040.0406.270416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2016 թվականի N 406-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 2015 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի 7-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) պատշաճ կերպով և ժամանակին իրականացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում տրամադրվող վարկի սպասարկումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել լիազոր կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի գծով ավանսային վճարումների համար անհրաժեշտ միջոցներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրած հայտի հիման վրա.
3) համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն` Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հաստատմանը ներկայացնել լիազոր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացվելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի օգոստոսի 31-ին ստորագրված համագործակցության հուշագրի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը.
2) Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների (այդ թվում` Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը` դրանցում արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ