ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 նոյեմբերի 2025 թվականի N 149-Ն
ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել ռևմատոլոգի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
20.11.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2025 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 149-Ն հրամանի
ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ռևմատոլոգը իրականացնում է մասնագիտական գործունեություն ռևմատոլոգիա մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Ռևմատոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ռևմատոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Ռևմատոլոգը կարող է կրթական ծրագրերի միջոցով ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Ռևմատոլոգը առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ռևմատոլոգ.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության ռևմատոլոգ.
3) Ռևմատոլոգիական և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ և հմտություններ. ռևմատոլոգը պետք է.
1) Տիրապետի և ճանաչի ընդհանուր թերապիայի, սրտաբանության, նեֆրոլոգիայի, թոքաբանության, իմունոլոգիայի, դերմատոլոգիայի, նյարդաբանության, ընդհանուր վիրաբուժության և օրթոպեդիայի ընդհանուր գիտելիքներին և կարողանա կատարել տարբերակիչ ախտորոշում նշված մասնագիտություններին վերաբերող համախտանիշների միջև.
2) Տիրապետի և ախտորոշի հոդերի բորբոքային և դեգեներատիվ, աուտոիմուն, աուտոբորբոքային, շարակցական հյուսվածքի համակարգային, ոսկրամկանային հիվանդությունների ախտորոշման և բուժման հիմնական սկզբունքներին` համաձայն միջազգային և Հայաստանի Հանրապետության ուղեցույցների և գործելակարգերի (M00 - M45, E85).
3) Կարողանա կիրառել հիվանդի հետազոտման օբյեկտիվ մեթոդները, հայտնաբերել հիվանդության ընդհանուր և սպեցիֆիկ նշանները.
4) Կարողանա ձևակերպել առողջապահության օրենսդրությամբ նախատեսված բժշկական փաստաթղթերը.
5) Տիրապետի ռևմատոլոգիական հիվանդությունների ֆարմակոթերապիայի հիմունքներին, դեղամիջոցների հիմնական խմբերի ֆարմակոդինամիկային և ֆարմակոկինետիկային, դեղորայքի օգտագործումից առաջացած բարդություններին, դրանց շտկման մեթոդներին.
6) Տիրապետի ոչ դեղորայքային թերապիայի, ֆիզիոթերապիայի, բուժական ֆիզկուլտուրայի հիմունքներին.
7) Կարողանա գնահատել արյան, մեզի, իմունոլոգիական և կենսաքիմիական, կոագուլոգրամայի ցուցանիշները.
8) Կարողանա վերլուծել հոդերի և ողնաշարի ճառագայթային, ուլտրաձայնային, էլեկտրոնեյրոգրաֆիկ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ), համակարգչային շերտագրություն (ՀՇ), էլեկտրասրտագրության (ԷՍԳ) հետազոտության տվյալները.
9) Կարողանա կազմել պացիենտի վարման տարբերակված պլանը` համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.
10) Տիրապետի աղետների բժշկության հիմնական գործնական հմտություններին:
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. ռևմատոլոգը պետք է`
1) Ունենա հատուկ հմտություններ գլյուկոկորտիկոստերոիդների, իմունոճնշիչ և կենսաբանական պրեպարատների կիրառման դեպքում հնարավոր կողմնակի ազդեցությունների վերացման և անվտանգ կիրառման համար.
2) Ունենա գիտելիքներ հիմնական ռևմատոլոգիական հիվանդությունների ախտանիշների ճանաչման, տարբերակիչ ախտորոշման, վերջնական ախտորոշման եզրահանգման և բուժման պլանի մշակման համար.
3) Տիրապետի հոդային և հարհոդային ներարկումների տեխնիկային.
4) Իրականացնի հոդերի օբյեկտիվ զննում, ֆունկցիոնալ վիճակի գնահատում.
5) Իրականացնի ողնաշարի օբյեկտիվ զննում, ֆունկցիոնալ թեսթերի վերծանում և ֆունկցիոնար վիճակի գնահատում:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Ռևմատոլոգը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ռևմատոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9. Տեխնիկական հմտություններ. ռևմատոլոգը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Ռևմատոլոգը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:
7. ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Ռևմատոլոգը իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել.
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար` բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Բժշկական միջամտություն |Կոմպետենտության |Կոմպետենտության|
| |աստիճան |մակարդակ |
|_______________________________|_____________________|_______________|
|1. Իրականացվող բոլոր բժշկական |Դիտորդ | 1 |
|միջամտությունների դիտորդ | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|2. Իրականացվող բոլոր բժշկական |Ոչ լիարժեք կամ | 2 |
|միջամտություններին հսկողության |մասնակի | |
|ներքո մասնակից կլինիկական |կոմպետենտություն | |
|օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|3. Իրականացվող բոլոր բժշկական |Լիարժեք | 3 |
|միջամտությունները հսկողության |կոմպետենտություն | |
|ներքո ինքնուրույն կատարող | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 24 նոյեմբերի 2025 թվական: