Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՉՈԼՊՈՆ ԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՉՈԼՊՈՆ ԱՏԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՉՈԼՊՈՆ ԱՏԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 մարտի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում: Համաձայնագրի նպատակն է կարգավորել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները:

i

2. Ըստ Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` ՀՀ) ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- իրականացնել թափոնների անդրսահմանային տեղափոխումը ՀՀ տարածքից այլ անդամ պետության տարածք Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով` Բազելյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան («Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» 1989 թվականի մարտի 22-ի Բազելյան կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999 թվականի մարտի 26-ին Ազգային Ժողովի Ն-322-1 որոշմամբ (ՍԴՈ-50)) (հոդված 4),

- չթույլատրել թափոնների անդրսահմանային տեղափոխումը ՀՀ և Միության անդամ պետություններ` դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով (հոդված 5, մաս 2),

- ապահովել, որ թափոնների անդրսահմանային տեղափոխումն իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դիմումատուին տրամադրված եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որը ՀՀ իրավասու մարմինը տրամադրում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով (հոդված 6, մասեր 1, 2),

- որպես թափոններ արտահանող կամ որպես տարանցիկ երկիր` թափոնների արտահանման եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրել միայն թափոնների ներմուծման եզրակացության (թույլատրագրի) առկայությամբ (հոդված 6, մասեր 3, 4),

- ապահովել, որ համապատասխան թափոնների` առանց եզրակացությունների (թույլատրագրերի) ՀՀ տարածք ներմուծման և (կամ) ՀՀ տարածքով անդրսահմանային տեղափոխման իրականացման փաստերի հայտնաբերման, ինչպես նաև եզրակացություններում (թույլատրագրերում) նշված տեղեկությունների` թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման ընթացքում ստացված տեղեկությունների հետ անհամապատասխանության դեպքերում այդ փաստերի հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան պետական մարմիններն իրավասու մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնեն այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը (հոդված 7),

- ՀՀ տարածքից թափոնների արտահանում իրականացնելիս թափոնների` առանց եզրակացությունների (թույլատրագրերի) ՀՀ տարածք ներմուծման և (կամ) ՀՀ տարածքով անդրսահմանային տեղափոխման դեպքում ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը միջոցներ ձեռնարկի, Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան, թափոնները վերադարձնելու կամ դրանք էկոլոգիապես հիմնավորված եղանակով հեռացնելու ուղղությամբ, իսկ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու ժամանակ ստացված տեղեկությունների հետ եզրակացության (թույլատրագրի) մեջ նշված տեղեկությունների անհամապատասխանության դեպքում ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը որոշում ընդունի եզրակացության (թույլատրագրի) գործողության դադարեցման մասին, այդ որոշումն ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնի այն դիմումատուին, որին տրամադրվել էր եզրակացությունը (թույլատրագիրը), այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածք իրականացվել է (նախատեսվել է) թափոնների ներմուծումը, և այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքով իրականացվել է թափոնների անդրսահմանային տեղափոխումը (ինչը հիմք է հանդիսանում նշված իրավասու մարմինների կողմից դիմումատուին տրամադրված եզրակացությունները (թույլատրագրերը) չեղյալ ճանաչելու համար), և միջոցներ ձեռնարկի, Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան թափոնները, վերադարձնելու կամ դրանք էկոլոգիապես հիմնավորված եղանակով հեռացնելու ուղղությամբ (հոդված 8),

- ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը` ՀՀ տարածքից թափոնների արտահանման իրականացման պարագայում յուրաքանչյուր տարի` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը, Համաձայնագրի Հավելվածի համաձայն` սահմանված ձևով (էլեկտրոնային փոստով) համապատասխան ժամանակաշրջանում տրամադրված` թափոնների արտահանման եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ հաշվետվություն ուղարկի այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածք ներմուծվել են թափոնները (հոդված 11),

- մյուս անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ՀՀ իրավասու մարմնի մասին, ինչպես նաև իրավասու մարմնի փոփոխության մասին (հոդված 12):

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 12-րդ հոդվածի պահանջներին, և դրանց կատարումը կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

17 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1517

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 18 մարտի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.03.2020
N ՍԴՈ-1517
Որոշում