Սեղմել Esc փակելու համար:
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

20 փետրվարի 2019 թվականի N 1

 

i

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Բնապահպանության նախարարին 2019 թվականի հունվարի 29-ին NԵ02-19 (մտից` 2019 թվականի հունվարի 31-ի N 3242) գրությամբ դիմել է փաստաբան Մանե Ծատուրյանը (փաստաբանական գործունեության թիվ 2329 արտոնագիր)` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի դրույթների կիրառման մասով պաշտոնական պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի` «շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլում ձեռնարկողի կողմից ներկայացվող նախնական գնահատման հայտը պետք է, ի թիվս այլ տեղեկությունների, պարունակի նաև տեղեկություններ հանրության ծանուցման, հանրային լսումների և տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության վերաբերյալ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ» դրույթը այն առումով, որ առաջանում է տարընկալում այն իրավիճակում, երբ հանրային ծանուցման և քննարկման 1-ին փուլի արդյունքներով տեղական ինքնակառավարման մարմինը չի տալիս իր նախնական համաձայնությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ: Նշված դրույթը պահանջում է լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմնի նախնական համաձայնության վերաբերյալ: Ըստ դիմումատուի` ձևակերպումից պարզ չէ, թե Օրենքը պարզապես պահանջում է տրամադրել տեղեկատվություն համաձայնության առկայության կամ բացակայության մասին, թե պարտադիր միայն առկայության մասին: Պարզաբանման ենթակա հարցը հետևյալն է. արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նախնական համաձայնության բացակայությունը խոչընդոտ է նախնական գնահատման հայտը ներկայացնելու և ՇՄԱԳ գործընթացը շարունակելու համար, թե՞ ոչ:

Համաձայն դիմումատուի` տեղական ինքնակառավարման մարմնի նախնական համաձայնության բացակայությունը խոչընդոտ չէ նախնական գնահատման հայտը լիազոր մարմնին ներկայացնելու և ՇՄԱԳ գործընթացը շարունակելու համար: Այս դիրքորոշումը դիմումատուն հիմնավորում է այն հանգամանքով, որ հակառակ մեկնաբանության պարագայում, ձեռնարկողի կողմից նախատեսվող գործունեությամբ զբաղվելու հարցը կախվածության մեջ է դրվում բացառապես տեղական ինքնակառավարման մարմնի կամքից, ինչը, օրինակ, ընդերքօգտագործման պարագայում կհանգեցնի ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասում և Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` ընդերքի նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրավունքի խախտման, այսինքն, պետությունը, որպես ընդերքի բացառիկ սեփականատեր, չի կարող այն օգտագործման տրամադրել առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության: Բացի այդ, այս պարագայում բաց է մնում այն հարցը, թե ինչպես է կարգավորվելու այն իրավիճակը, երբ նախատեսվող գործունեությունը իրականացվելու է մի քանի համայնքների վարչական տարածքներում և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների մի մասը տալիս է իր նախնական համաձայնությունը, իսկ մյուս մասը` ոչ: Դիմումատուն գտնում է, որ Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը պարզապես պարտավորեցնում է ձեռնարկողին նախնական գնահատման հայտում ներառել տեղեկատվություն` տեղական ինքնակառավարման մարմնի նախնական համաձայնության առկայության կամ բացակայության վերաբերյալ, ինչը չպետք է խոչընդոտ հանդիսանա գործընթացի հետագա շարունակման համար և դա լիազոր մարմնի համար ծառայելու է զուտ որպես գործոններից մեկը դրական կամ բացասական եզրակացության համար:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

1. Փորձաքննության նախնական փուլն իրականացվում է ձեռնարկողի կողմից նախնական գնահատման հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Ընդերքօգտագործման բնագավառի նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտը փորձաքննության է ներկայացնում ձեռնարկողը ոլորտի լիազոր մարմնի միջոցով:

3. Փորձաքննության նախնական փուլում`

1) քննարկվում է ներկայացված նախնական գնահատման հայտի լրակազմությունը.

2) կանխորոշվում են շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության շրջանակները, սահմանվում են գնահատումների հաշվետվության բովանդակությունն ու դրան վերաբերող պահանջները, որոշվում են գործընթացի մասնակիցների շրջանակները, կազմվում և ձեռնարկողին է տրամադրվում այդ ամենն ամփոփող ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքը:

4. Փորձաքննության ներկայացվող հայտը պարունակում է`

1) ձեռնարկողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը.

3) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության ենթակա տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի համառոտ նկարագիրը և իրադրության սխեման.

4) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, օգտագործվող բնառեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ).

5) շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիրը.

6) տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների և տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության վերաբերյալ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Հայտի ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հիմնադրութային փաստաթղթի դրույթի կամ նախատեսվող գործունեության իրականացման անթույլատրելիության վերաբերյալ, որը կայացվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական պահանջները.

2) հայտը ձեռնարկողին` լրակազմման վերադարձնելու վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները սխալներով կամ թերի ներկայացնելու դեպքում.

3) հիմնադրութային փաստաթուղթը կամ նախատեսվող գործունեությունը անդրսահմանային համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ.

4) հիմնադրութային փաստաթուղթը կամ Ա և Բ կատեգորիաների դեպքում` նախատեսվող գործունեությունը, տեխնիկական առաջադրանքներին համապատասխան, ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ.

5) Գ կատեգորիայի գործունեության տեսակներին` եզրակացություն տրամադրելու վերաբերյալ:

6. Տեխնիկական առաջադրանքները կազմվում են սույն օրենքի դրույթների համաձայն:

7. Հայտի լրակազմ չլինելու և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմելու: Հայտը վերադարձնելու պահից նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված` մինչև ձեռնարկողի լրակազմած հայտը լիազոր մարմին ներկայացնելու պահը:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

i

1. Համաձայն Օրենքի 3-րդ հոդվածի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերից, Օրենքից և իրավական այլ ակտերից:

i

Հետևաբար, Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով սահմանված պահանջի էությունը բացահայտելու համար, բացի Օրենքից, անհրաժեշտ է առաջնորդվել նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենսդրության բաղկացուցիչ մաս հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, մասնավորապես` «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա) դրույթներով, քանի որ դրա նպատակը, ի թիվս այլոց, հասարակայնության` շրջակա միջավայրի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացին մասնակցության ապահովումն է (հոդված 1):

Այն հանգամանքը, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում լիազոր մարմնի կողմից ընդունվելիք որոշումներին հասարակությունը, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն մասնակցություն, հետևաբար` նաև ազդեցություն, բացահայտվում է Օրհուսի կոնվենցիայի և Օրենքի հետևյալ կարգավորումներով:

i

Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում հասարակայնության մասնակցության ընթացակարգերը նրան թույլատրում են ներկայացնել գրավոր ձևով կամ, անհրաժեշտ դեպքերում, հայտը ներկայացնողի մասնակցությամբ տեղի ունեցող հասարակական լսումների կամ հարցի քննարկման ժամանակ ցանկացած դիտողություններ, տեղեկություն, վերլուծություններ կամ կարծիքներ, որոնք նրա կարծիքով առնչվում են նախատեսվող գործունեությանը:

i

6-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ համապատասխան որոշման մեջ պատշաճ ձևով արտացոլված լինեն հասարակության մասնակցության արդյունքները:

Այսինքն, Օրհուսի կոնվենցիան և Օրենքը սահմանում են հասարակության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում ոչ թե միայն իրազեկված լինելու և դրական կամ բացասական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը, այլ որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և մասնակցության արդյունքները համապատասխան որոշման մեջ պատշաճ ձևով արտացոլելու իրավունքը:

i

Ընդ որում` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում լիազոր մարմնի որոշումների ընդունմանը հասարակության մասնակցությունը սկսվում է գործընթացի ամենավաղ փուլից: Այս սկզբունքը սահմանված է Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 4-րդ մասում, համաձայն որի` յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակության մասնակցությունը ամենավաղ փուլում, երբ բաց են բոլոր հնարավորությունները զանազան տարբերակների դիտարկման համար, և երբ կարելի է ապահովել հասարակության արդյունավետ մասնակցությունը:

i

Տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնությունն անհրաժեշտ է դիտարկել որպես որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության գործընթացի մաս, քանի որ համաձայն Օրհուսի կոնվենցիայի` «Հասարակություն» նշանակում է մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ և նրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը` համաձայն ազգային օրենսդրությանը կամ պրակտիկայի: Համաձայն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի` հանրությունը` մեկ կամ մեկից ավել ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, համաձայն նույն մասի 20-րդ կետի` ազդակիր համայնքը շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա համայնքի (համայնքների) բնակչությունն է` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, համաձայն նույն մասի 21-րդ կետի` շահագրգիռ հանրությունը փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթի ընդունման և (կամ) նախատեսվող գործունեության իրականացման առնչությամբ հետաքրքրություն ցուցաբերող իրավաբանական և ֆիզիկական անձինք են, համաձայն նույն մասի 22-րդ կետի` գործընթացի մասնակիցները պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններն են, ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ներառյալ` ազդակիր համայնքը, շահագրգիռ հանրությունը, որոնք, օրենքի համաձայն, մասնակցում են գնահատումների և (կամ) փորձաքննության գործընթացին:

i

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, իսկ համաձայն նույն օրենքի 6-րդ հոդվածի` համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, վերջինս նաև համայնքի գործադիր մարմինն է:

Օրենսդիրը, գործընթացի ամենավաղ փուլում` հայտի ներկայացման ժամանակ հայտում տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության պահանջ սահմանելիս հաշվի է առել հենց վերը նշված սկզբունքներն ու իրավունքները` կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը որոշումների ընդունման գործընթացում:

2. Համաձայն դիմումատուի` տեղական ինքնակառավարման մարմնի նախնական համաձայնության բացակայությունը խոչընդոտ չէ նախնական գնահատման հայտը լիազոր մարմնին ներկայացնելու և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը շարունակելու համար: Այս դիրքորոշումը դիմումատուն հիմնավորում է այն հանգամանքով, որ հակառակ մեկնաբանության պարագայում, ձեռնարկողի կողմից նախատեսվող գործունեությամբ զբաղվելու հարցը կախվածության մեջ է դրվում բացառապես տեղական ինքնակառավարման մարմնի կամքից:

i

Վերը նշվածի հետ կապված անհրաժեշտ է փաստել, որ ձեռնարկողի կողմից նախատեսվող գործունեությամբ զբաղվելու հարցը չի կարող կախվածության մեջ դրվել բացառապես տեղական ինքնակառավարման մարմնի կամքից, քանի որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածի` տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: Հետևաբար, տեղական ինքնակառավարման մարմինները համայնքային նշանակության հանրային կոնկրետ հարցը լուծելու ժամանակ դրա հիմքում պարտավոր են դնել ոչ թե իրենց կամքը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի պահանջները և համայնքի բնակիչների շահերը:

3. Համաձայն դիմումատուի` բաց է մնում այն հարցը, թե ինչպես է կարգավորվելու այն իրավիճակը, երբ ազդակիր են մի քանի համայնքներ և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների մի մասը տալիս է իր նախնական համաձայնությունը, իսկ մյուս մասը` ոչ:

Այն դեպքերում, երբ նախատեսվող գործունեությունն իրականացվելու է մի քանի համայնքների վարչական տարածքներում և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների մի մասը տալիս է իր նախնական համաձայնությունը, իսկ մյուս մասը` ոչ, ապա հայտը պետք է վերադարձվի ձեռնարկողին` լրակազմման, քանի որ հակառակ պարագայում կխախտվի նախնական համաձայնություն չտված տեղական ինքնակառավարման մարմինների` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում որոշումների ընդունման գործընթացին նրանց մասնակցության և մասնակցության արդյունքները համապատասխան որոշման մեջ պատշաճ ձևով արտացոլելու իրավունքը:

i

4. Օրենքի դրույթների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված` ընդերքի նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրավունքի խախտման դիրքորոշմանն անդրադարձ չի կատարվում, քանի որ այն բնապահպանության նախարարության իրավասությունների շրջանակից դուրս է:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն փորձաքննության նախնական փուլը սկսվում է ներկայացված նախնական գնահատման հայտի լրակազմության քննարկումից և փորձաքննության ներկայացվող հայտում Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանցից մեկի նախնական համաձայնության վերաբերյալ տեղեկատվության բացակայության կամ փորձաքննության ներկայացվող հայտում տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանցից մեկի նախնական անհամաձայնության վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում հայտը Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով վերադարձվում է ձեռնարկողին` լրակազմման:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
20.02.2019
N 1
Պաշտոնական պարզաբանում