ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԱՔԴ/0135/01/13
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև
Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
2019 թվականի ապրիլի 12-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Գագիկ Գենոդիկի Գալստյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2014 թվականի հունվարի 15-ի դատավճռով Գագիկ Գալստյանը մեղավոր է ճանաչվել ութ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Գ. Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ութ դրվագներից յուրաքանչյուրով դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով երկու դրվագներից յուրաքանչյուրով` ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով երկու դրվագներից յուրաքանչյուրով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով 2 դրվագներից յուրաքանչյուրով` տուգանքի` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 1-ին դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի` 1-ին և 2-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի` 1-ին և 2-րդ դրվագներից յուրաքանչյուրով նշանակված պատիժներից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի` 1-ին և 2-րդ դրվագներից յուրաքանչյուրով նշանակված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը և Գ.Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի մայիսի 18-ից: ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի կարգով Գ.Գալստյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում` ափիոնային թմրամոլության դեմ:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արսեն Եղիշի Լևոնյանը:
2. Ամբաստանյալ Գ.Գալստյանի պաշտպան Ռ. Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
3. Վերոգրյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Գալստյանի պաշտպան Ռ.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ վերադարձվել է:
4. Դատապարտյալ Գ.Գալստյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Գ. Գալստյանը դատապարտվել է այն բանի համար, որ. «(...) նա (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) ընդհանուր` խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը, (...) իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել (...) զգալի չափերով` 0.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է 0.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) Սեյրան Գևորգյանին ապօրինի թմրամիջոց իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով` 0.1 գրամ քաշով «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող թվով երկու դեղահաբեր, ապա (...) Սեյրան Գևորգյանին ապօրինի իրացրել է նշված` զգալի չափերով` 0.1 գրամ քաշով «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող թվով երկու դեղահաբեր:
(...) Հայկ Հովհաննիսյանի գործածման համար նրան խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) Հայկ Հովհաննիսյանին իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) ապօրինի իրացրել է Հայկ Հովհաննիսյանին:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) Հայկ Հովհաննիսյանին ապօրինի իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել ու պահել (...) խոշոր չափերով` 2.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է նշված` 2.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցը:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) ապօրինի իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 1.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է 1.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը Հայկ Հովհաննիսյանին իրացնելու նպատակով, (...) ապօրինի ձեռք է բերել (...) ընդհանուր` 1.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) ապօրինի Հայկ Հովհաննիսյանին է իրացրել խոշոր չափերով` 1.5 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցը:
Բացի այդ, Հայկ Հովհաննիսյանին խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 3.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին ապօրինի իրացրել է 3.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը ամբաստանյալ Արսեն Եղիշի Լևոնյանին խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով` 2.75 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց և 0.00361 կգ «քացախաթթվի անհիդրիդ», ապա (...) Արսեն Լևոնյանին (...) ապօրինի իրացրել է 2.75 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց և 0.00361 կգ պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ»:
Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանն առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար (...) ապօրինի ձեռք է բերել և (...) ապօրինի պահել է զգալի չափերով` 0.19 գրամ քաշով «մզվածքային ափիոն» և ընդհանուր 0.9 գրամ քաշով չորացված «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված պրեկուրսոր հանդիսացող 0.00945 կգ «քացախաթթվի անհիդրիդ»(...)»(1):
____________________
1) Տե՛ս քրեական գործ հատոր 4, թերթ 40-43:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.
6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Գագիկ Գալստյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը վերանայելու համար:
9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(2):
____________________
2) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:
11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)» (3):
____________________
3) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(4):
____________________
4) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
(...)
2) խոշոր չափերով`
(...)
պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(...)
4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ: «Մզվածքային ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ: «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ: «Տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.05 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.23-2.3 կիլոգրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 2.3 կիլոգրամը:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, «մզվածքային ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, իսկ զգալի չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ զգալի չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: «Տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես մանր չափ է սահմանվել 0.05 գրամից մինչև 0.25 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ` 0.25 գրամից մինչև 1.25 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Գալստյանը դատապարտվել է`
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` զգալի չափի` 0.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, զգալի չափի`0.1 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց (3 դրվագ), խոշոր չափի` 2.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, խոշոր չափի` 1.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց (երկու դրվագ), խոշոր չափի`3.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, խոշոր չափի`2.75 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` 0.00361 կգ և 0.00945 կգ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու և իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` զգալի չափի` 0.19 գրամ «մզվածքային ափիոն» տեսակի թմրամիջոց, զգալի չափի` 0.9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու և պահելու համար(5):
____________________
5) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Գ.Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` 1-ին և 2-րդ դրվագներով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 7-րդ և 8-րդ դրվագներով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով` 1-ին և 2-րդ դրվագներով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Գ.Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագներով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1, 1.5 և 2.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի` դատապարտյալ Գ.Գալստյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագներով համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին:
16. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Գ.Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` 1-ին և 2-րդ դրվագներով նախատեսված արարքների հանցավորությունը:
Մասնավորապես, «մզվածքային ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զգալի չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ 0.19 գրամ «մզվածքային ափիոն» և 0.9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափերի են: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` 1-ին և 2-րդ դրվագներով Գ.Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է` արարքի մեջ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
17. Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Գ.Գալստյանի կողմից կատարված արարքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:
18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Գ.Գալստյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը վերանայելու համար:
19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալ Գ.Գալստյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հունիսի 2-ի որոշումը. Գ.Գալստյանին երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Գ.Գալստյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքները` 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագներով, պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Գ.Գալստյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժները պետք է թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 7-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 8-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, վեց դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 50.000-ական ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը և Գ.Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 100.000 ՀՀ դրամ գումարի չափով` պատժի սկիզբը հաշվելով` 2013 թվականի մայիսի 18-ից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Գագիկ Գենոդիկի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Գագիկ Գենոդիկի Գալստյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հունիսի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել:
3. Գագիկ Գենոդիկի Գալստյանին երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Գագիկ Գենոդիկի Գալստյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքները` 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագները, վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժները թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 7-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 8-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, վեց դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, նշանակված 50.000-ական ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը և Գագիկ Գենոդիկի Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 100.000 ՀՀ դրամ գումարի չափով: Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի մայիսի 18-ից:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան