ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2026 թվականի N 249-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 261-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 21-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից բաժանորդներին մուտքային և ելքային զանգերի ու կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու մասին» N 261-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող` Կ. Սարգսյան
ք. Երևան
9 սեպտեմբերի 2026 թ.
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2026 թվականի սեպտեմբերի 9-ի
N 249-Ն որոշման
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
ԿԱՐԳ
1. Սույն կարգը սահմանում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելու ընթացակարգը:
2. Ամրակցված և (կամ) շարժական կապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (այսուհետ` Օպերատոր) բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հարցման դեպքում տրամադրում է հարցման պահին նախորդող` մինչև մեկ տարին ներառող` բաժանորդի կողմից հայցվող ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի, ինտերնետ օգտագործման ծավալների, տեքստային հաղորդագրությունների (SMS), միջազգային ռոումինգ ծառայությունների, երրորդ անձանց կողմից կամ համատեղ մատուցված, ինչպես նաև այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, եթե այդ ծառայությունները սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել:
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են հետևյալը.
1) մուտքային և ելքային զանգերի, տեքստային հաղորդագրությունների (SMS) հեռախոսահամարները,
2) մուտքային զանգերի և տեքստային հաղորդագրությունների (SMS) ստացման, ելքային զանգերի և տեքստային հաղորդագրությունների (SMS) կատարման (ուղարկման) ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, խոսակցությունների տևողությունները, ծառայությունների արժեքը,
3) ինտերնետ սեսիաների մեկնարկի ամսաթվերը, ժամերը, րոպեները, վայրկյանները, օգտագործված ծավալները, արժեքը (բացառությամբ սակագնային պլանով կամ փաթեթով մատուցվող` առանց օգտագործման ծավալի սահմանափակման ամրակցված կապի ինտերնետ հասանելիության ծառայությունների),
4) միջազգային ռոումինգ ծառայությունների դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկությունները` ըստ միջազգային ռոումինգի օպերատորի (առկայության դեպքում) և երկրի,
5) երրորդ անձանց կողմից կամ համատեղ մատուցված, ինչպես նաև այլ ծառայությունների դեպքում` այդ ծառայության անվանումը (առկայության դեպքում), արժեքը:
4. Օպերատորի իրավունքն է բաժանորդին տրամադրել մինչև մեկ տարին ներառող` բաժանորդի կողմից հայցվող ժամանակահատվածի համար սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունը, եթե Օպերատորի կողմից մատուցված ծառայությունները չեն սակագրվել և բաժանորդի համար ծառայության վճար չեն առաջացրել` պայմանով, որ այդ տեղեկությունները չտրամադրելու դեպքում նախապես դրա վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն կետում սահմանված տեղեկություններն առնվազն պարունակում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ` ծառայությունների արժեքների:
5. Սույն կարգով սահմանված տեղեկությունները տրամադրվում են բաժանորդի կողմից նախընտրելի` փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկությունները բաժանորդին տրամադրվում են անվճար` էլեկտրոնային փոստի և (կամ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքի և (կամ) շարժական բջջային հավելվածի միջոցով:
6. 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հարցման դեպքում` սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները Օպերատորի կողմից տրամադրվում են հայցվող ժամանակահատվածի համար, սկսած 2026 թվականի դեկտեմբերի 1-ից:
7. Սույն կարգով նախատեսված տեղեկությունների տրամադրման կարգի, պայմանների (ներառյալ` տեղեկությունների տրամադրման մերժման հիմքերը) և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ հետագայում` դրանց փոփոխությունները, մինչև դրանց ուժի մեջ մտնելը, հրապարակվում են Օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքում:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2026 թվական: