ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
28 օգոստոսի 2024 թվականի N 348-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Սահմանել շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
8/28/2024 Հ. Սիմիդյան
Հավելված
շրջակա միջավայրի նախարարի
2024 թվականի օգոստոսի 28-ի
N 348-Ն հրամանի
ԿԱՆՈՆՆԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ
1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ` Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ` Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
2. Մետատվյալներն ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության կողմից` «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
3. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:
4. Մետատվյալներն ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
5. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:
6. Մետատվյալների բազան ստեղծվում և թարմացվում է էլեկտրոնային եղանակով` Նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76-Ն հրամանով սահմանված հավելվածի Ձևի:
7. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում:
8. Նախարարությունն օգտագործում է Մետատվյալներն իր լիազորություններն իրականացնելու համար, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը ոլորտի լիազոր մարմնին` կադաստրի կոմիտեին:
9. Նախարարությունը տարածական տվյալների ենթակառուցվածքների` ոլորտային գեոպորտալի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները.
1) որոնման ծառայություն,
2) դիտման ծառայություն,
3) ներբեռնման ծառայություն,
4) փոխակերպման ծառայություն,
5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:
10. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.
1) հիմնաբառ,
2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում,
3) աշխարհագրական դիրք (կոորդինատ),
4) որակի չափանիշ,
5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում,
6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում,
7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:
11. Ծառայությունները պետք է ունենան հանրային հասանելիություն` էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2024 թվական: