ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2019 թվականի N 186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) I բաժնի երկրորդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող».
2) IV բաժնի չորրորդ պարբերության`
i
ա. 2-րդ կետում «3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ և 3.1-ին կետերով» բառերով,
բ. 3-րդ կետը «կանխավճարը» բառից հետո լրացնել «երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում» բառերով,
գ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող` ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը: Ֆինանսական կազմակերպություններն ազատ են որպես գրավ ընդունելու կամ չընդունելու, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվող այլ բնակելի անշարժ գույք, կամ`»,
դ. 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն` երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում` այդ բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70 տոկոսի:»,
ե. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 7.5 տոկոսը, եթե`
ա. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող` ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը: Ֆինանսական կազմակերպություններն ազատ են որպես գրավ ընդունելու կամ չընդունելու, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվող այլ բնակելի անշարժ գույք, կամ`
բ. վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող` ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, տրամադրվում է նաև երաշխավորություն` վարկ ստանալու մասին դիմումը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-300-րդ տեղերն զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից: Ընդ որում, ֆինանսական կազմակերպություններն ազատ են ընդունելու կամ չընդունելու երաշխավորող իրավաբանական անձանց երաշխավորությունները, կամ`
գ. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն` առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի դեպքում` այդ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 7.5 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 80 տոկոսի:»:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 14
ք. Երևան