ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-1-Ո-Կ-3
2023թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(1-ին մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ`
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանի
մասնակցությամբ` անդամներ Հ. Գրիգորյանի
Ե. Թումանյանցի
Ն. Հովսեփյանի
Մ. Մակյանի
Ա. Մխիթարյանի
Վ. Քոչարյանի
Ս. Չիչոյանի
Արդարադատության նախարարի տեղակալ Լ. Բալյանի
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ Հ. Սանոյանի
Ա. Սուջյանի
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի
քարտուղարությամբ` Թ. Ղուկասյանի
2023 թվականի հունվարի 30-ին ք. Երևանում
դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 112-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
ՊԱՐԶԵՑ
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանի 2022 թվականի նոյեմբերի 17-ի զեկուցագիրը:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 97-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ալեքսեյ Սուքոյանի (այսուհետ նաև` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի (այսուհետ նաև` Նախարար) 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 112-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհուրդը 2023 թվականի հունվարի 17-ին արձանագրային որոշումներով մերժել է Դատավորի կողմից ներկայացված` ապացույց պահանջելու, երրորդ անձ ներգրավելու, անձին որպես վկա հարցաքննելու և սահմանադրական դատարան դիմելու ու գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունները:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Նախարարը ներկայացրած միջնորդությամբ, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի(1) 235-րդ հոդվածի 1-ին մասը, 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, նույն հոդվածի 3-րդ մասը, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, 110-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությունը, Կառավարության 18.03.2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Որոշում) հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը և վերլուծելով վերը նշված իրավանորմերը, նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի և Որոշման վերը նշված իրավական նորմերի համակարգված վերլուծությունից, Որոշմամբ սահմանված «Ձև N 2» տեղեկանքի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ որդեգրման ենթակա երեխաները, այսինքն` այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր, ենթակա են հաշվառման օրենքով սահմանված կարգին համապատասխան և դրա համար լիազորված մարմինների կողմից: Ընդ որում, հաշվառման ընթացակարգը ներառում է որոշակի հաջորդական գործառույթների իրականացում (որդեգրման ենթակա երեխաների հաշվառում նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից, այնուհետև հաստատված ձևի փաստաթղթի` որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի և դրա հիման վրա անձնական գործի կազմում) և եզրափակվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից երեխաների կենտրոնական հաշվառմամբ, որից ածանցվում է որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկանքի կազմումը և ծանուցումը:
___________________
1) Այստեղ և այսուհետ` իրավահարաբերության ծագման պահին գործող, մինչև 23.12.2022թ. ընդունված ՀՕ-576-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ:
Ըստ Նախարարի` վերը նշվածից հետևում է, որ որդեգրման ենթակա երեխայի կենտրոնական հաշվառման վերցված լինելու հանգամանքը հաստատվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմված որդեգրման ենթակա երեխայի մասին «Ձև N 2» տեղեկանքով, որն էլ հանդիսանում է նշված հանգամանքը հաստատող միակ փաստաթուղթը, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջը կարող է պահպանված համարվել, եթե երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին կցված է «Ձև N 2» տեղեկանքը:
Քննարկվող դեպքում Նախարարը նշել է, որ դիմող Հ. Բ.-ի (այսուհետ նաև` Դիմող) կողմից Դատարան ներկայացված` որդեգրումը հաստատելու մասին դիմումի (այսուհետ նաև` Դիմում) և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դիմումին կցված չի եղել Վ. Խ.-ի (այսուհետ նաև` Երեխա) կենտրոնացված հաշվառման մասին «Ձև N 2» տեղեկանքը: 2022 թվականի օգոստոսի 8-ի վճռի (այսուհետ` Վճիռ) պատճառաբանական մասը և հատկապես դրանում ներառված «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր» բաժինը ևս չի պարունակել որևէ տեղեկատվություն «Ձև N 2» տեղեկանքի կամ, առհասարակ, Երեխայի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ: Ընդ որում, Դիմողն իր պահանջը հիմնավորելու համար ներկայացրել է մի շարք փաստեր և ապացույցներ, բարձրաձայնել է նաև որդեգրման ենթակա երեխային «որդեգրության ցուցակների» մեջ ներգրավելու օրենսդրական պահանջի մասին, սակայն կրկին չի հիշատակել որևէ տեղեկություն Երեխայի կենտրոնացված հաշվառման, դրա վերաբերյալ տեղեկանք կազմված լինելու մասին:
Վերոգրյալ իրավական նորմերի և թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի փաստական հանգամանքների համադրությունից հետևում է, որ Դիմումը չի բավարարել երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին պարտադիր կցվող փաստաթղթերին ներկայացվող օրենսդրական պահանջին, որպիսի պայմաններում ծագել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով և 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` Դիմումը վերադարձնելու հիմքը, մինչդեռ Դատարանը նշված պահանջների և նորմերի անտեսմամբ 28.04.2022 թվականի որոշմամբ Դիմումն ընդունել է վարույթ:
Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 3-րդ մասով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պահանջները:
Նախարարը նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 1-ին մասի, 119-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի նորմերի համակարգված վերլուծությունից հետևում է, որ որդեգրման հետևանքով որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ, ու թեև կենսաբանական կապեր կարող են առկա լինել միայն ծնողների և զավակների միջև` որդեգրմամբ որդեգրողների և որդեգրվածների համար ստեղծվում են ընտանեկան կապեր, որոնք ըստ օրենսդրական սահմանման, համարժեք են դասվում կենսաբանական կապերին: Նշվածից ելնելով էլ` օրենսդրությամբ որդեգրման համար առաջադրվում է ծնողների և զավակների միջև նրանց կարգավիճակով պայմանավորված իրավահարաբերությունների, դրանցից բխող իրավական հետևանքների խզում, որը պետք է կատարվի երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից ծնողների գրավոր հրաժարմամբ կամ երեխային որդեգրման տալու վերաբերյալ ծնողի գրավոր համաձայնությամբ: Այլ կերպ ասած` հնարավոր չէ պահպանել ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները` միաժամանակ համարժեք իրավունքներ ու պարտականություններ առաջացնելով որդեգրվածի և որդեգրողի միջև (բացառությամբ` ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի հետ պահպանելու դեպքերի): Ընդ որում, երեխային որդեգրելու համար անհրաժեշտ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պայմանն ունի բացառություններ, և դրա բացառումը պայմանավորող դեպքերը սպառիչ սահմանված են օրենքով, մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածով:
Ըստ Նախարարի` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետի վերլուծությունից հետևում է, որ որդեգրման վճռի կայացման տվյալ հիմքը ծագում է դատարանի կողմից ընդունված դատական ակտի առկայությամբ, որով նախ` հաստատվել են ծնողների` երեխայի հետ համատեղ չապրելու և նրան դաստիարակելուց ու պահելուց խուսափելու փաստերը, իսկ հաջորդիվ` դատարանի կողմից բացահայտվել և անհարգելի են գնահատվել ծնողների` նշված վարքագծին հանգեցնող պատճառները: Այսպիսով` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետի շրջանակներում օրենսդիրը դրանով նախատեսված հանգամանքները հաստատող միակ թույլատրելի ապացույց է դիտարկում համապատասխան դատական ակտը:
Բացի այդ, Նախարարը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/23859/02/19 քաղաքացիական գործով 24.06.2022 թվականին կայացված որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը և 119-րդ հոդվածի «դ» ենթակետը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` դատական ակտի հիմնավորվածության պահանջի հետ համադրելու արդյունքում ստացվում է, որ դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի հիշյալ նորմերի հիմքով երեխայի որդեգրումը հաստատելու պահանջը բավարարող վճիռ կայացվելու դեպքում անհրաժեշտ է այդ վճռով հիմնավորել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված հիմքի առկայությունը` ներկայացնելով անհրաժեշտ փաստական հիմքը: Բացի այդ, նշված հարցի վերաբերյալ վճիռ կայացնելիս իրավական հիմքերը բացահայտելուց զատ անհրաժեշտ է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական ակտի պատճառաբանվածության պահանջի պահպանմամբ համապատասխան վճռում արտացոլի փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ իր դատողությունների ընթացքը և դրանց կապը դատարանի կողմից կատարված եզրահանգումների հետ: Հակառակ պարագայում որդեգրման վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կհամարվի ոչ հիմնավոր և չպատճառաբանված դատական ակտ:
Քննարկվող դեպքում Վճռում վկայակոչվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետում ամրագրված նորմը, ինչից կարելի է ենթադրել, որ Դատարանը Վճիռը կայացրել է նշված նորմի իրավական հիմքով: Բացատրությամբ Դատավորը ևս նշել է, որ Վճիռը կայացրել է այդ նորմով սահմանված հիմքով, սակայն Դատարանը բավարարվել է միայն նշված նորմի բովանդակությունը շարադրելով և առհասարակ քննության առարկա չի դարձրել նորմի փաստական կազմի առկայությունը, մասնավորապես` դատական ակտով հաստատված` անհարգելի ճանաչված պատճառներով ծնողի կողմից մեկ տարուց ավելի Երեխայի հետ համատեղ չապրելու և նրան դաստիարակելուց ու պահելուց խուսափելու հանգամանքը, որն անհրաժեշտ էր այդ հիմքով Երեխայի որդեգրման վերաբերյալ օրենսդրությամբ ներկայացված պահանջը հաղթահարելու համար: Այդուհանդերձ, Դատարանը կայացրել է որդեգրման վերաբերյալ Վճիռ` առանց համապատասխան փաստական հիմքի վկայակոչմամբ և առանց ներկայացնելու Դատարանի կողմից ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ կատարված դատողությունների ընթացքն ու դրանց կապը Վճռով կատարված եզրահանգումների հետ:
Նախարարի կարծիքով վերը նշվածի հետևանքով Դատավորի կողմից խախտվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Բացի այդ, Նախարարը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի(2) (այսուհետ նաև` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ կետերը, 264-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ վերոգրյալ նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ որդեգրման վճիռը կարող է տեղեկություններ պարունակել որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ միայն երեխայի ունեցած անվան, հայրանվան և ազգանվան փոփոխության դեպքում, քանի որ օրենսդրությունը նախատեսում է որդեգրված երեխայի անունը, հայրանունը և ազգանունը պահպանելու հնարավորություն: Ընդ որում, համաձայն վերոգրյալ նորմերով սահմանված կարգավորումների, երեխայի անունը, հայրանունը, ազգանունը փոփոխելու իրավունքը պատկանում է երեխա որդեգրելու վերաբերյալ դիմում ներկայացնողին և իրականացվում է այդ դիմումի շրջանակներում ներկայացվող միջնորդությամբ: Վերջինս օժտված է երեխայի անունը և հայրանունը (կնոջ կողմից որդեգրվելիս) իր ընտրությամբ ցանկացած անվամբ փոխելու հնարավորությամբ, մինչդեռ երեխայի ունեցած ազգանունը կարող է փոխարինվել միայն որդեգրողի ազգանվամբ:
_____________________
2) Այստեղ և այսուհետ` իրավահարաբերության ծագման պահին գործող` մինչև 07.12.2022թ. ընդունված ՀՕ-556-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ:
Որդեգրված երեխայի անվան, հայրանվան, ազգանվան որոշման հետ կապված հարաբերությունների շրջանակում օրենսդիրը սահմանել է նաև հատուկ կանոններ, որոնք ուղղված են ամուսնության մեջ չգտնվող ծնողի կողմից որդեգրված երեխայի հոր (մոր) անվան, հայրանվան և ազգանվան որոշմանը: Նշված հարցերը կարգավորող ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ որդեգրված երեխայի հոր (մոր) անվան, հայրանվան, ազգանվան որոշման և գրանցման հետ կապված իրավահարաբերություններ ծագում են որդեգրողի և ծննդի պետական գրանցման մարմնի (ՔԿԱԳ) միջև: Նշված հարաբերությունների շրջանակում ծննդի պետական գրանցումն իրականացնող մարմինը որդեգրվածի հոր (մոր) անունը և հայրանունը գրանցելիս սահմանափակված է որդեգրողի ցուցումով և նրա կամահայտնությամբ, մինչդեռ որդեգրվածի հոր (մոր) ազգանվան գրանցման հարցում օրենսդիրը բացառում է որդեգրողի կամահայտնության հնարավորությունը, նշված հարցի լուծումը կարգավորում է իմպերատիվ նորմով, որի համաձայն` որպես որդեգրվածի հոր (մոր) ազգանուն կարող է գրառվել միայն որդեգրողի ազգանունը:
Միաժամանակ նշվածի համատեքստում Նախարարը նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, 264-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունից հետևում է, որ որդեգրել ցանկացող անձին վերապահված չէ երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումով երեխայի հոր (մոր) անունը, հայրանունը և ազգանունը նշելու վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացնելու իրավունք: Հետևաբար, երեխաների որդեգրումը հաստատելու վերաբերյալ գործերով դատական քննության շրջանակներում դատարանի համար չի կարող ծագել որդեգրված երեխայի հոր (մոր) անվան, հայրանվան, ազգանվան որոշման կամ երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումով երեխայի հոր (մոր) անունը, հայրանունը և ազգանունը սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում դրա քննության ու լուծման լիազորություն:
Նախարարը նշել է, որ քննարկվող դեպքում թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում է ներկայացրել ամուսնության մեջ չգտնվող անձ Հ. Զ. Բ.-ն: Վերջինս խնդրել է հաստատել Երեխայի որդեգրումն իր կողմից, միաժամանակ ցանկացել է Երեխայի Վ. անունը փոխել Վ. անունով, հայրանունը` Մ. անունով, իսկ Խ. ազգանունը` Բ. ազգանվամբ, ծննդյան վայր Երևանը` Վաղարշապատով և որպես Երեխայի ծնողներ գրառել` մայր նշումի դիմաց` Հ. Զ. Բ., իսկ հայր նշումի դիմաց` Մ. Ս. Ա.: Մ. Ս. Ա.-ն Դիմողի հետ «փաստական ամուսնության» մեջ գտնվող անձն է: Դատարանը բավարարել է Դիմումը, այն է` հաստատել է Դիմողի կողմից Երեխայի որդեգրումը և արձանագրել է Երեխայի անվան, հայրանվան, ինչպես նաև ծննդյան վայրի փոփոխությունը` ըստ Դիմողի նշած անվան, հայրանվան և ծննդավայրի, իսկ Երեխայի ազգանվան փոփոխությունը` ըստ Դիմողի (որդեգրողի) ազգանվան: Սակայն նշվածի հետ միաժամանակ Դատարանը, անտեսելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերի, 264-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները և Վճռի եզրափակիչ մասում ներառելով տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, Վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, ավելին` Երեխայի հոր ազգանվան ընտրությունը պայմանավորելով Դիմողի (որդեգրողի) կամահայտնությամբ:
Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 264-րդ հոդվածի 1-ին մասի մասով սահմանված պահանջները:
Բացի այդ, Նախարարը նշել է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` դատավորի վարքագծի կանոնը սահմանում է բոլոր հանգամանքներում այն ամենից զերծ մնալու պարտականություն, ինչը կարող է հանգեցնել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորման: Ընդ որում, օրենսդիրը հիշյալ նորմի շրջանակներում չի սահմանափակվել կոնկրետ արարքների նկարագրությամբ, այլ որպես խախտում է դիտարկում նորմերում նշված իրավական հետևանքներ առաջացնող ցանկացած վարքագծի դրսևորում: Ակնհայտ է, որ նշված կանոնների պահպանման առաջնային պայմանը դատավորի կողմից օրենքի պահանջը կատարելն է:
Ըստ Նախարարի` Դատարանի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ Դիմումի վարույթ ընդունմամբ, Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական պայմանների բացակայությամբ, միաժամանակ չհիմնավորված և չպատճառաբանված Վճռի կայացմամբ, Վճռով ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված Երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցի լուծմամբ, այդ թվում` որդեգրված Երեխայի հոր ազգանունը` ըստ որդեգրել ցանկացող անձի կամահայտնության գրառմամբ թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները միաժամանակ հանգեցրել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` դատավորի վարքագծի կանոնների խախտման, քանի որ Դատարանի նման գործելակերպը նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը:
Նախարարը, անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը, նշել է, որ վարույթի փաստական հանգամանքների, կատարված իրավական վերլուծության և Դատավորի կողմից ներկայացված գրավոր բացատրության համադրման արդյունքում հանգել է այն հետևության, որ Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը` երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը վերադարձնելու հիմքի առկայությամբ Դիմումը վարույթ ընդունելը, երեխա որդեգրելու հիմքերի բացակայությամբ Երեխայի որդեգրումը հաստատելը, միաժամանակ չպատճառաբանված, չհիմնավորված վճիռ կայացնելը, երեխա որդեգրելու վերաբերյալ Վճռով որդեգրված երեխայի հոր ազգանվան հարցերը կարգավորելը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր ապահովել դիմումը վարույթ ընդունելու փուլի սահմանները, դատական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջը:
Ամփոփելով վերը նշվածը` Նախարարը փաստել է, որ սույն միջնորդությամբ ներկայացված` Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ նյութական և դատավարական նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տվել նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Խորհրդին ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ խնդրել է իրեն կարգապահական պատասխանատվությամբ ենթարկելու մասին միջնորդությունը մերժել` նշելով հետևյալը.
Դատավորը, անդրադառնալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Նախարարի կողմից ներկայացված միջնորդության մեջ առաջ քաշված առաջին հարցին` թե արդյո՞ք Դատարանի կողմից երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունվել օրենսդրությամբ սահմանված պահանջների անտեսմամբ, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, հայտնել է, որ Դիմումին կից ներկայացվել է 00.00.0000 թվականին ծնված Երեխայի հաշվառման վերաբերյալ թիվ 000000000000 տեղեկանք, որն էլ Դատարանի կողմից դիտարկվել է որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով երեխայի հաշվառման վերաբերյալ պահանջվող տեղեկանք:
Դատավորը հայտնել է նաև, որ Դատարանը, ելնելով երեխայի լավագույն շահերից, հաշվի առնելով գործի բնույթը և այն հանգամանքը, որ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր կարող են պարզվել և պահանջվել նաև գործի քննության ընթացքում, Դիմումն ընդունել է վարույթ: 2022 թվականի ապրիլ ամսին, ըստ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տվյալների, իր կողմից ամեն օր ընդունվել է 30-50 քաղաքացիական գործ, և հնարավոր է, որ վկայակոչված գործեր որևէ տեղեկանքի առկա չլինելու հանգամանքը վրիպեր իր ուշադրությունից: Այդ փաստը ինքը չի ներկայացնում իրեն արդարացնելու համար, սակայն խնդրում է հաշվի առնել այդ իրողությունը:
Վերը նշվածի հաշվառմամբ Դատավորը նշել է, որ Դատարանի կողմից ի սկզբանե չի դրսևորվել Դիմումն օրենքի խախտմամբ վարույթ ընդունելու որևէ դիտավորություն` հաշվի առնելով այն, որ Դիմումին կից ներկայացվել են բազմաթիվ այլ տեղեկանքներ, որոնք մատնանշվել են տվյալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի մեջ:
Դատավորը, անդրադառնալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունում առաջ քաշված երկրորդ հարցադրմանը, թե արդյոք Դատարանի կողմից որդեգրման վերաբերյալ Վճիռը կայացվել է երեխային որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական պայմանների բացակայությամբ, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածը, նշել է, որ այդ հոդվածով հստակ սահմանվում է, թե որ դեպքերում երեխայի որդեգրման համար պարտադիր չէ ծնողի համաձայնությունը:
Դատավորը նշել է նաև, որ անձը կարող անհայտ բացակայող և անգործունակ ճանաչվել, ծնողական իրավունքներից զրկվել բացառապես օրինական ուժի մեջ մտած վճռով, մինչդեռ անհարգելի ճանաչված պատճառներով ծնողի` մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չբնակվելու և նրան դաստիարակելուց ու պահելուց խուսափելու փաստը դատական կարգով սահմանելու առանձին ընթացակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում:
Վերոգրյալ հաշվառմամբ Դատավորը եկել է այն եզրահանգմանը, որ Դատարանը որդեգրման փաստը հաստատելու գործերով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» կետով սահմանված հիմքի առկայությունը կարող է հաստատել հենց գործի քննության շրջանակներում:
Դատավորը նշել է, որ թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացվել են 16.12.2020 թվականին կնքած Ն-19, 30.12.2020 թվականին կնքված Ն-6, և 30.12.2021 թվականին կնքված Ն-6 խնամատարության պայմանագրերը, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի կողմից տրված բնակության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի խնամատար ընտանիք տեղավորելու համար Ն-18 եզրակացությունը, որոնցով հաստատվել է այն հանգամանքը, որ մանկահասակ Երեխան 16.12.2020 թվականից մինչև 27.12.2020 թվականը, 30.12.2020 թվականից մինչև 30.12.2021 թվականը և 30.12.2021 թվականից մինչև Վճռի կայացման պահը ներառյալ անընդմեջ գտնվել է Հ.Բ.-ի խնամատարության ներքո: Գործի քննության ընթացքում պարզ է դարձել, որ Երեխան անընդմեջ գտնվել է խնամատար ծնողի մոտ, և կենսաբանական մայրն առհասարակ չի այցելել Երեխային այդ ժամանակահատվածում, իսկ հայրն ի սկզբանե անհայտ է:
Դատավորը նշել է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննության ընթացքում Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որ կենսաբանական մայրը երբևէ այցելել է Երեխային, ապա Դատարանը գտել է, որ առկա է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» կետով սահմանված հիմք:
Վերոգրյալի հաշվառմամբ Դատավորը նշել է, որ իր կողմից կատարված գործողություններում բացակայում են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված նյութական իրավունքի նորմի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 8-րդ հոդվածի 1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտման հատկանիշներ:
Անդրադառնալով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության մեջ առաջ քաշված երրորդ հարցադրմանը` Դատավորը նշել է, որ հայր բաժնում Մ.Ս.Ա. անունը գրվել է ելնելով, այն հանգամանքից, որ դիմումատու Հ.Բ.-ի ցուցումով Երեխայի հայրանունը հաստատվել է հենց Մ.Ս.Ա.-ի անունով, սակայն Դատարանը չի հաստատել Մ.Ս.Ա.-ի կողմից Երեխայի որդեգրումը, նրան չի ճանաչել Երեխայի ծնող:
Ըստ Դատավորի` Նախարարի կողմից ներկայացված մեկնաբանությունից հետևում է, որ հետագայում կարող է որոշակի շփոթություն առաջանալ այդ մասով: Տվյալ պարագայում Դատարանը Վճռով հաստատել է միայն Հ.Բ.-ի կողմից որդեգրումը, և պետական մարմինների կողմից կարող է գրանցվել միայն նրա իրավունքները, իսկ Մ.Ս.Ա.-ի համար որևէ իրավական հետևանք դատական ակտը չի առաջացնում, նա ձեռք չի բերում ծնողական իրավունքներ և պարտականություններ:
Դատավորը նշել է նաև, որ իր համոզմամբ այս մասով իր կողմից որևէ մեկի իրավունքները չեն խախտվում, և որևէ մեկի համար իրավական հետևանքներ չեն առաջանում, ուստի արարքի մեջ բացակայում են էական խախտման հատկանիշները, որոնց արդյունքում կարող էին առաջանալ ծանր հետևանքներ:
Դատավորը, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ հոդվածը, 110-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.03.2010 թվականի 269-Ն որոշման 2-րդ գլխի 2-6 կետերը, ՀՀ կառավարության 31.10.2002 թվականի 1730-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը, հայտնել է, որ իր մոտ որևէ կասկած չի առաջացել, որ Երեխան հաշվառված չէ որդեգրման ենթակա երեխաների կենտրոնացված գրանցամատյանում:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ տվյալ պարագայում «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ը Երեխայի առանց ծնողական խնամքի մնալու վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո անհապաղ պետք է տեղեկացներ Երևանի քաղաքապետին, վերջինս տեղեկությունները ստանալուց հետո պարտավոր էր իրականացնել երեխաների հաշվառումը և հայտներ այդ մասին ՀՀ կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև` ապահովել այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետի կողմից տեղեկություններ ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր էր իրականացնել որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը և տեղեկացնել (N 2 ձև) աշխատակազմին, ինչպես նաև Որոշման երկրորդ գլխի 2-6-րդ կետերի պահանջների համաձայն իրականացնել օրենքով նախատեսված որդեգրման գործընթացը, այն է` տվյալ դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխայի անձնական գործի պատճենահանված մեկ օրինակը հաշվառման մասին տեղեկությունների հետ միասին պետք է ուղարկեին Արդարադատության նախարարություն` «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմին, որը չի կատարվել:
Ըստ Դատավորի` վերոգրյալ իրավական կարգավորումները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի Դատարանի մոտ գործել է իրավական կանխավարկած, որ գրեթե 2 տարի մանկատան խնամքի ներքո գտնվող և խնամատարության հանձնված Երեխան օրենքով նախատեսված կարգով գրանցվել է որպես որդեգրման ենթակա երեխա: Ավելին, դատական նիստին ներկայացել է Երևանի քաղաքապետարանին ենթակա Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից լիազորված անձ` Լ.Հ.-ն, ով Դատարանին հայտնել է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը որևէ խանգարող հանգամանք չի տեսնում Հ.Բ.-ի կողմից Երեխայի որդեգրումը հաստատելու համար, և որդեգրումը բխում է Երեխայի լավագույն շահերից:
Դատավորը նշել է նաև, որ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից գործի քննության ընթացքում որդեգրման գործընթացի վերաբերյալ դրական պատասխան ստանալով` Դատարանը եկել է այն համոզմանը, որ տվյալ որդեգրման համար առկա են բոլոր նախադրյալները, և Երեխայի լավագույն շահերից է բխում որդեգրման հաստատումը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված իր 03.11.2022 թվականի վերաքննիչ բողոքում հայտնել է, որ չնայած Երևան համայնքը` ի դեմս Դավթաշեն վարչական շրջանի, ներգրավված է եղել սույն գործով դիմումի քննությանը, սակայն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի գնահատմամբ աշխատակազմի աշխատակիցները դրսևորել են անփույթ և ոչ կոմպետենտ վերաբերմունք: Նման դիրքորոշումն իր կողմից գնահատվել է, որպես «խոստովանական դիրքորոշում» իրավասու մարմնի կողմից ոչ թե միայն բողոքարկման ժամկետը բաց թողնելու, այլ նաև վերոշարադրյալ իրավական կարգավորումներով ամրագրված իմպերատիվ նորմերով սահմանված որդեգրման ենթակա երեխային կենտրոնական հաշվառման գրանցամատյանում չընդգրկելու գործընթացը թերի իրականացնելու իմաստով:
Դատավորը նշել է նաև, որ իր համար անհայտ է մնացել այն հարցը, թե իր կողմից կայացված դատական ակտն ի՞նչ կերպով է հեղինակազրկել դատական իշխանությունը, և առհասարակ ու՞մ իրավունքն է խախտվել կամ սահմանափակվել: Կարելի էր հասկանալ, եթե Երեխայի կենսաբանական մայրը կամ կենսաբանական հայրը բողոք ներկայացնեին դատական ակտի դեմ, սակայն Երեխայի կենսաբանական ծնողները Երեխայի ճակատագրի նկատմամբ ցուցաբերել են բացարձակ անտարբեր վերաբերմունք: Երեխան ծնվել է 0000 թվականի (...) ամսին: Մեկ ամիս անց Երեխայի կենսաբանական մայրը Երեխային հանձնել է մանկատուն: Ըստ Դատարանին ուղղված Հ.Բ.-ի Դիմումում նշված տեղեկատվության` մանկատան երեխաներին տեսակցության մատյաններում երկու ամիս անց արձանագրվել է Երեխայի կենսաբանական մոր ընդամենը մեկ այցելություն: Տվյալ փաստը չի հերքվել նաև դատաքննությանը մասնակցող իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից: 2020 թվականից օրենքով նախատեսված խնամատարության պայմանագրով գործով դիմումատու Հ.Բ.-ին է փոխանցվել Երեխայի նկատմամբ խնամատարության իրականացումը, որն էլ շարունակվել է մինչև 08.08.2022 թվականին կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
Ըստ Դատավորի` Երեխան իր ամբողջ կյանքի կարճ ժամանակահատվածի ընթացքում դիմումատու Հ.Բ.-ին ընկալել է որպես իր մայր (Երեխան հիմա 4 տարեկան է): Երեխան Դիմումատուին դիմում է «մայրիկ», իսկ Դիմումատուի հետ համատեղ կյանքով ապրող Մ.Ա.-ին` որպես «հայրիկ», և Դատարանի համոզմամբ Երեխայի և Դիմումատուի միջև ձևավորվել է հոգեբանական և էմոցիոնալ սերտ կապ:
Դատավորը նշել է, որ Վճիռ կայացնելիս Դատարանը հաշվի է առել նաև դիմումատու Հ.Բ.-ի անձը: Վերջինս ծառայում է ՀՀ զինված ուժերում, բնութագրվել է դրական, ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, որը բավարար է Երեխայի համար անհրաժեշտ կենսական պայմանները ստեղծելու համար, որոնք ավելի բարենպաստ են, քան մանկատան պայմանները: Դատաքննության ընթացքում Հ.Բ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը և իր հետ համատեղ կյանքով ապրող Մ.Ա.-ն օրինական կարգով ամուսնացած են եղել և համատեղ կյանքում ապրել են մոտ 10 տարի, այնուհետև ինչ-ինչ պատճառներով ամուսնալուծվել են, իսկ իր կողմից Երեխային խնամատարության ներքո վերցնելու պահից Մ.Ա.-ն վերադարձել է ընտանիք, և մինչև օրս միասին բնակվում և դաստիարակում են փոքրիկին և ցանկանում են նորից օրինականացնել իրենց հարաբերությունները:
Դատավորը նշել է նաև, որ Դատարանը բացատրություն է վերցրել երկուսից էլ, և տեսել է նրանց ոգևորությունը, նկատել է վերջիններիս հույզերը, և ցանկությունը` Երեխայի օրինական կարգով ծնող համարվելու համար: Իր կողմից քննված գործով առկա է մի փոքր նրբերանգ, ըստ էության Դիմումատուն Երեխային չի վերցրել մանկատնից` 4 տարեկան հասակում, այլ վերցրել է մոտ 2 տարեկանում, երբ Երեխան դեռևս չի գիտակցել, որ Հ.Բ.-ն իր կենսաբանական մայրը չէ: Գործում կա բավարար ապացույց, որ Հ.Բ.-ն բնութագրվել է որպես հոգատար և ուշադիր ծնող, ինչի հետևանքով Երեխան, այցելելով մանկապարտեզ, դրսևորել է ընկերասեր, ուրախ և շփվող պահվածք: Հետևաբար իր համար` որպես Դատարանի, շատ կարևոր է եղել գործի իրավական, փաստական և բարոյական կողմը:
Ըստ Դատավորի` լիազորված մարմինը պարտավոր է եղել Երեխային հաշվառել որդեգրման ենթակա երեխաների ցանկի մեջ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի կատարվել: Ինչպե՞ս է ստացվել, որ իր գործով Դիմումատուի հետ կնքվել են թվով 6 պայմանագրեր, Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է դրական եզրակացություն, Դիմումատուն ներառվել է որպես որդեգրման իրավունք ունեցող անձանց ցանկում, վեճի առարկա հանդիսացող Երեխան մոտ 2 տարի գտնվել է գործով դիմումատու Հ.Բ-ի մոտ, սակայն լիազորված մարմինների թերի աշխատանքի պատճառով Երեխան չի Որոշման համապատասխան:
Դատավորը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ մասերը, նշել է որ ինքը, թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով կայացված վճռով որդեգրմանը փաստը հաստատելով, իր գնահատմամբ թույլ չի տվել էական խախտում, որը կարող էր հանգեցնել Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման: Իր կողմից կայացրած Վճիռը չի առաջացրել որևէ անդառնալի հետևանք, որը կհեղինակազրկեր դատական իշխանությունը: Լիազոր մարմինը նշել է, որ Դատավորի կողմից չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացմամբ փաստացի խախտվել է գործին մասնակցող անձանց Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը: Այդպիսով լիազոր մարմինը կարգապահական պատասխանատվության հիմքում դնում է իր` որպես դատարան արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումը, ինչը չի կարող հիմք հանդիսանալ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Այնուամենայնիվ, ինքը համաձայն է, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշված այն դիրքորոշմանը, որ իր դատական ակտը պատշաճ պարզաբանված չէ, չի տրվել իրավական գնահատական որոշ հանգամանքների վերաբերյալ, մասնավորապես կենսաբանական մայրը երկու տարուց ավելի չի այցելել Երեխային, Երեխայի կենսաբանական հայրը առհասարակ անհայտ է, և Դատարանը դա դիտել է որպես Երեխայից հրաժարում` ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 119-րդ հոդվածի «դ» կետի:
Ըստ Դատավորի` իր այդ դիրքորոշումը հիմնավորվել է նաև 06.12.2022 թվականին Սամվել Մնացականյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) կողմից կայացված վճռով, մասնավորապես` 2011 թվականին ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցվել են այն հիմնավորմամբ, որ դատավորը պատշաճ չի պատճառաբանել իր դատական ակտը: Իսկ ՄԻԵԴ-ի վճռով ամրագրվել է այն դրույթը, որ դատավորի չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության իր կողմից կայացած դատական ակտի ոչ պատշաճ մեկնաբանման համար, և որպես հետևանք Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցի պատճառված վնաս:
Լիազոր մարմնի կողմից նաև նշվել է, որ իրողության մեջ առկա է որդեգրման իրավահարաբերությունները խաթարող, կոնկրետ անձանց իրավունքները և օրինական շահերը խախտող օրինական ուժի մեջ մտած վճիռ: Վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 129-132-րդ հոդվածները` Դատավորը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վերոշարադրյալ կարգավորումներից բխում է, որ որդեգրման փաստի հաստատման վճիռը բացառապես կարող է ազդել չորս սուբյեկտների` որդեգրողների, երեխայի և կենսաբանական ծնողների, ինչպես նաև տվյալ պարագայում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի վրա:
Դատավորը նշել է նաև, որ լիազոր մարմինը որևէ կերպ չի հիմնավորել, թե իր կողմից 08.08.2022 թվականին կայացված վճռով կոնկրետ ում իրավունքներն ու շահերն են էականորեն խախտվել, և իր գնահատմամբ առանցքային նշանակություն կարող է ունենալ քննարկված գործով Երեխայի համար անցանկալի հետևանքների առաջացման հնարավորությունը:
Ըստ Դատավորի` լիազորված մարմնի դիրքորոշումից հետևում է, որ Դիմումը պետք է մերժվեր, և Երեխան երկու տարի ընտանիքում ապրելուց հետո պետք է վերադարձվեր «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ, և արդյո՞ք Դատարանի կողմից Դիմումի մերժման դեպքում վճիռը կնպաստեր և կբխեր երեխայի լավագույն շահերից:
Անդրադառնալով երեխայի լավագույն շահին և վկայակոչելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները, Դատավորը նշել է, որ վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա` Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ:
Միաժամանակ Դատավորը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը, Սահմանադրական դատարանի 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշումը, Վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 և 23.03.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործերով որոշումները, նշել է, որ որդեգրման հաստատման վերաբերյալ գործերով քննարկման առարկա է դառնում ըստ էության երկու տիպի իրավունքների պաշտպանության հարց, մասնավորապես երեխայի համար առաջանում է որդեգրվելու իրավունք, իսկ որդեգրողի համար` որդեգրման իրավունք, և իր գնահատմամբ, եթե երեխան մնացել է առանց ծնողական խնամքի, և նրա կենսաբանական ծնողները որոշակի գործողություններ կատարելով կամ անգործություն դրսևորելով հրաժարվում են երեխային խնամելուց, ապա երեխայի մոտ առաջանում է որդեգրվելու բացարձակ իրավունք, և այն նույնիսկ կասկածի տակ պետք է չդրվի:
Ըստ Դատավորի` որդեգրման գործերով էական խախտում կարող է համարվել, եթե երեխային հանձնեն որդեգրման իրավունք չունեցող անձին, և տվյալ պարագայում, այո, կարող է երեխայի իրավունքները խախտվել: Վերոնշյալի հաշվառմամբ ինքն առաջնորդվել է բացառապես երեխայի լավագույն շահերով, և այժմ էլ պնդում է, որ Երեխայի շահերից է բխել Հ.Բ.-կողմից որդեգրվելը, այլ ոչ թե` մանկատուն վերադառնալը:
Վերը նշվածի հաշվառմամբ Դատավորը հանգել է այն հետևության, որ Երեխայի շահերից է բխել ապրել ընտանիքում, այլ ոչ թե` մանկատանը, և նրա որևէ իրավունք չի խախտվել:
Անդրադառնալով որդեգրողի` տվյալ դեպքում Հ.Բ.-ի, իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտմանը` Դատավորը նշել է, որ իր կողմից բավարարվել է Հ.Բ.-ի դիմումը, ըստ Վճռի նա ձեռք է բերել երեխային որդեգրելու իրավունք, հետևաբար խոսել այն մասին, որ Դատարանի` դիմումը բավարարելու մասին Վճիռը կարող է խախտել Դիմումատուի իրավունքները, իրավաչափ չէ:
Դատավորը նշել է նաև, որ Երեխայի կենսաբանական ծնողը` Օ.Խ.-ն նույնպես որևէ բողոք, որևէ գանգատ չի ներկայացրել, և առհասարակ չի հետաքրքրվել Երեխայով, դատաքննության փուլում հաստատվել է, որ իր Երեխայի նկատմամբ շուրջ չորս տարի բացարձակապես դրսևորել է անտարբեր վերաբերմունք, որն էլ Դատարանը դիտել է որպես Երեխայից հրաժարում:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համար հնարավոր բացասական հետևանքների առաջացմանը` Դատավորը նշել է, որ հարց է առաջանում, թե վերջինիս որ իրավունքն է խախտվել, եթե Երևանի քաղաքապետարանը, ներգրավված լինելով գործի քննությանը, և ծանուցված լինելով դատական նիստերի վերաբերյալ, դիմումի վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել, ավելին, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ որդեգրման գործընթացն իրականացվել է գործող օրենքներին համապատասխան, և Երեխայի որդեգրումը բխումը Երեխայի լավագույն շահերից:
Ըստ Դատավորի` լիազորված մարմնի կողմից նշված միջնորդության մեջ իրեն ուղղված դատողությունները կրում են ընդհանուր բնույթի իրավական դատողություններ, որոնք կապված չեն քննարկվող գործի կոնկրետ հանգամանքներին: Ինքը կարծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործընթացում, այլ նաև դատական պրակտիկայում: Քննարկվող գործով ինքը` որպես դատարան, գնահատել է «երեխայի շահ» հասկացությունը` որպես համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք: Վճիռ կայացնելիս գնահատել է տվյալ գործում առկա կոնկրետ իրավիճակը` ելնելով տվյալ գործում առկա բոլոր փաստական հանգամանքների համալիր վերլուծությունից: Իր ներքին համոզմամբ փորձել է որպես դատարան բացահայտել Երեխայի լավագույն շահը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն դիմումատու Հ.Բ.-ի և որդեգրված երեխայի իրավունքների միջև: Հետևելով Սահմանադրական դատարանի 05.10.2020 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը` գտել է, որ որպես իրավական մեկնաբանողական սկզբունք տվյալ գործով Երեխային առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած նորմ մեկնաբանել է և կիրառել է վերջինիս համար լավագույն շահերի ապահովման նկատառումից: Իսկ պետությունը, ունենալով երեխային որդեգրման ցուցակում ներառելու պոզիտիվ պարտավորություն, ինչ-ինչ պատճառներով կոպտորեն խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները` զրկելով Երեխային հոգատար և լիարժեք ընտանիքում մեծանալու իրավունքից:
Վերը նշված պատճառաբանություններից ելնելով` Դատավորը Խորհրդին խնդրել է մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1. Դատարանի Քանաքեռ նստավայրում 19.04.2022 թվականին ստացվել է Դիմողի դիմումը, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` Երեխայի որդեգրումը հաստատելու պահանջի մասին:
4.2. Դիմողը խնդրել է հաստատել 00.00.0000 թվականին ծնված Երեխայի որդեգրումը Դիմողի կողմից` միաժամանակ միջնորդելով Երեխայի Վ. անունը փոխել Վ. անունով, Խ. ազգանունը` Բ. ազգանվամբ, ծննդյան վայր Երևանը` Վաղարշապատով, հայրանուն նշել Մ.: Խնդրել է նաև որպես Երեխայի ծնողներ գրառել` մայր նշումի դիմաց` Հ. Զ. Բ., իսկ հայր նշումի դիմաց` Մ. Ս. Ա.: Դիմումի փաստական հիմքերում դրվել է նաև այն հանգամանքը, որ Երեխայի կենսաբանական մայրը Երեխային ծննդաբերելուց հետո վերցրել է հիվանդանոցից, սակայն 13.09.2018 թվականին` 1 ամիս 13 օր հետո, Երեխային հանձնել է մանկատուն: Երեխային մանկատուն հանձնելուց հետո, ըստ մանկատան աշխատակիցների տված տեղեկատվության, 2020 թվականին Երեխայի կենսաբանական մայրը ընդամենը 2 անգամ է այցելել մանկատուն Երեխային տեսակցելու, այն էլ մինչև Դիմողի` Երեխայի խնամատար ծնող դառնալը: 23.12.2020 թվականից Դիմողը Երեխային տարել է տուն և այդ օրվանից մինչ դիմումը ներկայացնելու օրը Երեխան գտնվել է իր տանը, Երեխայի մայրը չի այցելել Երեխային և չի հետաքրքրվել Երեխայով: Երեխայի մայրը որևէ հարգելի պատճառ չի ներկայացրել պետական մարմիններ (այսինքն` անհարգելի պատճառով), թե ինչու չի այցելում իր Երեխային, և շուրջ 1 տարուց ավելի Երեխայի հետ համատեղ չի ապրում և խուսափում է նրան դաստիարակելուց ու պահելուց: Երեխայի հայրը անհայտ է: Նշել է նաև, որ Երեխայի մայրը Երեխային մանկատուն հանձնելիս նրանից չի հրաժարվել, այլ պատճառաբանել է, որ բավարար միջոցներ չունի նրան պահելու և խնամելու համար: Հիշատակվել է օրենսդրական կարգավորումն առ այն, որ եթե մայրը երեխային հանձնել է մանկատուն և շուրջ 1 տարի չի այցելել երեխային, չի զբաղվել նրա խնամքով և դաստիարակությամբ` նշվածը իրավունք է վերապահում պետական մարմիններին երեխային ներգրավել որդեգրման ցուցակի մեջ: Ըստ Դիմողի` ինքը փաստական, չգրանցված ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում Մ. Ա. հետ:
4.3. Դատարանը 28.04.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել Դիմումը` նախնական դատական նիստ նշանակելով 22.06.2022 թվականին (քաղաքացիական գործ` թիվ ԵԴ/18237/02/22):
4.4. Դատարանը 08.08.2022 թվականի վճռով Դիմումը բավարարել է և հաստատել է Հ. Զ. Բ.-ի կողմից Երեխայի որդեգրումը: Վճռել է Երեխայի տվյալները գրանցել հետևյալ կերպ. անուն` Վ., ազգանունը` Բ., հայրանունը` Մ., հայրը` Մ. Ս. Ա., մայրը` Հ. Զ. Բ., ծննդավայրը` ք. Վաղարշապատ:
4.5. Վճռի` «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր» բաժինը տեղեկություններ է պարունակում հետևյալ փաստաթղթերի (ապացույցների) վերաբերյալ. 1) 07.08.2018 թվականին տրված թիվ ԱԱ 000000 ծննդյան վկայական, 2) 16.12.2020 թվականին կնքված թիվ 19 խնամատարության պայմանագիր, 3) 16.12.2020 թվականին տրված թիվ 18 եզրակացություն, 4) Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ կողմից 23.12.2020 թվականին տրված էպիկրիզ, 5) 14.01.2021 թվականին տրված` Երեխային հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք, 6) 30.12.2021 թվականին կնքված թիվ 6 խնամատարության պայմանագիր, 7) «Երևանի Հ.59 Մ/Մանկապարտեզ» ՀՈԱԿ կողմից 07.04.2022 թվականին տրված տեղեկանք, 8) Երևանի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ կողմից 12.04.2022 թվականին տրված տեղեկանք, 9) Երևանի քաղաքապետարանի կողմից 11.03.2022 թվականին տրված թիվ 2 եզրակացություն, 10) Դիմողի աշխատավայրի և աշխատավարձի մասին 07.04.2022 թվականին տրված թիվ 483 տեղեկանք, 11) Դիմողի ծառայության վայրի վերաբերյալ 07.04.2022 թվականին տրված թիվ 514/629 տեղեկանք, 12) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28102020-01-0423 վկայական, 13) 18.07.2022 թվականի դատական նիստի ընթացքում վկա Մ. Ս. Ա. կողմից տրված ցուցմունք:
Սույն բաժնում Երեխայի կենտրոնացված հաշվառման և դրա արդյունքում կազմված համապատասխան տեղեկանքի վերաբերյալ որևէ նշում կատարված չէ:
4.6. Որպես Վճռի իրավական հիմնավորումներ` վկայակոչվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում, 113-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերում, 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 119-րդ հոդվածի «դ» ենթակետում, 123-րդ և 124-րդ հոդվածներում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմերը:
4.7. Վճռի պատճառաբանական մասը հետևյալն է. «Սույն գործով ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական են, իսկ դիմողի բնութագրերը և իրավասու մարմինների տված եզրակացությունները, ինչպես նաև գույքային վիճակի մասին հավաստող փաստաթղթերը հիմք են տալիս դատարանին ենթադրելու, որ որդեգրումը տվյալ դեպքում բխում է Երեխայի` լավագույն շահերից: Հետևաբար դատարանը փաստում է, որ որդեգրումը մերժելու հիմքեր առկա չեն, հետևաբար դիմումը ենթակա է բավարարման:»:
4.8. Վճիռը 08.08.2020 թվականին մտել է օրինական ուժի մեջ:
4.9. Վճռի դեմ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից 03.11.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ներառել է միջնորդություն վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ:
4.10. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (դատավորներ` Կարեն Չիլինգարյան, Լևոն Գրիգորյան, Նորա Կարապետյան) 30.11.2022 թվականին կայացվել է միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:
4.11. Վճռի դեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից 23.11.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:
4.12. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կարեն Չիլինգարյան, Լևոն Գրիգորյան, Նորա Կարապետյան) կողմից 07.12.2022 թվականին կայացվել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:
4.13. 12.12.2022 թվականի դրությամբ վերաքննիչ վարույթ հարուցված չի եղել:
4.14. Երևանի քաղաքապետի 10.10.2022 թվականի թիվ 01/102911-22 գրությունից հետևում է, որ Վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից այդ մասին կատարվել է պետական գրանցում, Երեխային տրվել է նոր ծննդյան վկայական: Նշված գրությամբ դիրքորոշում է հայտնվել առ այն, որ Վճռի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, այդ թվում` անչափահաս Երեխայի հաշվառված չի եղել որպես որդեգրման ենթակա երեխա, քանի որ առկա չի եղել 118-րդ կամ 119-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում,
5.2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով կատարված/ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման,
5.4. արդյո՞ք թիվ ԵԴ/18237/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով էական խախտում է, թե ոչ: կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի հաղորդումը, ինչպես նաև Արդարադատության նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում