ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 դեկտեմբերի 2025 թվականի N 156-Ն
ԱՌԻԹՄՈԼՈԳԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել առիթմոլոգի և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
16.12.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2025 թվականի դեկտեմբերի 16-ի
թիվ 156-Ն հրամանի
ԱՌԻԹՄՈԼՈԳԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը իրականացնում է մասնագիտական գործունեություն առիթմոլոգիայի և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգիայի ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգ կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն (կլինիկական օրդինատուրա, կլինիկական ռեզիդենտուրա) սրտաբանություն մասնագիտությամբ, առիթմոլոգիա և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգիա նեղ մասնագիտացում և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգ.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգ.
3) Առիթմոլոգիական բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ և ունակություններ. առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է`
1) Տիրապետի ընդհանուր առիթմոլոգիայի դրույթներին.
2) Տիրապետի իմպլանտացվող սարքերի ծրագրավորման և բուն իմպլանտացիայի դրույթներին և հմտություններին.
3) Տիրապետի սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության դրույթներին.
4) Տիրապետի ռիթմի խանգարումների բուժման արդի մոտեցումներին, ինչպես դեղորայքային, այնպես էլ աբլացիայի հիմնական դրույթներին.
5) Կարողանա նախնական պատկերացում կազմել առիթմիայի տեսակի, դրա հետ կապված ռիսկերի և բուժման կամ կանխարգելման ժամանակակից մոտեցումների մասին.
6) Իմանա ռիթմավար սարքերի կառուցվածքն ու ֆունկցիաները, սարքերի ծրագրավորումը և տվյալների վերլուծությունը` հազվասրտությունների, իմպլանտացվող ռիթմավար սարքերի ուղեցուցային ցուցումների, սարքի տեսակի ընտրության տարբեր բրադիառիթմիաների դեպքում.
7) Իմանա պառոքսիզմալ հաճախասրտությունները, դրանց ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները ըստ ուղեցույցների.
8) Կատարի հաճախասրտությունների տարբերակիչ ախտորոշում էլեկտրասրտագրության, Հոլտեր հետազոտության, ինչպես նաև` էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության օգնությամբ: Կարողանա իրականացնել պառոքսիզմալ հաճախասրտությունների աբլացիա.
9) Իրականացնի փորոքային հաճախասրտությունների ախտորոշումը, ռիսկի գնահատումը, իմանա բուժման ժամանակակից մոտեցումները.
10) Վարի կարդիոմիոպաթիկ պացիենտներին, կարողանա վերլուծի կարդիովերտեր դեֆիբրիլյատորների ցուցումները, իրականացնի սարքի ծրագրավորում և դրանցից ստացված տվյալների վերլուծություն.
11) Տիրապետի սրտային հանկարծամահության կանխարգելման ժամանակակից մոտեցումներին բարձր ռիսկի պացիենտների մոտ.
12) Տիրապետի գենետիկ հիվանդություններով պայմանավորված առիթմիաներով, հատկապես, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաներով պացիենտների ժամանակակից ախտորոշման, բուժման և վարման մոտեցումներին.
13) Վարի սրտային անբավարարությամբ պացիենտներին: Կարողանա վերլուծել իմպլանտացվող սարքերից (սրտի ռեսինխրոնիզացնող թերապիայի, հաղորդիչ համակարգի խթանող ռիթմավարների) ստացված տվյալները.
14) Տիրապետի սինկոպեների ախտորոշման ու վարման ժամանակակից մոտեցումներին և կարողանա վերլուծել իմպլանտացվող շարունակական գրանցիչների ցուցումները, իրականացնի դրանց ծրագրավորում.
15) Տիրապետի նախասրտերի շողացմամբ պացիենտների վարման մոտեցումներին և բուժման ժամանակակից մեթոդներին, կարողանա վերլուծել թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման ցուցումները` թոքային երակների իզոլյացիայի դեպքում.
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է`
1) Իրականացնի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներ.
2) Տիրապետի բուժօգնության որակի և անվտանգության ցուցանիշներին.
3) Ճանաչի, ախտորոշի և համապատասխան բուժօգնություն տրամադրի տերմինալ իրավիճակներում.
4) Տրամադրի առաջին և շտապ բուժօգնություն անհետաձգելի վիճակներում.
5) Իմանա արտակարգ իրավիճակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, բուժտարհանման միջոցառումները.
6) Ունենա բժշկական փաստաթղթերի հետ աշխատանքի վարման հմտություններ:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9. Տեխնիկական հմտություններ. առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:
7. ԱՌԻԹՄՈԼՈԳԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Բժշկական միջամտություն |Կոմպետենտության |Կոմպետենտության|
| |աստիճան |մակարդակ |
|_______________________________|_____________________|_______________|
|1. Իրականացվող բոլոր բժշկական |Դիտորդ | 1 |
|միջամտությունների դիտորդ | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|2. Իրականացվող բոլոր բժշկական |Ոչ լիարժեք կամ | 2 |
|միջամտություններին հսկողության |մասնակի | |
|ներքո մասնակից կլինիկական |կոմպետենտություն | |
|օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|3. Իրականացվող բոլոր բժշկական |Լիարժեք | 3 |
|միջամտությունները հսկողության |կոմպետենտություն | |
|ներքո ինքնուրույն կատարող | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական: