Սեղմել Esc փակելու համար:
17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 09.0...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 09.04.2018 ԹՎԱԿԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵՄԴ/2035/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/2035/02/15    2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հենրիխ Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Հենրիխ Կարապետյանի, Մարինե Բալասանյանի, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա և Ռուբեն Կարապետյանների` պատասխանողներին ք. Երևան, Բաբաջանյան փողոցի թիվ 108/1 հասցեում գտնվող բնակելի տնից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Հենրիխ Կարապետյանին, Մարինե Բալասանյանին, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա և Ռուբեն Կարապետյաններին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Երևան, Բաբաջանյան փողոցի թիվ 108/1 հասցեում գտնվող բնակելի տնից:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 08.06.2017 թվականի որոշմամբ Հենրիխ Կարապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիխ Կարապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 220.4-րդ հոդվածի 2-րդ մասը, 219-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չի ուսումնասիրել պատասխանողների իրավունքներն անշարժ գույքի նկատմամբ, չի պարզել նրանցից ովքեր ունեն գրանցված իրավունքներ տան նկատմամբ, իսկ ովքեր ուղղակի հաշվառված են: Նշված հանգամանքները պարզելուց հետո միայն Դատարանը կարող էր հիմնավորված եզրահանգումներ կատարել բնակելի տան նկատմամբ վերջիններիս իրավունքների դադարման հիմքերի առկայության կամ բացակայության և հետևաբար նաև պատասխանողներից յուրաքանչյուրի մասով վտարման իրավաչափության և հիմքերի առկայության կամ բացակայության մասին: Նշված հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որը հանգեցրել է դատական ակտի հիմնավորվածության և օրինականության սկզբունքի խախտման:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքաբերի այն փաստարկներին, որ Դատարանը թույլ է տվել դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության սկզբունքի խախտում, պատշաճ չի հիմնավորել դատական ակտը, ինչպես նաև չի հիմնավորել թե կողմի ներկայացրած միջնորդությունները և ապացույցները ինչու են մերժվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել վերաքննիչ բողոքում նշված այն հիմքին, որ սույն գործով կայացված վճիռը ստորագրված չէ դատավոր Ա. Մկրտչյանի կողմից, ինչը հիմք է դատական ակտը բեկանելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

1. Վերաքննիչ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում նշվել է այն հանգամանքը, որ Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից: Տվյալ դեպքում թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռը ստորագրված չէ դատավորի կողմից, իսկ «Ա. Մկրտչյան» շտամպի առկայությունը չի կարող նույնականացվել ստորագրության հետ և հավաստել վճիռը դատավորի կողմից ստորագրված լինելու հանգամանքը (հատոր 4-րդ, գ.թ. 6-10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 220-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատավորի կողմից ստորագրելու օրենսդրական պահանջի բովանդակության բացահայտմանը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը:

i

Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

i

Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավորի կողմից դատական ակտը պատշաճ չստորագրելու իրավական հետևանքներին:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, հարկ է համարում արձանագրել, որ դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը: Դատավորի կողմից դատական ակտը պատշաճ կարգով չստորագրելու հանգամանքը պետք է վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանա:

Վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:

Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված մյուս խախտումները ևս վերաբերում են Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը` անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց:

i

Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված` դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

i

Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

i

Նախկին օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին`

ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,

դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, թե՞ ոչ` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.

Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Այսինքն` վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքում նշված հիմքերով և հիմնավորումներով և չի կարող դուրս գալ դրանց շրջանակից:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանի դատավոր Ա. Մկրտչյանը 15.02.2017 թվականի վճռով պատասխանողներ` Հենրիխ Կարապետյանին, Մարինե Բալասանյանին, Հայկ, Արմեն, Հրայր Կարապետյաններին, Գայանե Կարապետյանին, Լիանա և Ռուբեն Գևորգի Կարապետյաններին վտարել է Բանկին սեփականության իրավունքով պատկանող, քաղաք Երևան, Բաբաջանյան թիվ 108/1 հասցեում գտնվող բնակելի տնից:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Հենրիխ Կարապետյանի բողոքը, պատճառաբանել է, որ բողոքաբերը որևէ կերպ չի հիմնավորել վերաքննիչ բողոքում իր կողմից վկայակոչված այն հանգամանքը, թե բողոքարկվող դատական ակտը չի կայացվել, կազմվել և ստորագրվել անձամբ դատավոր Ա. Մկրտչյանի կողմից: Նման պայմաններում չի հիմնավորվում բողոքարկվող դատական ակտի ձևը ՀՀ օրենսդրության կամ դատավորի վարքագծի որևէ կանոնին հակասելու պնդումը, հատկապես այն պայմաններում, երբ բողոքաբերն իր դիրքորոշումը որևէ նյութական կամ դատավարական իրավունքի նորմով չի հիմնավորել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերից երևում է, որ Դատարանի 15.02.2017 թվականի վճիռը ոչ թե ստորագրված է, այլ դատական ակտի յուրաքանչյուր էջի վրա առկա է «Ա. Մկրտչյան» գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիքը:

Սույն գործով բարձրացված իրավական հարցին պատասխան տալու համար անհրաժեշտ է բացահայտել «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը:

Այսպես` ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի «ստորագրություն» է` անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ գրային-գծագրական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ1: Մեկ այլ աղբյուրի համաձայն` «ստորագրություն» է համարվում որևէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը2:

_______________________

1 Տե՛ս «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976):

2 Տե՛ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):

 

Ընդհանրացնելով վերը նշվածը` կարելի է փաստել, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու վերաբերյալ դատավարական օրենքի պահանջն ինքնանպատակ չէ: Այդ պահանջը պայմանավորված է դատավորի` արդարադատության առաքելության իրականացման սահմանադրական և միջազգային իրավունքի նորմերով ամրագրված մի շարք հանրաճանաչ սկզբունքներով, որոնցից մեկն էլ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պայմանների ապահովումն է:

Այսինքն` դատական ակտը կայացնում է այն դատավորը, որը ՀՀ Սահմանադրությանը և դատավարական օրենքին համապատասխան հանդես է գալիս որպես դատարան:

Մինչդեռ դատավորի ստորագրությունը դրոշմի տեսքով դնելը կամ դրա արտատպումը (բացառությամբ էլեկտրոնային ստորագրության և նույնականացման օրենքով թույլատրված այլ միջոցների կիրառման) չի կարող համարվել դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու հանգամանք:

Նշված պատճառաբանությամբ էլ Վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում պետք է կիրառվեր դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը: Սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատավորի անվամբ դրոշմակնիքի միջոցով հաստատելու հանգամանքը, որը չի կարող հավասարեցվել դատավորի կողմից դատական ակտը ստորագրելուն:

Այսպիսով, Հենրիխ Կարապետյանի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 08.06.2017 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵՄԴ/2023/02/15
Որոշում