Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 25...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 25-ՐԴ, 126-ՐԴ, 127-ՐԴ, 358-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                 ԱՐԴ1/0072/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ1/0072/01/17

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան  

                       Ս. Մարաբյան

                        

           ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև

                            Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի մայիսի 21-ին                        ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Էմիլ Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի մարտի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 57106916 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 17-ի որոշումներով Էմիլ Հովհաննեսի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նույն օրն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Է.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 28-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալ Է.Հովհաննիսյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

2017 թվականի հունիսի 9-ին Է.Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 9-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Նույն օրն Է.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Է.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը վերահաստատվել է` կալանավորման ժամկետի սկիզբը հաշվելով 2017 թվականի հունիսի 9-ից:

2017 թվականի նոյեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի դատավճռով ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը վերաորակվել է, վերջինս մեղավոր է ճանաչվել նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ` ամբաստանյալ Է.Հովհաննիսյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից: Ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է և վերջինս ազատվել է կալանքից դատական նիստերի դահլիճում:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մարտի 17-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Էմիլ Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(...) 2016 թվականի մարտի 7-ին` ժամը 16:03-ին, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Կամրջի տակ» հասցեում գործող «Սուսաննա Քեյան» ԱՁ-ին պատկանող մթերային խանութի դիմաց իր ընկեր Սուրեն Աղասու Աթաբեկյանի կողմից խուլիգանություն կատարելու պատճառով նշված գյուղի բնակիչներ, հայր և որդի Արմեն Վարդանի Պետրոսյանի և Վարդան Արմենի Պետրոսյանի հետ առաջացած վիճաբանության ժամանակ միջամտել է կռվին, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկական հարվածներ հասցրել Վ.Պետրոսյանի և Ա.Պետրոսյանի կրծքավանդակների ձախ կեսի կողմնային հատվածներին` պատճառելով վերջիններիս առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող»(1):

 

___________________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 373-381:

 

6. Տուժող Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ շարժական հեռախոսակապի հաշիվը վերալիցքավորելու նպատակով բնակության վայրի հարևանությամբ գտնվող խանութ գնալու ճանապարհին նկատել է միմյանց հետ վիճաբանող երեք անձանց, բայց քանի որ վերջիններս անծանոթ էին, շարունակել է ճանապարհը: Հաշիվը վերալիցքավորելուց հետո դուրս է եկել խանութից` շարժվելով դեպի բնակության վայր: Ճանապարհին կարճ խոսակցություն է ունեցել այդ անձանց հետ, որից հետո կրկին շարունակել է իր ճանապարհը, սակայն քիչ անց նրանցից մեկը մոտեցել է իրեն, խոսակցության ընթացքում սկսել են քաշքշել միմյանց, այնուհետև մոտեցել են ևս երկուսը, ու սկսվել է ծեծկռտուք, խառնաշփոթ, մարդիկ են հավաքվել: Ծեծկռտուքի ընթացքում նկատել է, որ ճանապարհի հակառակ կողմից վազելով իրենց է մոտենում մի տղա` ձեռքում ինչ-որ առարկա պահած, որով հարվածել է իր մարմնի ձախ կողմնային մասին: Դրանից հետո տեսել է, որ հայրը` Ա.Պետրոսյանը, նույնպես վնասվածք է ստացել, իսկ այդ երիտասարդը վազելով անցել է փողոցը: Դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսանյութը դիտելուց հետո հայտնել է, որ իրեն և Ա.Պետրոսյանին մարմնական վնասվածք պատճառողն իրենց հետ վիճաբանող երեք անձանցից չէր, այլ դիմացի մայթից դեպի իրենց վազող տղամարդը(2):

 

___________________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 76-78, հատոր 2, թերթեր 49-50, 58-59:

 

7. Տուժող Արմեն Պետրոսյանը, ըստ էության, ցուցմունք է տվել այն մասին, որ որդու` Վ.Պետրոսյանի տնից դուրս գալուց քիչ անց վիճաբանության ձայներ է լսել, անմիջապես դուրս է եկել տնից և տեսել, որ երեք երիտասարդ վիճաբանում են Վ.Պետրոսյանի հետ, մոտեցել է նրանց, որպեսզի դադարեցնի վիճաբանությունը: Այդ ընթացքում սկսվել է խառնաշփոթ, մարդիկ են հավաքվել, երթևեկությունը կաթվածահար է եղել: Վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված իր գործողությունների ընթացքում նկատել է, որ կրծքավանդակի ձախ հատվածից արյուն է հոսում, այնուհետև տեսել է Վ.Պետրոսյանին` ձախ կողքը բռնած վիճակում, մոտեցել և բարձրացրել է նրան: Իրողությունը գնահատելով` հասկացել է, որ վիճաբանության ընթացքում իրենց դանակահարել են: Դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսանյութը դիտելուց հետո հայտնել է, որ իրեն և Վ.Պետրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառողը բուն վիճաբանության մասնակիցներից չէ, այլ դիմացի մայթից վազելով մոտեցող երիտասարդը(3):

 

___________________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 82-83, հատոր 2, թերթեր 47-48, 57:

 

8. Դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրության և այն զննելու մասին արձանագրության համաձայն` «(...) [Տեսագրության`] ժամը 16:01-ին երևում է խանութից քիչ հեռու հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր աստիճանաբար մոտենում են խանութին և վիճաբանում միմյանց հետ, իսկ նրանցից երկուսը հեռվանում են և չեն երևում կադրում: Խանութի դիմացի հատվածից քայլելով` վիճաբանող տղաներին է մոտենում մի երիտասարդ և կանգնում նրանց մոտ, իսկ ժամը 16:03-ին այդ երկու երիտասարդները հետ են վերադառնում, իսկ նրանցից սև բաճկոնով երիտասարդն արագ քայլելով է մոտենում` ագրեսիվ պահվածքով, և մոտենալուն պես հրում և քաշքշում է այդ հավաքված տղաներից մեկին: Դրանից հետո մոտենում են այլ անձինք, և շուրջ 9 անձ քաշքշում և հարվածում են միմյանց, իսկ ժամը 16:03.46 վայրկյանին ճանապարհի մյուս մայթից մի բարձրահասակ, նիհարավուն կազմվածքով երիտասարդ վազքով մոտենում է վիճաբանող անձանց և ձեռքով հարվածում է նրանցից մեկին, իսկ հետո հարվածում է երկրորդ անձի կողային հատվածին, ով քաշում է նրա թևերից, հետո նրանցից մեկը փորձում է ոտքով հարվածել փողոցը անցած երիտասարդին, ով հետ-հետ գնալուց հետո փորձում է բարձրացնել գետնին ընկած երիտասարդին, իսկ հետո կրկին անցնում է փողոցը: (...)»(4):

 

___________________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 317-318, հատոր 5, դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունը պարունակող լազերային կրիչը, թերթ 72:

 

9. Դատաբժշկական փորձաքննության թիվ 48/հ եզրակացության համաձայն` «(...) Ա.Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի միջին անութափոսային գծով 7-8-րդ միջկողային տարածության, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների, կտրած-ծակած թափանցող վերքի, ձախ թոքի ստորին բլթի վնասման հեմոպնևմոթորաքսի ձևով, պատճառվել է կտրող-ծակող գործիքով, ինչպիսին կարող է լինել և դանակը, հնարավոր է նշված ժամկետում և պատճառվել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող»(5):

 

___________________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 229-230:

 

9.1. Դատաբժշկական փորձաքննության թիվ 49/հ եզրակացության համաձայն` «(...) Վ.Պետրոսյանի ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի միջին անութափոսային գծով 10-րդ կողի մակարդակի ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների կոմբինացված կրծքավանդակի և որովայնի խոռոչներ թափանցող կտրած-ծակած վերքի, ձախ թոքի ստորին բլթի ստոծանու և փայծաղի վնասման ներքին արյունահոսության ձևով, պատճառվել է կտրող-ծակող գործիքով, ինչպիսին կարող է լինել և դանակը, հնարավոր է նշված ժամկետում և պատճառվել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող»(6):

 

___________________________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 231-232:

 

10. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Պատշաճ իրավական ընթացակարգի պահպանմամբ, գնահատելով քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցները, այդպիսիք համադրելով միմյանց հետ, դիտարկելով` վերաբերելիության և թույլատրելիության տեսանկյունից, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ Է.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը ենթակա է որակման ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործի քննությամբ ապացուցված է այն, որ Է.Հովհաննիսյանը նպատակ և դիտավորություն չի ունեցել ծանր մարմնական վնասվածքներ հասցնել որևէ անձի, տվյալ դեպքում` հայր և որդի Պետրոսյաններին: (...) Իրական և առարկայական է այն, որ դեպքի օրը Է.Հովհաննիսյանը դանակով հարվածել և վնասվածք է պատճառել մեկ անձի, այլ ոչ` երկու անձանց: Նշված հանգամանքն ընդունում և հաստատում է ամբաստանյալը: Մեկից ավելի անձանց դիտավորությամբ դանակի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու Է.Հովհաննիսյանի դիտավորությունն ապացուցված չէ (...)»(7):

 

___________________________________

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 125-132:

 

11. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերված թույլատրելի և վերաբերելի ապացույցների հետազոտությունը թույլ է տալիս համաձայնելու Առաջին ատյանի դատարանի եզրահանգմանն առ այն, որ ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, մինչդեռ երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ բավարար ապացույցներ, ըստ էության, ձեռք չեն բերվել:

Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն գործով առկա փաստական տվյալներից բխում է հետևյալը.

- Է.Հովհաննիսյանի կողմից վիճաբանությանը միջամտելու և տուժողներից մեկին հարվածելու վերաբերյալ տվյալներ, ըստ էության, առկա են հենց ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքներում, որոնցով վերջինը նշել է, որ Ս.Աթաբեկյանին օգնելու նպատակով միջամտել է ընկերների մասնակցությամբ կատարվող վիճաբանությանը և դանակով մեկ անգամ հարվածել վիճաբանությանը մասնակցած անձանցից մեկին, ում չի ճանաչել:

- Համաձայն վկա Ա.Գասպարյանի ցուցմունքների` ամբաստանյալ Է.Հովհաննիսյանը մեքենայում գտնվելու ընթացքում նշել է` «էն մեկին խփեցի, տեսնես ի՞նչ եղավ»:

- Տուժողների կողմից չի մատնանշվել վիճաբանության ընթացքում իրենց մարմնական վնասվածք պատճառող անձի վերաբերյալ որևէ տվյալ: Մասնավորապես` տուժող Վ.Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նկատել է, որ ճանապարհի հակառակ կողմից մի տղա վազքով մոտեցել է իրենց, այնուհետև չի հիշել, թե որ ձեռքով ինչ-որ բան պահած հարվածել է իր ձախ կողային մասին: Առաջին ատյանի դատարան ուղարկված դիմումով նշել է, որ չգիտի, թե ով է իրեն մարմնական վնասվածք պատճառել և որևէ անձի չի կարող մատնանշել: Տուժող Ա.Պետրոսյանը հայտնել է, որ չի տեսել իրեն դանակահարած անձին, ինչպես նաև Առաջին ատյանի դատարան է ուղարկել նույնաբովանդակ դիմում առ այն, որ չի կարող մատնանշել հիշյալ անձին:

- Գործով ձեռքբերված այլ ապացույցներով, այդ թվում նաև վկաներ Հ.Այվազյանի, Ս.Հակոբյանի և Գ.Խոջոյանի ցուցմունքներով հիմնավորվում է միայն ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից փողոցն անցնելու և վիճաբանությանը միջամտելու հանգամանքը:

- Դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսանկարահանող սարքի զննության արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի երիտասարդ անցնում է փողոցը, մոտենում է վիճաբանող և կռիվ անող երիտասարդներին, հարվածում է նրանցից մեկին և կրկին անցնում փողոցը, մինչդեռ այլ անձի դանակով հարվածելու վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերը նշված ապացույցների համակցությունը թույլ է տալիս հիմնավորված համարել ամբաստանյալ Էմիլ Հովհաննիսյանի` վիճաբանության ընթացքում փողոցը հատած երիտասարդը լինելու և տուժողներից մեկին դանակով հարվածելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև Առաջին ատյանի դատարանի կողմից իրավացիորեն նշվել է, որ ամբաստանյալ Էմիլ Հովհաննիսյանի արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն չի նշվել, թե ամբաստանյալի կողմից ըստ էության ում առողջությանն է դիտավորությամբ պատճառվել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Վերաքննիչ դատարանն այս հարցի կապակցությամբ հարկ է համարում նշել, որ առկա ապացույցների, մասնավորապես, տուժող Վարդան Պետրոսյանի և դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսանկարահանող սարքի զննության արձանագրության համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից դանակի հարվածն ուղղված է եղել Վ.Պետրոսյանին, որի արդյունքում էլ վերջինի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (դատաբժշկական փորձաքննության թիվ 49/հ եզրակացություն): Ամբաստանյալի գործողությունները եղել են նպատակամղված և կոնկրետ, այսինքն` սույն դեպքում ամբաստանյալը գիտակցել է իր գործողությունների` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և ցանկացել դրանք, որպիսի հանգամանքը հաստատվում է նաև վերջինիս ցուցմունքներով:

(...)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից մյուս տուժողին` Ա.Պետրոսյանին դանակով հարվածելու վերաբերյալ տվյալներ քրեական գործով ձեռք չեն բերվել, ուստի ամբաստանյալին այդ մասով առաջադրված մեղադրանքը` որպես հանցակազմի հատկանիշների դատավարական արտահայտություն, սույն դեպքում հիմնավորված չէ:

Այս առումով Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել նաև վկա Ս.Աթաբեկյանի ցուցմունքներին այն մասին, որ ամբաստանյալն է իրեն բարձրացրել գետնից, ինչպես նաև ինչ-որ մեկի մոտ նկատել է դանակ, որի մասին զգուշացրել է նաև ամբաստանյալին, այսինքն Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վկայի ցուցմունքներով հիմնավորվում է վիճաբանությանը մասնակցող որևէ անձի երկրորդ դանակի առկայությունը: Հիշյալի կապակցությամբ նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ամբաստանյալ Է.Հովհաննիսյանը: Բացի այդ, Ս.Աթաբեկյանի բաճկոնի թևի մասում առկա է եղել պատռվածք, որը, ըստ դատահետքաբանական փորձաքննության թիվ 16-0621 եզրակացության, առաջացել է արտացցված եզր ունեցող առարկայի հետ փոխազդեցության մեջ մտնելու հետևանքով, ինչը ևս վկայում է վկայի ցուցմունքների արժանահավատ լինելու մասին: Վերը նշված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում մեղադրողի վերաքննիչ բողոքի պատճառաբանություններն այն մասին, որ վկայի ցուցմունքները պայմանավորված են ամբաստանյալին օգնելու ցանկությամբ և արժանահավատ չեն կարող համարվել»(8):

 

___________________________________

8) Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 84-112:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելով, թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

12.1. Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են գործում առկա դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունը և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի` դեպքի վայրի զննության ժամանակ առգրավված տեսագրության զննությամբ հստակ երևում է, որ 2016 թվականի մարտի 7-ին` ժամը 16:03:47 վայրկյանին, ամբաստանյալ Է.Հովհաննիսյանը, փողոցն անցնելով, վազելով մոտենում է Ս.Աթաբեկյանին հարվածող տուժող Վ.Պետրոսյանին և աջ ձեռքով շարժում անում դեպի վերջինս, ապա անմիջապես հաջորդ ակնթարթում` 16:03:48-րդ վայրկյանին, պտտվելով կրկին աջ ձեռքով հարվածանման շարժում է կատարում անմիջապես իր կողքը գտնվող մյուս տուժող Ա.Պետրոսյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային հատվածի ուղղությամբ: Նույն տեսանյութից ակնհայտ է, որ տուժող Ա.Պետրոսյանը տեղի ունեցած վիճաբանությանը որևէ մասնակցություն չի ունեցել, մինչև Է.Հովհաննիսյանի մոտենալն Ա.Պետրոսյանին որևէ մեկը չի հարվածել:

12.2. Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության թիվ 48/հ եզրակացությամբ արձանագրված` տուժող Ա.Պետրոսյանի մարմնական վնասվածքի տեղակայումը համընկնում է տեսանյութում արտացոլված պատկերի հետ:

12.3. Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակն ընդգծել է, որ ստորադաս դատարանները տեսանյութում ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից տուժող Ա.Պետրոսյանին հարվածելու պահն ավելի ակնհայտ երևալու պայմաններում հաստատված են համարել միայն տուժող Վ.Պետրոսյանին հարվածելու հանգամանքը:

12.4. Բողոքի հեղինակը նաև փաստել է, որ ստորադաս դատարաններն իրենց դատողությունները կառուցել են միմյանց հակասող ցուցմունքների վրա: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի` վկա Ս.Աթաբեկյանի` վիճաբանությանը մասնակցող ինչ-որ անձի մոտ դանակ տեսնելու վերաբերյալ ցուցմունքի արժանահավատության հարցում ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրահանգման: Որպես հիմնավորում` բողոքաբերը նշել է, որ վկա Ս.Աթաբեկյանը և ամբաստանյալ Է.Հովհաննիսյանն ընկերներ են, վիճաբանությունն առաջացել է Ս.Աթաբեկյանի պատճառով, հետևաբար, դեպքից շուրջ երկու տարի անց ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին հայտնաբերելուց հետո վերջինիս հետ առերեսվելու ժամանակ վիճաբանությանը մասնակցող ինչ-որ անձի մոտ դանակ տեսնելու հանգամանքի մասին նրա կողմից հայտնելը ընկերոջը` ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին ամեն գնով օգնելու նպատակ է հետապնդում, և որևէ այլ ապացույցով չի հաստատվում:

12.5. Բացի այդ, ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանների կողմից անտեսվել և պատշաճ գնահատականի չի արժանացել տուժողների կողմից որպես իրենց մարմնական վնասվածքներ պատճառած անձ ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին մատնանշելու հանգամանքը:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ քրեական գործում առկա դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունը և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև տուժողների ցուցմունքները միմյանց հետ համադրելու, վերլուծելու և գնահատելու արդյունքում ապացուցվում է ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին մեղսագրված հանցանքը:

13. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը սահմանում է. «1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռքբերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

15.1. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ` յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով(9):

 

___________________________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

 

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

16.1. Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստի և դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին(10):

 

___________________________________

10) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 և Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:

 

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի մարտի 7-ին միջամտելով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Կամրջի տակ» հասցեում գործող մթերային խանութի դիմաց իր ընկերոջ և Ա.Պետրոսյանի ու Վ.Պետրոսյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկական հարվածներ է հասցրել Վ.Պետրոսյանի և Ա.Պետրոսյանի կրծքավանդակների ձախ կեսի կողմնային հատվածներին` վերջիններիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող(11):

 

___________________________________

11) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, եզրահանգել է, որ գործով ձեռք չի բերվել վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հաստատված համարել ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից երկու անձանց առողջությանը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանգամանքը: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից դանակի գործադրմամբ անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը` չկոնկրետացնելով, թե ում առողջությանն է դիտավորությամբ պատճառվել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակել և նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով(12):

 

___________________________________

12) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը թույլ է տալիս հիմնավորված համարել ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի` վիճաբանության ընթացքում փողոցը հատած երիտասարդը լինելու և տուժող Վ.Պետրոսյանին դանակով հարվածելու հանգամանքը, և որ քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, այդ թվում` նաև դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսանկարահանող սարքի զննության արձանագրությունը, որը կհիմնավորեր ամբաստանյալի կողմից նաև տուժող Ա.Պետրոսյանին դանակով հարվածելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը կարևորել է նաև այն, որ վկա Ս.Աթաբեկյանի ցուցմունքներով հիմնավորվում է վիճաբանությանը մասնակցող անձանցից մեկի մոտ երկրորդ դանակի առկայությունը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հիշյալ փաստական հանգամանքի արժանահավատության մասին են վկայում ինչպես դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Ս.Աթաբեկյանի բաճկոնի թևի մասում առկա պատռվածքն առաջացել է արտացցված եզր ունեցող առարկայի հետ փոխազդեցության մեջ գտնվելու հետևանքով, այնպես էլ` ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի ցուցմունքը(13):

 

___________________________________

13) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

18. Վճռաբեկ դատարանը, նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 15-16.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել սույն գործում առկա ապացույցների համակցությունը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունն ու դրա զննության արձանագրությունը, դրանցում առկա տեղեկությունները չեն գնահատվել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ:

18.1. Այսպես, Վերաքննիչ դատարանը, դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունը զննելու մասին արձանագրության հետազոտման արդյունքում գալով այն հետևությանը, որ ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից երկու անձի դանակով հարվածելու վերաբերյալ տվյալներ դրանում առկա չեն, ըստ էության պատշաճ վերլուծության չի ենթարկել նշված տեսագրության և այն զննելու մասին արձանագրության մեջ առկա այն տվյալները, ըստ որոնց ճանապարհի մյուս մայթից մի բարձրահասակ, նիհարավուն կազմվածքով երիտասարդ վազքով մոտենում է վիճաբանող անձանց և աջ ձեռքը շարժում տուժող Վ.Պետրոսյանի ուղղությամբ, ապա անմիջապես, տեղում կանգնած վիճակում պտտվելով, աջ ձեռքով շարժում կատարում անմիջապես իր առջևում գտնվող տուժող Ա.Պետրոսյանի մարմնի ձախ կեսի կողմնային հատվածին(14): Վերոնշյալ փաստական տվյալները Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել և չի համադրել գործում առկա այլ ապացույցների, այդ թվում` տուժողների ցուցմունքների հետ, առ այն, որ իրենց մարմնական վնասվածքը պատճառողն իրենց հետ վիճաբանող անձանցից չէր, այլ դիմացի մայթից դեպի իրենց վազող տղամարդն էր(15), ինչպես նաև Ա.Պետրոսյանի մարմնական վնասվածքի տեղակայման վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության թիվ 48/հ եզրակացության համատեքստում(16), ինչը կարևոր նշանակություն կարող էր ունենալ տուժող Ա.Պետրոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու, հետևապես նաև ամբաստանյալ Է.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը գնահատելու հարցում: Փոխարենը, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ սույն քրեական գործում առկա ապացույցների համակցությունը թույլ է տալիս հաստատելու ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի կողմից միայն տուժող Վ.Պետրոսյանին դանակով հարվածելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ հետևությունը չի բխում նաև դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունից(17):

 

___________________________________

14) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը և քրեական գործ, հատոր 5, դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունը պարունակող լազերային կրիչը, թերթ 72:

15) Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

16) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

17) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է նաև այն եզրահանգումը, որ գործում առկա դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը և ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի ցուցմունքը հիմք են տալիս արժանահավատ գնահատելու վիճաբանությանը մասնակցող` մեկ այլ անձի մոտ երկրորդ դանակի առկայության վերաբերյալ վկա Ս.Աթաբեկյանի ցուցմունքը: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ նշված հանգամանքի վերաբերյալ վկա Ս.Աթաբեկյանի ցուցմունքի արժանահավատությունը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է գնահատվեր գործում առկա այն տվյալների համատեքստում, համաձայն որոնց` վկան ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի ընկերն է, վիճաբանությունն առաջացել է վկա Ս.Աթաբեկյանի պատճառով, այլ անձի մոտ դանակ տեսնելու մասին վկան հայտնել է դեպքից շուրջ երկու տարի անց` ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ(18), տուժողները դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրությունը դիտելուց հետո հերքել են վիճաբանության անմիջական մասնակիցների կողմից իրենց դանակի գործադրմամբ հարվածներ հասցնելու հանգամանքը(19):

 

___________________________________

18) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 333-335:

19) Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

 

Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ պայմանավորված ապացուցողական տեղեկատվության ձեռք բերման միջոցներով և դրանց արդյունքների` տեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրված լինելու հանգամանքով, տեսանկարահանումներն օժտված են բարձր արժանահավատություն ունեցող ապացույց համարվելու համար անհրաժեշտ չափանիշներով և կարող են այս կամ այն փաստական հանգամանքի հաստատման կամ հերքման առումով անփոխարինելի նշանակություն ունենալ(20), արձանագրում է, որ դեպքի վայրի զննությամբ առգրավված տեսագրության բովանդակությունը կարող է հերքվել ոչ այլ կերպ, քան այդ ապացույցին արժանահավատությամբ չզիջող ապացույցով կամ ապացույցների համակցությամբ:

 

___________________________________

20) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշումը:

 

19. Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Է.Հովհաննիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված չէ:

20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ, կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, արարքի քրեաիրավական որակման հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա են Է.Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էմիլ Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Էմիլ Հովհաննեսի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.05.2021
N ԱՐԴ1/0072/01/17
Որոշում