ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 ապրիլի 2022 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանով հաստատված`
i
1) հավելված 1-ի 1-ին կետում «Էլեկտրոնային դասամատյաններ» բառերից հետո լրացնել «, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ` հիմնադրի որոշմամբ» բառերը:
2) հավելված 2-ի 1-ին գլխում`
ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«6. Էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը կատարում է տվյալ օրվա` սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 3-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված գրանցումները` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դասամատյանում հաճախումների և գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ գրանցումների տեխնիկական և (կամ) բովանդակային անճշտությունները փոփոխելու կամ լրացնելու վերաբերյալ դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի առկայության դեպքի: Էլեկտրոնային դասամատյանում գրանցումների տեխնիկական և (կամ) բովանդակային անճշտությունները կարող են փոփոխվել կամ լրացվել ոչ ուշ, քան դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի ներկայացման օրվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Թեմատիկ (ըստ անհրաժեշտության` ամփոփիչ) գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման և բացակայությունների գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո գնահատականների և բացակայությունների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է: Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը: Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրվա սյունակում:»:
i
բ. 7-րդ կետում «դպրոցի տնօրենը» բառերից հետո լրացնել «, որը նաև կարող է կատարել սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 6-րդ կետում նշված գրանցումների փոփոխություն և լրացում» բառերը:
գ. լրացնել նոր` 9-րդ և 10-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
i
«9. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են վարել այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ` իրենց հայեցողությամբ` պահպանելով սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետները:
10. Ուսումնական պլանով նախատեսված առաջին և երկրորդ կիսամյակներն ավարտվելու օրվան հաջորդող 10-րդ օրը համակարգը ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ամփոփում է աշակերտների կիսամյակային և տարեկան գնահատականները, եթե մինչ այդ ուսուցչի կողմից տվյալ գործողությունը չի իրականացվել:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱՐԱՐ Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 11 ապրիլի 2022 թվական: