Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ...

 

02.08.2025 -

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2022 թվականի N 02-Ն

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը և 40.2-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները` համաձայն Հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ Հավելվածի 40-րդ կետի 3)-րդ ենթակետի դ. և ե. պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

 

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի 2022 թվականի

հունիսի 17-ի N 02-Ն որոշման

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները (այսուհետ` Կարգ) կարգավորում են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ` տարեկան հաշվետվություն) պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, սահմանում են աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները:

(1-ին կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

2. Պարտադիր աուդիտի (այսուհետ` աուդիտ) ենթակա կուսակցությունների ցանկը որոշվում է»Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի հիման վրա:

3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրությունն իրականացվում է բաց մրցույթով (այսուհետ` մրցույթ)` Օրենքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով և սույն որոշմամբ սահմանված Կարգով: Յուրաքանչյուր մրցույթ անցկացվում է առանձին ծածկագրի ներքո, որը կազմված է «Կուսակցության տարեկան հաշվետվության բաց մրցույթի ծածկագիր» բառերի հապավումից (ԿՏՀԲՄԾ), մրցույթի անցկացման տարեթվից և մրցույթի անցկացման հերթական համարից` ըստ մրցույթների անցկացման հերթականության:

4. Յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով անցկացվում է առանձին մրցույթ, որն իրականացվում է սույն Կարգին համապատասխան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) որոշմամբ մրցույթը կարող է անցկացվել նաև առանձին չափաբաժիններով` մրցույթ անցկացնելու վերաբերյալ մեկ հայտարարության մեջ ներառելով աուդիտի ենթակա երկու կամ ավելի կուսակցությունների վերաբերյալ տվյալներ: Յուրաքանչյուր չափաբաժին համարվում է առանձին մրցույթ, որի համար սահմանվում է առանձին ծածկագիր:

5. Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ աուդիտորական կազմակերպություն:

6. Մրցույթը չկայացած կամ անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ` Օրենքով,»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով և սույն որոշմամբ սահմանված Կարգով:

7. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: Աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից:

 

ԳԼՈՒԽ 2
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

8. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար անցկացվող բոլոր մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով Հանձնաժողովում ձևավորվում է մեկ միասնական Մրցութային հանձնաժողով, որի անհատական կազմը սահմանվում է Հանձնաժողովի նախագահի` Մրցութային հանձնաժողովի ձևավորման մասին հրամանով (այսուհետ` Հրաման):

9. Մրցութային հանձնաժողովը ձևավորվում է երեք անդամից:

10. Մրցութային հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև մյուս անդամները նշանակվում են Հրամանով:

11. Մրցութային հանձնաժողովը`

1) որոշում է յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության մրցույթի օրը,

2) օրինակելի ձևի (Ձև 1) հիման վրա հաստատում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթի մասին հայտարարությունը (այսուհետ` Հայտարարություն),

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

4) որոշում է մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացող կազմակերպություններին, ինչպես նաև` հրապարակային վիճակահանության արդյունքների հիման վրա` իր որոշմամբ, սահմանում է մրցույթի վերջնական հաղթողին,

5) մրցույթը հայտարարում է չկայացած,

6) իրականացնում է սույն Կարգով սահմանված այլ գործառույթներ:

(11-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

12. Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու նպատակով Հրամանով նշանակվում է Մրցութային հանձնաժողովի քարտուղար: Քարտուղարը Մրցութային հանձնաժողովի անդամ չէ:

13. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

14. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Մրցութային հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Մրցութային հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում և արձանագրվում են:

16. Մրցութային հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին, եթե Մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել այն աուդիտորական կազմակերպությունը`

1) որը հիմնադրված է Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից, կամ

2) որում Մրցութային հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն ունի բաժնեմաս (փայաբաժին), կամ

3) որը հիմնադրված է Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձի կողմից, կամ

4) որի գործադիր մարմնի ղեկավարը հանդիսանում է Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձ, կամ

5) որում Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձն ունի բաժնեմաս (փայաբաժին):

17. Սույն Կարգի իմաստով Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձինք են վերջինիս ամուսինը, զավակը, ամուսնու զավակը (այդ թվում` որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:

18. Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին չի կարող մասնակցել նաև Մրցութային հանձնաժողովի այն անդամը կամ քարտուղարը, որը Մրցութային հանձնաժողովի ձևավորմանը նախորդող երեք տարում աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատել կամ ծառայություններ է մատուցել մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած աուդիտորական կազմակերպությանը:

19. Սույն Կարգի 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո Մրցութային հանձնաժողովի` շահերի բախում ունեցող անդամը կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ մրցույթից: Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի ինքնաբացարկ հայտնելու դեպքում վերջիններիս փոխարեն նշանակվում է Մրցութային հանձնաժողովի նոր անդամ կամ քարտուղար սույն Կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:

20. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է աուդիտի ենթակա բոլոր կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրությանն ուղղված մրցույթների անցկացումից հետո` մրցույթի արդյունքում վերջին պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից:

 

ԳԼՈՒԽ 3
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները`

1) որոնք գրանցված են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի` աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում,

2) որոնց պատասխանատու աուդիտորը հանդիսանում է աուդիտոր «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով և ունի աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:

22. Աուդիտորական կազմակերպությունները մրցույթին կարող են մասնակցել նաև համատեղ գործունեության կարգով` համատեղ գործունեության պայմանագրի (կոնսորցիումի) հիման վրա:

(22-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

23. Կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի պատասխանատու աուդիտոր չի կարող հանդիսանալ այն անձը, որը`

1) հանդիսանում է որևէ կուսակցության անդամ, կամ

2) որևէ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կամ այլ ղեկավար մարմնի անդամ է եղել աուդիտը սկսելուն նախորդող երեք տարվա ընթացքում, կամ

3) այլ կարգավիճակով հաշվետու տարում մասնակցություն է ունեցել տվյալ կուսակցության ֆինանսական փաստաթղթերի կազմմանը կամ ստուգմանը (հաշվապահ, աուդիտոր և այլն), կամ

4) մրցութային առաջարկը ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի իմաստով որևէ նվիրատվություն է կատարել կուսակցությանը կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում` այդ դաշինքի) նախընտրական հիմնադրամին կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում` այդ դաշինքի) որևէ թեկնածուի նախընտրական հիմնադրամին, կամ

5) հաշվետու տարվան նախորդող երեք հաշվետու տարիներին անընդմեջ հանդիսացել է տվյալ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտորական առաջադրանքի պատասխանատու աուդիտորը:

24. Սույն Կարգի իմաստով «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր» է համարվում աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող աուդիտորը:

25. Սույն Կարգի իմաստով «աուդիտորական խումբ» է համարվում աուդիտորական կազմակերպության այն աշխատակիցների, ներառյալ` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող անձանց խումբը, որն անմիջականորեն ընդգրկված է կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման աշխատանքներում:

26. Սույն Կարգի իմաստով հաշվետու տարի է համարվում այն տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը, որի վերաբերյալ կուսակցությունը պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն` համաձայն Օրենքի 27-րդ հոդվածի:

 

ԳԼՈՒԽ 4
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

27. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն աուդիտորական կազմակերպությունները`

1) որոնք հանդիսանում են կուսակցության հետ փոխկապակցված անձ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի իմաստով, կամ

2) որոնք մրցութային առաջարկը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, կամ

3) որոնց գործադիր մարմնի ղեկավարը մրցութային առաջարկը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, կամ

4) որոնց պաշտոնատար անձանց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը մրցութային առաջարկը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի կամ դատական կարգով բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ և առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, կամ

5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների` գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, կամ

6) որոնք մրցութային առաջարկը ներկայացնելու օրվա դրությամբ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ներառվել են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, կամ

7) որոնք սույն Կարգի 30-րդ կետի համաձայն ներառվել են մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում, կամ

8) որոնք մրցութային առաջարկը ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի իմաստով որևէ նվիրատվություն են կատարել տվյալ կուսակցությանը կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում` այդ դաշինքի) նախընտրական հիմնադրամին կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում` այդ դաշինքի) որևէ թեկնածուի նախընտրական հիմնադրամին:

28. Մասնակիցը համարվում է մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում ներառված, եթե`

1) խախտել է մրցույթի շրջանակներում ստանձնած կամ պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է մրցույթին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը կամ մրցույթի կազմակերպչի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը, կամ

2) որպես մրցույթի վերջնական հաղթող հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

29. Մրցույթի մասնակիցը սույն Կարգով նախատեսված` մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ցուցակում ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

30. Մրցույթի մասնակիցը մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում ընդգրկվում է Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, իսկ Մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարած լինելու դեպքում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ: Սույն կետում նշված որոշումը կայացվում է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո` տասն օրվա ընթացքում:

31. Արգելվում է սույն Կարգով սահմանված փոխկապակցված իրավաբանական անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը մրցույթին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մասնակցում են համատեղ գործունեության կարգով:

 

ԳԼՈՒԽ 5
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Մրցութային հանձնաժողովի քարտուղարը սույն Կարգի Ձև 1-ի հիման վրա կազմում և Մրցութային հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հայտարարությունը:

33. Հանձնաժողովի կողմից որոշված աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի գինը (այսուհետ` պայմանագրի գին) ենթակա է ներառման Հայտարարության մեջ:

34. Պայմանագրի գնի որոշման համար կուսակցություններից ստացված` աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից տրամադրվում են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտական կառույցներին (այսուհետ` մասնագիտական կառույցներ)` վերջիններիս անդամակցող աուդիտորական կազմակերպություններից աուդիտի ենթակա յուրաքանչյուր կուսակցության համար գնային առաջարկներ ստանալու նպատակով:

35. Գնային առաջարկներ ստանալու համար սահմանվում է նվազագույնը 1 շաբաթյա ժամկետ:

36. Պայմանագրի գինը որոշվում է հիմք ընդունելով սահմանված ժամկետում աուդիտորական կազմակերպություններից ստացված գնային առաջարկների միջնարժեքը (մեդիանը), որը հավասար է ստացված գնառաջարկների` ըստ աճման կարգավորված շարքի հավասար մասերի բաժանման արդյունքում զույգ թվով շարքի դեպքում` 2 կենտրոնական արժեքների միջին թվաբանականին, իսկ կենտ թվով շարքի դեպքում` կենտրոնական արժեքին (կիսորդին):

37. Հայտարարությունը հաստատելուց հետո Հանձնաժողովն այն հրապարակում է իր պաշտոնական կայքէջում` միաժամանակ առաջարկելով մասնագիտական կառույցներին Մրցույթի մասին տեղեկացնել աուդիտորական կազմակերպություններին:

 

ԳԼՈՒԽ 6
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

38. Մրցութային առաջարկները ներկայացվում են ծրարով` գրավոր եղանակով` թղթային տարբերակով: Մրցութային առաջարկում ներառվող փաստաթղթերում առկա այն տվյալները, որոնք ներկայացվում են թվային արտահայտությամբ, գրվում են միաժամանակ թվերով և տառերով:

39. Մրցութային առաջարկը պարունակող ծրարի վրա նշվում են`

1) մրցույթի կազմակերպչի անվանումը և մրցութային առաջարկի ներկայացման հասցեն,

2) մրցույթի ծածկագիրը,

3) աուդիտորական կազմակերպության անվանումը, գործունեության վայրի հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

40. Մրցութային առաջարկի վերաբերյալ ծրարում ներառվում են.

1) սույն Կարգի Ձև 2-ին համապատասխան դիմում, որը ներառում է`

ա. աուդիտորական կազմակերպության գործունեության վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. սույն Կարգի Գլուխ 3-ով նախատեսված` աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջների համապատասխանության մասին փաստաթղթեր,

գ. հայտարարություն սույն Կարգի Գլուխ 4-ով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

դ. հայտարարություն` տվյալ մրցույթի շրջանակներում անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին,

ե. հայտարարություն` տվյալ մրցույթին իրեն` սույն Կարգով սահմանված` փոխկապակցված անձանց և (կամ) իր կողմից հիմնադրված և (կամ) ավելի քան հիսուն տոկոս իրեն պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցության բացակայության մասին,

զ. հայտարարություն` կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտն իրականացնող պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ընդգրկված այլ անձանց` սույն Կարգով սահմանված` աուդիտին մասնակցությունը բացառող հիմքերի բացակայության մասին,

է. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում` հղում մրցույթին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջին,

2) համատեղ գործունեության կարգով մրցույթին մասնակցության դեպքում` համատեղ գործունեության պայմանագրի պատճենը:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

(40-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

41. Աուդիտորական կազմակերպության կողմից ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվություն է կրում տվյալ աուդիտորական կազմակերպությունը:

42. Մրցութային առաջարկը ներկայացվում է մինչև Հայտարարությամբ նախատեսված վերջնաժամկետը: Փոստով ուղարկված առաջարկները համարվում են ժամկետում ստացված, եթե դրանք ստացվել են մինչև Հայտարարությամբ նախատեսված վերջնաժամկետը:

43. Համատեղ գործունեության պայմանագրի (կոնսորցիումի) կողմերը չեն կարող նույն մրցույթին մասնակցելու համար ներկայացնել առանձին մրցութային առաջարկներ:

44. Մրցութային առաջարկների ներկայացման ժամկետը հաշվարկվում է Հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից մինչև Հայտարարությամբ սահմանված վերջնաժամկետը:

45. Մրցույթի մասնակիցը կարող է փոփոխություններ կատարել մրցութային առաջարկում մինչև մրցութային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը:

46. Մրցութային առաջարկի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է սույն գլխով սահմանված կարգով` ծրարի վրա ավելացնելով «Մրցութային առաջարկի փոփոխում» բառերը:

47. Մրցույթի մասնակիցը կարող է հետ վերցնել մրցութային առաջարկը մինչև մրցութային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը:

48. Ներկայացված մրցութային առաջարկը վավեր է մինչև սույն որոշմամբ սահմանված կարգով պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից մրցութային առաջարկը հետ վերցնելը, մրցութային առաջարկը մերժելը կամ մրցույթը չկայացած հայտարարելը:

 

ԳԼՈՒԽ 7
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

 

49. Մրցութային առաջարկները բացվում են Հայտարարության մեջ նշված օրը, ժամին և վայրում` առաջարկների բացման նիստում: Առաջարկների բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին:

50. Մրցութային հանձնաժողովը մրցութային առաջարկների բացման նիստում ստուգում է մրցութային առաջարկների համապատասխանությունը սույն Կարգի 6-րդ Գլխով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում Մրցութային հանձնաժողովը կայացնում է որոշում` մրցութային առաջարկի անհամապատասխանության վերաբերյալ, որի մասին ծանուցում է մասնակցին էլեկտրոնային փոստի միջոցով` որոշման մեջ մանրամասն նշելով հայտնաբերված անհամապատասխանությունները, իսկ նիստը հետաձգվում է երկու աշխատանքային օրով` առաջարկելով մասնակցին մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում չի շտկում անհամապատասխանությունները և կրկին ներկայացնում այն, ապա մրցութային առաջարկը մերժվում է:

(50-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

51. Մրցութային առաջարկների վերադարձի դեպքում մասնակիցները Մրցութային հանձնաժողովի կողմից մատնանշված անհամապատասխանությունները շտկելիս չեն կարող ներկայացնել այնպիսի տեղեկություններ կամ փաստաթղթեր, որոնց բովանդակությունն էապես կհակասի նախորդիվ ներկայացված մրցութային առաջարկների բովանդակությանը: Մրցութային առաջարկների վերադարձի դեպքում մասնակիցներն իրավասու են, Մրցութային հանձնաժողովի կողմից նշված անհամապատասխանությունների շտկման պահանջին համապատասխան, շտկել տեխնիկական խնդիրները կամ Մրցութային առաջարկը լրացնել այնպիսի տեղեկություններով, որոնք նախապես առկա են եղել, սակայն չեն կցվել սկզբնական մրցութային առաջարկին:

(51-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

52. Մրցութային առաջարկների բացման նիստում Մրցութային հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված, հրապարակում է ներկայացված մրցութային առաջարկների քանակը և, հնարավորության դեպքում, դրանք ներկայացրած աուդիտորական կազմակերպություններին, բացման նիստում ի հայտ եկած հանգամանքներով վերադարձված մրցութային առաջարկների քանակը և, հնարավորության դեպքում, դրանք ներկայացրած աուդիտորական կազմակերպություններին, ինչպես նաև տեղեկություններ է ներկայացնում հետ վերցված մրցութային առաջարկների մասին:

53. Մինչև մրցութային առաջարկների բացման համար Մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված օրվա աշխատանքային ժամի ավարտը մրցութային առաջարկների բացումը չավարտվելու դեպքում նիստը կարող է ընդհատվել և շարունակվել հաջորդ աշխատանքային օրը (օրերին)` մինչև բոլոր մրցութային առաջարկների բացման ավարտը:

54. (54-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

55. Մրցութային առաջարկներ ներկայացրած աուդիտորական կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

56. (56-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

57. (57-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

58. (58-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

59. (59-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

60. (60-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

61. Մրցութային հանձնաժողովը կարող է պատճառաբանված որոշման դեպքում ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրանց մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նշված դեպքում համապատասխան նիստը մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող է հետաձգվել առավելագույնը երկու շաբաթով: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի մրցութային առաջարկը մերժվում է:

62. Մրցութային հանձնաժողովի կողմից որպես մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացող կազմակերպություններ ընտրվում են այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված տեղեկությունները համապատասխանում են սույն Կարգի 3-րդ Գլխով սահմանված պահանջներին:

(62-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

63. (63-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

64. Մրցույթի վերջնական հաղթողը որոշվում է հրապարակային վիճակահանության միջոցով:

65. Եթե Մրցույթին մասնակցել է մեկ մասնակից, որի մրցութային առաջարկը չի մերժվել, ապա տվյալ մասնակիցը Մրցութային հանձնաժողովի որոշմամբ ճանաչվում է վերջնական հաղթող:

(65-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

66. (66-րդ կետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 8
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

67. Մրցութային հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման համար ընտրված` մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացած կազմակերպությունների թվից վերջնական հաղթողին ընտրելու նպատակով անցկացվում է հրապարակային վիճակահանություն:

68. Բացի Մրցութային հանձնաժողովի անդամներից, քարտուղարից, վիճակահանությանը կարող են ներկա գտնվել վիճակահանությանը մասնակցող աուդիտորական կազմակերպությունների, կուսակցությունների առավելագույնը երկուական ներկայացուցիչներ, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (մեկ օպերատոր և մեկ լրագրող), հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:

(68-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

69. Վիճակահանությունն անցկացվում է Մրցութային հանձնաժողովի նիստում:

70. Մրցութային հանձնաժողովի նախագահը վիճակահանության նպատակով պատրաստում է վիճակահանությանը մասնակցող աուդիտորական կազմակերպությունների թվին հավասար քանակով և իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա նշվում է վիճակահանությանը մասնակցող մեկ աուդիտորական կազմակերպության անվանում:

71. Մրցութային հանձնաժողովի նախագահը բոլոր թերթիկները նույն եղանակով դասավորելուց հետո դրանք տեղավորում է վիճակահանության արկղի մեջ:

72. Մրցութային հանձնաժողովի քարտուղարը վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ և տալիս Մրցութային հանձնաժողովի նախագահին:

73. Մրցութային հանձնաժողովի նախագահը բացում է վիճակահանության արկղից դուրս բերված թերթիկը, բարձրաձայն ընթերցում թերթիկում նշված աուդիտորական կազմակերպության անվանումը և թերթիկը տեսանելի ձևով ցուցադրում Մրցութային հանձնաժողովի անդամներին, քարտուղարին և վիճակահանությանը ներկա գտնվող այլ անձանց:

74. Վիճակահանության արկղից դուրս բերված թերթիկում նշված աուդիտորական կազմակերպությունը համարվում է տվյալ մրցույթի վերջնական հաղթող:

74.1. Եթե վիճակահանության արդյունքում որևէ աուդիտորական կազմակերպություն վերջնական հաղթող է ճանաչվել հայտարարված մրցույթների կեսից ավելիի դեպքում, ապա տվյալ կազմակերպության անվանումը հանվում է հետագա վիճակահանությունների մասնակիցների ցանկից:

(74.1-ին կետը լրաց. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

75. Մրցույթի վերջնական հաղթողին որոշելուց հետո սույն Կարգի 72-74.1-ին կետերով սահմանված կարգով որոշվում են մրցույթի արդյունքում երկրորդ և հաջորդաբար մյուս տեղերը զբաղեցրած մասնակիցները (հաղթողները), որոնցից յուրաքանչյուրին պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացվում է միայն նախորդի հետ` սույն Կարգով սահմանված դեպքերում պայմանագիր չկնքվելու դեպքում:

(75-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

76. Վիճակահանության արդյունքում վերջնական հաղթողի և հաջորդաբար մյուս տեղերը զբաղեցրած մասնակիցների (հաղթողների) վերաբերյալ Մրցութային հանձնաժողովը կայացնում է որոշում:

77. Վիճակահանության արդյունքները Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից գրառվում են նիստի արձանագրության մեջ:

 

ԳԼՈՒԽ 9
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

78. Պայմանագիրը կնքվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման հիման վրա` սույն հավելվածի Ձև 5-ի օրինակով: Պայմանագիրը կնքվում է սույն Կարգի համաձայն հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպության կամ սույն Կարգի 65-րդ կետի համաձայն վերջնական հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ:

79. Հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված մասնակցին Հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կնքել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր:

80. Պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով` երկու օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված կազմակերպությանը:

81. Եթե հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպությունը պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը, ապա զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից:

82. Պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու կամ պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքերում պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացվում է վիճակահանության արդյունքում ընտրված հաջորդ աուդիտորական կազմակերպությանը:

83. Հանձնաժողովը պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքէջում հայտարարություն է հրապարակում պայմանագիր կնքելու մասին, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում տվյալ աուդիտորական կազմակերպության անվանման, գտնվելու վայրի, պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրի գնի մասին:

(83-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 10
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

84. Կուսակցությունների տարեկան հաշվետվության աուդիտն իրականացվում է Օրենքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով, այդ օրենքներին համապատասխան ընդունված իրավական ակտերով, սույն որոշմամբ, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:

85. Կուսակցությունների տարեկան հաշվետվության աուդիտի ընթացքում իրականացվում է կուսակցության տարեկան հաշվետվության արժանահավատության և Օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում: Մասնավորապես, ստուգվում է`

1) կուսակցության կողմից դրամական վճարումների` անկանխիկ եղանակով կատարված լինելու փաստը,

2) կուսակցությանն օրենքով սահմանված դրամական հատկացումների` անկանխիկ եղանակով կատարված լինելու փաստը,

3) կուսակցության մուտքի վճարների աղբյուրների համապատասխանությունն Օրենքին,

4) կուսակցության անդամավճարների աղբյուրների համապատասխանությունն Օրենքին,

5) կուսակցության օգտին կատարված նվիրատվությունների աղբյուրների համապատասխանությունն օրենքին,

6) Օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների բացակայությունը,

7) յուրաքանչյուր անդամավճարի` Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափի պահպանվածությունը,

8) յուրաքանչյուր նվիրատվության` Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում սահմանված չափը գերազանցող մասը Օրենքով սահմանված ժամկետում նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,

9) Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների ստացման դեպքում Օրենքով սահմանված ժամկետում նվիրատվությունը, իսկ բնեղենով նվիրատվության դեպքում` համարժեք դրամական գումարը` պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,

10) կուսակցությանը սեփականության իրավունքով անշարժ գույքի անհատույց փոխանցման (նվիրատվության) դեպքում տարեկան հաշվետվության մեջ նշված յուրաքանչյուր անշարժ գույքի շուկայական արժեքի արժանահավատությունը, իսկ շուկայական արժեքը նշված չլինելու կամ շուկայական արժեքից էականորեն ցածր նշված լինելու դեպքում գնահատվում է յուրաքանչյուր անշարժ գույքի` գործարքի պահին գործող շուկայական արժեքը,

11) կուսակցությանն անշարժ գույքը անհատույց օգտագործման հանձնելու դեպքում` տարեկան հաշվետվության մեջ նշված յուրաքանչյուր անշարժ գույքի օգտագործման հանձնելու (վարձակալության) շուկայական արժեքի արժանահավատությունը, իսկ շուկայական արժեքը նշված չլինելու կամ շուկայական արժեքից էականորեն ցածր նշված լինելու դեպքում գնահատվում է յուրաքանչյուր անշարժ գույքի օգտագործման հանձնելու (վարձակալության)` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ շուկայական արժեքը,

12) կուսակցությանը սեփականության իրավունքով անշարժ գույքի հատուցմամբ փոխանցման դեպքում տարեկան հաշվետվության մեջ նշված յուրաքանչյուր անշարժ գույքի` գործարքով սահմանված գնի արժանահավատությունը, իսկ գործարքի պահին գործող շուկայական արժեքից էականորեն ցածր նշված լինելու դեպքում գնահատվում է յուրաքանչյուր անշարժ գույքի` գործարքի պահին գործող շուկայական արժեքը,

13) գույքի տեսքով բնեղենով յուրաքանչյուր նվիրատվության` Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափի պահպանվածությունը,

14) գույքի տեսքով բնեղենով յուրաքանչյուր նվիրատվության` Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում սահմանված չափը գերազանցող մասին համարժեք դրամական գումարը նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,

15) Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից գույքի տեսքով բնեղենով նվիրատվությունների ստացման դեպքում` օրենքով սահմանված ժամկետում նվիրատվությունը կամ դրան համարժեք դրամական գումարը` պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,

16) մեկ ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը մեկ տարվա ընթացքում տրված մուտքի վճարի, անդամավճարի և նվիրատվության, ներառյալ` բնեղենով նվիրատվության ընդհանուր չափի` Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափի պահպանվածությունը,

17) կուսակցությանը տրված մուտքի վճարների, անդամավճարների և նվիրատվությունների, ներառյալ` բնեղենով նվիրատվությունների ընդհանուր չափի` Օրենքով սահմանված ընդհանուր տարեկան սահմանաչափին համապատասխանությունը,

18) կուսակցությանը տրված մուտքի վճարների, անդամավճարների և նվիրատվությունների, ներառյալ` բնեղենով նվիրատվությունների ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ Օրենքով սահմանված ընդհանուր տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում նվիրատվությունը կամ դրա գերազանցող մասը (բնեղենով նվիրատվության դեպքում` նվիրատվությունը կամ համարժեք դրամական գումարը) նվիրատուին կամ պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,

19) կուսակցության կողմից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,

20) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,

21) կոմունալ վճարների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,

22) ապրանքանյութական այլ արժեքների ձեռքբերման համար կատարված վճարումների արժանահավատությունը,

23) տրանսպորտային ծախսերի վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,

24) գործուղման ծախսերի վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,

25) տարեկան հաշվետվության մեջ նշված` կուսակցության այլ մուտքերի և ելքերի վերաբերյալ (քաղաքացիաիրավական այլ գործարքներ և այլն) տվյալների արժանահավատությունը:

86. Սույն Կարգի իմաստով բնեղենով նվիրատվություններ են համարվում Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված նվիրատվությունները:

87. Բնեղենով նվիրատվությունների սահմանաչափը գնահատելիս հիմք է ընդունվում բնեղենով նվիրատվության վերաբերյալ` կուսակցության տարեկան հաշվետվության մեջ նշված արժեքը, բացառությամբ` սույն Կարգի 88-89-րդ կետերով նախատեսված դեպքերի:

88. Սույն Կարգի 85-րդ կետի 10)-րդ և 12)-րդ ենթակետերով սահմանված դեպքերում անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելիս որպես շուկայական արժեք հիմք է ընդունվում տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքը:

89. Սույն Կարգի 85-րդ կետի 11)-րդ ենթակետով սահմանված դեպքում անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու շուկայական արժեքը որոշելիս, որպես շուկայական արժեք, հիմք է ընդունվում տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսը` հաշվարկված տարեկան կտրվածքով:

90. Աուդիտի շրջանակներում ստուգման ենթակա չէ Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված` կուսակցության օգտին աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման տեսքով բնեղենով նվիրատվությունների, ինչպես նաև Օրենքի 24-րդ հոդվածի 11-14-րդ մասերով նախատեսված` վարկային և բանկային ավանդի մասին պայմանագրերի պայմանների վերաբերյալ սահմանված պահանջների պահպանվածությունը:

 

ԳԼՈՒԽ 11
ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԵՎ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

91. Մրցութային հանձնաժողովը տվյալ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) ոչ մի մրցութային առաջարկ չի ներկայացվել,

2) ներկայացված բոլոր մրցութային առաջարկները մերժվել են,

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

4) մրցույթի մասնակիցները հրաժարվել են մրցույթին հետագա մասնակցությունից,

5) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակիցը հրաժարվել է պայմանագիր կնքելուց:

(91-րդ կետը փոփ. 30.07.2025 թիվ 03-Ն որոշում)

92. Մրցույթը չկայացած ճանաչելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտարարվում է նոր մրցույթ:

93. Նոր մրցույթի անցկացման դեպքում իրենց լիազորությունները շարունակում են իրականացնել Մրցութային հանձնաժողովը և նախորդ մրցույթի ընթացքում նշանակված քարտուղարը:

94. Նոր մրցույթն անցկացվում է սույն Կարգով սահմանված կարգով:

95. Նոր մրցույթ անցկացնելու դեպքում կարող է հաստատվել նոր Հայտարարություն:

96. Նոր մրցույթ անցկացվում է նաև հաղթող ճանաչելու մասին Մրցութային հանձնաժողովի կողմից կայացված որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում:

97. Մրցութային հանձնաժողովի կողմից Օրենքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով և սույն Կարգի խախտմամբ` հաղթող ճանաչելու մասին կայացված որոշումը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կոռուպցիայի կանխարգելման. հանձնաժողով
17.06.2022
N 02-Ն
Որոշում