Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1565-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հրապարակում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին և օպերատորի կողմից մշակվող` էլեկտրոնային կառավարման համակարգին ներկայացվող պահանջները:

3. Հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1565-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ' օպերատոր) պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին'

1) ապահովի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշմամբ սահմանված' օպերատորներին վերապահված գործառույթների իրականացումը.

2) հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ: Մրցույթին իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ.

3) ունենա համապատասխան որակավորման աշխատանքային ռեսուրսներ' էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակցության (սպասարկման) ապահովման համար.

4) հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ-պետությունների օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը' հանձնաժողով ներկայացնելով օպերատորի (օպերատորների) հետ կնքված նախնական պայմանագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստման պատճենը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1565-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի (այսուհետ` օպերատոր) ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից յուրաքանչյուր ապրանքային խմբի դրոշմավորման մասին որոշում ընդունելիս կարող է կազմակերպվել օպերատորի ընտրության մրցույթ կամ ընդլայնվել օպերատորին վերապահված` նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանակը` հանձնաժողովի որոշմամբ:

4. Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական` http://www. azdarar. am ինտերնետային կայքում մրցույթի անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

5. Մրցույթի մասնակիցները ներկայացնում են մրցութային հայտեր` հանձնաժողովի սահմանած և մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերին համապատասխան:

6. Մրցույթն անցկացվում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` մրցույթին մասնակցության համար սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության և օպերատորին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով:

7. Մրցութային հայտերը ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում են հանձնաժողովին` ուսումնասիրության և գնահատման համար:

8. Հանձնաժողովը հայտերը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատում:

9. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հրապարակում է օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները: Լիազոր մարմինը օպերատորի ընտրության մրցույթի արդյուքների հրապարակմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված օպերատորի հետ լիազոր մարմինը կնքում է պայմանագիր:

(10-րդ կետը լրաց. 29.04.2021 թիվ 657-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2020
N 1565-Ն
Որոշում