողոքաբերը գտել է, որ սույն գործով նախաքննության և դատաքննության ընթացքում խախտվել են Ա. Մաթևոսյանի իրավունքները, վերջինիս նկատմամբ ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են ծեծ ու խոշտանգում, և նա չի կարողացել իրավական պաշտպանություն ստանալ ՀՀ դատարաններում, ուստի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնավորապես, Դատարանի վճռով հաստատվել է, որ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, համաձայն որի` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է հարուցել վերանայման վարույթ, մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով կարճել քրեական գործի վարույթը և Ա. Մաթևոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտման արձանագրման փաստն արդյո՞ք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումներն Ալիկ Մաթևոսյանի մասով վերանայելու հիմք է:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

(...)

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «Այդ նորմի բովանդակությունից հետևում է, որ վճռաբեկ բողոքարկման միջոցով դատական պաշտպանությունը գործադրելի է այն դեպքում, երբ խախտվել կամ կարող են խախտվել անձի (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը: Հետևաբար անձը վճռաբեկության կարգով կարող է բողոքարկել դատական ակտը միայն իրեն (ներկայացվողին) վերաբերելի մասով և պայմանով, որ այդ ակտով խախտվել են կամ կարող են խախտվել նրա (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը» (տե՛ս «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0867/07/14 որոշման 15-րդ կետը):

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի (մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ) համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(...)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանքը հաստատված է համարվում (...) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրա ուժի մեջ մտնելու պահից:

(...)»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09 որոշումները):

16. Այսպես` Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատու Ա. Մաթևոսյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտում:

16.1. Մասնավորապես` Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(...) Երբ անհատը վիճարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանության կամ նմանատիպ այլ պետական մարմինների կողմից ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք` խախտելով 3-րդ հոդվածը, ապա նշված դրույթից, որն անհրաժեշտ է դիտարկել Պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հիմնական պարտականության («իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայով (...)») հետ համակցության մեջ, ինքնաբերաբար ենթադրելի է, որ պահանջվում է արդյունավետ պաշտոնական հետաքննության իրականացում (...):

(...) Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե որևէ արդյունքի հասնելու, այլ միջոցներ ձեռնարկելու պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգեցնի այնպիսի եզրակացության, որը համընկնում է պահանջ ներկայացրած անձի` դեպքերի մասին տված ցուցմունքներին. այնուամենայնիվ, դրա միջոցով սկզբունքորեն պետք է հնարավոր լինի պարզել գործի փաստերը և, այն դեպքում, երբ պարզվում է, որ պնդումները ճիշտ էին, ապա նաև բացահայտել և, հիմնավորված լինելու դեպքում, պատժել պատասխանատու անձանց: ՈՒստի, վատ վերաբերմունքի մասին լուրջ պնդումների քննությունը պետք է մանրակրկիտ լինի: Դա նշանակում է, որ ցանկացած դեպքում իշխանությունները պետք է ձգտեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունները չպետք է հիմք ընդունվեն իրենց քննությունն ավարտելու համար կամ դրվեն իրենց որոշումների հիմքում: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցները, այդ թվում` ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական և այլ ապացույցներ ապահովելու համար: Քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առջև (...):

(...) Որպեսզի պետական մարմինների կողմից ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի գործով քննությունը արդյունավետ լինի, այն պետք է լինի անկախ: Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական իմաստով անկախություն (...)» (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 72-74-րդ կետերը):

16.2. Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(...) 2006 թվականի հունիսի 21-ին, inter alia, Գլխավոր դատախազություն դիմումատուի կողմից ներկայացված բողոքի արդյունքում իշխանություններին տեղեկացրել են նրա նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին (...): Այդ բողոքը եղել է բավականաչափ մանրամասն, պարունակել է հստակ ամսաթվեր, վայրեր և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անունները: Դատարանի կարծիքով այն, հետևաբար, կարող է համարվել «վիճարկելի պնդում»: Ճիշտ է, որ դիմումատուի բողոքը ներկայացվել է ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո մեկ ամիս ուշացումով: Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում, որ այդ ուշացումն այնքան երկար էր, որ բողոքը ipso facto (այդ փաստի ուժով) համարվեր անհիմն կամ չունենար հաջողության հասնելու հեռանկար: Ավելին, բժշկական տեղեկանքների բացակայությունը չի փոխում այս եզրահանգումը: ՈՒստի, իշխանությունները դիմումատուի պնդումների մասով արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորություն են ունեցել:

(...) Դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումները քննվել են Զինվորական դատախազության կողմից, որի եզրահանգումները հետագայում հաստատվել են ներպետական դատարանների կողմից (...): Հետևաբար, սույն գործով հարցը ոչ այնքան այն է, թե արդյոք ընդհանրապես անցկացվել է որևէ տիպի քննություն, այլ այն, թե արդյոք այն անցկացվել է պատշաճորեն, արդյոք իշխանությունները տրամադրված են եղել լիովին ուսումնասիրել դիմումատուի պնդումները և, համապատասխանաբար, արդյոք քննությունը կարող էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով համարվել «արդյունավետ» (...) (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 75-76-րդ կետերը):

16.3. Անդրադառնալով դիմումատուների նկատմամբ իրականացված քննության արդյունավետությանը` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(...) 2006 թվականի հունիսի 21-ին, inter alia, Գլխավոր դատախազություն նրա կողմից ներկայացված բողոքն ուղարկվել է Զինվորական դատախազություն, որն էլ հենց զբաղվում էր նրա դեմ հարուցված քրեական գործի քննությամբ: Ավելին, նրա բողոքն ուղարկվել է նույն քրեական գործի քննության համար պատասխանատու քննիչ Ա.Կ.-ին, որն էլ ի վերջո որոշել է ռազմական ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնել: Դատարանը նկատում է, որ կազմակերպական ենթակայության տեսանկյունից Ռազմական ոստիկանությունն առանձին մարմին է, որը ենթակա է Պաշտպանության նախարարությանը, այլ ոչ թե Զինվորական դատախազությանը, որը մտնում է հետապնդում իրականացնող մարմինների կազմի մեջ: Սակայն հաշվի առնելով այն, որ քննիչ Ա.Կ.-ն կոչված էր քննելու ռազմական ոստիկանության այն աշխատակիցների գործողությունները, որոնք ներգրավված էին եղել իրեն հանձնարարված քրեական գործի նախնական քննության մեջ, և որ դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների քննության արդյունքը պարտադիր հետևանքներ կունենար այդ գործով ապացույցների ընդունելիության վրա, Դատարանը չի կարող այդպիսի քննությունը համարել անկախության պահանջը բավարարող: Ուշագրավ է այն, որ քննիչ Ա.Կ.-ի որոշումը, որով մերժվում էր քրեական գործի հարուցումը, պարունակում էր ընդհանրացված եզրակացություններ, որոնք զուրկ էին որևէ պատճառաբանությունից: Եվ որ ամենակարևորն է, որևէ բացատրություն չի տրվել այն մասին, թե ինչու են ռազմական ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները համարվել ավելի վստահելի, քան դեպքերի մասին դիմումատուի տված ցուցմունքները (...): Դա ցույց է տալիս, որ քննություն իրականացնող մարմինն առանց որևէ հիմնավորման նախապատվությունը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից տրամադրված ապացույցներին (...):

(...) Իշխանությունները դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների մասին տեղեկացել են 2006 թվականի հունիսի 21-ին: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումից երևում է, որ Ա.Կ.-ի կողմից ձեռնարկված միակ քննչական միջոցառումը եղել է դիմումատուի բողոքն ստանալուց երեք ամիս հետո ռազմական ոստիկանության այն աշխատակիցներին հարցաքննելը, որոնք ենթադրաբար վատ են վերաբերվել նրան: Մասնավորապես, համապատասխան արձանագրությունների համաձայն` Մ.Ղ.-ն, Ա.Մար.-ը և Ա.Մ.-ն հարցաքննվել են 2006 թվականի սեպտեմբերի 21-ին (...): Հարցաքննությանը նախորդող երեք ամիսների ընթացքում կամ դրանից հետո այլ միջոցառումներ չեն ձեռնարկվել, մինչդեռ Ա.Կ.-ն նշված աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին իր որոշումն արդեն իսկ կայացրել է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին` հիմնվելով զուտ նրանց ցուցմունքների և կարգապահական մեկուսարանի պետի գրության վրա (...): Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ իշխանությունները դիմումատուի բողոքին չեն արձագանքել արագ և պատշաճ կերպով:

(...) Հետապնդում իրականացնող մարմինն ունեցել է դիմումատուին, ոստիկանության աշխատակիցներին և վկաներին հարցաքննելու, բժշկական զննություն նշանակելու և այլ ապացույցներ ձեռք բերելու լիազորություն: Փոխարենը զինվորական դատախազության քննիչը պարզապես հարցաքննել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և իր եզրակացությունների համար հիմք է ընդունել նրանց ցուցմունքները` ժխտելով դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքը: Դատարանը նկատում է, որ քննիչը չի հարցաքննել դիմումատուին, առավել ևս չի փորձել նշված աշխատակիցների հետ առերեսում իրականացնելու միջոցով պարզել դեպքերի մասին նրանց հակասող պնդումները:

Բացի այդ, քննություն իրականացնող մարմինը դիմումատուի բողոքն ստանալուց անմիջապես հետո չի նշանակել բժշկական զննություն, որը հնարավոր է, որ հանգեցրել է կարևոր նշանակություն ունեցող ապացույցների կորստի: Փոխարենը, քննիչը հիմնվել է ռազմական ոստիկանության շտաբի մեկուսարանի պետի գրության վրա, որի մեջ նշվում էր, որ դիմումատուի վրա մարմնական վնասվածքների նշաններ չեն եղել: Դատարանն, այնուամենայնիվ, նկատում է, որ գրությունը չի հիմնավորվել որևէ բժշկական փաստաթղթով, ինչպես նաև դրանից չէր կարելի ենթադրել, որ դիմումատուն բժշկական զննություն է անցել: Դատարանը նաև նկատում է, որ դիմումատուն բժշկական զննության է ենթարկվել ենթադրյալ վատ վերաբերմունքից միայն մեկ տարի անց` Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո: ՈՒշ անցկացվելու և բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով բժշկական զննությունը չի հանգեցրել որևէ օգտակար եզրակացության (...) (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 77-80-րդ կետերը):

16.4. Վերոգրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները չեն իրականացրել Ա. Մաթևոսյանի` վատ վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն: Հետևաբար, ըստ Դատարանի, դիմումատու Ա. Մաթևոսյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 81-82-րդ կետերը):

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հաշվի առնելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումները Ա. Մաթևոսյանի մասով վերանայելու հիմք է:

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյո՞ք վիճարկվող դատական ակտերը Ա. Մաթևոսյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է:

19. Վճռաբեկ դատարանը կրկնում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում պետությունները Կոնվենցիայի 1-ին հոդվածով ստանձնած իրենց պարտավորությունների շրջանակներում պարտավորվում են իրականացնել արդյունավետ քննություն: Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ», պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի փաստերի հաստատմանը և, հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տե՛ս, mutatis mutandis, Jeronovi?s v. Latvia գործով Եվրոպական դատարանի ՄՊ` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103): Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ 3-րդ հոդվածի խախտումը չի կարող շտկվել սոսկ խախտման զոհին փոխհատուցում տրամադրելու միջոցով: Եթե իշխանությունները վատ վերաբերմունքի համար պետական գործակալներին չպատժեն, այլ բավարարվեն միայն տուժածին փոխհատուցում տրամադրելով, ապա վերջիններս հնարավորություն կստանան անպատիժ մնալու և ոտնահարելու իրենց հսկողության տակ գտնվող անձանց իրավունքները: Նման պարագայում խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, գործնականում արդյունավետ չի գործի (տե՛ս, mutatis mutandis, Jeronovi?s v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, Gafgen v. Germany գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 22978/05, Krastanov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի` 2004 թվականի սեպտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 50222/99) (տե՛ս Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15 որոշման 16.1-րդ կետը):

20. Հաշվի առնելով Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 16.1.-16.4.-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտման բնույթը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հիմք ընդունելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը Ա. Մաթևոսյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է:

21. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումները` Ալիկ Մաթևոսյանի մասով վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի ու Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումները Ա. Մաթևոսյանի մասով պետք է բեկանել և գործն այդ մասով ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

22. Անդրադառնալով Ալիկ Մաթևոսյանի խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ա. Մաթևոսյանին վերագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը և շարժառիթը, արձանագրում է, որ Ա. Մաթևոսյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումները Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի մասով վերանայել:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի մասով բեկանել ու գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.06.2018
N ՎԲ-05/12
Որոշում