Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱ ...

 

13.12.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-98-Ն-35

2023 թ.

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 4-ի

թիվ ԲԴԽ-98-Ն-35 որոշման

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների (այսուհետ` Դատարան) դատավորների ներքին աշխատանքային կարգապահության սույն կանոնները (այսուհետ` Կանոններ) կարգավորում են Դատարանի նախագահի և դատավորների (այսուհետ նաև` Դատավորներ) ներքին աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցերը:

2. Սույն Կանոնները Դատարանում ներքին աշխատանքային կարգապահությունը, այդ առումով Դատավորների իրավունքները, պարտականությունները, աշխատանքի և հանգստի ժամանակը, աշխատանքի պայմանների առանձնահատկությունները սահմանող և Դատարանի Դատավորների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմեր են, որոնք ուղղված են Դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, Դատավորների ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման, Դատավորների աշխատանքային կարգապահության ապահովմանը:

3. Կանոնները դասվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածով (2-րդ մասի 4-րդ կետ) նախատեսված` ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի կանոնների թվին, պարտադիր են Դատավորների համար: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումները կանոնները պարտադիր են նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ, ԴՐԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Հաշվի առնելով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների գործունեության առանձնահատկությունները, այդ թվում` պայմանավորված մասնագիտացումներով, Դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը` Դատարանի նախագահը Դատավորի հետ փոխադարձ համաձայնությամբ սույն գլխի 5-13-րդ կետերով սահմանված կանոնները կարող է փոփոխել` դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Բարձրագույն դատական խորհրդին (Բարձրագույն դատական խորհրդին փոխանցվող տեղեկատվությունը պետք է վերաբերի կայուն կամ պարբերական պայմանավորվածությունների): Միաժամանակ մատնանշված տեղեկատվությունը համապատասխանաբար իրենց վերաբերող մասով փոխանցվում է նաև Դատավորներին:

5. Դատարանում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ` երկուշաբթիից ուրբաթ: Հանգստյան օրերն են շաբաթը և կիրակին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերը:

6. Դատարանում աշխատանքային օրն սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում ժամը 18:00-ին (այսուհետ` Աշխատանքային ժամեր): Դատարանում աշխատանքային օրվա ընդմիջումն սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում ժամը 14:00-ին (այսուհետ` Ընդմիջման ժամ):

6.1. Սույն գլխի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով սահմանված կանոնները տարածվում են Դատավորների վրա այն դեպքում, երբ Դատավորի աշխատանքի չներկայանալու ժամերի ընդհանուր տևողությունը ամսվա ընթացքում գերազանցում է 40 ժամը: Նշված ժամկետում չեն հաշվարկվում սույն գլխի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերով, ինչպես նաև Դատավորի անաշխատունակության դեպքով պայմանավորված ժամանակահատվածը:

(6.1-ին կետը լրաց. 09.12.2024 ԲԴԽ-114-Ն-44 որոշում)

7. Դատարանի նախագահն իրավունք ունի փոխադարձ համաձայնությամբ հետաձգել առանձին Դատավորների աշխատանքային օրվա սկիզբը, ավարտը և Ընդմիջման ժամը` դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Բարձրագույն դատական խորհրդին (Բարձրագույն դատական խորհրդին փոխանցվող տեղեկատվությունը պետք է վերաբերի կայուն կամ պարբերական պայմանավորվածությունների): Միաժամանակ մատնանշված տեղեկատվությունը համապատասխանաբար իրենց վերաբերող մասով փոխանցվում է նաև Դատավորներին:

8. Ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակի մեջ:

9. Դատավորն Ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ:

10. Դատավորն աշխատանքային ժամերին աշխատանքից կարող է բացակայել ծառայողական նպատակներով:

11. Դատավորները, ովքեր իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա(ներ) և (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք), Դատարանի նախագահին նախապես գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղյակ պահելով` կարող են աշխատանքի ընթացքում բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ տևողությամբ, իսկ սույն կետով սահմանված ժամանակից ավել բացակայելու անհրաժեշտության դեպքում Դատավորները առաջնորդվում են 12-րդ կետի «3» ենթակետով նախատեսված կարգով:

12. Հարգելի են համարվում աշխատավայրից բացակայության այն դեպքերը, որոնք կապված են.

1) Դատավորի կողմից իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունները կատարելու, ծառայողական լիազորություններն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով` աշխատանքի վայրից դուրս այլ վայրեր մեկնելու հետ, որը կատարվում է Դատարանի նախագահին գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղյակ պահելով,

2) Դատավորի կողմից արտագնա դատական նիստերի անցկացման հետ,

3) Դատավորի անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի և այլ հարգելի պատճառների հետ` մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին Դատավորը գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացրել է Դատարանի նախագահին և ներկայացրել համապատասխան փաստաթուղթ (անաշխատունակության թերթիկ, բժշկի տեղեկանք, պատճառաբանված դիմում և այլն):

13. Խիստ անհրաժեշտության դեպքում Դատավորն աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից անձնական պատճառներով կարող է բացակայել միայն Դատարանի նախագահի իմացությամբ: Այս դեպքում դատավորը բացակայության անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորումները անհապաղ, իսկ անհնարինության պարագայում` առաջին իսկ հնարավորության դեպքում, գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է Դատարանի նախագահին:

14. Յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը Դատարանի նախագահին է փոխանցվում նախորդ ամսվա ընթացքում Դատավորների հաճախելիության վերաբերյալ տեղեկատվությունը: Միաժամանակ մատնանշված տեղեկատվությունը համապատասխանաբար իրենց վերաբերող մասով փոխանցվում է նաև Դատավորներին:

14.1. Սույն գլխի 6.1-ին կետով սահմանված հանգամանքն ի հայտ գալու դեպքում Դատարանի նախագահը գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է Դատավորին` վերջինիս աշխատանքի արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դատավորի նկատմամբ սույն գլխի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով սահմանված կանոնների տարածման վերաբերյալ` վեց ամիս ժամկետով:

(14.1-ին կետը լրաց. 09.12.2024 ԲԴԽ-114-Ն-44 որոշում)

15. Դատավորի` Դատարանի շենք մուտքն ու ելքն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ) համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված մագնիսական անցագրով (այսուհետ` Անցագիր):

16. Անցագրի միջոցով աշխատանքի վայր մուտքի և ելքի հստակ ժամանակը արձանագրվում է էլեկտրոնային համակարգում: Այն կարող է արձանագրվել նաև Դատարանի շենքում առկա տեսաձայնագրող սարքերի միջոցով: Այլ անձի միջոցով էլեկտրոնային համակարգում Դատավորի աշխատավայրում գտնվելու փաստի հավաստմանն ուղղված գործողություններն անթույլատրելի են:

17. Անցագիրը կորցնելու դեպքում Դատավորը դիմում է ներկայացնում Դատարանի նախագահին: Կորցրած Անցագրի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո` կորած Անցագիրն անմիջապես ապաակտիվացվում է, և 3-օրյա ժամկետում Դատավորին տրամադրվում է նոր Անցագիր:

18. Դատավորը գիտական և (կամ) մանկավարժական գործունեությամբ զբաղվելու, ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում` յուրաքանչյուր ուսումնական տարվա կամ համապատասխան կիսամյակի սկզբին Դատարանի նախագահին գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է դասավանդելու և (կամ) սովորելու ժամերի գրաֆիկը: ՈՒսումնական տարվա ընթացքում կատարվող փոփոխությունների մասին Դատավորը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում Դատարանի նախագահին ներկայացնել համապատասխան տեղեկանք: ՈՒսումնական հաստատությունում դասավանդող Դատավորն աշխատանքային ժամին աշխատանքի վայրից իրավունք ունի բացակայելու շաբաթական 8 ժամից ոչ ավելի: Սահմանված ժամանակից ավելի բացակայելու անհրաժեշտության դեպքում Դատավորը գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով դասավանդման գրաֆիկը համաձայնեցնում է Դատարանի նախագահի հետ:

18.1. Արդարադատության արդյունավետության շահից ելնելով` Դատավորը պարտադիր և լրացուցիչ վերապատրաստման դասընթացների առարկայական կուրսերին մասնակցությունը` գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով, համաձայնեցնում է Դատարանի նախագահի հետ: Պարտադիր և լրացուցիչ վերապատրաստման դասընթացների օրերի և ժամերի հետ Դատարանի նախագահի անհամաձայնության դեպքում` Դատավորն այդ դասընթացները տարաժամկետում է` Արդարադատության ակադեմիա դիմելու միջոցով:

(18.1-ին կետը լրաց. 13.05.2024 ԲԴԽ-51-Ն-22 որոշում)

19. Դատարանի շենք մուտքն ու ելքն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով սահմանված կարգով:

20. Դատավորները պարտավոր են աշխատանքի ներկայանալ դատավորի պաշտոնին հարիր հագուստով:

21. Դատարանի բնական գործունեությունն ապահովելու նպատակով Դատարանի նախագահը, առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ, 33-րդ և 58-րդ հոդվածներով, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի «Դատավորին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-23 որոշմամբ, դատավորների հետ քննարկում է ամենամյա արձակուրդների ժամանակացույցը և հաստատում այն:

22. Հերթական և ուսումնական արձակուրդների համընկնման դեպքում, Դատավորի նախաձեռնությամբ և Դատարանի նախագահի համաձայնությամբ, հերթական արձակուրդը կարող է տեղափոխվել այլ ժամանակ:

23. Դատական նիստերի յուրաքանչյուր դահլիճ Դատավորի հերթական և ուսումնական արձակուրդների կամ այլ բացակայությունների դեպքում, այդ թվում` դատական նիստերից ազատ լինելու դեպքում, ցանկացած պահի կարող է օգտագործվել Դատարանի յուրաքանչյուր Դատավորի կողմից (նշվածը վերաբերում է նաև դատական նիստերի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների օգտագործմանը):

 

ԳԼՈՒԽ 3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

24. Դատավորը պարտավոր է նաև.

1) Խնամքով վերաբերվել աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով հատկացված տեխնիկական և այլ միջոցներին, բարեխիղճ և նպատակային օգտագործել դրանք,

2) աշխատանքի վայրում պահպանել էլեկտրատեխնիկայի, էլեկտրաէներգիայի օգտագործման, հակահրդեհային պաշտպանության կանոնների պահանջները:

25. Դատավորն իրավունք չունի.

1) Աշխատանքային ժամերին զբաղվել իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականություններին և ծառայողական լիազորություններին չառնչվող գործունեությամբ,

2) այլ աշխատանքի կամ այլ նստավայր տեղափոխվելիս` ծառայողական նպատակներով իրեն հատկացված որևէ գույք և /կամ/ միջոց (աշխատասենյակ, դատական նիստերի դահլիճ, համակարգիչ և այլն) սեփական հայեցողությամբ հանձնել մեկ այլ դատավորի,

3) խոչընդոտել այլ դատավորի կողմից դատական նիստերի դահլիճների, ինչպես նաև դատական նիստերի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների օգտագործմանը:

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 4 դեկտեմբերի 2023 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
04.12.2023
N ԲԴԽ-98-Ն-35
Որոշում