Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՏԵՂԵԿԱՏՎ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մարտի 2019թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի,

Համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված` «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կառավարության` 2019 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին` տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. ապահովել ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության համակարգի հետագա զարգացումը` Կողմերի միջպետական համագործակցության և միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդման հիման վրա, ինչպես նաև` տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տարածքում տեղեկատվական անվտանգության ամրապնդմանն ու անօրինական գործունեության հակազդմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացումը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը, համաձայնեցված դիրքորոշման մշակումը միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով և միջազգային մակարդակում դրանք առաջ տանելը, ՄԱԿ-ի հովանու ներքո տեղեկատվական տարածքում պետությունների պատասխանատու վարքագծի նորմերի ու սկզբունքների, համընդհանուր կանոնների մշակմանն ու շուտափույթ ընդունմանն աջակցությունը և փոխադարձ օգնությունը` Կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացման նպատակով (Հոդված 1),

. տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Կողմերի հետ իրականացնել փոխգործակցություն` համագործակցության իրավական հիմքերի մշակման և առաջխաղացման, միջազգային իրավական բազայի կատարելագործմանն աջակցման գործում, իրականացնել համագործակցություն տեղեկատվական անվտանգության սպառնալիքի դեմ համատեղ արձագանքման գործնական մեխանիզմների ձևավորման, տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի կատարելագործման և տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում վստահության միջոցների ամրապնդման հիմնական ուղղություններով, ինչպես նաև Համաձայնագրի իրականացման նպատակով ստեղծել պայմաններ Կողմերի իրավասու մարմինների փոխգործակցության համար (Հոդված 4),

. տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Կողմերի հետ գործադրել միասնական ջանքեր` համագործակցության իրավական հիմքերի ձևավորման և միջազգային իրավական բազայի կատարելագործման համար` իրականացնելով Համաձայնագրի 5-րդ հոդվածում սահմանված գործողությունները (Հոդված 5),

. աջակցել տեղեկատվական անվտանգությանը սպառնացող վտանգներին համատեղ արձագանքման գործնական մեխանիզմների ձևավորմանը` իրականացնելով Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված գործողությունները (Հոդված 6),

. զարգացնելով տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումները` ապահովել տեղեկատվության փոխանակումը և փոխադարձ ազդարարումը տեղեկատվական անվտանգության սպառնալիքների և դրանց աղբյուրների, համակարգչային միջադեպերի, արձագանքման իրականացվող միջոցառումների, այդ թվում` հետևանքների վերացման մասին, ՀՀ օրենսդրության համաձայն` տրամադրել հայցվող տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Համաձայնագրի գործողության ոլորտում ոչ իրավաչափ գործողությունների քննության համար, իրականացնել փորձի փոխանակում ոչ իրավաչափ գործողությունների կանխման, իրավական քննության, հետևանքների վերացման գործում` տեղեկատվական անվտանգության սպառնալիքների հակազդման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, նպաստել տեղեկատվության փոխանակմանը` նշանների, փաստերի, մեթոդների և միջոցների ընդհանուր օգտագործման կապերի ցանցերի ահաբեկչական և այլ անօրինական նպատակներով շահագործման վերաբերյալ, ՀՀ օրենսդրության համաձայն` տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում իրականացնել գիտահետազոտական աշխատանքների արդյունքների, տեղեկատվական-վերլուծական և տեղեկատու նյութերի, նորմատիվ իրավական ակտերի փոխանակում, ինչպես նաև խթանել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում գիտատեխնիկական մշակումները (Հոդված 7),

. ձեռնարկել Կողմերի հետ համաձայնեցված միջոցառումներ` ուղղված տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի կատարելագործմանը, աջակցել տեղեկատվական անվտանգությունն ապահովող` համատեղ, ինչպես նաև համատեղելի համակարգերի ձևավորմանը, նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման նկատմամբ տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը, ինչպես նաև աջակցել Կողմերին տեղեկատվական անվտանգության և արդիականացման ծրագրային և տեխնիկական միջոցներով ապահովման հարցերում (Հոդված 8),

. ապահովել Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում փոխանցվող կամ ստեղծվող տեղեկատվության պաշտպանությունը, որի մատչելիությունը և տարածումը սահմանափակված են ՀՀ օրենսդրության համաձայն և ստացված տեղեկատվությունը չբացահայտել, չփոխանցել երրորդ կողմի` առանց այդ տեղեկատվության աղբյուր հանդիսացող փոխանցող Կողմի գրավոր թույլտվության (Հոդված 10, մասեր 1 և 3),

. ինքնուրույն հոգալ Համաձայնագրի կատարմանն ուղղված համապատասխան միջոցառումներին ՀՀ ներկայացուցիչների և փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը (Հոդված 15, մաս 1):

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով,

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված` «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 մարտի 2019 թվականի

ՍԴՈ-1450

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 21 մարտի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.03.2019
N ՍԴՈ-1450
Որոշում