Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                     Վարչական գործ

    դատարանի որոշում                          թիվ ՎԴ/7711/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/7711/05/17           2019թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի փետրվարի 27-ին

քննելով ըստ հայցի Արմեն Նավոյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայությանը` Արմեն Նավոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին թիվ 1605532537 որոշումը վերացնելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արմեն Նավոյանի ներկայացուցիչ Սևակ Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Նավոյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն ընդունել որոշում` թիվ 1605532537 որոշումը վերացնելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) 10.08.2017 թվականի որոշմամբ Արմեն Նավոյանի հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր` Ա. Աբովյան) 06.10.2017 թվականի որոշմամբ Արմեն Նավոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 10.08.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 10.11.2017 թվականի որոշմամբ Արմեն Նավոյանի կողմից ներկայացված «դիմումը» վերադարձվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2017 թվականի որոշմամբ Դատարանի 10.11.2017 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արմեն Նավոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Նավոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ նորմ, որը դատարանին լիազորում է վերադարձնել հայցադիմումի ուղեկցական գրությունը` դիմումը, ուստի Դատարանը լիազորություն չի ունեցել վերադարձնել դիմումը: Ավելին, դիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ Դատարանը փորձել է հիմնավորել, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ բաց է թողնվել հայցադիմումը կրկին ներկայացնելու համար սահմանված ժամկետը: Այսինքն` Դատարանը, վերադարձնելով ներկայացված դիմումը, ըստ էության, վերադարձրել է կրկին ներկայացված հայցադիմումը, այլ ոչ` դիմումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը, իր կողմից կայացված ակտը վերնագրելով «Դիմումը վերադարձնելու մասին որոշում», անձին զրկել է այդ որոշումը բողոքարկելու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա արդյունքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 137-րդ հոդվածը: Մասնավորապես`

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` կողմերն իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.

5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

9) նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի (...) որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ (...) դատարան այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:

i

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն միջանկյալ դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն միջանկյալ դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Ընդ որում, նշված միջանկյալ դատական ակտերի շարքը սպառիչ է, ինչը նշանակում է, որ այն դատական ակտերը, որոնք նախատեսված չեն այդ ցանկում, չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով: Նշված շարքում նախատեսված չէ միայն դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն դրա` վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հարկ է նշել, որ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ. այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր միջանկյալ դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման սահմանափակումը հաղթահարելի է հետաձգված բողոքարկման կառուցակարգի միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով նշել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական արդարադատության բնագավառում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները, (21.02.2007 թվականին ընդունված) ՀՀ դատական օրենսգրքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական դատարանի և վարչական վերաքննիչ դատարանի կառուցվածքային առանձնահատկությունները և գործառութային հատկանիշներն ու հնարավորությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի` բողոքարկման իրավունքի իրականացման կարգը և պայմանները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Բողոքարկումն այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկելու վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է (տե՛ս, Անահիտ Եփրեմյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/6478/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2015 թվականի որոշումը):

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, որի նպատակն արդարադատության պատշաճ իրականացման ապահովումն է: Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում գործի հետագա քննության համար, և կարող են հանգեցնել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտման: Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջանկյալ դատական ակտերի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101.2-րդ հոդվածով սահմանված դատական ակտի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ: Իսկ նշված դրույթներով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար կարող է գործել «հետաձգված բողոքարկման» կարգը, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Հետևաբար այն պարագայում, երբ բողոքարկվել է այնպիսի միջանկյալ դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման և ընդգրկված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում կամ դրա համար ուղղակի բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ, վերաքննիչ դատարանն իրավասու է կայացնել որոշում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

Սույն գործով ՀՀ վարչական դատարանը 10.08.2017 թվականի որոշմամբ վերադարձրել է Արմեն Նավոյանի կողմից ներկայացված հայցադիմումը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 06.10.2017 թվականի որոշմամբ Արմեն Նավոյանի վերաքննիչ բողոքը մերժել է և ՀՀ վարչական դատարանի 10.08.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 61-65):

Արմեն Նավոյանի ներկայացուցիչ Սևակ Գևորգյանը ուղեկցական դիմումով 01.11.2017 թվականին հայցադիմումը և կից փաստաթղթերը փոստային առաքմամբ կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան (հատոր 2-րդ, գ.թ. 11):

Դատարանը 10.11.2017 թվականի որոշմամբ, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասը, վերադարձրել է Արմեն Նավոյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից ներկայացված դիմումը` պատճառաբանելով, որ «դիմումին կից հայցադիմումի օրինակը ներկայացվել է սահմանված տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ: Հետևաբար դիմումին կից ներկայացված հայցադիմումի օրինակը չի կարող համարվել կրկին ներկայացված հայցադիմում» (հատոր 2-րդ, գ.թ. 12):

Վերաքննիչ դատարանը 11.12.2017 թվականի որոշմամբ Դատարանի 10.11.2017 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արմեն Նավոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ Դատարանի «Դիմումը վերադարձնելու մասին» 10.11.2017 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ (հատոր 2-րդ, գ.թ. 29-30):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում, որը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան,

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը),

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում,

4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը,

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:

i

Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցադիմում ներկայացվելու պարագայում դատարանը լիազորված է կայացնել չորս բնույթի որոշում, այն է` հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու մասին: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշվածը վերաբերում է նաև կրկին ներկայացված հայցադիմումների դեպքերին: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի ձևակերպումից, որի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը հայցադիմումը վերադարձնելու անհրաժեշտությունը պայմանավորել է դրանում որոշ թերությունների առկայությամբ, որոնք շտկելուց հետո հայցադիմումը կրկին կարող է ներկայացվել դատարան: Այսինքն` դատարանը նման պայմաններում նույնպես ստանում է հայցադիմում, որը կրկին է ներկայացվել թերությունները շտկելուց հետո: Նշվածից հետևում է, որ այն պարագայում, երբ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումից հետո հայցադիմումը կրկին է ներկայացվել, ապա այդ դեպքում ևս դատարանը լիազորված է կայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից որևէ մեկը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Արմեն Նավոյանի կողմից ներկայացված հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի 10.08.2017 թվականի որոշմամբ վերադարձվել է: Նշված դատական ակտը բողոքարկվել է վերաքննության կարգով: Վերաքննության վարույթն ավարտվելուց հետո հայցադիմումն ուղեկցական դիմումով կրկին ներկայացվել է դատարան: Դատարանը, հիմնավորելով, որ հայցադիմումը չի կարող համարվել կրկին ներկայացված, քանի որ ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ, վերադարձրել է ներկայացված դիմումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն իր 10.11.2017 թվականի որոշմամբ անդրադարձել է Արմեն Նավոյանի կողմից ներկայացված հայցադիմումը կրկին ներկայացնելու հնարավորությանը, վերլուծություններ է կատարել հայցադիմումը կրկին ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի վերաբերյալ, մինչդեռ որոշումը վերնագրել է «Դիմումը վերադարձնելու մասին» և վերադարձրել է Արմեն Նավոյանի կողմից ներկայացված դիմումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ հայցադիմումը կրկին ներկայացվելու պարագայում դատարանն իրավազոր է կայացնել որոշում այն վարույթ ընդունելու, վերադարձնելու, ընդունումը մերժելու կամ վերահասցեագրելու վերաբերյալ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից կայացվող որոշումների էությունը կարող է բացահայտվել միայն դրա բովանդակության ուսումնասիրության արդյունքում: Մասնավորապես, հարկ է պարզել հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվել, շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, եզրահանգումը քննարկվող հարցի վերաբերյալ: Ընդ որում, օրենսդիրը որպես դատական ակտի բովանդակային տարր չի սահմանել տվյալ դատական ակտի վերտառությունը, հետևաբար դրա առկայությունը որևէ կերպ չի կարող պայմանավորել դատական ակտի էությունը:

Վերոգրյալը վերաբերում է նաև նշված ակտերի բողոքարկման հնարավորությունը որոշելուն: Այլ կերպ ասած` դատական ակտի բողոքարկման հնարավորությունը և ըստ այդմ, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների ցանկով նախատեսված լինելու հանգամանքը նույնպես պետք է բացահայտվի` ելնելով այդ որոշման ամբողջությունից և ելակետային հիմք ընդունելով որոշման բովանդակությունը:

Վճռաբեկ դատարանը Դատարանի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման բովանդակության ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Դատարանը, ըստ էության, վերադարձրել է ուղեկցական դիմումով կրկին ներկայացված հայցադիմումը: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Դատարանը որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է Արմեն Նավոյանի կողմից ներկայացված հայցադիմումը կրկին ներկայացնելու հնարավորությանը, վերլուծություններ է կատարել հայցադիմումը կրկին ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի վերաբերյալ: Հետևաբար նշված որոշումը ենթակա է բողոքարկման` որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դատական ակտ:

Նման պայմաններում Դատարանի «Դիմումը վերադարձնելու մասին» 10.11.2017 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով` Վերաքննիչ դատարանը կիրառել է սահմանափակում, որը կրում է խիստ ձևական բնույթ և որով խախտվել է ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչը խաթարում է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի` դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.02.2019
N ՎԴ/7711/05/17
Որոշում