Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՐԴ/3937/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3937/02/17   2018 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ն. Տավարացյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2018 թվականի սեպտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Հակոբ Հովհաննիսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս` ՀՀ կառավարության, «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Անահիտ Պետրոսյանի` պատճառված բարոյական վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2017 թվականի որոշման դեմ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Անի Չատինյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հակոբ Հովհաննիսյանը պահանջել է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և Անահիտ Պետրոսյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված բարոյական վնասի հատուցում:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 16.10.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2017 թվականի որոշմամբ Հակոբ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.10.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 62-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետն արտոնություն է սահմանում նաև բարոյական վնասի հատուցման պահանջով հայցադիմումների նկատմամբ, որոնց հիմքը հանցագործությամբ պատճառված վնասն է: Ընդ որում, բարոյական վնասը ևս պետք է հասկանալ «վնաս» եզրույթի ներքո, քանի որ օրենսդիրը «վնաս» եզրույթի տակ դիտարկել է նաև բարոյական վնասը: Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 45-րդ կետում օրենսդիրը սահմանել է «վնաս» հասկացությունը, ըստ որի վնաս է դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը, իսկ նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի մեկնաբանման արդյունքում վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանցագործությամբ պատճառված բարոյական վնասի հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու իրավական խնդրին:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված` «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր» վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի «Ա» բաժնի 2-րդ կետում բացահայտված է «տուժող»-ի, որպես հանցագործության զոհի, հասկացության միջազգային իրավական բովանդակությունը, համաձայն որի` հանցագործության զոհ է (են) համարվում այն անձը (անձինք), ում (որոնց) հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս, ներառյալ մարմնական կամ բարոյական վնասը, հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները, որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես պետական տուրքի վճարման արտոնություն, այն է` պետական տուրքի վճարումից ազատելու նախապայման, ի թիվս այլնի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով առանձնացրել է նաև այն հայցվորներին, որոնց հանցագործությամբ վնաս է պատճառվել: Ընդ որում, վերը նշված հիմքով պետական տուրքի վճարումից ենթակա են ազատման ինչպես քաղաքացիական դատավարության կարգով, այնպես էլ քրեական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացրած անձինք, եթե հանցագործության հետևանքով կրել են վնասներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված արտոնությունների սահմանումն օրենսդրի կողմից պայմանավորված է այն ընդհանուր օրինաչափությամբ, համաձայն որի` հատկապես հաշվի են առնվում նման արտոնություն տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են, ի թիվս այլնի, հանցագործության հետևանքով վնաս կրած անձանց փոխհատուցում ստանալու իրավունքը: Այսինքն` օրենսդիրը կարևորել է հանցագործություններից տուժողների գույքային իրավունքների պաշտպանությունը, այդ իրավունքի լիարժեք իրականացումը պայմանավորելով անձի սահմանադրորեն և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման հետ, ինչն իր հերթին պահանջում է բավարար դատավարական երաշխիքներ:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, «Կոնվերս Բանկ»» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն` տուժողը, նույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված է օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները, որի 45-րդ կետի համաձայն` «վնաս» նշանակում է դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ինչպես տուժողը, այնպես էլ տուժողի իրավահաջորդն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում: Ընդ որում, օրենսդիրը չի որոշակիացրել, թե ինչ վնասի դեպքում է հնարավոր ստանալ վնասի փոխհատուցում, այսինքն` փոխհատուցման ենթակա է ինչպես նյութական, այնպես էլ բարոյական և գույքային վնասը:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ սահմանադրության մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը վկայում է այն մասին, որ բարոյական վնասը և բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրված սահմանադրաիրավական մոտեցումներից: Բացի այդ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում անձին պատճառված բարոյական վնասի նյութական փոխհատուցման ոչ ներդաշնակ կանոնակարգումները խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխիղճ իրականացմանը: Սահմանադրական դատարանը գտել է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման իրավունքը բխում է ՀՀ սահմանադրության և ՀՀ մի շարք օրենսդրական ակտերի դրույթների բովանդակությունից և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես` Կոնվենցիայի (կից արձանագրություններով) դրույթներից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից:

ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների վերլուծությունից բխում է, որ բարոյական վնասի հատուցումը կարող է իրականացվել երկու ռեժիմով` ոչ նյութական բնույթի գործողություններով և նյութական հատուցմամբ: Ընդ որում, երբ անձը պահանջում է բարոյական վնասի նյութական հատուցում, ապա առկա չէ որևէ հիմք պահանջվող նյութական վնասի հատուցումը իրականացնելու այլ իրավական եղանակով, քան գույքային վնասի հատուցումը, քանի որ երկու դեպքում էլ հատուցումը ենթակա է իրականացման նյութական արտահայտությամբ: Հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի «հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման հայցերով» արտահայտությունը պետք է ենթարկել տարածական մեկնաբանության, ըստ որի` հայցվորները պետական տուրքի վճարումից ազատվում են նաև այն դեպքերում, երբ հայց (բողոք) են ներկայացնում բարոյական վնասի նյութական հատուցման վերաբերյալ:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությամբ պատճառված բարոյական վնասի նյութական հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու հարցը նույնպես անհրաժեշտ է գնահատել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի լույսի ներքո:

Սույն գործի փաստերի համաձայն` Հակոբ Հովհաննիսյանը «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և Անահիտ Պետրոսյանից պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի հատուցում` հայցի հիմքում դնելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի դատավճիռը, ըստ որի` Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել թիվ 48111415 քրեական գործով առաջադրված մեղադրանքում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և թիվ 48122515 քրեական գործով առաջադրված մեղադրանքում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Հայցադիմումին կից ներկայացվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի դատավճիռը (հատոր 1-ին, գ.թ. 4-7, 9-32):

Դատարանը 16.10.2017 թվականին Հակոբ Հովհաննիսյանի հայցադիմումը վերադարձրել է` պատճառաբանելով, որ հայցվորը չի վճարել պետական տուրքը, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը պետական տուրքի գծով արտոնություն սահմանում է միայն այն հայցվորների համար, որոնք ներկայացրել են հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջ (հատոր 1-ին, գ.թ. 41):

Հակոբ Հովհաննիսյանը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ ներկայացվել է հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ, ուստի օրենքի ուժով հայցվորներն ազատված են պետական տուրքի վճարումից (հատոր 2-րդ, գ.թ. 7-9):

Վերաքննիչ դատարանը 18.12.2017 թվականի որոշմամբ մերժել է Հակոբ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ «օրենսդիրը հայցվորներին պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնությունից օգտվելու հնարավորություն է ընձեռել միայն այն դեպքում, երբ վերջիններս ներկայացրել են հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջ: Մինչդեռ հայցվորը ներկայացրել է բարոյական վնասի (ոչ նյութական վնաս) հատուցման պահանջ» (հատոր 2-րդ, գ.թ. 64-66):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով ներկայացվել է հայցադիմում, որով Հակոբ Հովհաննիսյանը պահանջել է ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից ազատելը հանդիսանում է երաշխիք տուժողի` քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի իրացման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ օրենսդիրը իրավունք է վերապահել տուժողին կամ նրա իրավահաջորդին օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի (նյութական և ոչ նյութական վնաս) փոխհատուցում, ապա նշված իրավունքի իրացման համար անհրաժեշտ է տրամադրել նաև երաշխիք, այսինքն` անհրաժեշտ է, որ հայցվորները դատարան դիմելիս ազատվեն հանցագործության հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից, այսպիսով` անհրաժեշտ է տրամադրել իրավական երաշխիքներ` տվյալ դեպքում պետական տուրքի վճարումից ազատելու եղանակով, քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի իրացման համար:

Վերոգրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորներին պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնությունից օգտվելու հնարավորություն է ընձեռված միայն այն դեպքում, երբ վերջիններս ներկայացրել են հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.09.2018
N ԱՐԴ/3937/02/17
Որոշում