Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 219-ՐԴ ՀՈԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԳԴ/0199/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0199/02/16    2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Մկրտչյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հուլիսի 06-ին

 

գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.09.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Վաչագան Մերթարչյանի, Հայկուհի Բրսիկյանի և Բավական Խանձրածյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վաչագան Մերթարչյանից, Հայկուհի Բրսիկյանից և Բավական Խանձրածյանից համապարտության կարգով բռնագանձել 2.747.946 ՀՀ դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թամրազյան) (այսուհետ` Դատարան) 14.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.09.2017 թվականի որոշմամբ Վաչագան Մերթարչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 14.04.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության (դատավոր Կ. Հակոբյանը գրավոր շարադրել է հատուկ կարծիք):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 219-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննության վարույթում ներկայացված` ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Թ. Չանդոյանի 10.05.2017 թվականի «Տուժող ճանաչելու մասին» որոշումը չէր կարող ընդունվել որպես նոր ապացույց, քանի որ այն առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում օբյեկտիվորեն առկա չի եղել, այսինքն` ստեղծվել է Դատարանի վճիռը կայացվելուց հետո:

Ինչ վերաբերում է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանի 08.06.2016 թվականի «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» որոշմանը, ապա այն դատական ակտը բեկանելու հիմք չէր կարող լինել, քանի որ գործի լուծման համար էական նշանակություն չունի, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.09.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.04.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Վաչագան Մերթարչյանի միջև 23.04.2014 թվականին կնքվել է թիվ 140803836 լոմբարդային վարկի պայմանագիրը, որի համաձայն` Բանկը Վաչագան Մերթարչյանին տրամադրել է վարկ` 9.800.000 ՀՀ դրամի չափով, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել վարկի գումարը և տոկոսներ վճարել դրանից (հատոր 1-ին, գ.թ. 5).

2) Բանկի և Հայկուհի Բրսիկյանի և Բավական Խանձրածյանի միջև 23.04.2014 թվականին կնքվել է թիվ 140803836/01 երաշխավորության պայմանագիրը, որի համաձայն` Հայկուհի Բրսիկյանը և Բավական Խանձրածյանը պարտավորվել են Բանկի առջև կրել համապարտ պատասխանատվություն թիվ 140803836 վարկային պայմանագրով Վաչագան Մերթարչյանի ստանձնած պարտավորությունների կատարումը լրիվ ծավալով ապահովելու համար (հատոր 1-ին, գ.թ. 4).

3) ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանը, Նելլա Ամիրյանի, Ռաֆիկ Սեդրակյանի և Մարզպետուն Հովհաննիսյանի հաղորդումների հիման վրա քննարկելով նախապատրաստված նյութերը, 08.06.2016 թվականին որոշում է կայացրել «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» (հատոր 2-րդ, գ.թ. 32).

4) սույն գործով վճիռը Դատարանը կայացրել է 14.04.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 55-57).

5) 25.04.2017 թվականին Վաչագան Սուրենի Մերթարչյանը հաղորդում է տվել ոստիկանության բաժին` վստահությունը չարաշահելով և խաբեությամբ իրեն պատճառված գույքային վնասի առթիվ, ու թիվ 62215516 քրեական գործով ճանաչվել է տուժող (հատոր 2-րդ, գ.թ. 28):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույց ընդունելու նախադրյալներին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքն անձի դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրն է, որով արդարադատության նպատակների գործնականում իրականացումը դառնում է ավելի համապարփակ և արդյունավետ: Այդուհանդերձ, օրենսդիրը վերաքննիչ վարույթի նկատմամբ սահմանել է որոշ սահմանափակումներ, որոնք բխում են տվյալ վարույթի առանձնահատկություններից և բնույթից: Այդպիսի սահմանափակում առկա է նաև նոր ապացույցներ ներկայացնելու և դրանք ընդունելու հարցում:

Այսպես` Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցներ ընդունելու նախադրյալներին` արձանագրելով, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ նոր ապացույց ընդունելու, բացառությամբ այն դեպքի, երբ կողմերի կողմից ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել նրանց կամքից անկախ հանգամանքներով: Ընդ որում, ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում նոր ապացույցը պետք է օբյեկտիվորեն առկա լինի, սակայն կողմերի կամքից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացվի: Եթե ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու համար արգելքներ չեն եղել, ապա այն վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել և վճռի բեկանման հիմքում դրվել չի կարող: Կողմերի կամքից անկախ ապացույցը չներկայացնելը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, որի արդյունքում կողմը չի կարողացել ձեռք բերել և ներկայացնել այն առաջին ատյանի դատարանում կամ դատարանի այնպիսի գործողություններով, որոնցով վերջինս անհիմն մերժել է ապացույցի կցումը գործի նյութերին կամ այն ձեռք բերելու վերաբերյալ կողմի միջնորդությունը, կամ դատավարական իրավունքների խախտման պայմաններում կողմը հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնելու այդ ապացույցը (տե՛ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Պապյանի թիվ ՀՔԴ3/0049/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Համբարձում Բեգլարյանի ու Արմեն Գրիգորյանի թիվ ԳԴ4/0092/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Վաչագան Մերթարչյանի միջև 23.04.2014 թվականին կնքված թիվ 140803836 լոմբարդային վարկի պայմանագրի համաձայն` Բանկը Վաչագան Մերթարչյանին տրամադրել է վարկ` 9.800.000 ՀՀ դրամի չափով, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել վարկի գումարը և տոկոսներ վճարել դրանից: Վարկային պայմանագրի կատարումն ապահովվել է Հայկուհի Բրսիկյանի և Բավական Խանձրածյանի երաշխավորությամբ: Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վաչագան Մերթարչյանից, Հայկուհի Բրսիկյանից և Բավական Խանձրածյանից համապարտության կարգով բռնագանձել 2.747.946 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար: Դատարանի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Վաչագան Մերթարչյանը` դրան կից որպես նոր ապացույցներ ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանի 08.06.2016 թվականի «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Թ. Չանդոյանի 10.05.2017 թվականի «Տուժող ճանաչելու մասին» որոշումները:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «բողոքաբերը զրկված է եղել վերը նշված ապացույցները դատավարության ընթացքում ձեռք բերելու ինչպես` իրավական, այնպես էլ` ժամանակային հնարավորությունից», Դատարանի 14.04.2017 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության` հիմնավորված համարելով բողոքաբերի կամքից անկախ հանգամանքներում ապացույցները ներկայացված չլինելու հանգամանքը: Միաժամանակ անդրադառնալով ապացույցների էական նշանակություն ունենալու հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դրանք էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Վերաքննիչ դատարան ներկայացված ապացույցները` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանի 08.06.2016 թվականի «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Թ. Չանդոյանի 10.05.2017 թվականի «Տուժող ճանաչելու մասին» որոշումները, Դատարան ներկայացված չեն եղել: Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանի կողմից նշված նոր ապացույցներն ընդունելու հարցը դիտարկելով Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորումների լույսի ներքո, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Թ. Չանդոյանի 10.05.2017 թվականի «Տուժող ճանաչելու մասին» որոշումը Դատարանում գործի քննության ընթացքում օբյեկտիվորեն առկա չի եղել. Դատարանի վճիռը կայացվել է 14.04.2017 թվականին, իսկ վերը նշված որոշումը` միայն 10.05.2017 թվականին: Հետևաբար նշված որոշումը չի բավարարում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումներում արտահայտված` նոր ապացույցի վավերապայմաններից` առաջին ատյանում օբյեկտիվորեն գոյություն ունենալու անհրաժեշտ նախապայմանին: Նման պայմաններում նշված ապացույցը Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող ընդունվել որպես նոր ապացույց:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանի 08.06.2016 թվականի «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» որոշումը որպես նոր ապացույց ընդունելու և դատական ակտի բեկանման հիմքում դնելու պատճառաբանությունների իրավաչափությանը, հարկ է համարում արձանագրել, որ Վաչագան Մերթարչյանը չի հիմնավորել Դատարանում գործի քննության ժամանակ նշված որոշումն իր կամքից անկախ հանգամանքներով չներկայացնելը, ինչպես նաև այն ներկայացնելու համար արգելքների առկայությունը, որպիսի հետևությունը պայմանավորված է նրանով, որ վերջինիս կողմից չի վկայակոչվել այնպիսի օբյեկտիվ հանգամանք, որի արդյունքում նա չի կարողացել ձեռք բերել և Դատարան ներկայացնել վերը նշված որոշումը, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո չէր կարող այն ընդունել որպես նոր ապացույց:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անգամ այն դեպքում, երբ բողոք բերած անձի կողմից հիմնավորվում է վերաքննության վարույթում ներկայացված ապացույցի` իր կամքից անկախ հանգամանքներով առաջին ատյանում գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը, ապա միայն այդ փաստով պայմանավորված նոր ապացույցի ընդունումը բավարար չէ դատական ակտը բեկանելու համար: Մասնավորապես` նոր ապացույց ընդունելը բավարար հիմք չէ դատական ակտը բեկանելու համար, քանի դեռ չի հիմնավորվել դրա` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հանգամանքը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, ընդունելով նոր ապացույց, պետք է հիմնավորի դրա էական նշանակություն ունենալու հանգամանքը գործի լուծման համար և միայն այդ պարագայում է իրավասու բեկանելու բողոքարկված դատական ակտը:

Տվյալ պարագայում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանի 08.06.2016 թվականի «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» որոշման բովանդակությունից բխում է, որ թիվ 62215516 քրեական գործը հարուցվել է Ռաֆիկ Սեդրակյանի, Մարզպետուն Հովհաննիսյանի և Նելլա Ամիրյանի հաղորդումների հիման վրա, դրանում որևէ անդրադարձ առկա չէ Վաչագան Մերթարչյանի իրավունքներին և օրինական շահերին, որի պայմաններում նշված որոշումն էական նշանակություն չէր կարող ունենալ սույն քաղաքացիական գործով վեճի լուծման համար և դրվել Դատարանի վճիռը բեկանելու հիմքում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման` դատավարական նորմի սխալ կիրառության վերաբերյալ պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` առանց անդրադառնալու նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավաչափությանը և հիմնավորվածությանը` նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Վաչագան Մերթարչյանից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 82.438 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.09.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2017 թվականի վճռին:

2. Վաչագան Մերթարչյանից հօգուտ Բանկի բռնագանձել 82.438 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2018
N ԳԴ/0199/02/16
Որոշում