Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 22.03.2018 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 22.03.2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 332-Ն ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

i

Թիվ ՎԴ/7649/05/18 վարչական գործով 16.03.2020 թվականին հրապարակված որոշումից քաղվածք.

 

ՀՀ վարչական դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումը բավարարել:

2. Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի` «Քաղաք» պանդոկի աստիճանավանդակի մասով ՀՀ կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումը ճանաչել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասող և անվավեր:

 

Նախագահող դատավոր` Մհեր Պետրոսյան

    Դատավոր`           Կարեն Զարիկյան

    Դատավոր`           Հրաչ Այվազյան

    Դատավոր`           Գևորգ  Սոսյան

    Դատավոր`           Արթուր Ավագյան

 

Քաղվածքը կատարված է ՀՀ վարչական դատարանի 16.03.2020 թվականին հրապարակված որոշումից, որոշումը մտել է օրինական ուժի մեջ 17.04.2020 թվականին:

 

    Նախագահող դատավոր                      Մհեր Պետրոսյան

 

ՎԴ/7649/05/18

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

16 մարտի, 2020 թ. ք. Երևան

 

Վարչական դատարանի (նախագահող դատավոր` Մհեր Պետրոսյան, դատավորներ` Կարեն Զարիկյան, Հրաչ Այվազյան, Գևորգ Սոսյան և Արթուր Ավագյան) վարույթում է գտնվում «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումն ընդդեմ Կառավարության, երրորդ անձ` «ԴԻԱՐԲԵՔԻՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ` հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումը մասնակի` Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի («ՔԱՂԱՔ» պանդոկի աստիճանավանդակի) մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատական կազմի մեծամասնությունը որոշել է դիմումը բավարարել:

Ստորև ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:

Կարծում եմ, որ Կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումը նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի /Օրենքի/ 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), այլ նորմատիվ իրավական ակտի հիման վրա ընդունված գրավոր իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն միայն դրանում անհատապես նշված անձանց համար (անհատական իրավական ակտ, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ): Ընդ որում, այն վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող որոշում է, որն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անհատապես որոշված անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն (վարչական ակտ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդված):

Կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումն ընդունվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (Օտարման մասին օրենք) 7-րդ հոդվածի համաձայն, որը լիազորում է Կառավարությանը ընդունելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում (մաս 1), որի մեջ inter alia նշվում են օտարվող սեփականության ձեռք բերողը և օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում Է այլ սեփականությունից) (մաս 2): Նշված նորմի հիման վրա Կառավարությունը իր` 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշմամբ անհատապես որոշված հասցեներում գտնվող տարածքների մասով ճանաչել Է հանրային գերակա շահ և դրանք ձեռք բերելու իրավունք է տրամադրել անհատապես որոշված կազմակերպություններին:

Հատկանշական է, որ Օտարման մասին օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում հատուկ նշված է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Սա վկայում է այն մասին, որ օրենսդիրը ևս այս տեսակ որոշումները չի դասում նորմատիվ իրավական ակտերի շարքին, հակառակ դեպքում այն պաշտոնական հրապարակման ենթակա կլիներ Օրենքի 25-րդ հոդվածի ուժով և Օտարման մասին օրենքում հատուկ այդ մասին նշում կատարելու անհրաժեշտությունը կբացակայեր:

Դատական կազմի մեծամասնությունը, ըստ էության քննելով «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումը Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴՕ) 26-րդ գլխի կանոններով, որոշել է դիմումը բավարարել: Չքննարկելով դիմումն ըստ էության բավարարելու դատական կազմի մեծամասնության պատճառաբանությունները և խորապես հարգելով գործընկերներիս կարծիքը` նշեմ, որ ՎԴՕ 196-րդ հոդվածի հիման վրա ձևավորված կոլեգիալ` 5 դատավորի կազմով, դատարանն իրավասու չէ քննելու Կառավարության վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը: Այս գործն ընդդատյա է ՎԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` միանձնյա դատավորի կազմով դատարանին:

Ուստի դատարանը ոչ թե պետք է ըստ էության քններ և բավարարեր «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումը, այլ ՎԴՕ 81-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրեր գործն ըստ ընդդատության` ՎԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` միանձնյա դատավորի կազմով դատարանին:

 

                            Դատավոր`       Կարեն Զարիկյան

 

 

pin
Վարչական դատարան
16.03.2020
N ՎԴ/7649/05/18
Որոշում