011.0218.191101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը նախնական քննարկելու և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:
i
2. Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետություն Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումների ժամանակ հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություններ այդ նախագծերի վերաբերյալ:
(2-րդ կետը խմբ. 05.03.02 Ն-259-2 որոշում)
3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելու աշխատանքներում իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետներ ու փորձագետներ:
4. Հանձնաժողովը ստեղծել հետևյալ կազմով` 3 պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորներից:
5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:
6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին առաջադրում են պատգամավորները` Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստացել է առավել ձայներ:
7. Հանձնաժողովը նախագահ է ընտրում իր կողմից` քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է մինչև չորս ամիս:
i
10. Հանձնաժողովն իր գործունեության ժամկետի ավարտին հաջորդող Ազգային ժողովի եռօրյա նիստում ներկայացնում է հաղորդում իր գործունեության արդյունքների մասին:
(10-րդ կետը խմբ. 05.03.02 Ն-259-2 որոշում)
Ստորագրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից
2001 թվականի նոյեմբերի 19-ին N Ն-218-2