040.1183.260806
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հուլիսի 2006 թվականի N 1183-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1986-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2114-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ տալու կարգը հաստատելու մասին» N 2114-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հուլիսի 27-ի
N 1183-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ
I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. ՈՒսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, բարձրագույն ուսումնական հաստատության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
i
2. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`
ա) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.
բ) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`
i
առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)` համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը) ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:
(2-րդ կետը փոփ. 03.05.18 թիվ 528-Ն, 14.01.2021 թիվ 15-Ն որոշումներ)
i
2.1. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`
ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.
բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.
գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.
դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.
ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:
(2.1-ին կետը փոփ. 10.10.12 թիվ 1323-Ն, 14.01.2021 թիվ 15-Ն որոշումներ)
i
2.2. ՈՒսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը յուրաքանչյուր տարի սահմանում է նախարարությունը:
(2.2-րդ կետը փոփ. 10.10.12 թիվ 1323-Ն, 14.01.2021 թիվ 15-Ն որոշումներ)
i
2.3. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը: Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 20-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 2.1-ին կետով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:
(2.3-րդ կետը փոփ. 10.10.12 թիվ 1323-Ն, 14.01.2021 թիվ 15-Ն որոշումներ)
i
2.4. Բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով 1-ին կուրս ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին` ընդունելության մրցութային քննությունների արդյունքում համապատասխան միավորի շեմը հաղթահարելու դեպքում ուսանողական նպաստները տրվում են ըստ սույն կարգի 2.1-ին կետի սահմանված չափերի և 2.3-րդ կետի սահմանված ընթացակարգով:
Ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների համապատասխան միավորի (մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում` միջին որակավորման գնահատականի) նվազագույն շեմերը յուրաքանչյուր տարի սահմանում է նախարարությունը:
(2.4-րդ կետը լրաց. 25.09.15 թիվ 1094-Ն, 14.01.2021 թիվ 15-Ն որոշումներ)
i
2.5. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով (այդ թվում` անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) ուսանողների հետևյալ խմբերին`
1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.
2) անկախ առաջադիմությունից` ուսման վճարի 30 տոկոսի չափով:
(2.5-րդ կետը լրաց. 03.05.18 թիվ 528-Ն, 14.01.2021 թիվ 15-Ն որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս:
i
4. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:
Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:
ՈՒսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում` երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: Սույն կետի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների վրա` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում:
(4-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 104-Ն, 14.01.2021 թիվ 15-Ն որոշումներ)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 16.10.14 թիվ 1123-Ն որոշում)
i
(5-րդ կետը փոփ. 10.10.12 թիվ 1323-Ն որոշում)
i
6. ՈՒսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը (` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) սահմանում է և այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:
(6-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1123-Ն որոշում)
i
7. Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:
(7-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1123-Ն որոշում)
8. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Մյուս ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու որոշումն ընդունում է հիմնադիրը:
i
9. ՈՒսումնառությունն ընդհատած (ժամկետային զինծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ուսանողական նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):
(9-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1123-Ն որոշում)
10. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել:
11. ՈՒսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է` ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին):
ՈՒսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են`
ա) մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին.
բ) զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում).
գ) մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
դ) այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ` բուհի հայեցողությամբ:
Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի ներքին կանոնների պահպանումն է:
i
13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի, հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը: Առաջին կուրսում պետական կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:
(13-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 15-Ն որոշում)
14. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Մյուս ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման որոշումն ընդունում է հիմնադիրը:
15. ՈՒսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` համաձայն սույն կարգի 12-րդ կետով նախատեսված պայմանների: Նախատեսված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում` սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում:
16. Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կարգով հատկացվում են այլ ուսանողների:
i
17. ՈՒսումնառությունն ընդհատած (ժամկետային զինծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):
(17-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1123-Ն որոշում)
18. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:
19. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել անվանական կրթաթոշակներ: