ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 111-Ն
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան
2026 թ. սեպտեմբերի 11
ք. Երևան
Հավելված
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2026 թվականի սեպտեմբերի 11-ի
թիվ 111-Ն որոշման
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ
1. Սույն որոշմամբ սահմանվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները (այսուհետ նաև` Չափորոշիչներ):
2. Սույն որոշման նպատակն է ապահովել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի կիրառման իրավական որոշակիությունը, դրա միասնական, համաչափ և կանխատեսելի կիրառումը, ինչպես նաև նպաստել տեսալսողական մեդիայում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման կանխարգելմանը:
3. Սույն Չափորոշիչների կիրառման իմաստով
բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն է համարվում`` տեղեկատվություն, որն իր բովանդակությամբ, ներկայացման եղանակով, արտահայտչամիջոցներով և ընդհանուր համատեքստով պարունակում է ուղղվածություն ձևավորելու բռնության և դաժանության նկատմամբ դրական, ընդունելի, անհրաժեշտ, ընդօրինակման արժանի վերաբերմունք, և ուղղված է դրանց արդարացմանը, խրախուսմանը, հերոսացմանը, նորմալացմանը, ինչպես նաև բռնության և դաժանության կատարմանն ու կիրառմանը դրդելուն:
4. Տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության առկայությունը գնահատելիս կիրառվում են հետևյալ համակցված չափորոշիչները`
1) տեսալսողական հաղորդման ընդհանուր համատեքստը` գնահատվում է, թե հաղորդման ամբողջական բովանդակության և ներկայացման համատեքստում բռնության և դաժանության պատկերումը կամ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ինչպիսի իմաստային նշանակություն ունի, և արդյոք այն ներկայացվում է որպես արդարացվող, գովաբանվող, խրախուսվող, դրական գնահատականի արժանացած կամ ընդօրինակման արժանի, թե դատապարտման արժանի երևույթ.
2) տեսալսողական հաղորդման նպատակը` գնահատվում է, թե արդյոք հաղորդման նպատակն է տեղեկացնել, իրազեկել, կրթել, վերլուծել, քննարկել, փաստագրել կամ գեղարվեստական ձևով ներկայացնել որևէ երևույթ, թե ձևավորել բռնության և դաժանության նկատմամբ դրական վերաբերմունք, ինչպես նաև բռնության և դաժանության կատարմանը կամ կիրառմանը դրդելը.
3) տեղեկատվության ներկայացման եղանակը` գնահատվում է տեղեկատվության ներկայացման ձևը, ներառյալ` օգտագործված բառապաշարը, մոնտաժը, տեսողական և ձայնային արտահայտչամիջոցները, կադրերի ընտրությունը, կադրից դուրս հնչող տեքստը կամ խոսքը, կրկնվող ցուցադրումը, ինչպես նաև ներկայացման այլ միջոցները` պարզելու, թե արդյոք դրանք նպաստում են բռնության և դաժանության արդարացմանը, գովաբանմանը, խրախուսմանը, դրանց նկատմամբ դրական կամ ընդունելի վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև բռնության և դաժանության կատարմանը կամ կիրառմանը դրդելուն.
4) հեղինակի, հաղորդավարի կամ հաղորդման այլ մասնակցի արտահայտած դիրքորոշումը` գնահատվում է, թե արդյոք հաղորդման ընթացքում բռնության և դաժանության վերաբերյալ արտահայտվում են հավանություն, արդարացում, խրախուսում, հերոսացում և դրանք ներկայացվում են որպես ընդօրինակման կամ այլ դրական գնահատականի արժանի վարքագիծ: Գնահատվում է նաև հաղորդավարի կամ խմբագրակազմի արձագանքը նման հայտարարություններին.
5) տեսալսողական հաղորդման ընդհանուր ուղերձը և ազդեցությունը` գնահատվում է, թե հաղորդման ամբողջական ընկալման արդյունքում ինչ հիմնական գաղափար կամ վերաբերմունք է փոխանցվում լսարանին, և արդյոք տեսալսողական հաղորդման ընդհանուր ուղերձը, դրա բովանդակությունը և ներկայացման եղանակը ուղղված են բռնության և դաժանության նկատմամբ դրական, ընդունելի կամ ընդօրինակման արժանի վերաբերմունք ձևավորելուն կամ խրախուսելուն:
6) տեղեկատվության տարածման ձևաչափը` գնահատվում է տեղեկատվության ընդգծված ներկայացումը, դիտողի ուշադրությունը գրավելու նպատակով խոսքային, տեսողական և տեխնիկական շեշտադրումները:
5. Բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության առկայությունը գնահատվում է սույն չափորոշիչներով նախատեսված հանգամանքների համակցված գնահատման հիման վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները: Առանձին չափորոշչի առկայությունը կամ բացակայությունն ինքնին բավարար չէ տեղեկատվությունը բռնության և դաժանության քարոզ պարունակող գնահատելու համար: Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպքում գնահատում է բոլոր համապատասխան հանգամանքները` դրանց ամբողջության մեջ:
6. Բռնության և դաժանության պատկերումը, նկարագրությունը կամ փաստական ներկայացումը ինքնին չի համարվում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն, եթե դրա ներկայացման եղանակը, բովանդակությունը և համատեքստը չեն վկայում բռնության և դաժանության արդարացման, խրախուսման, հերոսացման, նորմալացման և դրանց կիրառման դրդման մասին:
Պաշտոնական հրապարակման օրը` 15 սեպտեմբերի 2026 թվական: