Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ...

 

 

040.0907.100809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2009 թվականի N 907-Ն

 

i

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):

(1-ին կետը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն, 06.02.14 թիվ 104-Ն որոշումներ)

2. Սահմանել, որ`

1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետն է.

2) ստաժ սահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի փախստականների ինտեգրման հարցերի բաժնի պետն է.

3) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ).

4) ստաժ սահմանող հանձնաժողովի անդամների` հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախսերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը:

(2-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն, 28.08.14 թիվ 893-Ն որոշումներ)

3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման մասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց իրազեկելը:

(6-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն որոշում)

i

7. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

(7-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 402-Ն, 06.02.14 թիվ 104-Ն, 13.11.14 թիվ 1268-Ն, 20.01.16 թիվ 24-Ն որոշումներ)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն, 06.02.14 թիվ 104-Ն որոշումներ)

(որոշումը փոփ. 06.02.14 թիվ 104-Ն, 20.01.16 թիվ 24-Ն որոշումներ)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  06.02.14 թիվ 104-Ն որոշման գործողությունը տարածվում է 2014

թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

---------------------------------------------------------------

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 23-ի

N 907-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:

(1-ին կետը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն որոշում)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողով: Հանձնաժողովն ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, որը հանձնաժողովի աշխատանքները դադարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնում (այսուհետ` լիազոր մարմին) հաշվառված, ինչպես նաև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված այն անձանց աշխատանքային ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կամ այդ փաստաթղթերը ոչնչացվել են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված դեպքերից որևէ մեկի արդյունքում` Հայաստանի Հանրապետություն տվյալ անձանց մուտք գործելուց և բնակություն հաստատելուց հետո:

Սույն կետով կարգավորվող ստաժի սահմանման հետ կապված հարցերը վերաբերում են միայն մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելն անձանց կողմից ձեռք բերված աշխատանքային ստաժին:

(4-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն, 13.11.14 թիվ 1268-Ն որոշումներ)

5. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը, իսկ բռնի տեղահանված անձանց` Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.

2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.

3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:

(5-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն որոշում)

 

III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

6. Հանձնաժողովն անձի գրավոր դիմում-հայտարարությունն ստանալուց հետո այն քննարկում և ընթացք է տալիս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

1) անձն իր գրավոր դիմումը հանձնում (կամ փոստով առաքում) է Հայաստանի Հանրապետության Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն) կամ այն մարզի մարզպետարանի աշխատակազմ, որտեղ ինքը բնակվում է.

2) մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը դիմումները հաշվառում է և առաքում ստաժ սահմանող հանձնաժողովին:

(6-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

7. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:

Հանձնաժողովը գրավոր հարցման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական արխիվից ստանում է Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալներ:

(7-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն որոշում)

8. Անձի գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ սահմանվում է`

1) բռնագաղթած անձանց դեպքում` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականն աշխատած ժամանակաշրջանի համար, բայց լիազոր մարմնում նրա հաշվառվելու ժամկետից ոչ ավելի.

2) բռնի տեղահանված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած ժամանակաշրջանի համար:

(8-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 835-Ն որոշում)

9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:

10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել 2003 թ. ապրիլի 10-ին և դրանից հետո` այդ հանգամանքը ճշտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:

(10-րդ կետը փոփ. 06.02.14 թիվ 104-Ն որոշում)

11. Հանձնաժողովն աշխատանքային ստաժը սահմանելուց հետո անձի աշխատանքային գրքույկում կատարում է գրառում, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում տալիս է որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք: Աշխատանքային գրքույկում, որոշման մեջ կամ տեղեկանքում նշվում են այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում հանձնաժողովի կլոր կնիքով:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից 5 օր առաջ: Հանձնաժողովն իր նիստերը գումարում է միգրացիոն պետական ծառայությունում, անհրաժեշտության դեպքում` այն մարզերի մարզպետարաններում, որտեղ բռնագաղթվածներից դիմումներ են ստացվել:

(14-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու օրվա, ժամի և տեղի մասին.

2) նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.

3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.

6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին.

7) ստաժը սահմանվելու դեպքում անձի աշխատանքային գրքույկում կատարում է համապատասխան գրառում:

19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 օրինակից:

21. Հանձնաժողովն իր գործունեությունը դադարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նիստերի արձանագրությունների (որոշումների) մեկ օրինակը հանձնում է պետական արխիվ, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:

22. Հանձնաժողովի ընդունած որոշման մասին, անձի ցանկությամբ, նրան տրվում է իրեն վերաբերող որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք:

23. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաև հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:

24. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց օրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:

25. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:

26. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:

27. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը և մարզպետարանների աշխատակազմերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2009
N 907-Ն
Որոշում